Ինչքան էլ շատ ցանկանանք, շատ երեխա չի կարող ծնվել, հիմա մեր խնդիրն է, որպեսզի ավելանա 2-րդ, 3-րդ, 4-րդ երեխան, որովհետև այսօր խնդիր է արդեն 2-րդ երեխան, ծնողները երկրորդ երեխա չեն ունենում, իսկ դա գալիս է սոցիալ-տնտեսական վիճակից: Համալիր աշխատանք և մեծ գումարներ են պահանջվում, մինչդեռ բյուջեով միջոցներ չեն նախատեսվել: 

Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Եթե առաջ գյուղական բնակավայրերում ծնելիությունն ավելի բարձր էր, ապա վերջին տարիներին քաղաքային բնակավայրերում համեմատաբար ավելի բարձր է. Tert.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը:

«Դա խոսում է այն մասին, որ պարզապես գյուղերում ծնունդներն են պակասել, իսկ դա արտագաղթի հետևանքն է: Գյուղերը ծերանում են, գյուղերից ունենք շատ մեծ չափի հասնող երիտասարդ բնակչության արտագաղթ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների առումով վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, թե վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների ցուցանիշը քաղաքային բնակավայրերում 1,60-ից բարձրացել է մինչև 1,65, գյուղական բնակավայրերում 2,3-ից նվազել է մինչև 1,5։

«Եթե մենք ուզում ենք գոնե պարզ վերարտադրություն ունենալ, առնվազն մեկ կինը պետք է ծննդաբերի 2,1 երեխա: Այսինքն՝ մենք դրանով չենք ավելանա, պարզապես կպահպանենք ներկայիս վիճակը: Եթե ուզում ենք աճ ունենալ, բնականաբար պետք է 2,1-ից ավելի լինի, առնվազն 2,4 լինի, որպեսզի պարզ վերարտադրությունից անցնենք ընդլայնված վերարտադրության»,-ասաց նա և հավելեց, թե հասկանալի է դառնում, որ եթե վիճակը չշտկվի, ներկայում ծնված երեխաները երբ մեծանան և հասնեն վերարտադրության տարիքի, որոնք ավելի քիչ են, բնականաբար քիչ են ծննդաբերելու և թվաքանակն ավելի է պակասելու:

Քաղաքային բնակավայրերում ծնունդների փոքր աճն ըստ նրա՝ պայմանավորված է ներքին միգրացիայով:

«Երիտասարդները գյուղերից տեղափոխվում են քաղաքային միջավայր, մասնավորապես մայրաքաղաք՝ աշխատանք գտնելու հույսով, սովորում են այստեղ և մնում են, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակն ավելի լավ է, քան մարզերում»,-ասաց նա:

Արտակ Մարկոսյանի խոսքով, դեմոգրաֆիական նման իրավիճակը նախ պայմանավորված է նրանով, որ 90-ականների սերունդն է արդեն ամուսնական տարիքի հասել, որոնց թվաքանակը քիչ է: 

«Այսինքն՝ ինչքան էլ շատ ցանկանանք, շատ երեխա չի կարող ծնվել, հիմա մեր խնդիրն է, որպեսզի ավելանա 2-րդ, 3-րդ, 4-րդ երեխան, որովհետև այսօր խնդիր է արդեն 2-րդ երեխան, ծնողները չեն գնում երկրորդ երեխայի, իսկ դա գալիս է սոցիալ-տնտեսական վիճակից»,-ասաց նա և նշեց, որ համալիր աշխատանք է պահանջվում, մեծ գումարներ են պահանջվում, մինչդեռ բյուջեով միջոցներ չեն նախատեսվել: 

Մարկոսյանը նշեց, թե ծնելիության խթանող ծրագիր այդպես էլ չի ներկայացվում, չնայած ամենաբարձր մակարդակով խնդրին անդրադարձ եղել է:

«Ամենաբարձր մակարդակով խոսվել է, տարվա վերջում անվտանգության նիստին Նախագահն անդրադարձավ ժողովրդագրական խնդիրներին, բայց կոնկրետ քայլեր դեռևս չեն կատարվել: Ծրագիր դեռևս չկա, գուցե կա, ուղղակի դեռևս չի հրատարակվել, պարզ չի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ գոնե պահպանվի բնակչության ներկայիս մակարդակը»,-ասաց նա և հավելեց, որ թեև ծնելիության տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց տարեսկզբի անկման միտումները կպահպանվեն:

«Ծնելիությունն այս անկման պարագայում այլևս չի կարող աճ ունենալ, խթանել է պետք, ինչ-որ քայլ պետք է ձեռնարկել, այլապես ինքն ավելի կարագանա, և մենք կունենանք բացասական բնական աճ, այսինքն՝ մահերը կգերազանցեն ծնունդներին»,-ասաց նա:

Նելլի Լազարյան

08.01.2018

Աղբյուրը՝ «Թերթ»