Հոխորտալով խոսելը, որ մինչև չկատարվեն այս պայմանները, մենք մի քայլ առաջ չենք գնա, փաստացի, ըստ հայկական կողմի, բանակցություն չկա, բայց հանդիպումը բանակցության մաս է։ Հայաստանը գնում է և շարունակում է հասկանալ, թե ինչ լուծումներ ու ճանապարհներ կարող են լինել։

Արցախում քառօրյա պատերազմից շուրջ մեկ ու կես տարի հետո Հայաստանն ու Ադրբեջանը վերսկսում են բանակցությունները։ Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպմանը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել աշխուժացնելու Արցախի հարցով բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր նախաձեռնել թուլացնելու լարվածությունը շփման գծում։ Այս մասին ասվում է հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում։ Համանախագահների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Բազմակողմ հանդիպմանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը։ Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկայում կկազմակերպեն աշխատանքային խորհրդակցություններ նախարարների հետ։

Ապրիլյան պատերազմից օրեր անց Սերժ Սարգսյանը «Բլումբերգ» գործակալության հարցազրույցում բացառեց Արցախի կոնֆլիկտի շուրջ բանակցությունների վերսկսումը, եթե Ադրբեջանը չդադարեցնի իրավիճակի սրումը և չբացառվեն հնարավոր էսկալացիաները։ Ադրբեջանն այդպես էլ չխաղաղվեց, ավելին՝ շարունակում է միլիարդավոր դոլարների զենքի գնումը։ Այս ընթացքում Ադրբեջանը չկատարեց նաև Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցից կենտրոնականը սահմանին միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ներդրումն էր։ Այդ օրվանից մեկուկես տարի անց՝ առանց պայմանավորվածությունների կատարման Սերժ Սարգսյանը սեղմում է Իլհամ Ալիևի ձեռքը։

Ըստ քաղաքագետ Գևորգ Մելիքյանի՝ այս հանդիպումը նշանակում է, որ չսպասելով նախապայմանների կատարմանը, Հայաստանը վերսկսում է բանակցությունները. «Հոխորտալով խոսելը, որ մինչև չկատարվեն այս պայմանները, մենք մի քայլ առաջ չենք գնա, փաստացի, ըստ հայկական կողմի բանակցություն չկա, բայց հանդիպումը բանակցության մաս է։ Հայաստանը գնում է և շարունակում է հասկանալ, թե ինչ լուծումներ ու ճանապարհներ կարող են լինել։

Հայաստանցի քաղաքագետները, սակայն, լավատես չեն և հեռու են համարում Արցախի հարցի վերջնական լուծումը։ Ժնևյան հանդիպումը հերթական արարողակարգային միջոցառում է և ոչ բեկումնային։ Ըստ քաղաքագետ Գևորգ Մելիքյանի՝ այսօր սեղանին դրված հարցերը վաղուց մտել են փակուղի. «Ավելին ասեմ, որ Ադրբեջանն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումները, և Ադրբեջանի մարտավարությունն այն է, որ Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկի և բերի հասցնի այն կետին, որ Հայաստանn առանց որևէ բան ստանալու գնա զիջումների,- ասում է քաղաքագետը։

Ադրբեջանը շարունակելու է ոչ կառուցողական քաղաքականությունը և չի դադարելու զինվել։ Ու որևէ լուրջ փաստաթղթի ստորագրման առաջիկայում պետք չէ սպասել, պարզապես դրա նախադրյալները չկան. «Եթե 10-15 տարի առաջ դեռ կար հույս, որ կլինի որևէ առաջընթաց ևշատերը նույնիսկ սպասում էին դրան, այս պահին տեսնում ենք, որ հակամարտությունը ավելի էխորանում, ինչը վտանգավոր ու պայթունավտանգ է դարձնում իրավիճակըե։

Եթե Հայաստանը դուրս գա բանակցություններից, դա մեխանիկորեն պատերազմի վերսկսում է նշանակում, բայց դա չի նշանակում, թե պաշտոնական Երևանը պետք է համաձայնվի տարածքներ հանձնելուն՝ Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց։ Բանակցություններում անհամարձակ ու կաշկանդված գործելակերպի պաշտոնական Երևանին դրդում է առաջին հերթին Ռուսաստանը։ Մոսկվան միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, ու նրան ձեռնտու է հակամարտության ձգձգումը, հարատև քաոսային իրավիճակը, համոզված է Գևորգ Մելիքյանը. «Հայկական կողմը որևէ ձևով չի խոչընդոտում, որպեսզի Ռուսաստանը չիրականացնի իր քաղաքականությունը, որը հայանպաստ չէ։

Ըստ քաղաքագետի՝ այս խճճված իրավիճակում Հայաստանն իրեն պետք է առավել ճկուն և ագրեսիվ դրսևորի՝ առաջնորդվելով բացառապես իր պետական շահերով։

16.10.2017

Աղբյուրը՝ «a1+»