Գոյություն ունեն պետական շահեր, ընդ որում, շահեր՝ խարսխված ֆիզիկական անվտանգության շահերի ու պատկերացումների վրա։ Պարզ պատկերացում կա նաև իրողությունների մասին։ Հետևաբար, պարզից էլ պարզ է, որ Արցախը կարիք ունի հստակեցնելու, նորացնելու և թարմացնելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ առանձին թե՛ որպես պետություն և թե՛ նրա առանձին ինստիտուտների հետ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը առաջիկայում աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ, որտեղ պլանավորված են հանդիպումներ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների, ամերիկյան փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում են լինելու Արցախի Հանրապետության կառավարության, ինչպես նաև խորհրդարանի ներկայացուցիչներ:

Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհերքեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում։ Երբ ինչ-որ ծրագիր դեռ իրականացված չէ՝ այստեղից-այնտեղից ինչ-որ տեղեկություններ տարածելը ճիշտ չէ բոլոր տեսանկյուններից։ Եթե լինի այդպիսի այց, մենք տեղեկություն կտարածենք»,- փոխանցեց Բաբայանը։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կատարվելիք այցը կենսական նշանակություն ունի Արցախի համար: «Գոյություն ունեն պետական շահեր, ընդ որում, շահեր՝ խարսխված ֆիզիկական անվտանգության շահերի ու պատկերացումների վրա։ Պարզ պատկերացում կա նաև իրողությունների մասին։ Հետևաբար պարզից էլ պարզ է, որ Արցախը կարիք ունի հստակեցնելու, նորացնելու և թարմացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ առանձին թե՛ որպես պետություն և թե՛ նրա առանձին ինստիտուտների հետ»,- ընդգծեց փորձագետը։

Մեր այն դիտարկմանը, թե պաշտոնական Ստեփանակերտը մշտապես վարել է ավելի ռուսամետ քաղաքականություն, և դրա օրինակներից մեկը Ղրիմի հանրաքվեից հետո կազմակերպված հրավառությունն էր, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց. «Դա պետական որոշ օղակների, ընդ որում՝ ոչ ամենախելացի սեգմենտի կողմից կատարված ապուշ քայլ էր, որի ապուշությունը շատ կարճ ժամանակ անց ապացուցվեց մի քանի իրադարձություններով։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ամբողջ ժողովուրդն այդպես է մտածում, որովհետև ամբողջ ժողովուրդը գիտի, թե իրենց վրա ում արտադրած ու մատակարարած զենքն է կրակում, և ով է այդ հանցագործների ձեռքը դրել այդ զենքն ու ինչի համար»։

Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, մեր զրուցակիցն ընդգծում է, որ այնուամենայնիվ այն թելադրվում է հանգամանքներով: «Եվ կարծում եմ, որ այս այցը Միացյալ Նահանգներ ունակ է այդ հանգամանքներում էական փոփոխություններ մտցնել։ Ուրախ եմ, որ նման այցի հնարավորություն կա, և ուզում եմ մեծ հաջողություն մաղթել այս նախաձեռնությանը, այն ունի կենսական անհրաժեշտություն»,- եզրափակեց նա։

Մարիամ Գրիգորյան

12.03.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»