Հայաստանի եւ Վրաստանի հետ երկաթգծի կապը չէր խանգարի Իրանին, սակայն հաշվի առնելով, որ դրան դեմ է Ադրբեջանը եւ խիստ կքննադատի Իրանին, կարելի է ասել, որ այդ հարցին թեեւ դրական է վերաբերվում, բայց իրականում, ինչպես եւ Հայաստանը, լուրջ շահագրգռություն չի ցուցաբերում: 

«Առավոտ»-ի զրուցակից, իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ իշխանությունները կկարեւորեն նաեւ երկաթուղու կառուցումը – Չնայած դաշնակիցների հորդորներին՝ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից: ԱՄՆ-ի դաշնակիցներին չհաջողվեց համոզել նախագահ Դոնալդ Թրամփին, եւ նա կատարեց իր հերթական նախընտրական խոստումը: Տիկին Բեգիջանյան, Թրամփի այդ որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա Վաշինգտոնի կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ տարվող քաղաքականության վրա:

– ԱՄՆ-ը դուրս գալով Իրան-5+1 համաձայնագրից՝ փաստորեն 90-180 օրվա ընթացքում վերականգնվելու են Իրանի դեմ մինչեւ 2016թ. հունվարին կիրառված սահմանափակումները: Բացի այդ, Վաշինգտոնը օտարերկրյա ընկերություններին 6 ամիս ժամանակ է տվել, որպեսզի դադարեցնեն իրենց համագործակցությունն Իրանի հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվո Լոդրիան մայիսի 11-ին խիստ քննադատել է օտարերկրյա ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանումը, ինչը գնահատել է որպես ԱՄՆ օրենքներն այլ երկրներին պարտադրել: Իսկ համաձայնագրի անդամ եվրոպական երկրները ջանքեր են գործադրում այն պահպանելու ուղղությամբ, որի շուրջ առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում Իրանի ԱԳ նախարարի հետ բանակցելու են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը ԱՄՆ-ի հիշյալ համաձայնագրից դուրս գալու նպատակն Իրանի վրա տնտեսական ճնշումներ գործադրելն է, հետեւաբար, եթե այդ տեսանկյունից ենք հարցը դիտում, ապա Հարավային Կովկասի երկրներից Հայաստանի վրա ազդեցությունը, թերեւս, ամենաքիչն է լինելու, քանի որ Արեւմուտքը մշտապես հաշվի է առել Հայաստանի՝ երկու կողմից շրջափակման մեջ գտնվելը եւ առանձնապես Իրանի հետ փոխհարաբերությունների հարցում, կարելի է ասել, մատների արանքով է նայել՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի փոքր շուկա լինելը: Ադրբեջանի վրա ազդեցությունը գուցեեւ ավելի մեծ լինի, քանի որ սահմանափակումների վերացումից հետո երկու երկրների տնտեսական ծավալը ավելի քան 50 տոկոսով աճել է: Բայց հաշվի առնելով «Վիքիլիքսի» բացահայտումները, որոնց համաձայն՝ Ալիեւը ողջունում էր Իրանի դեմ սահմանափակումները, անգամ պահանջել էր էլ ավելի խստացնել, կարելի է նշել, որ Ադրբեջանը նաեւ շահեր ունի սահմանափակումներ կիրառելու դեպքում, նույնիսկ գերակա: Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանի շահերը, ի դեմս Իրանի, պահանջում են կայուն ու բարգավաճ հարեւան ունենալ, ապա Ադրբեջանի քաղաքական եւ, մասնավորապես, համաթյուրքական շահը Իրանի թույլ եւ անկայուն լինելն է: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրում իրանցիները առավել շատ են ներդրումներ կատարում, ինչին հազիվ թե սահմանափակումները լուրջ խոչընդոտ լինեն:

– Համաձայնագրին իրենց հավատարմությունն են հաստատել պաշտոնական Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը, Մոսկվան, ինչպես նաեւ ԵՄ-ն: Բայց արդյո՞ք ԱՄՆ-ի քայլից հետո ամերիկյան պատժամիջոցները սաստող, կանխարգելող գործոն կդառնան այլ երկրների համար՝ Իրանի հետ համագործակցության առումով:

