Այս առումով, թերևս, Ալիևը սրտի խոր կսկիծով պարտադրված է դառնում վերադառնալ քաղաքական կարգավորումների դաշտ, գոնե քաղաքական մոտեցումների շրջանակում: Սա բավականին նեղացնում է Ալիևի դաշտը խնդիրը ռազմական եղանակով լուծելու առումով, որովհետև մենք գործ ունենք 28 պետություն գումարած ԱԼԳ 6 պետությունների դիրքորոշումների հետ:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Նոյեմբերի 23-ին Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինչպես նաև` ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վրա: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ հարգելով 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, կիրառել վստահություն կառուցող միջոցներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև կիրառել այն միջոցները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովների ընթացքում»:

Ուշագրավ է, սակայն, որ գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը հռչակագիրն ընդունել է վերապահումներով: Թե ո՞րն է խնդիրը, պաշտոնական լրահոսը չի հայտնում:

ԵԺԿ-ում «168 ժամի» աղբյուրները հաղորդում են, որ վերապահման պատճառը որևէ առնչություն չունի Ղարաբաղյան խնդրին, այլ այն պայմանավորված է հռչակագրում Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններին վերաբերող մասով, մասնավորապես` Արևելյան գործընկերության որոշ երկրների հետ ունեցած կոնֆլիկտների հետ կապված Ռուսաստանին վերաբերող գնահատականներին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում, խոսելով ԵԺԿ հռչակագրի մաիսն, բարձր գնահատեց Եվրոպայում ամենաազդեցիկ կուսակցության հայտարարությունը ԱԼԳ գագաթնաժողովի նախաշեմին:

«Այսինքն` դա դառնում է ԱԼԳ շրջանակներում հանդիպող պետության ղեկավարների սեփական կուսակցությունների քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում և, բնականաբար, սա ևս մեկ երաշխիք է, որ հռչակագրի տեքստում չի կարող այլ բան ֆիքսվել, քան այդ մոտեցումը: Այս տեսնակյունից այն շատ կարևոր է և ավելին է, քան այն, ինչ արձանագրված է անգամ ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Թերևս այն խոսակցությունների պատկերին, որ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության առանձին դրույթ ունենալ և դա նույնացնել ուկրաինական, վրացական, մոլդովական և կատալոնական հակամարտությունների հետ, բնականաբար, սա արդեն կանխարգելիչ նշանակություն ունեցավ: Ես կարծում եմ, որ հռչակագրի ոգին կպարունակի կամ կկրկնի նույնը»,- ասաց Ս.Սաֆարյանը:

Ըստ նրա` Ալիևը մի բան հրաշալի է հասկանում` Հայաստանն իրենից առաջ է անցել ԵՄ հետ բանակցություններում, մեր պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և այն վերաբերում է անվտանգության խնդիրներին լայն առումով` սկսած գլոբալ անվտանգությունից, վերջացրած Ղարաբաղյան հակամարտությամբ. «Եվ այդ ձևակերպումները, որոնք արդեն իսկ համաձայնեցրել են հակամարտության մի կողմի` Հայաստանի հետ, բնականաբար, ավտոմատ ազդելու են ոչ միայն ԱԼԳ գագաթնաժողովի հայտարարության դիրքորոշումների վրա, այլ, որ Ալիևի համար ամենավտանգավորն է, Ադրբեջան-Եվրամիություն բանակցվող համաձայնագրի վրա, որովհետև ԵՄ-ն, ուզենք, թե չուզենք, նույն մոտեցումներն է շարադրելու և ոչ թե ուրիշ բան, որ Իլհամ Ալիևը պատկերացնում է: Այս առումով Ալիևին վերադարձրել են այնտեղ, որտեղ նա պետք է լիներ ի սկզբանե, և հատկապես այն բանից հետո, որ վերջինիս թվում էր, թե սիրիական, ուկրաինական ճգնաժամերից հետո և անգամ ապրիլյան պատերազմից հետո ինքը կարող է խնդիրը տեղափոխել այլ հարթություններ, տեղափոխել լուծման այլ դաշտ, այս առումով, թերևս, Ալիևը սրտի խոր կսկիծով պարտադրված է դառնում վերադառնալ քաղաքական կարգավորումների դաշտ, գոնե քաղաքական մոտեցումների շրջանակում: Սա բավականին նեղացնում է Ալիևի դաշտը խնդիրը ռազմական եղանակով լուծելու առումով, որովհետև մենք գործ ունենք 28 պետություն գումարած ԱԼԳ 6 պետությունների դիրքորոշումների հետ»:

