Բարդ խնդրի առջև են հայտնվել նաեւ ՄԽ համանախագահները, որոնք գիտեն ճշմարտությունը, որոնք հասականում են եւ ցավով նշում, որ Ադրբեջանի իշխանությունների դիմադրությունն է պատճառը, որ ձեւաչափը չի վերականգնվում:

Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր

Վարչապետ Փաշինյանը երեկ առաջին հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հնարավոր է Մոսկվայում Փաշինյանը հանդիպի նաեւ Ալիեւի, ինչ-որ ձեւաչափով նաեւ՝ Պուտինի հետ: Ըստ այդմ՝ արդյոք արտաքին քաղաքականության մեջ տեսանելի՞ են նոր քայլեր, նոր շեշտադրումներ:

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս հարցադրմանն ի պատասխան նախ նկատում է՝ Փաշինյանը, կոպիտ ասած, արցախյան հիմնախնդրի հարցով պահանջում է խառնել խաղաքարտերը եւ նորից բաժանել: «Խոսքը վերաբերում է Արցախում արած հայտարարություներին, նաեւ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, երբ նշեց՝ քանի որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ ընտրություններին, քանի ՀՀ իշխանությունները լիազորված չեն Արցախի բնակչության կողմից նաեւ արտաքին քաղաքականության ու այդ խնդիրներում տեսակետը ներկայացնելու, եւ քանի որ Մինսկի խմբի շրջանակում ընդունված փաստաթղթերում ԼՂՀ հանդիսանում է հակամարտության լիարժեք կողմ, բնականաբար, պետք է ներկայացված լինի: Սա մի խնդիր է, որին այդքան նյարդային արձագանքեց Բաքուն»,-հիշեցնում է Սաֆարյանը:

Ըստ նրա՝ բարդ խնդրի առջև են հայտնվել նաեւ ՄԽ համանախագահները, որոնք գիտեն ճշմարտությունը, որոնք հասականում են եւ ցավով նշում, որ Ադրբեջանի իշխանությունների դիմադրությունն է պատճառը, որ ձեւաչափը չի վերականգնվում:

Այն հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի վրա ճնշո՞ւմ կա, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ այս պահին խաղը շարունակվում է, ճնշումները շարունակվում են: Միջազգայնագետը նաեւ նկատում է, որ Փաշինյանը, ըստ էության, ժառանգել է այն բանակցային գործընթացը, որը սկսվել էր դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: «Իհարկե, եղել են որոշակի փոփոխություններ, մոտեցումների փոփոխություններ, Մադրիդյան սկզբունքներ, ձեւաչափի փոփոխություն: Այսինքն՝ սա շարունակական գործընթաց է, հիմա եթե Փաշինյանի դիրքորոշումը՝ Արցախը բերել բանակցային սեղան, իհարկե, ողջունելի է եւ տրամաբանական՝ բոլոր տեսանկյուններից, բայց այստեղ տեսնում ենք Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը»,-ասում է Սարգսյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ:

Գևորգ Մելիքյան

14.06.2018

Աղբյուրը՝ «PARA TV»