Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ հնարավոր հետևանքներին, ուղղակի հետևանքներ չի ունենա, որովհետև նախ հայաստանյան կապիտալով որևէ ընկերություն Իրանում գործունեություն չի ծավալում, երկրորդ՝ Հայաստանն իրանական նավթամթերք չի գնում։ Ազդեցությունը կլինի այն, որ եթե ամեն տարի Իրանից զբոսաշրջիկների մեծ հոսք էր գալիս Հայաստան, և եթե պատժամիջոցները հարվածում են իրանցիների գրպանին, դա կազդի Հայաստան եկող իրանցի զբոսաշրջիկների ներհոսքի վրա։

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, Իրանի դեմ պատժամիջոցները խորանում են և նույնիսկ սպառնալիքներով լի հայտարարություն է անում Թրամփը՝ նշելով, որ ով գործ կունենա Իրանի հետ, գործ չի ունենա ԱՄՆ-ի հետ։ Իր հերթին, ԵՄ-ն հայտարարել է, որ կսատարի Իրանի հետ համագործակցող եվրոպական ընկերություններին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ի՞նչ ազդեցություն կունենան Իրանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։

Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը մայիսի 7-ին է ընդունվել, որը պետք է ուժի մեջ մտներ 3 ամիս հետո, այսինքն՝ օգոստոսի 7-ից և մինչև 6 ամսում պետք է ավելի խորանային։ Սա շատ խիստ օրենք է, և ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ սա երբևէ Իրանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ սահմանված ամենախիստ օրենքն է։ Նրանք հույս են հայտնում, որ դրա արդյունքում Իրանի տնտեսությունը կփլուզվի։ Բացի դրանից, ամերիկացիները գործնական քայլեր են անում Իրանի տնտեսությունը փլուզելու ուղղությամբ։ Իրանի արտահանման 77-78 տոկոսը կազմում է նավթի և գազի վաճառքը։ Հիմա բացի այս օրենքից, պատժամիջոցների տակ են մտցնում նաև այն ընկերություններին, որոնք Իրանի տարածքում գործունեություն են ծավալում։ ԱՄՆ-ն նաև գործնական քայլեր է կատարում, ճնշումներ է բանեցնում իր դաշնակից որոշ երկրների նկատմամբ, որոնք Իրանից նավթ են գնում։ Խոսքը, մասնավորապես, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների մասին է։ ԱՄՆ-ն փորձում է այնպես անել, որ այդ երկրները հրաժարվեն իրանական նավթից։

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ հնարավոր հետևանքներին, ուղղակի հետևանքներ չի ունենա, որովհետև նախ հայաստանյան կապիտալով որևէ ընկերություն Իրանում գործունեություն չի ծավալում, երկրորդ՝ Հայաստանը իրանական  նավթամթերք չի գնում։ Ազդեցությունը կլինի այն, որ եթե ամեն տարի Իրանից զբոսաշրջիկների մեծ հոսք էր գալիս Հայաստան, և եթե պատժամիջոցները հարվածում են իրանցիների գրպանին, դա կազդի Հայաստան եկող իրանցի զբոսաշրջիկների ներհոսքի վրա։

Այս օրենքի ընդունումից հետո 20-ից ավելի խոշոր համաշխարհային ընկերություններ հայտարարել են Իրանից դուրս գալու մասին։ Խոսքն այնպիսի գիգանտների մասին է, ինչպիսին է «Սիմենս»-ը, «Դայմլեր»-ը, «Տոտալ»-ը և նույնիսկ ռուսական «Լուկօյլ»-ը։

Նշում եք, որ Իրանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա ազդեցություն չեն ունենա, սակայն արդյոք վերջին 2-3 տարիներին որոշակի աշխուժություն չէր նկատվում հայ-իրանական հարաբերություններում՝ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո։

Չէի ասի, ընդհակառակը, հայ-իրանական ապրանքաշրջանառությունն ավելի էր պակասել, քան պատժամիջոցներից առաջ էր։ Եթե մինչև պատժամիջոցները երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել էր շուրջ 290 մլն դոլար, ապա 2017-ի տվյալներով՝ շուրջ 260 մլն դոլար։ Իհարկե, կար որոշակի աշխուժություն, բայց ապրանքաշրջանառության լուրջ փոփոխություն չի եղել։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը դեռ կզղջա այսպիսի որոշում կայացնելու համար, նաև կոչով դիմեց ժողովրդին՝ համախմբվել ամերիկյան նոր պատժամիջոցների դեմ։

