Ընդունված նախագծի նպատակն այն էր, որ վարչապետը բանակցի իրենց հետ. Որ ինչ-որ ժամանակ շահեն, հաջորդ խորհրդարանում տեղ ունենան, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին։ Կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին պատրաստվելու ժամանակ ունենան։

Իրավաբան Արայիկ Պապիկյանը և ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը «Հայացք» մամուլի ակումբում, 8 հոկտեմբերի, 2018թ. Իրավաբան Արայիկ Պապիկյանը և ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը «Հայացք» մամուլի ակումբում, 8 հոկտեմբերի, 2018թ.

Պարտադիր կամավորության սկզբունքով ԱԺ-ն պետք է լուծարվի. «Ա1+»

Իրավաբան Արայիկ Պապիկյանի համոզմամբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքում ընդունված փոփոխությունները ուժի մեջ չեն մտնի. «Ժողովուրդը չի թողնի, այդ նախագծի ընդունումն այս խորհրդարանի վերջին ճիգն էր»։ Ըստ նրա՝ ԱԺ-ն լուծարելու համար քաղաքական լուծում պետք է տրվի. «Դա հեղափոխության տրամաբանության մեջ է»։ Նրա խոսքով ԱԺ-ն պետք է գնա ինքնալուծարման. «Կամավոր պարտադիր պայմանով՝ ժողովրդի պահանջով»։

Որպես օրինակ իրավաբանը բերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Նա էլ չէր ցանկանում կամովին հեռանալ, սակայն ժողովդրի պարտադրանք կար»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով էլ ընդունված նախագծի նպատակն այն էր, որ վարչապետը բանակցի իրենց հետ. «Որ ինչ-որ ժամանակ շահեն, հաջորդ խորհրդարանում տեղ ունենան, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը ձեռնտու է միայն Նիկոլ Փաշինյանին»։ Նրա խոսքով կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին պատրաստվելու ժամանակ ունենան։

Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու կառաջադրեն. «Ճիշտ կլինի ստորագրել հուշագիր, որ ուժերը թեկնածու չեն առաջադրի, եթե մեկը հրաժարվի՝ հասարակությունից հարված կստանա»։

08.10.2018

Աղբյուրը՝ «Ա1+»

 

Պատգամավորների ինքնակամ մանդատը վայր դնելը՝ Ազգային ժողովը լուծարելու ևս մեկ տարբերակ. Արայիկ Պապիկյան. «Ֆակտոր» 

Ժողովուրդը չի թողնի, որ ԱԺ կանոնակարգ օրենքում ընդունված փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ուստի, նման փոփոխության դիմելով, խորհրդարանը պարզապես վերջին ճիգերը գործադրեց։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Արայիկ Պապիկյանը։

«Դա հեղափոխության տրամաբանության մեջ է։ ԱԺ-ն պետք է գնա ինքնալուծարման և կամավոր-պարտադիր պայմանով՝ ժողովրդի պահանջով»,- ասաց իրավաբանը։

Արայիկ Պապիկյանը համեմատության համար հիշեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականի օրինակը․ «Նա էլ չէր ցանկանում կամովին հեռանալ, սակայն ժողովրդի պարտադրանք կար»։

Արայիկ Պապիկյանը ստեղծված իրավիճակում որպես ելք դիտարկեց այն հանգամանքը, որ ԱԺ-ի լուծարման կարելի է հասնել պատգամավորների ինքնակամ հրաժարականներով։ «Նույն ճակատագիրն է սպասվում նաև ընդդիմացող բոլոր պատգամավորներին»,- ասաց նա։

Արայիկ Պապիկյանը նաև նշեց, որ ընդհանուր առմամբ, խորհրդարանի լուծարման սահմանադրական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, սակայն, խնդիրը պետք է ոչ միայն իրավաբանական, այլ նաև՝ իրավաքաղաքական կոնտեքստում դիտարկել։

