Հայաստանում ավելի վատ պայմաններ են այդ առումով, քան Իրանում: Անընդհատ տեղի է ունենում գնաճ, աշխատավարձերի բարձրացում չկա, այս տարվա բյուջեով նախատեսված չէ: Նաեւ ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված սպասվում է, որ մի շարք ապրանքների գներ էլ կթանկանան: Հայաստանում նույնպես չի բացառվում: Պարզապես պետք է մի որեւէ քաղաքական ուժ դուրս գա եւ այդ ցույցերը համակարգի: 

Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված եւ մեկ շաբաթ տեւած հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 21 զոհ եւ մոտ 450 ձերբակալված, արդեն 5 օր շարունակվում են քաղաքական հակառակ միտումով: Հիմա փողոց են դուրս եկել իսլամական համակարգի կողմնակիցները: Իրանի իշխանություններն արգելափակել են երկրում գործող սոցիալական ցանցերը: Երեկ լուրեր տարածվեցին, որ իշխանությունները ձերբակալել են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ նրան մեղադրելով անկարգություններ ու ցույցեր հրահրելու մեջ, սակայն նույն օրը երեկոյան Իրանի լրատվամիջոցները հերքեցին այդ ինֆորմացիան՝ հղում անելով Ահմադինեժադի որդու ու փաստաբանի պնդումներին: 

Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ու տարածաշրջանում դրանց ազդեցության մասին զրուցեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, խնդրում եմ մեկնաբանեք՝ ի՞նչ է կատարվում Իրանում:

- Տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր, որովհետեւ վերջին ժամանակներս սկսեցին մի շարք ապրանքների թանկացումներ: Հայտարարություն եղավ, որ շուտով կթանկանա նաեւ բենզինը: Մինչ այդ նաեւ մի շարք վարկային ընկերություններ էին սնանկացել, որի հետեւանքով մի քանի հազար քաղաքացիներ իրենց գումարները կորցրին: Բացի այս, Իրանում բարձր է գործազրկության մակարդակը. գործազրկության պաշտոնական մակարդակը 12% է, սակայն երկրի մի շարք նահանգներում գործազուրկ է բնակչության 60%-ը: Եվ արդյունքում պարարտ հող ստեղծվեց սոցիալական դժգոհությունների համար, որոնք վերածվեցին արդեն բողոքի քաղաքական ակցիաների: Մարդիկ սկզբնական շրջանում դուրս եկան պայքարելու գնաճի, կոռուպցիայի դեմ, բայց հետո բողոքները սկսեցին քաղաքական դառնալ, մասնավորապես, նկատի ունեմ այս կարգախոսները՝ «մա՛հ բռնապետին», «ո՛չ Գազա, ո՛չ Լիբանան», «իմ հայրենիքը Իրանն է» եւ այլն: Բնակչության համբերության բաժակը լցվել էր, եւ հարմար առիթ էր բողոքի մասշտաբային ցույցեր սկսելու համար:

- Արդեն քսանից ավելի զոհ կա, եւ հարյուրավոր ձերբակալվածներ: Ըստ Ձեզ, այս ակցիաների, անկարգությունների հետեւում ինչ-որ ուժ կանգնա՞ծ է:

- Կարծում եմ՝ Իրանի իշխանությունների, Հասան Ռոհանիի քաղաքական հակառակորդները պահպանողականներն են: Որովհետեւ բողոքի ցույցերը սկսվեցին Մաշհադ քաղաքում, որը հայտնի է պահպանողական հայացքներով, պահպանողական բնակչությամբ: Այնտեղ բնակչությունը հիմնականում ոչ լիբերալ հայացքներ ունի: Այնուհետեւ ցույցերը տարածվեցին այլ մեծ քաղաքներում: Իմ կարծիքով, այնուամենայնիվ, պահպանողական շրջանակները կազմակերպեցին, ինչպես նաեւ որոշակի տեղեկատվական աջակցություն կար արտասահմանից: Իրանի իշխանություններն ասում են, որ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվող հեշթեգերն ուղարկվում էին արտասահմանից, մասնավորապես, նշում են, որ Սաուդյան Արաբիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից էին տարածվում: 

