Ցավոք, վերջին մեկ տարվա կտրվածքով այս ոլորտում որևէ ծրագիր չի ներկայացվել: Ծնելիության բարելավման ուղղությամբ որևէ քայլ չի արվել։ Հիմա երբ նախագահի մակարդակով է դրա մասին խոսվում, հնարավոր է՝ ծրագիր ներկայացվի։

Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ փորձագետ Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ փորձագետ

Ժողովրդագրական խնդրի լուծմանն ուղղված ծրագրի անհրաժեշտությունը կենսական է, անգամ կարելի է ասել՝ 7-8 տարով ուշացել ենք։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը կրկին խոսել է 2040 թվականին ՀՀ բնակչությունը 4 մլն-ի հասցնելու մասին և կառավարությանը հանձնարարել մշակել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական դրույթները։

«2011 թվականից մենք ունենք ծնելիության անկում։ 2017 թվականի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա համեմատ ունենք 9 տոկոս ծնելիության անկում։ Ամուսնությունների թիվը պակասել է 15 տոկոսով, իսկ բնական աճը՝ 20 տոկոսով։ Երբ ամփոփենք տարին, կունենանք առնվազն 8 տոկոս ծնելիության անկում։ Սա խոր անկում է։ Նման անկումները պետք է լուրջ հետազոտությունների ենթարկվեն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որն է դրա պատճառը։ Մեզ մոտ ամուսնությունների թիվը նվազում է, որովհետև ամուսնական տարիք են մուտք գործում 1990-ականներին ծնվածները։ 2025 թվականին մենք ունենալու ենք բացասական բնական աճ։ Վրաստանն արդեն այս տարի՝ առաջին կիսամյակում գրանցել է բացասական բնական աճ, այսինքն՝ մահերը գերազանցել են ծնունդներին։ Վրաստանը 2013 թվականից մոտ 80 մլն դոլար է ուղղել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Մեզ մոտ նման գումարներ չեն տրամադրվել և չեն էլ մտածում այդ մասին։ Մեզ մոտ 3-րդ երեխայի համար հատկացվում է 1 մլն դրամ, իսկ 4-րդ երեխայի համար՝ 1․5 մլն դրամ։ Դա արդյունք է տալիս, 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդների աճ կա։ Եթե արդյունք է տալիս, պետք է մտածել ավելի խորը խրախուսման համար»,- ասաց Մարկոսյանը։

Նա նկատեց, որ, ցավոք, վերջին մեկ տարվա կտրվածքով այս ոլորտում որևէ ծրագիր չի ներկայացվել. «Ծնելիության բարելավման ուղղությամբ որևէ քայլ չի արվել։ Հիմա երբ նախագահի մակարդակով է դրա մասին խոսվում, հնարավոր է՝ ծրագիր ներկայացվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:

Սիրանույշ Պապյան

12.11.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»