Այս պահին իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պետք է, որ հնարավորինս շատ ՀՀԿ պատգամավոր աջակցություն հայտնի: Դրանով ավելի կմեծանա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Այս դեպքում ավելի հեշտ է ստվարաթիվ ՀՀԿ-ականներին ճնշելը: Իշխանություններն աշխատում են այդ կուսակցության անդամների հետ, միգուցե անձամբ ՀՀԿ ղեկավարի հետ կամ անհատապես պատգամավորների հետ, չգիտեմ, բայց աշխատում են:

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ

-Պարոն Վարդանյան, ՀՀԿ դաշտում կարծես իրավիճակ է փոխվել. հայտարարում են, որ աջակցում են Փաշինյանին կամ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման սցենարին: Ի՞նչ փոխվեց:

-Ակնհայտ է, որ իսկապես ինչ-որ բան փոխվեց, դեռևս հստակ չէ՝ ինչի արդյունքում: Կա մի քանի տարբերակ. կամ Նիկոլ Փաշինյանն ու հանրապետականը փորձել են ինչ-որ ստվերային համաձայնության հասնել, կամ կոմպրոմատներ են դրվել գործի, կամ էլ այլ կերպ ինչ-որ պայմանավորվածության են հասել: Կարծում եմ՝ մոտ ապագայում կավելանա այն ՀՀԿ-ականների թիվը, որոնք կաջակցեն Փաշինյանին կամ նրա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

-Դուք կարծում եք, որ հիշյալ անձանց հայտարարությունները ՀՀԿ վերնախավի հետ համաձայնեցվա՞ծ են , թե՞ անհատական բնույթ չեն կրում:

-Դժվար է հիմա ասել՝ այդ պատգամավորների հետ անհատապե՞ս են աշխատել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կամ Նիկոլ Փաշինյանը, թե՞, այնուամենայնիվ, կուսակցության ղեկավարը՝ Սերժ Սարգսյանն է նրանց այդպես ասել: Երկու տարբերակներն էլ հնարավոր է:

-Այնուամենայնիվ, Փաշինյանի հրաժարականից հետո հնարավո՞ր է նորից սցենարներ փոխվեն, և, ասենք, «կոնտր վարչապետ» առաջարկեն:

-Գործնականում սա քիչ հավանական է, իրենք էլ շատ լավ հասկանում են, որ թեկնածու առաջադրելն ինքնասպանությանը հավասար բան կլինի ՀՀԿ համար և ավելի կխորացնի քաղաքական ճգնաժամը: Իրենք իրենց հերթին կունենան անվտանգության խնդիրներ, չեն կարողանա դուրս գալ փողոց: Ինձ թվում է՝ հիմա կփորձեն անել այնպես, որ էյֆորիան անցնի, և կարողանան գոնե հաղթահարել ԱԺ ընտրությունների համար նախընտրական շեմը: Բայց այն, որ իրենք էլ շատ լավ են հասկանում, որ միակ լուծման ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, դա հաստատ է:

-Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ հնարավոր է «կոմպրոմատներ են առաջ քաշել»: Ավելի պարզ դրա հնարավորությունը ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Տեսականորեն եմ ասում, ինչը գործնականում դժվար է դեռ ապացուցել: Ակնհայտ է, որ Գևորգ Կոստանյանը, լինելով ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազ, շատ խոցելի է, քանի որ շատ աղմկահարույց գործեր իր ձեռքի տակով են անցել: Կարծում եմ՝ տարբեր ձևերով են աշխատում, նախկինում էլ այդ ձևերով աշխատում էր Հանրապետականը: Դա տարբերակներից մեկն է, որը դժվար ապացուցելի է:

Այս պահին իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պետք է, որ հնարավորինս շատ ՀՀԿ պատգամավոր աջակցություն հայտնի: Դրանով ավելի կմեծանա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Այս դեպքում ավելի հեշտ է ստվարաթիվ ՀՀԿ-ականներին ճնշելը: Իշխանություններն աշխատում են այդ կուսակցության անդամների հետ, միգուցե անձամբ ՀՀԿ ղեկավարի հետ կամ անհատապես պատգամավորների հետ, չգիտեմ, բայց աշխատում են:

-ՀՀԿ պառակտում հնարավոր համարո՞ւմ եք: Շարմազանով, Բաղդասարյան, Արփինե Հովհաննիսյան. հնարավո՞ր է նրանք նոր կուսակցություն հիմնադրեն:

-Տեսականորեն լրիվ հնարավոր է, հատկապես որ կարիք ունեն դուրս գալու այդ ՀՀԿ անվան բեռից, ինչպես ժամանակին վարվեց ՀԱԿ-ը: Դա կարող է լինել կամ կուսակցությունը տրանսֆորմացիայի ենթարկելով, կամ նոր կուսակցություն ստեղծելով, կամ էլ օդիոզ դեմքերին, կուսակցություններին հեռացնելով: Նոր իմիջ ձեռք բերելը պետք է:

Քրիստինա Մկրտչյան

08.10.2018

Աղբյուրը՝ «Գալա»