Հաշվի առնելով, որ ոչ միայն անկախ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսին «Human Rights Watch»-ն է, այլեւ ընդդիմությանը հարող Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը եւ բժիշկները հաստատել են դա, կարելի է ենթադրել, որ Թուրքիան, զգալով, որ Դամասկոսի ու քրդերի համաձայնությունը գուցեեւ խանգարի Աֆրինը գրավելուն, ձգտել է ամեն գնով մինչեւ օգնության հասնելը գրավել քաղաքը, ինչը չի հաջողվել։

Սիրիայի հյուսիսում շարունակվում են թուրքական կողմի ռազմական գործողությունները, որոնց մասնակցում են այդ երկրի օդուժն ու ցամաքային 6 հազար 500 զինվորական, ինչպես նաեւ Թուրքիայի հովանու ներքո գտնվող «Սիրիայի ազատ բանակի» շուրջ 10 հազար մարտիկ։ 

«Ձիթենու ճյուղ» կոչված ռազմական գործողությունները ընդդեմ Աֆրինի, ըստ Էրդողանի, վաղուց պետք է ավարտված լինեին։ Անկարան հայտարարում էր, թե շուտով հերթը իրաքյան Մանբիջինն է։ Սակայն թուրքական լուրջ հաջողությունների մասին խոսելն անտեղի է։ Ավելին՝ միջազգային ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ սիրիական իշխանական ուժերին աջակցող կամավորական ուժերը մուտք են գործել Աֆրին։ Ըստ այդմ՝ թեեւ առաջին անցակետին հասնելիս նրանք ենթարկվել են թուրքական հրետանու ու ռազմական օդանավերի ռմբակոծությունների, այդուհանդերձ կարողացել են մուտք գործել Աֆրին։ Մինչդեռ թուրքական կողմը հայտարարում է, թե ռմբակոծություններով այդ ուժերին հարկադրել է նահանջել։ Ավելին, Էրդողանը հայտարարել է, թե այդ հարցը փակված է, ինչի մասին տեղյակ է պահել նաեւ Իրանի եւ Ռուսաստանի նախագահներին։ 

Սակայն շիա կամավորականներն ու պաշտոնական Դամասկոսը հերքել են աջակցող ուժերի նահանջի վերաբերյալ այդ հայտարարությունը։ Թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ Չաուշօղլուն, Դամասկոսին այդ առնչությամբ նախազգուշացրել են, շեշտելով, որ եթե այդ ուժերը քրդերին աջակցելու նպատակով են հայտնվելու Աֆրինում, ոչ միայն չեն կարող ռազմական գործողությունները կասեցնել, այլեւ լուրջ հակահարված են ստանալու։ Էրդողանի խոսնակը կրկին նշել է, թե իշխանական ուժերի մուտքը կասեցվել է, եւ կրկնվելու դեպքում լուրջ հետեւանքներ են ունենալու, քանի որ թուրքական կողմը դա որպես ահաբեկչությանը աջակցություն է դիտելու, ինչի դեմ պայքարն իր օրինական պարտքն է։ Ապա գնահատել է դա իբրեւ տեղակատվական պատերազմ, որը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։

Հաշվի առնելով առ այսօր «Ձիթենու ճյուղ» գործողությունների վերաբերյալ Թուրքիայի ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելը, պետք է կարծել, որ քրդական կողմի տեղեկատվությունն ավելի հավաստի է, որի համաձայն՝ աջակից ուժերը տեղակայվել են Աֆրինում, եւ նոր ուժերի մուտքը շարունակվում է, ինչն անշուշտ խիստ դժվարեցնելու է թուրքերի մուտքը։ Թուրքիան հերքում է, որ Աֆրինի Արանդա գյուղի դեմ քիմիական զենք է կիրառել, սակայն հաշվի առնելով, որ ոչ միայն անկախ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսին «Human Rights Watch»-ն է, այլեւ ընդդիմությանը հարող Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը եւ բժիշկները հաստատել են դա, կարելի է ենթադրել, որ Թուրքիան, զգալով, որ Դամասկոսի ու քրդերի համաձայնությունը գուցեեւ խանգարի Աֆրինը գրավելուն, ձգտել է ամեն գնով մինչեւ օգնության հասնելը գրավել քաղաքը, ինչը չի հաջողվել։

22.02.2018

Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետություն»