Շատ դժվար, բայց հետաքրքիր տարի է սպասվում, և մենք ուղղակի պետք է լիցքավորվենք օպտիմիզմով, առանց որի հաջողություններն անհնար են։ Այդ օպտիմիզմն օդից չէ, դրա հիմքերը կան, և այդ հիմքերը մեր բոլորի մեջ են:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

2018 թ. փետրվարի 1-ին Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի՝ համաձայն արդեն իսկ ընդունված օրենքի, որը դեռ ամբողջ ուժով չի գործում։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, դա մարտահրավեր է լինելու Հայաստանի տնտեսության, Հայաստանի անվտանգության համար։

«Դրանից պետք է նաև բխեն որոշակի գործողություններ։ Կարծում եմ, որ 2018-ին մեր երկրի խնդիրն այդ մարտահրավերին պատվով դիմագրավելն է լինելու»,- ասաց Ռ.Մեհրաբյանը։

Ներքաղաքական կյանքում, նրա կարծիքով՝ կլինեն վերադասավորումներ. «Որոշակի փոփոխություն կլինի հին քաղաքականության տրամաբանության մեջ, որոշակի առումով, կարծում եմ, դրական ավանդույթներ կսկսեն հաստատվել։ Եվ, կարծում եմ, որ այն ազատության դաշտը, որը ոչ լիարժեքորեն, բայց այնուամենայնիվ կա Հայաստանում, դա կընդլայնվի»։

«Շատ դժվար, բայց հետաքրքիր տարի է սպասվում, և մենք ուղղակի պետք է լիցքավորվենք օպտիմիզմով, առանց որի՝ հաջողություններն անհնար են։ Այդ օպտիմիզմն օդից չէ, դրա հիմքերը կան, և այդ հիմքերը մեր բոլորի մեջ են»,- հավելեց քաղաքագետը։

Գայանե Խաչատրյան

07.01.2018

Աղբյուրը՝ «168 ժամ»