Ես կողմնակից եմ, որ լինի ընդհանուր ցուցակ, որպեսզի անշրջելիորեն արտահայտվի հեղափոխության արդյունքները։ Մենք առաջարկ ենք արել և հուսով ենք, որ թե՛ վարչապետը, թե՛ իր կուսակցությունը և այլ ուժեր, քաղաքացիական շարժումներ, միասին հանդես կգան։ Ես չեմ ուզում գնանք սուպերկուսակցության ճանապարհով:

Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր

«Այստեղ, ճիշտն ասած, ճանապարհների խնդիր է․ ես չեմ ուզում ասել, որ  գլխավոր որոշողը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն է, բայց, բոլոր դեպքերում, որպես հեղափոխության լոկոմոտիվ քաղաքական ուժ շատ բան կախված է լինելու հենց իրենցից։

Դժվար է ասել, թե ամիսներ հետո ինչպիսին կլինի  ժողովրդի աջակցությունը նոր կառավարությանը, այսինքն դա  կախված է նրանից, թե ընտրություններն ինչ ժամկետներում կնշանակվեն, քանի որ դա բավականին փոխում է պատկերը, որովհետև եթե դա տեղի ունենա աշնանը, ապա, բնականաբար, ներկայիս կառավարությունը կարող է իրեն ավելի վստահ զգալ, իսկ դրանից մի փոքր ուշ՝ կարող է հասարակության էյֆորիան անցած լինի և այս կտրվածքով՝ ապագա կառավարությանը պետք է լինելու ունենալ  մեծամասնություն խորհրդարանում, մանավանդ այն դեպքում, երբ Սահմանադրությունը  փոփոխված չէ և այն պահանջում է ունենալ այդ կայուն մեծամասնությունը։

Հիմա այդ կայուն մեծամասնությունն ունենալու համար առաջարկվող տարբերակներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկն է, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա, օրինակ, եթե դա ժամանակավոր կառավարություն չէ, ապա այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր աջերի, ձախերի, կենտրոնամետների և մնացյալ բոլորի մեկտեղումը միասնական  մեկ ցուցակի մեջ, որովհետև ժամանակի ընթացքում արտաքին և ներքին քաղաքականության տարբեր խնդիրներն ու դրանց նկատմամբ այդ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները բերելու են տարբեր մոտեցումների և տարբեր քվեարկությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե համաժողովրդական շարժումն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին պետք է մասնակցի միասնական ցուցակով։

«Ես կողմնակից եմ, որ լինի ընդհանուր ցուցակ, որպեսզի անշրջելիորեն արտահայտվի հեղափոխության արդյունքները։ Մենք առաջարկ ենք արել և հուսով ենք, որ թե վարչապետը, թե իր կուսակցությունը և այլ ուժեր, քաղաքացիական շարժումներ, միասին հանդես կգան։ Ես չեմ ուզում գնանք սուպերկուսակցության ճանապարհով»,-մասնավորապես ասել  է Րաֆֆի Հովհաննիսյանը՝  միևնույն ժամանակ նշելով նաև, որ չի ցանկանում, որ ժողովրդի ծոցից դուրս եկած մի ուժը մրցակցի մեկ այլ ուժի հետ։

Այս համատեքստում Ստյոպա Սաֆարյանը հավելեց․ «Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած լուծումը կայունության տեսանկյունից լավագույնը չէ, բայց այն կարող է լուծում լինել, եթե ներկայիս կառավարությունը զգա իշխանությունը կորցնելու կամ հեղափոխությունը հետ շրջելու վտանգ։ Այս դեպքում, իհարկե, դա նույնպես կարող է դառնալ լուծում, բայց կրկնում եմ, որ այդպիսի մեծամասնության վրա տևական կայուն իշխանություն ձևավորելը մի փոքր դժվար է պատկերացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիանա Դավթյան

08.07.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»