Սա նաև հոգեբանական նշանակություն ունեցող հայտարարություն է, որպեսզի խուճապային տրամադրությունները երկրի ներսում փոքր ինչ թեթևացնի, բայց իրականում իրավիճակը շատ բարդ է։ Արդեն մի քանի ամիս է Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը, բողոքում են հասարակության տարբեր շերտեր՝ վարորդներ, ուսուցիչներ և այլն։ Իրանը երկար տարիներ, երբ գտնվել է միջազգային պատժամիջոցների ներքո, ձևավորել է այսպես կոչված դիմադրության տնտեսություն, որով փորձել են դիմակայել պատժամիջոցներին, որոշ դեպքերում՝ հաջողվել է։ Խոսքն ինքնաբավ տնտեսություն ստեղծելու մասին է, բայց չի կարելի ասել, որ դա 100 տոկոսով կարողանում է օգնել Իրանի տնտեսությանը։ Նույնիսկ վերջերս եկավ մի պահ, որ իրանական արժույթը 100 տոկոսով արժեզրկվեց, դոլարը բավական թանկացավ, իրանական շուկաներում դոլարի գինն ահռելի չափերի էր հասել։ Պետության վճռական միջամտությունից հետո հաջողվել է դոլարի գինը որոշ չափով իջեցնել։ Իրանն ամեն կերպ փորձում է ավելացնել նավթի և գազի արտահանումը, որ կարողանա փոխհատուցել ամերիկյան պատժամիջոցները։ ԱՄՆ-ն էլ իր հերթին փորձում է ճնշումներ բանեցնել այն երկրների նկատմամբ, որոնց հետ դաշնակցային հարաբերություններ ունի, որպեսզի նրանք սահմանափակեն իրանական նավթի գնումը։

Նախորդ կառավարության ժամանակ Թուրքմենստանից էժան գազի հնարավոր գնման մասին էր խոսվում։ Այս գործընթացը հիմա ո՞ր փուլում է, որքանո՞վ է դա այս պահին ռեալ։

Որոշակի բանակցություններ եղել են, բայց վերջին ժամանակներս դրա մասին չեն խոսում։ Ըստ այդմ, Հայաստանը պետք է Թուրքմենստանից գազ գներ, Իրանը պետք է Հայաստանին գազ մատակարարեր, դրա փոխարեն Հայաստանը ապրանքով կամ փողով պետք է վճարեր Թուրքմենստանին։ Եռակողմ սխեմա էին մշակել, բայց վերջերս դրա մասին այլևս խոսակցություն չկա։

Թեև ՀՀ բոլոր վարչապետները մի քանի անգամ այցելեցին Իրան, բայց լուրջ փոփոխություն երկկողմ հարաբերություններում չարձանագրվեց։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է մեկնում։ Ո՞րն է պատճառը, որ լուրջ փոփոխություններ չեն արձանագրվում։

Դա կախված է մեր երկու երկրների տնտեսությունների կառուցվածքից։ Եթե Իրանի տնտեսության հիմքը կազմում է նավթի ու գազի վաճառքը, ապա Հայաստանը բացի գազ-էլեկտրաէներգիա ծրագրով գազի փոքր ծավալներով ներկրումից, ըստ էության, իրանական նավթամթերք չի գնում, գազ էլ գնում է քիչ ծավալով։ Նույն վիճակն է այլ ոլորտներում։ Այն, ինչ Հայաստանն արտահանում է, Իրանում դրա կարիքը չունեն։ Մենք արտահանում ենք ալկոհոլային խմիչքներ, գյուղատնտեսական մթերքներ, իսկ Իրանին դա պետք չի։ Այն ապրանքները, որ Իրանն է արտահանում, մենք էլ դրա կարիքը չունենք։ Դրա համար էլ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները նույնն են մնացել և փոփոխության գրեթե չեն ենթարկվում։ Այստեղ որոշակի հույսեր առաջացնում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Նախօրեին արդեն առաջին ընկերությունը կառավարության կողմից լիցենզիա ստացավ, որ գործունեություն ծավալի այդ գոտում, նաև որոշակի արտոնություններ տվեցին, հույս ունենք, որ Մեղրիի ազատ տնտեսական գտու միջոցով փոքր-ինչ կընդլայնվեն ապրանքաշրջանառության ծավալները։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը Իրանից կարող է օգտվել միայն որպես տարանցիկ երկիր։ Իսկ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները դժվար թե մոտ ապագայում մեծ փոփոխությունների ենթարկվեն։

Սիրանույշ Պապյան

10.08.2018

Աղբյուրը՝ «Լրագիր»