Եթե մարդիկ  փոխել են իրրենց քաղաքացիությունը, պետք է սկզբից Ընտրական օրենսգրքին զուգահեռ մաքրենք այդ ցուցակները, բերենք իրական վիճակին։ Եվ այդ պարագայում մենք կունենանք ավելի քիչ ընտրողներ։ Թող լինի այդ հավելյալ ցուցակը, որ մարդիկ այստեղ չեն, բայց այդ ցուցակը պետք է տարանջատել։ Մենք ընտրություններում ավելի ճշգրիտ տվյալներ կունենանք։  

Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Scannews-ի զրուցակիցը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանն է։ 

Դուք բազմիցս նշել եք, որ այսօր ՀՀ-ում կա ժողովրդագրական լուրջ ճգնաժամ, և օր առաջ պետք է այդ խնդրին անդրադառնալ։ ՀՀ նոր կառավարության գործողություններում արդյոք նկատո՞ւմ եք անդրադարձ այդ հրատապ թեմային, կամ նախանշված քայլեր, որոնք ուղղված են ժողովրդագրական ճգնաժամի կանխմանը։ 

Դեռևս այդպիսի քայլեր չեն նկատվում, բնականաբար, կարելի է բացատրել այն կուտակված խնդիրներով, որ այսօր կառավարությունը ծավալում է՝ կոռուպցիոն սխեմաների քանդում, օլիգոպոլ համակարգի կազմաքանդում, իրական շուկայական հարաբերությունների ստեղծում։ Բայց մոռանալ մի շատ կարևոր խնդրի մասին, ինչպիսին ժողովրդագրական խնդիրն է, պետք չէ։ Նախորդ կառավարությունը  ամենաբարձր մակարդակով խոսեց, ծրագիր մշակվեց, սակայն այդ ծրագիրը չներկայացվեց․հնարավոր է, որ այդ ծրագիրը պետք է ներկայացվեր Ս․Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, սակայն Ս․Սարգսյանի հրաժարականից հետո այդ ծրագիրը մնաց։

Սակայն այսօր չխոսել ժողովրդագրական իրավիճակի մասին այնքան էլ ճիշտ չէ, և պետք է նոր մոտեցում որդեգրել և նոր քաղաքականություն իրականացնել, որովհետև մենք մոտակա ժամանակահատվածում զգալու ենք ժողովրդագրական այն կուտակված խնդիրների ազդեցությունը, որը տեղի է ունեցել վերջին 20 տարում։ Այսինքն՝ մենք ունեցել ենք բավական մեծ արտագաղթ, տեղի է ունեցել նաև բնակչության սեռատարիքային ձևափոխում (մանավանդ վերջին 7 տարում ենք բավական մեծ արտագաղթ ունեցել)։ Այսօր ունենք ծնունդների անկում, որը 2011-ից զգացվում է։

Եվ 2021թ․այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք բնական բացասական աճ, որը նշանակում է, որ եթե մեր բնակչությունը նվազում էր միայն արտագաղթի հաշվին, մենք կունենանք ևս մի գործոն, դա բացասական աճն է։ Վերջին 27 տարում մենք այդ դրական գործոնը դեռևս պահպանել ենք, մեզ մոտ խնդիրն այն է, որ կարողանանք ծնունդների թիվը պահպանել ինչ-որ մակարդակի, որ այդ բացասական  բնական աճի ցուցանիշին մենք չհասնենք։

Իսկ օրինակ ինչ-որ ծրագիր կամ գաղափարներ կառավարությանը ներկայացնել պատրաստվո՞ւմ եք։ Անձամբ փորձելո՞ւ եք միջնորդել՝ որպես ոլորտի ներկայացուցիչ։ 

Ցանկալի  կլիներ, որ կառավարությունը նախաձեռնողականություն ցուցաբերի, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ժողովրդագրական խնդիրների մասին է, այլ սա առնչվելու է սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտների, օրինակ՝ կենսաթոշակային համակարգին։ Քանի որ մոտակա տարիներին մեզ մոտ սպասվում է 50-60-ականների սերնդի մուտքը կենսաթոշակային տարիք։

Ես նաև առաջարկություն եմ անում կառավարությանը՝ մարդահամարն ավելի շուտ անցկացնել, քան նախատեսված է։ 10 տարին մեկ անցկացնելու պարագայում գալիս է 2021 թվականը, բայց տվյալ պարագայում մի քիչ ավելի ուշ կլինի, որովհետև պետք է հասկանալ, թե ժողովրդագրական առումով ինչպիսի իրավիճակ մենք ունենք, թե ինչ է մնացել ի վերջո։ Բնակչության իրական թիվն է մեզ հարկավոր իմանալ, հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սեռատարիքային կազմում, բնակչության կառուցվածքն ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել, այսինքն՝ ինչ ունենք, մի հատ վերջնակն, ճշգրիտ պատկեր ունենանք ու դրանից ելնելով կազմենք մեր հետագա ծրագրերը։ 

Բոլոր պետություններում մարդահամարը հենց այս նպատակն է  հետապնդում։ Եթե կան միջոցներ, ցանկալի կլինի հենց  հաջորդ տարի անցկացնել այդ մարդահամարը, որովհետև առանց մարդահամարի հետազոտությունները չեն տալիս այն արդյունքները, որոնք պետք են։ Դա նաև կօգնի կառավարությանը՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ կան ու համապատասխանաբար լուծումներն էլ հեշտ կլինի գտնել։

Իսկ չե՞ք գտնում արդյոք, որ մարդահամարի անցկացումը ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ինչ-որ առումով կկանխորոշի  ընտրությունների ելքը։  

Այսօր խոսում են Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին, սակայն կա այնտեղ մի կարևոր գործոն։ Վերջին ընտրություններում մենք ունեինք 2 մլն 52 000 ընտրող, թեև վերջին տվյալներով՝ մեր մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 969 000 մարդ է 2018թ․ապրիլի մեկի դրությամբ։ Այսինքն՝ մենք նաև պետք է մաքրենք այդ ընտրական ցուցակները։ Մենք առաջնորդվում ենք պետռեգիստրի տվյալներով, որտեղ 2017թ վերջին տվյալներով ունեինք 3 մլն 340 000 բնակիչ, որով մարդիկ մնում են գրանցված, թեկուզ և չեն ապրում երկրում 10 տարի, բայց մնում են գրանցված։  

Այսինքն՝ պետք է աշխատանք տանել, եթե մարդիկ  փոխել են իրրենց քաղաքացիությունը, պետք է մենք սկզբից Ընտրական օրենսգրքին զուգահեռ մաքրենք այդ ցուցակները, բերենք իրական վիճակին։ Եվ այդ պարագայում մենք կունենանք ավելի քիչ ընտրողներ։ Թող լինի այդ հավելյալ ցուցակը, որ մարդիկ այստեղ չեն, բայց այդ ցուցակը պետք է տարանջատել։ Մենք ընտրություններում ավելի ճշգրիտ տվյալներ կունենանք։  

Այսինքն՝ այս Ընտրական օրենսգրքին զուգահեռ մաքրենք այդ ցուցակները, որովհետև դրա մասին մինչ թավշյա հեղափոխությունը խոսում էր նաև ներկայիս իշխանությունը․Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում, որ պետք է մաքրել ընտրական ցուցակները, և իշխանությունն այսօր ունի ռեալ հնարավորթյուն՝ մաքրել այդ ցուցակները և բերել այն տեսքին, ինչպիսին որ պետք է լինի։  

Անի Եղիազարյան

09.07.2018

Աղբյուրը՝ «Սքան Նյուզ»