Նման գագաթաժողովներին Հայաստանի մասնակցությունը շատ կարևոր հարթակ է, որպեսզի Հայաստանը կարողանա ճիշտ և հավասարակշիռ ձևով օգտվել այդ բոլոր հնարավորություններից և լինի նաև ոչ միայն այդ առաջարկությունների սպառող, այլ նաև առաջարկող։

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովներն ավարտվում են կոմունիկեներով (ուղերձներով-խմբագրական), որտեղ կետ առ կետ նշվում են այն բոլոր առաջնահերթությունները և այդ առաջնահերթություններին իրենց վերաբերմունքը․ նախորդ կոմունիկեներին՝ այո, անդրադարձ եղել է Հայաստանին և չի  նշվել Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ նշվել  են հակամարտությունները Հարավային Կովկասում և նաև Մոլդովայում և  միգուցե  կան ազդակներ, որ  թերևս այս անգամ  մի փոքր այլ տեքստ լինի և հնարավոր է, որ Փաշինյանը դա նկատի ուներ, որ կարող է լինել այլ բովանդակություն, բայց կարծում եմ, որ այս առումով մեր դիվանագետները ճիշտ աշխատում են և չեմ կարծում, թե  մենք կանգնած կլինենք  խնդրի առջև, որ  ներկայացվի խնդրահարույց տեքստ, որը կարող է չբխել ՀՀ և Արցախի Հանրապետության շահերից, այսինքն եթե դա է Հայաստանի մասնակցության կամ չմասնակցության նախապայմանը, ապա կարծում եմ, որ այդպիսի հարց չի առաջանա և վերջին պահին անակնկալներ չեն լինի և Հայաստանի մասնակցությունն կլինի այնպես, ինչպես որ նախատեսված է, առավել ևս, երբ Ադրբեջանը ևս ներկայանալու է այնտեղ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին՝  շեշտեց, որ ինքը կմասնակցի այդ գագաթնաժողովին, եթե մինչ այդ  որևէ արտառոց բան տեղի չունենա։  Փաշինյանի խոսքերով, դա պայմանավորված է նաև գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթով և եթե դրանում տեղ չգտնեն  Հայաստանի շահերին հակասող դրույթներ, ապա ինքը կմասնակցի այդ գագաթնաժողովին։

Այս համատեքստում Գևորգ Մելիքյանը նկատեց նաև, որ նման գագաթնաժողովներին Հայաստանի մասնակցությունը շատ կարևոր հարթակ է, որպեսզի  Հայաստանը կարողանա ճիշտ և հավասարակշիռ ձևով օգտվել այդ բոլոր հնարավորություններից և  լինի նաև ոչ միայն այդ առաջարկությունների սպառող, այլ նաև առաջարկող։

«Այս պարագայում Հայաստանը, որպես գործընկեր պետք է նաև անվտանգության արտադրող լինի, այլ ոչ թե միայն սպառող և շատ լավ է, որ մեր մասնակցությունն այդ գագաթնաժողովին կլինի և հուսով եմ, որ   այդ տեքստը ոչ հայանպաստ ձևակերպումներ չի ունենա»,-մեկնաբանեց քաղաքագետը։

Նկատենք  նաև, որ նախորդ տարի բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ  նախկին  նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս  Ստոլտենբերգին  հրավիրել էր  Հայաստան։ Այս համատեքստում  Գևորգ Մելիքյանը շեշտեց․

«Այստեղ շատ հետաքրքիր է, թե մեր նոր կառավարությունը կվերահաստատի՞ այդ հրավերը, թե՞ ոչ․ միգուցե  Սերժ Սարգսյանի այդ հրավերը տեխնիկապես ուժի մեջ է դեռևս, թեև տեղի է ունեցել իշխանափոխություն, բայց մենք պետք է հասկանանք, արդյոք  շարունակում է մեխանիկորեն ուժի մեջ մնալ այդ հրավերը , թե պետք է արդեն նոր իշխանության մակարդակով  վերահաստատվի։ Միգուցե  առաջիկայում   բրյուսելյան այցի ժամանակ վարչապետ Փաշինյանն այս հարցը քննարկի  Ստոլտենբերգի հետ և  պարտադիր չէ, որ  այդ քննարկումը տեղի ունենա հանրության առջև, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում դա կարևոր հարց է, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին առաջին անգամ հրավիրել էր գալ Երևան և հիմա պետք է հասկանանք՝ այդ հրավերը մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիանա Դավթյան

08.07.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»