Դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերն ազդեցություն կունենան Իրանի արտաքին քաղաքականության վրա: Իրանը մեղադրում է Սաուդյան Արաբիային, և ինչպես գիտեք, այս երկրները լուրջ հակասություններ ունեն: Նաև խիստ լարված են Իրանի և Իսրայելի հարաբերությունները: Չի բացառվում, որ այդ հակամարտություններն ու հակասությունները նոր դրսևորումներ ստանան, եթե հաշվի առնենք, որ այդ երկրներին օժանդակում է նաև ԱՄՆ-ը:

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ

Գնաճի վերաբերյալ դժգոհություններից մինչև քաղաքական պայքար: Իրանի քաղաքներում գրեթե երկու շաբաթ տևած բողոքի ակցիաները կարծես հանդարտվում են: Ովքե՞ր էին ներքին ըմբոստության հրահրողները, ի՞նչ հետևանք կարող էր ունենալ այն տարածաշրջանի համար. այս և այլ հարցերի մասին Globnews.am-ը զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

«Այս պահին դժվար է հստակ ասել` Իրանում բողոքի ակցիաները ներքին, թե՞ արտաքին ուժերի ազդեցությամբ էին անցկացվում: Բայց, եթե համադրենք փաստերը, կարող ենք ասել, որ ցույցերը հրահրվել են ներքին շրջանակների կողմից, և միայն տեղեկատվական առումով են ստացել որոշակի արտաքին աջակցություն», գտնում է քաղաքագետը:

Նրա խոսքերով, թեև Իրանի իշխանությունները հայտարարում են, որ այս ամենի հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, կարելի է կարծել, որ նախագահ Ռոհանիի և իշխանությունների դեմ ակցիա հրահրողները Իրանի պահպանողական ուժերն էին:

Ըստ քաղաքագետի՝ Իրանի իշխանությունները դեռևս որևէ հիմնավոր փաստ չեն ներկայացրել, որով կերևա, որ բողոքի ակցիաներն արտաքին ուժերն են հրահրել: «Իրանական կողմը միայն նշում է, որ ձերբակալվել է եվրոպական երկրներից մեկի քաղաքացի, ով իր ներդրումն ունի բողոքի ակցիաների կազմակերպման մեջ: Սակայն չի նշվում, թե որ երկրից է այդ քաղաքացին: Բացի այդ, որպես մեկ այլ փաստ, իրանական կողմը նշում է, որ ակցիաների ընթացքում սոցցանցերում տարածվող հեշթեգերը ուղարկվում էին հենց արևմտյան երկրների կողմից»:

«Օրեր առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարեց, որ նախկին ազդեցիկ պաշտոնյաներից մեկը հնարավոր է, որ մասնակցած լինի բողոքի ակցիաների կազմակերպմանը: Ակնհայտ է, որ նա նկատի ուներ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Այսինքն՝ հստակ սլաքները դեպի նա ուղղորդվում են: Բայց այդ վարկածը դեռևս չի հաստատվում: Այդ ամենից հետո արաբական կայքերից մեկը գրեց, որ Ահմադինեժադը ձերբակալվել է, սակայն վերջինիս փաստաբանը հերքեց այդ լուրը»:

Վարդանյանի խոսքով, եթե բողոքի ակցիաները ընդլայնվեին, և մասնակիցների թիվը մեծանար, ապա Իրանը կընկղմվեր քաղաքացիական պատերազմի մեջ, բայց այժմ այդպիսի վտանգ չկա:

«Դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերը ազդեցություն կունենան Իրանի արտաքին քաղաքականության վրա: Իրանը մեղադրում է Սաուդյան Արաբիային, և ինչպես գիտեք այս երկրները լուրջ հակասություններ ունեն: Նաև խիստ լարված են Իրանի և Իսրայելի հարաբերությունները: Չի բացառվում, որ այդ հակամարտություններն ու հակասությունները նոր դրսևորումներ ստանան, եթե հաշվի առնենք, որ այդ երկու երկրներին օժանդակում է նաև ԱՄՆ-ը, որը նույնպես Իրանի նկատմամբ մեկուսացման քաղաքականություն է վարում», եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

09.01.2018

Աղբյուրը՝ «Գլոբնյուզ»