Հայաստանից է արտագաղթի ամենամեծ ալիքը և տեղաշարժը։ 13.500 քաղաքացին հսկայական թիվ է, մանավանդ ծնելիության նվազման ֆոնին։ Եվ եթե այս տեմպը պահպանվի, ապա առաջիկա 5-6 տարիներին ավելի լուրջ հետևանքներ կառաջանան։ Դրա համար համալիր մոտեցում է պետք խնդրին:

2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 13.500 մարդ։ Նշենք, որ 2016 թվականի համեմատ 2017-ին միգրացիոն սալտոն՝ երկրից գնացողների և եկողների տարբերությունը նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն կարևորն այն է, թե այս 13.500 մարդուց քանի հոգին է մշտական գնացել երկրից։ Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի ներկայացրած՝ միայն 2016-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ընդունել Հայաստանի 22 հազար քաղաքացի, իսկ ևս 19 հազար քաղաքացի կեցություն է ստացել։ 2017 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն հաստատ նվազման միտում չի նկատվում։ Բացի դրանից, վիճակագրություն չկա այլ երկրների մասով՝ հատկապես ԱՄՆ և ԵՄ անդամ երկրներ։ Բայց ակնհայտ է, որ մարդկանց հոսք կա նաև այդ ուղղություններով։ Միայն Գրին քարտի խաղարկություններով տարեկան 50-55 հազար մարդ է մասնակցում խաղարկությանը, որոնցից 2500-ից ավելի քաղաքացիներ ստանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր և մեկնում են։

Մարկոսյանի խոսքերով՝ երկրից մեկնողների թիվն ահռելի է, քանի որ մեկ քաղաքացու արտագաղթն արդեն արտագաղթ է, իսկ եթե երկրում կա արտագաղթ, դա նշանակում է, որ երկրում խնդիր կա, ու մարդիկ իրենց ապագան այլևս այդ երկրում չեն պատկերացնում։ «Դեռևս 90-ական թվականներից Հայաստանի քաղաքացիները մեկնում էին արտագնա աշխատանքի, բայց վերջին տարիներին ընդհանուր միգրացիոն սալտոյի մեջ ավելացել է մշտական մեկնողների թվաքանակը։ Երբ նոր տվյալները ամփոփվեն՝ կտեսնենք ընդհանուր պատկերը, պարզապես խնդիրն այն է, որ միգրացիոն բացասական սալտոյի մեջ չի երևում մշտական մեկնողների թվաքանակը։ Ամեն դեպքում, դեռևս 2007 թվականից սկսած, մեր մոտ այդ սալտոն բացասական է»,- ասաց ժողովրդագրագետը՝ բերելով Վրաստանի օրինակը, որտեղ 2016 թվականին միգրացիոն սալտոն եղել է 8000 հոգի։ Նույնը նաև Ադրբեջանում է, որտեղից էլ արտագաղթի տեմպը մեծ չէ։ «Կովկասի երկրներից ամենաշարժունակը հայերն են։ Հայաստանից է արտագաղթի ամենամեծ ալիքը և տեղաժարժումը։ 13.500 քաղաքացին հսկայական թիվ է, մանավանդ ծնելիության նվազման ֆոնին։ Եվ եթե այս տեմպը պահպանվի, ապա առաջիկա 5-6 տարիներին ավելի լուրջ հետևանքներ կառաջանան։ Դրա համար համալիր մոտեցում է պետք խնդրին»,- ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ արտագաղթի դեմ պայքրի ռազմավարություն մշակելուց բացի, պետք է քաղաքացու մոտ հույս առաջացնել, որ մոտ ապագայում իր համար երկրում լավ կլինի։

«Տվյալ պարագայում, հավաստիացնում եմ՝ արտագաղթողների թիվը կնվազի։ Եթե մարդն իմանա, որ մոտակա 3-4 տարում իր համար լավ կլինի, հաստատ չի հեռանա երկրից, կմնա և այստեղ կաշխատի։ Բայց այսօր Հայաստանում հենց այդ ապագայի հույսի բացակայությունն է դրդում մարդկանց անվերադարձ լքել երկիրը։ Վստահության բացակայությունն է հանգեցնում արտագաղթի»,- նշեց ժողովրդագրագետը՝ օրինակ բերելով Վրաստանում Վարդերի հեղափոխությունը, երբ 2004-ին Սաակաշվիլին եկավ, որից հետո մինչև 2006 թվականը Վրաստանում մեծ ներգաղթ սկսվեց, Վրաստանը մոտ 125-130 հազար դրական միգրացիոն սալտո ունեցավ այդ տարիներին։ «Մարդիկ միայն հավատալով հետ եկան։ Վրաստանում ոչ մի բան չէր փոխվել, նույն Վրաստանն էր, որտեղ վիճակը մեզանից վատ էր։ Բայց մարդիկ միայն հավատալով իշխանության փոփոխությանը և փոփոխություններին, հետ եկան, և Վրաստանը միայն 2005 թվականին ունեցավ 76 հազար դրական միգրացիոն սալտո։ Կրկնում եմ՝ միայն հավատի պատճառով։ Այնպես որ, հույսն ու հավատը ամենակարևորն է այս հարցում»,- եզրափակեց Մարկոսյանը։

09.01.2018

Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»