Երկար ժամանակ գտնվելով Արևմուտքի պատժամիջոցների տակ՝ Իրանը դարձել է ինքնաբավ տնտեսություն ունեցող երկիր: Արտադրում է գրեթե այն բոլոր ապրանքները, որոնց անհրաժեշտությունը զգում են իր քաղաքացիները և բարձր մաքսատուրք է դրել այն բոլոր ներկրվող ապրանքների վրա, որոնցից երկրում արտադրվում են: Այդ պատճառով էլ այդ երկիր ապրանք արտահանելը ձեռնտու չէ:

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան կատարած այցն, ընդհանուր առմամբ, բավականին կարևոր է մեր երկրի համար: Չէ՞ որ տարածաշրջանում Իրանը համարվում է Հայաստանի բարեկամ երկիր, ավելին՝ ինչ-որ չափով նաև կարող է զսպող ուժ լինել ՀՀ-ի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանային նկրտումներին և Արցախի հակամարտության հարցում բավականին հավասարակշիռ վերաբերմունք է դրսևորում:

Բայց Կ. Կարապետյանի այս այցը ներքաղաքական որոշակի նրբերանգներ էլ է բացահայտում: Երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020թթ. ծրագիր, անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես նաև քննարկվել է էներգետիկ համագործակցության, մասնավորապես գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն ընդլայնելու վերաբերյալ հարցը: Բայց եթե մշակույթի և գյուղատնտեսության ոլորտների փաստաթղթերը ստորագրել են այդ երկու երկրների նույն ոլորտների պատասխանատուները, ապա գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը մեր կառավարությունից ստորագրել է տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այն դեպքում, երբ իրանական կողմից ստորագրել է Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Իհարկե, խնդիրն այս դեպքում Ս. Կարայանի անձը չէ, և գիտության ոլորտն էլ սերտ առնչություն ունի տնտեսության հետ, բայց տվյալ դեպքում հայկական կողմն ինչու Իրանի օրինակով ոլորտի պատասխանատու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին չի ներկայացրել: Վերջինս Կ. Կարապետյանին ուղեկցող պատվիրակության կազմում չկար:

Իհարկե, այս դեպքում կառավարությունից կարող են մեկնաբանել, թե Լ. Մկրտչյանը հենց այդ օրերին Բրյուսելում էր: Բայց չէ՞ որ Կ. Կարապետյանի այցը և ստորագրվող համաձայնագրերը հանկարծակի չառաջացան, դրանք երկար ժամանակ նախապատրաստվում էին: Եվ կարելի էր այնպես կազմակերպել, որ Լ. Մկրտչյանի Բրյուսել այցը չհամընկներ իրանյան այցի հետ: Բայց այս դեպքում էլ հայտնի է, որ Կ. Կարապետյանն այնքան էլ լավ տրամադրվածություն չունի Լ. Մկրտչյանին ներկայացնող Դաշնակցություն կուսակցության նկատմամբ: Նա իր կաբինետի դաշնակցական նախարարներին նկատողություն անելու և հեգնելու հրապարակային առիթը բաց չի թողնում: Ավելին՝ քաղաքական դաշտում անգամ կարծիք կա, որ նա ի սկզբանե դեմ է եղել, որ Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ: Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ Կ. Կարապետյանը խուսափում է իր այցերին նաև դաշնակցական նախարարներին տանել:

Իսկ այս դեպքում նաև կարծիք կա, որ L. Մկրտչյանին Իրան չտանելու պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՅԴ-ն այդ երկրում կառույց ունի: Իսկ Հայաստանում ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանը Իրանից է և այդ երկրի հայ համայնքի հետ սերտ կապեր ունի: Ավելին՝ Դաշնակցություն կուսակցության ՀՀ կառույցը համարվում է իրանյան թևի ազդեցության կրողը: Կ. Կարապետյանը չէր կարող այս հանգամանքին ծանոթ չլինել: Եվ այս այցի ժամանակ Լ. Մկրտչյանի նկատմամբ Իրանի հայ համայնքում միգուցե ընդգծված վերաբերմունք դրսևորեին, ինչը հավանաբար դուր չէր գա վարչապետին: Եվ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած իր ոչ հանդուրժող վերաբերմունքի պատճառով էլ հավանաբար Կ. Կարապետյանը Լ. Մկրտչյանին իր պատվիրակության կազմում չէր ընդգրկել:

Այցի հաջորդ ուշագրավ հանգամանքն էլ այն է, որ Կ. Կարապետյանն Իրանում քննարկել է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն ընդլայնելու հարցը: Այսինքն՝ Իրանից ավելի շատ գազ ներկրվի և ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանվի այդ երկիր: Բանն այն է, որ 2000-ականներին, երբ կառուցվում էր Իրան-Հայաստան գազամուղը, Կ. Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրենն էր: Հենց նրա օրոք Ռուսաստանի ճնշմամբ այդ գազատարի տրամաչափը կրկնակի անգամ փոքրացվեց և այն հանձնվեց հենց իր ղեկավարած ընկերությանը: Իհարկե, կարող ենք ասել, թե ո՞վ էր այն ժամանակ Կ. Կարապետյանը, որ նման հարցերում որոշիչ դերի իրավունք ունենար, բայց փաստն այն է, որ նա այն ժամանակ էլ ՀՀ շահերի դեմ գործող՝ ՌԴ ազդեցության տակ գտնվող ընկերության ղեկավարն էր: Եվ ճակատագրի հեգնանքով հիմա պետք է բանակցի Իրանից ավելի շատ գազ ներկրելու հարցի շուրջ:

Ինչևէ: Իսկ Իրանում Կ. Կարապետյանն այսպիսի հայտարարություն է արել. «Համոզված եմ,  որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու, անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում»: Եվ, իսկապես, ինչու չեն զարգանում մեր երկրների տնտեսական հարաբերությունները: Չէ՞ որ մեր ապրանքաշրջանառության համար պետք չէ հատել օդային կամ ծովային ճանապարհներ, պետք չէ այլ երկրի սահման ու տարանցիկ տարածք անցնել: «Առաջին հերթին դա մեր երկու երկրների տնտեսությունների կառուցվածքով է պայմանավորված: Իրանական տնտեսությունը մինչ այժմ էներգետիկայի վրա էր հիմնված, նավթ ու գազ էր արտահանում, փոխարենն այլ երկրներից գնում այլ ապրանքներ: ՀՀ-ն իր էներգետիկ հարցերն այլ ճանապարհով է լուծել, և փոխարենն արտահանում է այնպիսի ապրանքներ՝ ալկոհոլային խմիչքներ, պղինձ և մոլիբդեն, որոնք Իրանին պետք չեն»,- մեզ հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը:

Բացի այդ, նրա խոսքով, երկար ժամանակ գտնվելով Արևմուտքի պատժամիջոցների տակ՝ Իրանը դարձել է ինքնաբավ տնտեսություն ունեցող երկիր: Արտադրում է գրեթե այն բոլոր ապրանքները, որոնց անհրաժեշտությունը զգում են իր քաղաքացիները և բարձր մաքսատուրք է դրել այն բոլոր ներկրվող ապրանքների վրա, որոնցից երկրում արտադրվում են: Այդ պատճառով էլ այդ երկիր ապրանք արտահանելը ձեռնտու չէ: Բայց ՀՀ կառավարությունը մտադիր է Իրան-Հայաստան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծել, և այդ հարցը նույնպես քննարկվել է այս այցի ընթացքում: «Ճիշտն ասած, այդ հարցում ես թերահավատ եմ եղել հենց սկզբից: Համենայնդեպս, ակնկալիքների հարցում, թե 10 տարում 400 մլն դոլարի ներդրում կարող է լինել, թերահավատ եմ: Կլինեն, բայց չեմ կարծում այդքան: Բացի այդ, Մեղրիի մյուս հատվածում կա Արազ ազատ տնտեսական գոտին, և իրանցիներն ավելի շատ այնտեղ կուզեին ներդրումներ անել»,- հավելեց իրանագետը:

Գոհար Ավետիսյան

12.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»