– Խոսելով համաձայնագրի մասին՝ նշենք, որ 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիա) համաձայնագիրը (Joint Comprehensive Plan of Action, JCPOA), որը hաճախ գնահատվում է որպես պատմական: Այն կյանքի է կոչվել 2016թ. հունվարի 16-ին, որի իրականացումը հետապնդում էր երկու նպատակ. ա) Իրանը 15 տարով խիստ սահմանափակելու է ուրանի հարստացման գործընթացը, կրճատելու է կենտրոնախույս սարքերի արտադրությունը: Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ն իրավասու կլինի ստուգելու Իրանի միջուկային բոլոր օբյեկտները, բ) ի պատասխան նշյալ քայլերի՝ վերացվելու էին Իրանի դեմ ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից տնտեսական ու քաղաքական շուրջ 25 տարբեր ոլորտներում խիստ սահմանափակումները, որոնք կիրառվել են Իրանի ֆիզիկական ու իրավական անձանց եւ պետության հանդեպ: Այժմ ԱՄՆ-ից զատ՝ մյուս 5 երկրները կողմ են այն պահպանելուն եւ լուրջ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ, սակայն հարկ է նշել նաեւ, որ համաձայնագրում երկու գլխավոր կողմերն Իրանն ու ԱՄՆ-ն էին, հետեւաբար ԱՄՆ-ի հեռանալը կարող է հանգեցնել դրա փլուզմանը, թեեւ Իրանի ԱԳ փոխնախարար Էրաղչին, որ JCPOA-ի բանակցությունների ակտիվ մասնակիցներից է, մայիսի 11-ին հայտնել է, որ հնարավոր է ԱՄՆ-ի բացակայությամբ էլ պահպանել այն: Ինչպես նշվեց, Եվրոպան ձգտում է, որպեսզի ԱՄՆ-ն Իրանի հետ համագործակցող ընկերությունների դեմ պատժամիջոցներ չկիրառի, սակայն ինչքանով դա նրանց կհաջողվի՝ պարզ չէ: Իսկ եթե չհաջողվի, ապա, անշուշտ, կդառնա կանխարգելիչ գործոն:

– Տիկին Բեգիջանյան, Հայաստան-Իրան հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը: Նախ՝ համաձայնագրի դադարեցումը կարո՞ղ է վնասել հայ-իրանական հարաբերություններին: Եվ հաջորդը՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է դրսեւորի իրեն այս որոշումից հետո, սա անորոշության մի նոր փո՞ւլ է, թե՞ ամեն ինչ իր հունով կընթանա:

– Ինչպես արդեն նշվեց, ԱՄՆ-ի համաձայնագրից դուրս գալու հնարավոր բացասական ազդեցությունը կարող է լինել հայ-իրանական տնտեսական փոխհարաբերությունների վրա, որոնք խոշոր հաշվով կայացած չեն, եթե հաշվի առնենք, որ դրանց ծավալը 28 տարվա ընթացքում մեկ տարվա կտրվածքով նույնիսկ 250 միլիոն դոլարից չի անցել: Բայցեւայնպես որոշ բացասական ազդեցությունները չեն բացառվում՝ հաշվի առնելով, որ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ Իրանի տնտեսության վրա, օրինակ՝ կարող է իրանցի զբոսաշրջիկների թվի կրճատում լինել եւ այլն: Վատթարագույն տարբերակը կարող է լինել 2016թ. նախորդող իրավիճակի նման: Իսկ դրանից հետո երկու երկրների փոխհարաբերություններում ինչ-որ լուրջ փոփոխություն զգացե՞լ ենք, եթե չասենք, որ նույնիսկ 2016թ. 2015թ. համեմատությամբ տնտեսական փոխհարաբերություններն անկում են արձանագրել: Իսկ եթե Իրանի եւ համաձայնագրի անդամ եվրոպական երկրների հետ այն պահպանելու շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա այդ երկրի վիճակը զգալիորեն կտարբերվի 2015-ից՝ մանավանդ, որ ՄԱԿ-ը եւս չի վերականգնելու կիրառված սահմանափակումները:

– Հայաստան-Իրան համագործակցությունն այդպես էլ չի հասնում այնպիսի մակարդակի, որն ակնկալվում է: Հիշեցնեմ, որ հունվարին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն, օրինակ, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն անդրադառնալով՝ նշեց, թե դրա «կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի»: Հայաստանի նոր իշխանությունները, Ձեր կարծիքով, ի՞նչ ուղղություններով պետք է աշխատեն:

