Ալիևին կարող է սարսափեցնել Հայաստանի նոր ղեկավարության լեգիտիմության սարսափելի մեծ չափը, ինչպես նաև իր համար անսպասելի, բավականին կոշտ դիրքորոշումները, այդ թվում՝ Արցախին բանակցությունների կողմ դարձնելը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես հրաժարվում է բանակցությունների մանդատ տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Panorama.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ հիմնվելով մոսկովյան հանդիպումների վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու հայտարարությունից հետո Սաֆարյանը ռուսական կողմի նման վերաբերմունքին դժվարանում է  գնահատական տալ՝ պատի՞ժ է, թե՞ ադեկվատ վերաբերմունք: Ամեն դեպքում նա հիշեցնում է՝ Հայաստանը չի հայտարարել, որ ԼՂ հարցում անելիք չունի, չի հայտարարել բանակցությունները լքելու մտադրության մասին, ասել է, որ կողմերից մեկն  Արցախն է: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ այդ հարցին չանդրադառնալը խոսոմ է նաև այն մասին, որ Պուտինը չի ցանկանում մանդատ տալ ՀՀ վարչապետին:

«Սա փոխադարձ ճանաչողության երկրորդ հանդիպումն էր, և ակնհայտորեն այդ շրջանակներից դեռևս դուրս չի եկել օրակարգը: Վլադիմիր Պուտինը շարունակում է հասկացնել Հայաստանի նոր ղեկավարությանը, թե ինչ է սպասում ինքը Հայաստանից: Օրինակ,  Հայաստանի առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանը պետք է մնա առաջին դիրքերում, ակնարկելով, որ ցուցանիշները պետք է բարելավվեն»,-ասում է ինստիտուտի հիմնադիրը:

Նա ուշադրություն է դարձրել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տնտեսական թեմաներից բացի,  որևէ խոսք չկա այլ խնդիրների մասին:

«Այնպես չէ, որ ես նախկինում ողջունել կամ ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս սեպարատ բանակցությունները Ռուսաստանի նախագահի հովանու ներքո: Դա մի հարց է, որից փորձել է մեղմորեն շրջանցել նաև Հայաստանի նախկին  ղեկավարությունը: Սակայն եթե այցը տեղի է ունենում այնպիսի շրջանում, երբ կողմերի հռետորաբանությունը մտահոգիչ է, ապա խնդրին չանդրադառնալը բացթողում է»,-նշում է քաղաքագետը:

Նա հիշեցնում է՝ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է խաղաղ կարգավորման, բայց նաև պատաստ է այլ լուծման, եթե Ադրբեջանը փորձի ռազմական եղանակով հարցը լուծել, Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահը խոսում է տարածքային հարցերը  ուժով լուծելու իրավունքի մասին՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրությանը: Բացի այդ, տարածաշրջանում կուտակումներ կան, Նախիջևան-Հայաստան սահմանագծին զարգացումներ եղան, հրադադարի խախտումների ակտիվացում է:

«Այս կոնտեքստում, բավականին մտահոգիչ պետք է լինի, որ Պուտինը Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպումներում չի խոսում դրա մասին: Հատկապես այն պարագայում, երբ երկու երկրները ՀԱՊԿ անդամ են, նաև Հայաստանը, ըստ էության, ՀԱՊԿ-ի կովկասյան ուղղության առանցքն է հակաօդային պաշտպանության ու այլ ուղղություններով: Հետևաբար, մի փոքր տարակուսելի է այդ  բացթողումը և այնքան էլ պատահական չէ»,-կարծում է Panorama.am-ի զրուցակիցը:

Նա նաև դիվանագիտական աննրբանկատություն է նկատել Հայաստանի հանդեպ՝ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսքում:

Քաղաքագետը մտածում է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները ցանկանում են ժամանակ շահել՝ խուսափելով Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպումից, Մոսկվան Բաքվին ժամանակ է տալիս, որպեսզի հանդիպումը չկայանա մինչև Ալիևը չկարողանա ապացուցել, որ ինքը պատրաստ է այդ սեղանի մոտ նստել:

«Ի նկատի ունեմ, որ Ալիևին կարող է սարսափեցնել Հայաստանի նոր ղեկավարության լեգիտիմության սարսափելի մեծ չափը, ինչպես նաև իր համար անսպասելի՝ բավականին կոշտ դիրքորոշումները, այդ թվում Արցախին բանակցությունների կողմ դարձնելու մասին: Վերջին շրջանում նկատվում է, որ Մոսկվան փորձում է իր պաշտպանության տակ առնել Ադրբեջանին, օրինակներից է նաև Լավրովի հայտարարությունը,  որ Ալիևն էլ պետք է որոշի Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, թե ոչ»,-ասում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է նույն օրը Մոսկվայում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը, ապա Սաֆարյանի խոսքով, ակնհայտ էր, որ գնահատական կար բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարծես դեռ ակնկալիքներ են շարադրվում: Բնական է դա: Բայց նաև մի փոքր անբնական էլ է, քանի որ Ռուսաստանն իրեն թուլացած է պահում՝ ցույց տալով, որ իրեն ոչ «Պոլոնեզ»-ներն են հետաքրքրում, որոնք կապված են ռազմական հավասարակշռության հետ, ոչ տարածաշրջանում միջադեպերը, ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, երբ ինքն է ստեղծել ՀԱՊԿ կովկասյան ուղղությունը: Հիմա ո՞նց հասկանանք, ՀԱՊԿ-ին ու դրա կովկասյան ուղղությանը սպառնացող վտանգ չկա՞: Նորից եմ կրկնում, այս կտրվածքով տակավին անբնական ու ուշադրության արժանի եմ համարում այդ բացթողումը»,-նշում է քաղաքագետը:

Հարցին, թե ինչի հետևանք է բացթողումը, Սաֆարյանն արձագանքում է՝ հայկական կողմը պետք է հասկանա Ռուսաստանի քաղաքականությունն ու վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումների համատեքստում:

Քաղաքագետին հիշեցրեցինք, որ մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը Երևանում հանդպես ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրա վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում  էլ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվացման վերաբերյալ որևէ խոսք չկար:

«Ընդհանրապես այդ հաղորդագրությունը շատ ժլատ էր: Դա նույնպես ակնհայտորեն ճանաչողական հանդիպում էր: Վատ է, որ տարածաշրջանում լարվածության աճի նշանների ֆոնին նման անդրադարձներ չկան: Ես չգիտեմ, ի՞նչն է պատճառը, սակայն այս ամենը ինչը լուծում չի կարող լինել, իրավիճակը պետք է բերվի կառավարելի ու վերահսկողության դաշտ: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ բանակցությունները ոչ պակաս կարևոր գործիք են իրավիճակը կառավարելի պահելու, Ալիևին ռազմական արկածախնդրության հիմք չտալու համար»,-ընդգծում է նա:

Նրա համոզմամբ, բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձևաչափի վերականգնումն ու բանակցությունների չտապալումը  պետք է իրականացվեն զուգահեռաբար ու շատ խելամտորեն:

Հ. Գ. ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքի մեջբերումները Կրեմլի պաշտոնական էջից են:

Լալա Տեր-Ղազարյան

14.06.2018

Աղբյուրը՝ «Պանորամա»