«Սահմանադրությունն իր ճարտարապետությամբ կոնկրետ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար կազմված համակարգ է, որը չի արտացոլում հայ ժողովրդի ցանկությունը և նպատակները։ ԱԺ-ն ցրելու հարցը պետք է լուծվի իրավաքաղաքական տեսակետից։ Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես իշխանություն կրող սուբյեկտ, պետք է մեր պահանջը շատ հստակ ներկայացնի, և պատգամավորներն ուղղակի հրաժարական պետք է ներկայացնեն։ Հեղափոխության տրամաբանությունը հուշում է, որ պետք է առաջին հերթին քաղաքական լուծում տրվի»,- ասաց իրավաբանը։

Ասուլիսին մասնակից քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ հավելեց, որ Ազգային ժողովում ընդունված վիճահարույց օրենքի ընդունման նպատակն այն էր, որ վարչապետը գնա քաղաքական ուժերի հետ բանակցությունների, այդ ուժերն էլ ինչ-որ ժամանակ շահեն՝ հաջորդ խորհրդարանում տեղ ունենալու համար, ուստի ստեղծվել է մի իրավիճակ, երբ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը ձեռնտու է միայն վարչապետին։ 

08.10.2018

Աղբյուրը՝ «Ֆակտոր»

 

ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կապված վերջին իրադարձություններից հետո, հնարավոր է, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեն ԱԺ-ում. «Թերթ»

Այսօր ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը բացառությամբ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» լուսանցքում հայտնվելու վտանգի առաջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը: 

«Բոլորն էլ չեն ցանկանում հենց հիմա ընտրություններ անցկացնել: Ոմանք ցանկանում են՝ ավելի ուշ անցկացվի, որպեսզի այս էյֆորիան մի քիչ նվազի, իրենք էլ կարողանան անցողիկ ձայներ հավաքել: Կարողանան լավագույն ձևով պատրաստվել այս ընտրություններին»,- նշեց քաղաքագետը: 

Արմեն Վարդանյանը նկատում է, որ միայն Ն. Փաշինյանն էլ ցանկանում է՝ որքան հնարավոր է շուտ անցկացնել ընտրությունները: Նա վստահ է, որ եթե Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը չհավաքեր 80 տոկոսից ավելի ձայն, ապա Ն. Փաշինյանն էլ չէր ցանկանա դեկտեմբերին անցկացնել ընտրությունները:

«Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ միայն իշխող կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու դեկտեմբերին անցկացնել ընտրություններ: Նույնիսկ «Լույս» դաշինքը, որն ասում է՝ պատրաստ ենք խորհրդարանի ցրման և արտահերթ ընտրություններին, վստահ եմ, որ իրենք էլ հոգու խորքում չեն ցանկանում դեկտեմբերին ընտրությունները»,- ասաց նա:

Բացի այս, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել: Ճիշտ է՝ ԸՕ փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է, բայց Արմեն Վարդանյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանին սատարող «Ելք» խմբակցությունն ԱԺ-ում ունի 9 պատգամավոր, իսկ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կապված վերջին իրադարձություններից հետո, հնարավոր է, նաև այդ օրենքը չընդունվի ԱԺ-ում: 

«Եթե չեմ սխալվում, դեկտեմբերին ընտրություններ լինելու դեպքում հին ընտրական համակարգով պետք է անցկացվի՝ ռեյտինգայինով: Սա էլ անընդունելի է, որովհետև բազմիցս նշվել է, որ ռեյտինգային համակարգի միջոցով մարդիկ քվե են տալիս ոչ թե քաղաքական ուժերին և գաղափարախոսություններին, այլ իրենց թաղի տղաներին, օլիգարխներին»,- ընդգծեց քաղաքագետը: 

Ըստ նրա՝ այժմ երկրում քաղաքական ճգնաժամ է, որի լուծման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: 

«Բոլոր քաղաքական ուժերը սա հասկանում են, նույնիսկ «Հանրապետականի» մեջ կան պատգամավորներ, որոնք չեն ժխտում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը, բայց ամեն ինչ պետք է լինի բանակցությունների միջոցով»,- ասաց Ա. Վարդանյանը:

Հակոբ Ասլանյան

08.10.2018

Աղբյուրը՝ «Թերթ»