– Երբ մշտապես խոսվում է շրջափակումից ու, բնականաբար, տնտեսության զարգացման վրա դրա բացասական ազդեցությունից, ապա ակնհայտ է, որ երկաթուղու կառուցումը Հայաստանի համար լուրջ հնարավորություն է՝ հաշվի առնելով, որ այդպիսով Հայաստանը կկապվի Պարսից ծոցին ու Միջին Ասիային, այնտեղից էլ՝ Չինաստանին: Մյուս կողմից՝ որքանով հիշում եմ, ի սկզբանե Հայաստանի երկաթուղու տնօրինությունը դեմ էր դրա կառուցմանը: Տարօրինակ է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դա ինքնանպատակ է համարել, երբ նրան նախորդող վարչապետերը հայտնում էին, որ ներդրողներ են փնտրում: Նոր իշխանությունները կարեւորում են հայ-իրանական, ինչպես նաեւ հայ-չինական փոխհարաբերությունների ընդլայնումը, ուստի կարծում եմ, որ կկարեւորեն նաեւ երկաթուղու կառուցումը: Պետք է նկատել նաեւ, որ եթե գրեթե կենսական նշանակությամբ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին չկառուցվեց, որի կառուցումը անհամեմատ դյուրին էր, ապա լուրջ չէ, որ մտածենք, թե երկաթուղի կառուցելու ուղղությամբ լուրջ քայլեր կարվեին:

– Այս տարի փետրվարին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Իրանից գազի ներկրման ծավալների հնարավոր մեծացմանն անդրադառնալով՝ նշել էր. «Պատրաստ ենք հարմար գներով գազը նաեւ վաճառել Հայաստանին»: Անդրադառնալով հարցին, թե ինչու հունվարի վերջին Մեղրիի ՀԷԿ-ը չգործարկվեց, նա ասել էր. «Սովորաբար ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»: Իսկ Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մարտին Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածի գործարկումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-Իրան երկաթուղու՝ դեռեւս թղթի վրա մնացած ծրագրի վրա, դեսպանն այսպես էր արձագանքել. «Դուք ապրում եւ սնվում եք ձեր տանը, ի՞նչ նշանակություն ունի, թե հարեւան երկրում ինչ են անում եւ ինչ են ուտում: Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրողի ներկայացնի: Համատեղ ներդրումներ են հարկավոր: Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»: Ձեր տպավորությամբ՝ իրանական կողմը որոշակիորեն բավարարված չէ՞ ՀՀ իշխանությունների քայլերից:

– Ինչ վերաբերում է իրանական գազի ծավալների մեծացմանն ու հարմար գնով Հայաստանին տրամադրելուն, ապա բոլորն էլ գիտեն, որ այդ հարցով պետք է պայմանավորվեն նախեւառաջ Ռուսաստանի՝ «Գազպրոմի» հետ, որը Հայաստանում գազի միակ մատակարարն է: Պատահական չէ, որ այս հարցը քննարկվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ռուսաստանյան այցի ընթացքում: Իսկ Մեղրիի ՀԷԿ-ի գործարկման հարցում Իրանը առավել շահագրգիռ է՝ հաշվի առնելով այդ երկրում առկա ջրի խիստ սակավությունը: Ինչ վերաբերում է երկաթուղու կառուցմանը, հարկ է նշել, որ, ըստ երեւույթին, ոչ միայն Հայաստանը, այլեւ Իրանը եւս շատ էլ շահագրգիռ չէ: Մինչդեռ այդ հարցը օրակարգ մտնելուց հետո Բաքուն լուրջ շահագրգռություն դրսեւորեց այն խափանելու ուղղությամբ՝ ձեռնամուխ լինելով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի կառուցմանը, ինչն էլ իրականացնում է՝ անգամ այդ նպատակով Իրանում ներդրում կատարելով: Անշուշտ, Հայաստանի եւ Վրաստանի հետ երկաթգծի կապը չէր խանգարի Իրանին, սակայն հաշվի առնելով, որ դրան դեմ է Ադրբեջանը եւ խիստ կքննադատի Իրանին, կարելի է ասել, որ այդ հարցին թեեւ դրական է վերաբերվում, բայց իրականում, ինչպեսեւ Հայաստանը, լուրջ շահագրգռություն չի ցուցաբերում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

15.05.2018 

Աղբյուրը՝ «Առավոտ»