Այստեղ կարևորն այն է, թե ինչ էական փոփոխությունների դա կբերի: Ես, համենայն դեպս, տեսնում եմ, որ համակարգը շատ հարցերում ուղղակի սպառել է իրեն և գործերը մատնված են ինքնահոսության: Եվ այն այժմ պայքարում է իր իսկ արած քայլերի բացասական հետևանքների դեմ:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

2018 թվականի ապրիլից Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական ձևին. երկիրը կղեկավարի վարչապետը: Ի՞նչ կարելի է սպասել կառավարման այս ձևից, արդյո՞ք Հայաստանը պատրաստ է խորհրդարանական կառավարմանն անցնելուն. այս և այլ հարցերի պատասխանները Globnews.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

-Պարո՛ն Մեհրաբյան, ի՞նչ կարելի է սպասել ապրիլին. քաղաքական նոր դերակատարներ ի հայտ կգա՞ն:

-Այս պահին, քաղաքական նոր դերակատարներ, որպես այդպիսին չեն նկատվում: Բայց մենք հասկանում ենք, որ բավականին դինամիկ ժամանակահատվածում ենք ապրում և ամեն ինչ էլ հնարավոր է:

-Վերջին ժամանակահատվածում հաճախ խոսվում է Վիգեն Սարգսյանի արտգործնախարար դառնալու մասին. արդյո՞ք այս և այլ փոփոխոթյուններ տեսանելի են:

-Գիտեք, դա մեր համակարգային փոխատեղումների շրջանակի խնդիր է: Գուցե նաև ներհամակարգային ուժերի դասավորության ինչ-որ փոփոխություն: Այստեղ կարևորն այն է, թե ինչ էական փոփոխությունների դա կբերի: Ես, համենայն դեպս, տեսնում եմ, որ համակարգը շատ հարցերում ուղղակի սպառել է իրեն և գործերը մատնված են ինքնահոսության: Եվ այն այժմ պայքարում է իր իսկ արած քայլերի բացասական հետևանքների դեմ:

-Իսկ համակարգային փոփոխություններ կարո՞ղ են լինել, եթե հաշվի առնենք նախագահ Սարգսյանի վերջին հայտարարությունները, որոնք մեկնաբանվեցին որպես վերջինիս վարչապետ դառնալու հաստատում:

-Մինչև գարուն դեռ բավականին ժամանակ կա, ամեն ինչ էլ կարող է լինել: Մենք տեսնում ենք, որ բացասական երևույթները հենց այսօր են տեղի ունենում, և նախագահի խոսքը ավելի շատ դրան էր նվիրված: Ամեն դեպքում, մինչև ֆունդամենտալ որոշումներ չընդունվեն և չիրականացվեն, այս բացասական երևույթներն ու հետևանքները էլ ավելի են խորանալու:

-Ի վերջո, Հայաստանը պատրա՞ստ է խորհրդարանական կառավարմանն անցնելուն:

-Կառավարան նոր ձևը, ըստ էության, համակարգի վրա չի ազդում: Փաթեթավորումն է միայն փոխվում: Առայժմ ես որևէ այլ նախանշան չեմ տեսնում:

11.01.2018

Աղբյուրը՝ «Գլոբնյուզ»