Իրենց հիմա ձեռնտու է կայուն սահման, բնականաբար, ձեռնտու չեն պատերազմական գործողություններ։ Բայց նորից նշեմ՝ ուղղակի և շատ մեծ ազդեցություն իրենք չունեն՝ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ադրբեջանը հարձակվեց առանց հաշվի առնելու Իրանի գործոնը, նույնը կարող է անել նաև հիմա:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ։ Նախիջևանի ռազմականացման հեռանկարը հարվածում է ոչ միայն Հայաստանի, այլ Իրանի շահերին` մեր երկրներին դարձնելով դաշնակիցներ նոր պատերազմի կանխման հարցում:

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ թեպետ Իրանը որևէ կերպ չի ներքաշվի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, Իրանին պետք է, որ իր հյուսիսային սահմանները Հայաստանի և Ադրբեջանի հետ հանգիստ լինեն. «Միամտություն կլինի սպասել, որ Իրանը որևէ կերպ կներքաշվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ, պարզապես Իրանին պետք են կայուն գործընկերներ, ժամանակ առ ժամանակ այսպիսի հանդիպումները նորմալ են և ես դրական եմ գնահատում»։

Միևնույն ժամանակ Վարդանյանը նշում է՝ եթե պատերազմ լինի, Իրանը կփորձի զսպող դերակատարություն ունենալ։ «Մենք Ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, որ Ադրբեջանի կողմից մի քանի արկ ընկավ իրանական գյուղերից մեկի վրա։ Ադրբեջանը դիտավորյալ ամեն ինչ արեց, որպեսզի Իրանին ներքաշի հակամարտության մեջ։ Բայց Իրանի դեսպանին կանչեցին պաշտպանության նախարարություն, այնտեղ բացատրեցին, որ հայկական կողմը դա չի արել»։

Վարդանյանը հիշեցնում է՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ Իրանի նախագահն անձամբ զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ «Դրանից բացի՝ արտգործնախարար Զարիֆը հանդես եկավ հայտարարություններով։ Այո՛, կփորձեն հանդարտեցնել, բայց շատ կոշտ մեթոդներով զսպել չեն կարող։ Իրենց ամեն դեպքում պետք է առանց կոնֆլիկտների հարևաններ՝ հատկապես հյուսիսային հատվածում։ Եթե հաշվի առնենք, որ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ բազմաթիվ փախստականներ են անցել Ադրբեջանի տարածքից Իրան, որը, մեծ հաշվով, գլխացավանք է դարձել Իրանի համար։ Իրենց հիմա ձեռնտու է կայուն սահման, բնականաբար ձեռնտու չեն պատերազմական գործողություններ։ Բայց նորից նշեմ՝ ուղղակի և շատ մեծ ազդեցություն իրենք չունեն՝ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ադրբեջանը հարձակվեց առանց հաշվի առնելու Իրանի գործոնը, նույնը կարող է անել նաև հիմա»,- եզրափակեց նա։

Մարիամ Գրիգորյան

08.07.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»