Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչպիսի դաշնակիցների հետ գործ ունենք, Հայաստանը չպետք է շարունակի նույն քաղաքականությունը, ինչը վարել է տարիներ շարունակ, այսինքն՝ անարձագանք թողնել գործընթացները, որոնք հակասում են դաշնակցային հարաբերություններին` Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Բելառուս:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Անդրադառնալով Բակո Սահակյանի՝ նախօրեին արված հայտարարությանն այն մասին, որ չի մասնակցելու Արցախի նախագահի 2020թ. ընտրությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Այս հայտարարությունը ճիշտ կլինի դիտարկել ոչ թե վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շրջանակում, այլ այն գաղափարի տեսակետից, որ Արցախը պետք է տարածաշրջանի մյուս երկրներից տարբերվի իր ժողովրդավարական գործընթացներով, և, այո՛, շատ մեծ ռիսկեր կլինեին, եթե սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանը մնար որպես Արցախի ղեկավար: Դա կարևոր մեսիջ է, որը ուղղված է առաջին հերթին Արցախի զարգացմանը հետևող երկրներին, միջազգային կառույցներին և այլն: Հետևելով Ստեփանակերտի զարգացումներին, կարող եմ ասել, որ այնտեղ ոչ թե ճգնաժամ է, այլ նոր քաղաքական մշակույթ: Արցախի հանրությունը տարբեր է Հայաստանի հանրությունից»:

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Արցախում կուտակված մի շարք հարցեր կան, և Բակո Սահակյանի հայտարարությունը նպատակ ուներ կրքերը հանդարտեցնելու. «Քանի որ Արցախի համար շատ կարևոր է կայունությունը: Շատ կարևոր է, որ Հայաստանում տեղի ունեցող տարբեր տրանսֆորմացիաների ֆոնին չստացվի, որ Արցախը ավելի թուլանում է կամ այդ զարգացումները տանում են դեպքի ներքին ապակայունացում, ինչը անթույլատրելի կլինի»:

Մեր զրուցակիցներն անդրադարձան նաև Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածված ապատեղեկատվությանը:

Գ. Մելիքյանը նշեց. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչպիսի դաշնակիցների հետ գործ ունենք, Հայաստանը չպետք է շարունակի նույն քաղաքականությունը, ինչ վարել է տարիներ շարունակ, այսինքն՝ անարձագանք թողնել գործընթացները, որոնք հակասում են դաշնակցային հարաբերություններին` Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Բելառուս: Մենք պետք է ունենանք քաղաքական ինքնասիրություն… Այն, որ Բելառուսը տանկեր, կործանիչներ է տվել Ադրբեջանին, վերապատրաստել է զինվորականների, սա որպես կանոն անտեսված է եղել, և «Պոլոնեզը» դրա վառ ապացույցն է եղել, նաև դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ փաստացի խնդիր ունենք կանխարգելելու նման գործարքները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

12.06.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»