Պաշտոնական Երևանը հստակ պետք է դատապարտի քիմիական զենքի գործածումն ընդհանրապես, և Հայաստանը պետք է կողմ լինի բոլոր միջազգային քաղաքական մեխանիզմների գործածմանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ 50 րոպե տևած հրթիռակոծությունն ու Մերձավոր Արևելքում հակամարտության թեժացումն ինչ-որ ձևով կարող է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

«Սա տարածաշրջանում լարվածության լրացուցիչ գործոն է», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Հայաստանի դիրքորոշումը տեղի ունեցող զարգացումներին, ըստ քաղաքագետի, պետք է լինի ակտիվ և խաղաղասիրական։

«Պաշտոնական Երևանը հստակ պետք է դատապարտի քիմիական զենքի գործածումն ընդհանրապես, և Հայաստանը պետք է կողմ լինի բոլոր միջազգային քաղաքական մեխանիզմների գործածմանը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ», - ընդգծեց Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ինչ-որ կոալիցիաների մեջ մտնելու որևէ նկրտում չունի և առան4նապես չի էլ կարող ունենալ:

«Հայկական կողմը, բարեբախտաբար, այսքան տարիների ընթացքում կարողացել է խուսափել դրանից, ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, որոնք բավականին ուշագրավ  են։ Ուշագրավ են այնքանով, որ զանգվածային հարված է հասցվել Ասադի ռազմական պոտենցիալին և ռուսները որևէ ձևով չեն արձագանքել իրենց դաշնակցին հասցված հարվածին», - ասաց Ռ. Մեհրաբյանը։

Սա, ըստ նրա, փաստ է, և սրանից հայկական կողմը պետք է որոշակի հետևություններ անի։

«Հայաստանը հետևություններ պետք է անի, թե ինչպես է դա այդպես ստացվում, քանի որ մի դաշնակից էլ ինքն է, և ռուսների կողմից այդ «այտերն ուռացրած» ինքնագոհ հայտարարություններին առանձնապես մեծ ուշադրություն չտա։ Հայաստանը պետք է հասկանա, որ քաղաքական դիրքորոշումներում Ռուսաստանը պարզապես միջազգային մեկուսացման մեջ է», - եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի երեք կետի: Հրթիռակոծությունը տևել է 50 րոպե: ԱՄՆ-ին միացել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ 

Սյուզի Մելքոնյան

14.04.2018

Աղբյուրը՝ «Այսօր»