- Իսկ ի՞նչ եք կարծում, Իսլամական պետության ազդեցությունը որքանո՞վ է հնարավոր:

- Ես Իսլամական Պետության ազդեցությունը զրո եմ գնահատում, որովհետեւ այն, ըստ էության, արդեն ջախջախվել է լիովին, եւ այդպիսի լայնամասշտաբ ցույցեր չի կարող իրականացնել: Դրանց համար պետք է շատ մեծ ռեսուրսներ ունենալ, իսկ Իսլամական պետությունը հիմնականում մասնագիտացել է ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ: ԻՊ-ն այս պահին լուրջ կարողություններ ու հնարավորություններ չունի:

- Պարոն Վարդանյան, Իրանում տեղի ունեցող այս իրադարձությունները տարածաշրջանի եւ, մասնավորապես, Հայաստանի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենան:

- Եթե համարենք, որ ցույցերը մարում են կամ մարել են, ապա, ըստ էության, ոչ մի ազդեցություն չեն ունենա: Լուրջ ազդեցություն կունենային, եթե ակցիաները տեւական ժամանակ շարունակվեին եւ ցնցումների ենթարկեին Իրանի համակարգը, բայց նման բան տեղի չունեցավ: Իրանի իշխանությունները կարողացան մարել բողոքի ցույցերը եւ նրանց, կարող ենք ասել, ոչինչ չի սպառնում, չնայած չի բացառվում, որ ապագայում եւս կրկնվեն, եթե իշխանությունները լուրջ հետեւություններ չանեն այս ամենից: 

- Հնարավո՞ր է, որ իշխանության դեմ բողոքի ակցիաներն ու անհնազանդությունները նախադեպ դառնան Հայաստանի համար:

- Իհարկե, հնարավոր է: Հայաստանում ավելի վատ պայմաններ են այդ առումով, քան Իրանում: Անընդհատ տեղի է ունենում գնաճ, աշխատավարձերի բարձրացում չկա, այս տարվա բյուջեով նախատեսված չէ: Նաեւ ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված սպասվում է, որ մի շարք ապրանքների գներ էլ կթանկանան: Հայաստանում նույնպես չի բացառվում: Պարզապես պետք է մի որեւէ քաղաքական ուժ դուրս գա եւ այդ ցույցերը համակարգի: Եթե այդպիսի ուժ հայտնվի, որը կսկսի բողոքի ցույցեր անել, ես վստահ եմ, որ մի քանի հազար մարդ դուրս կգա փողոց: 

- Այդ դեպքում, ինչպես Իրանում եղավ, այնպես էլ մեզ մոտ իշխանության կողմից չե՞ն ճնշվի այդ ակցիաները, որովհետեւ վերջին շրջանում հիմնականում այդ պատկերն է եղել:

- Պետք է մի բան փաստենք, որ Հայաստանի իշխանությունները չունեն այնպիսի հնարավորություններ, այնպիսի ուժ, ինչպիսին ունի Իրանը: Ուրեմն, այդպիսի բիրտ մեթոդներով չեն կարող ճնշել: Նման ցույցերի ժամանակ մի քանի հարյուր մարդ է սպանվում Իրանում, այս անգամ ընդամենը մոտ քսան զոհ եղավ, չնայած գուցե ոչ պաշտոնական տվյալներով ավելի շատ են: Բայց մեր իշխանություններն այդպիսի հնարավորություններ չունեն: Բացի դրանից Իրանում, որպես կանոն, սոցիալական ցանցերն են արգելափակում, որը բավականին պակասեցնում է լուրջ գործողություններ կազմակերպելու հնարավորությունները: Մեզ մոտ իշխանությունները սոցիալական ցանցերն արգելափակելու հնարավորություն չունեն, եւ, բարեբախտաբար, ավելի շատ են կախված Արեւմուտքից, քան Իրանի իշխանությունները: Դրա համար էլ այս պահին նման ակցիաների ժամանակ այդպիսի ճնշումները Հայաստանում քիչ հավանական են:

ՀայԱրփի Բաղդասարյան

09.01.2018

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»