«Հուսադրողն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուներից շատերը եղել են քաղաքացիական ակտիվիստներ, նախկին համակարգի դեմ պայքարող մարդիկ ու կարող են հակակշիռ ու ընդդիմություն դառնալ իշխանության ներսում։ Շատ կարևոր է, որ դաշինքում լինեն տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ՝ հակառակ դեպքում կստացվի այնպես, ինչպես Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունում, որտեղ ավագանու անդամներն ավտոմատ կողմ էին քվեարկում քաղաքապետի բոլոր որոշումներին, նույնիսկ բյուջեի ընդունումը շատ կարճ էր տևում»:

Ավագանու կազմում լինելու է ութ հոգանոց ընդդիմություն, իսկ մնացած տեղերը զբաղեցնելու են «Իմ քայլը» դաշինքի անդամները։ Armdaily.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանն ասաց՝ դա մտահոգիչ է այնքանով, որ ընդդիմությունը թույլ ներկայացվածություն կունենա ավագանիում, այն զսպումներն ու հակակշիռների համակարգը, որը սովորաբար լինում է ընդդիմության կողմից, այս անգամ այդքան էլ շատ չի աշխատի։ 

Նա կարծիքով՝ հուսադրողն այն է, որ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուներից շատերը եղել են քաղաքացիական ակտիվիստներ, նախկին համակարգի դեմ պայքարող մարդիկ ու կարող են հակակշիռ ու ընդդիմություն դառնալ իշխանության ներսում։ «Շատ կարևոր է, որ դաշինքում լինեն տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ՝ հակառակ դեպքում կստացվի այնպես, ինչպես Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունում, որտեղ ավագանու անդամներն ավտոմատ կողմ էին քվեարկում քաղաքապետի բոլոր որոշումներին, նույնիսկ բյուջեի ընդունումը շատ կարճ էր տևում»,-ընդգծեց քաղաքագետը։ 

Վարդանյանի խոսքով՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում դեռևս պարզ չի՝ ով կլինի ավագանու անդամ, իսկ «Լույս» դաշինքի պարագայում կարելի է միանշանակ ասել, որ ընտրված թեկնածուները մարդիկ են, ովքեր եղել են 2017 թվականի Երևանի ավագանու կազմում և այս մեկ տարում մեծ աշխատանք են կատարել։ «Ցավալի է, որ «Լույս» դաշինքը երեք անդամով է ներկայացված, բայց հույս ունենանք, որ նրանք նույն ձևով կշարունակեն իրեն գործունեությունը»,- ընդգծեց նա։ 

Գնահատելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները՝ Վարդանյանն ասաց, որ 1991 թվականից հետո առաջին անգամ ազատ ու ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում ու պատահական չէ, որ բոլոր քաղաքական ուժերն արդեն ընդունել են «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը։ «Կարծում եմ, որ խնդիրների մեծ մասն իրենց լուծումները կստանան, որոշներն էլ երկար ժամանակ ու ներդրումներ կպահանջեն»,- եզրափակեց քաղաքագետը։

Նշենք՝ արդեն հայտնի է, որ «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն ավագանու կազմում չի լինելու՝ կմնա ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։

25.09.2018

Աղբյուրը՝ «Armdaily»