Այս ցույցերը կարող էին Իրանը ներսից լուրջ ցնցել, բայց հուսով եմ, որ Իրանի իշխանությունները լուրջ հետևություններ և քաղաքական բարեփոխումներ կանեն։ Ես չեմ կարող միանշանակ պնդել, որ այս ցույցերն ամբողջովին վատն էին, շատ հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում ու լուրջ բարեփոխումներ իրականացնում:

«Կարող ենք ասել, որ Իրանում ներկա պահին կրքերը հանդարտվել են և բավականին հանդարտ վիճակ է երկրում»,-Մեդիա կենտրոնում կազմակերպած «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Իրանագետը, սակայն չի բացառում, որ բողոքի ցույցերը կվերսկսվեն։

«Բավականին անկանխատեսելի բազմաշերտ երկիր է Իրանը, և աշխարհի համար բարդ է կանխատեսումներ անել իրադարձությունների շուրջ։ Իրանում հանգիստ, կայուն վիճակը բխում է տարածաշրջանում երևի թե բոլորի շահերից, մասնավորապես Հայաստանի։ Մեր երկրի համար կարևոր է հանգիստ, կայուն, խաղաղ Իրանը»,- ասաց Ահարոն Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ Իրանի հետ Հայաստանն ունի բազմաթիվ ծրագրեր՝ տնտեսական, էներգետիկ, տրանպորտային, և դրանք կյանքի կկոչվեն միայն և միայն խաղաղ Իրանի պարագայում։

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով էլ՝ չնայած բողոքի ակցիաները սկսվեցին տնտեսական հարցերի շուրջ, բայց առիթ հանդիսացան, որպեսզի քաղաքական, կանանց իրավունքների հետ կապված հարցեր ևս բարձրացվեն։

«Այս ցույցերը կարող էին Իրանը ներսից լուրջ ցնցել, բայց հուսով եմ, որ Իրանի իշանությունները լուրջ հետևություններ և քաղաքական բարեփոխումներ կանեն։ Ես չեմ կարող միանշանակ պնդել, որ այս ցույցերն ամբողջովին վատն էին, շատ հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում ու լուրջ բարեփոխումներ են իրականացնում»,- ասաց իրանագետը։

Քննարկմանը ներկա իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի խոսքով՝ ամեն անկայուն վիճակից ցանկացած ուժ փորձում է իր օգուտը քաղել,  բայց այն որ այս դեպքերը ուղղորդված են արտասահմանից կամ ինչ-որ արտաքին ուժից, այդպես չէ։

«Եթե Ռոհանին կարողանա գնալ բարեփոխումների, ավելի ազատ, ազատ մամուլ ունեցող, աշխարհի հետ ավելի ազատ տնտեսական կապեր ունեցող Իրանը ավելի ձեռնտու է Հայաստանին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տեղեկատվության ազատ տեղաշարժի սահմանափակմանը, Մինասյանը նշեց, որ դա բերում է որոշակի ասեկոսների, որոնցից պարզ չի դառնում պետության իրական մասնակցությունը այս կամ այն դեպքերին։

10.01.2018

Աղբյուրը՝ «Պանորամա»

 

Բողոքի ցույցերն Իրանում քաղաքական հարցեր բարձրացնելու հարթակ դարձան. «Հայձայն»​

Բողոքի ցույցերի պատճառն ի սկզբանե սոցիալական էր, որը հետո առիթ հանդիսացավ քաղաքական հարցեր բարձրացնելու համար:  Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիս ժամանակ ասաց իրանագետ Վարդանյանը՝ խոսելով վերջերս Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին:

«Բողոքի ցույցերի պատճառն ի սկզբանե սոցիալական էր. հասարակությունն էլ լավ հասկանում էր, որ սոցիալ-տնտեսական դժվարությունները ղեկավարության վարած քաղաքականության հետևանքն են, այդ իսկ պատճառով ընթացքում սկսեցին քաղաքական լոզունգներ կիրառվել՝ «Մահ բռնապետին», «Մահ Խամենեին»: Իրավիճակին նպաստել է նաև «Հզբոլլայի» ղեկավար Նասրալայի հարցազրույցը, որտեղ վերջինս նշում էր, որ ամբողջությամբ ֆինանսավորվում է Իրանից: Ուստի, իրանցիները բողոքում էին, որ ապրում են ծանր պայմաններում, իսկ Իրանը առատաձեռնորեն նվիրատվություններ է անում Հզբոլլային, Ասադի ռեժիմին և այլն»,-ասաց իրանագետը:

Վերջինիս դիտարկմամբ, այս ցույցերը, այնուամենայնիվ, առիթ հանդիսացան և՛ սոցիալական, և՛ քաղաքական հարցեր բարձրաձայնելու համար, նաև կանանց իրավոնքների մասին խոսելու համար, և պատահական չէ, որ ցույցերին նաև կանայք էին մասնակցում: 

10.01.2018թ.

Աղբյուրը՝ «Հայձայն»

 

Հանգիստ Իրանը բխում է Հայաստանի շահերից. «Առավոտ»

Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով, դժվար է կանխատեսել, թե Իրանում ինչ զարգացումներ կլինեն:

«Այո՛, Իրանում կրքերը հանդարտվել են, բայց դեռ չենք կարող ասել, որ նորից ցույցերը չեն սկսի, որովհետեւ մինչեւ սկսելը ոչ մեկը չէր կարող ասել, որ կսկսի, Իրանն անկանխատեսելի երկիր է: Լավ է, որ այս պահին հանգիստ է վիճակը, որովհետեւ այս վիճակը բխում է բոլորի շահերից, մասնավորապես Հայաստանի, որովհետեւ Հայաստանի համար կարեւոր է հանգիստ Իրանը, որը զբաղված չէ ներքաղաքական խնդիրներով: Իրանի հետ ունենք բազմաթիվ տրանսպորտային, էներգետիկ ու տնտեսական ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն միայն խաղաղ պայմաններում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց իրանագետը:

Իրանագետ Արմեն Վարդանյանն էլ մեկնաբանեց, թե ինչու էին իրանցիները բողոքի ցույցերի ժամանակ գոռում «մահ Խամենեին», որն իրենց կրոնական առաջնորդն էր, եթե ի սկզբանե ցույցերը սոցիալ-տնտեսական հողի վրա էին. «Ժողովուրդը թանկացումներից հետո դուրս եկավ փողոց, դրան նախորդել էր մի քանի վարկային կազմակերպությունների սնանկացումը, որի պատճառով շատերը կորցրին իրենց ավանդները, այո՛, սոցիալական խնդիրների պատճառով էին դուրս եկել, բայց դա առիթ էր նաեւ քաղաքական հարցեր բարձրացնելու, որովհետեւ հասարակությունն էլ լավ հասկանում է, որ սոցիալ-տնտեսական դժվարությունների մի մասը պայմանավորված է երկրի իշխանությունների քաղաքականությամբ, դրա համար էլ սկսեցին քաղաքական լոզունգներ կիրառել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

10.01.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»