Սակայն այս պարագայում, երբ մենք ունենք անցման վիճակ, երբ իշխանությունը նախկին վարչակազմից փոխանցված չէ նոր թիմին, խոսել  ամբողջական արտաքին քաղաքական կոնցեպցիայի մասին, ճիշտ չէ։ Մի բան ակնհայտ է, որ ուղղությունները պահպանվել են, որի շրջանակում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է այլ ելակետից հանդես գալ՝ շատ ավելի մեծ հարգանք պահանջելով ՀՀ-ի նկատմամբ։ Ղարաբաղյան հարցում այս իրավիճակում բեկումնային զարգացման հնարավորություն չունենք:

Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր հանդիպել է անկախ փորձագետների հետ, որի շրջանակում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրները «թավշյա հեղափոխությունից» հետո։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, որը նաև հարցի զեկուցողներից էր։

Նա նկատեց, որ քննարկման ձևաչափը խորհրդարանական է, հետևաբար, թեման խորհրդարանական դիվանագիտության սպասարկումն է։

«Իհարկե, խոսքը նոր իշխանությունների վարած արտաքին հարաբերությունների մասին է՝ Ղարաբաղ, ընդհանրապես երկկողմ հարաբերություններ ու միջազգային կառույցներ։ Քանի որ խորհրդարանական ձևաչափ է, ի սկզբանե նպատակը եղել է խորհրդարանական դիվանագիտության սպասարկումը։ Հասկանալի է՝ քննարկման օրակարգի ձևակերպման ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այս օրերին ԱԺ արձակման հարց կքննարկվի։ Եթե ոչ այս ԱԺ-ի, ապա գալիք ԱԺ-ի համար քննարկվում էին խորհրդարանական պրոյեկցիաները»,- տեղեկացրեց նա։

Ըստ Սաֆարյանի՝ բանախոսների մեջ, որոնց թվում է եղել նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, թեժ բանավեճ է եղել՝ կապված այսօրվա իշխանության վարած արտաքին քաղաքականության հետ, նախկինի հետ տարբերության մասով։

«Իրականում խնդիրները, որոնք մենք ունեցել են արտաքին քաղաքականության  մեջ, բացարձակ չեն պակասել, բայց հաստատ այնպես չէ, որ դրանք առաջացել են այս կառավարության օրոք։ Իհարկե, այս կառավարությունը փորձում է ՀՀ ինքնիշխանության խնդիրը դնելով՝ այլ ելակետից լուծումներ տալ խնդիրներին, որոնք նաև նախկինում են ծագել»,- շարունակեց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության ընդհանուր հայեցակարգին, քաղաքական վերլուծաբանը շեշտեց, թե այսօր անիմաստ է դրա մասին խոսել, որովհետև իշխանությունը վերջնականապես չի ձևավորվել, այլ ժամանակավոր կառավարության միջոցով կայունացվել է քաղաքական ճգնաժամը։ Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մասին կարելի է լիարժեք խոսել կամ քննադատել այն ժամանակ, երբ իշխանությունն ավելի հստակ ու լեգիտիմ կլինի։

«Երբ ունենանք իշխանություն, որը ժողովրդի քվեի վրա կլինի, այլ ոչ թե մեկի կամքի, այդ դեպքում իմաստ կունենա խոսել արտաքին քաղաքականության վեկտորների և այլնի մասին։ Սակայն այս պարագայում, երբ մենք ունենք անցման վիճակ, երբ իշխանությունը նախկին վարչակազմից փոխանցված չէ նոր թիմին, խոսել  ամբողջական արտաքին քաղաքական կոնցեպցիայի մասին, ճիշտ չէ։ Մի բան ակնհայտ է, որ ուղղությունները պահպանվել են, որի շրջանակում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է այլ ելակետից հանդես գալ՝ շատ ավելի մեծ հարգանք պահանջելով ՀՀ-ի նկատմամբ։ Ղարաբաղյան հարցում այս իրավիճակում բեկումնային զարգացման հնարավորություն չունենք»,- ընդգծեց վերլուծաբանը։

Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ արտաքին խորհրդարանական ընտրություններից հետո ավելի հստակ կքննարկվեն արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները։

Անի Օհանյան

09.10.2018

Աղբյուրը՝ «Թերթ»