Ս. Սաֆարյանը նշեց, որ Ալիևը ստիպված կլինի ԵՄ հետ պայմանագրում ընդհանրապես անտեսել անվտանգության ոլորտը, դուրս թողնել դա, բայց դրանից ԵՄ վերաբերմունքը ԼՂ նկատմամբ չի փոխվելու. «Եթե անվտանգությունը դուրս թողնեն և պայմանագրում մնան միայն էներգետիկա, առևտուր և այլն, այդ դեպքում միևնույն է, Ալիևը չի վերացնում ԵՄ դիրքորոշումը, որն արդեն իսկ ձևակերպված է»:

Սակայն, ըստ նրա, սեփական հանրության առջև այդ նսեմացումից խուսափելու համար, հատկապես` իր հոխորտալից և ամեն ինչ վերադարձնելու խոստումներից հետո, դա ընդամենը ներքին լսարանի խնդիր կլուծի, չի փոխի Եվրոպական միության դիրքորոշումը. «Իսկ եթե նաև ներառեն անվտանգության ու Ղարաբաղյան խնդիր, բնականաբար, Ալիևը ստիպված է լինելու համակարպվել այս դրույթների առկայությանը Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագրում»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով` ԵԺԿ հռչակագիրն աննախադեպ է. «Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների կողմից տրված գնահատականներն իրենց միասնականության մեջ աննախադեպ են, որովհետև ոչ մի քաղաքական փաստաթղթում նման համապարփակ գնահատականներ, որ կվերաբերեին և՛ Մինսկի խմբի համանախագահներին աջակցությանը, և՛ 1994թ. հրադադարի պահպանմանը, և՛ 3 սկզբունքներին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշմանը, և՛ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթնաժողովներին, այս պահի դրությամբ չկան, որևէ այլ փաստաթղթում գրված չեն այն սկզբունքները, որոնց շրջանակներում խնդրի կարգավորման գործընթացը պետք է ընթանա: ԵԺԿ այս հռչակագիրը դրանով է կարևորվում, որ իր մեջ ներառել է վերջին զարգացումների հետ կապված բոլոր սկզբունքները, մոտեցումներն ու բանաձևերը: Սա շատ կարևոր է»:

Ըստ նրա` տարբեր ժամանակահատվածներում տարբեր քաղաքական ինստիտուտների կողմից եղել են առանձին հայտարարություններ տարբեր բաղադրիչների հետ կապված, բայց նման համապարփակ գնահատական չի եղել:

Հարցին` կարելի՞ է ենթադրել, որ ԱԼԳ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվելիք հռչակագրի տեքստը մոտ կլինի ԵԺԿ հռչակագրին, Ա.Աշոտյանը պատասխանեց.

«Չեմ կարող զուգահեռներ անցկացնել, որովհետև ԵԺԿ-ն, իհարկե, Եվրոպայի ամենամեծ, ամենախոշոր ու ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքն է, բայց այդ ընտանիքներից միայն մեկը և մնացած քաղաքական կուսակցությունների վերաբերմունքի հետ կապված նման մոտեցում կանխատեսել չեմ կարող:

Երկրորդ` ԱԼԳ հռչակագրի քննարկումն արվում է ոչ թե կուսակցությունների մակարդակով, այլ` ազգային պետությունների, հետևաբար` եթե այս դեպքում ունենք քաղաքական ամենաուժեղ եվրոպական կուսակցությունների գնահատականները, ԱԼԳ հռչակագիրը լինելու է անդամ պետությունների միջև համաձայնեցված տարբերակ, ոչ թե քաղաքական ուժերի»:

Գայանե Խաչատրյան

25.11.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»