Քննարկված ինստիտուցիոնալ ռիսկերը Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգի հիմնական վտանգներն են, քանզի ուղղակիորեն առնչվում են խորհրդարանի ձևավորմանն ու վերջինիս կողմից վարչապետի ընտրությանը:

Լուսանկար:

Արտաշես Խալաթյան, ԵՊՀ ասպիրանտ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, ՄԱՀՀԻ Առաջնորդության ակադեմիա ծրագրի շրջանավարտ

 

Հայաստանում 2015թ. տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների թերևս առանցքային հիմնահարցը կառավարման համակարգի փոփոխությունն է. Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարել իշխանավարման խորհրդարանական մոդելի:

Հայաստանում պետական իշխանության համակարգի գործառնման սահմանադրական կանոնների արմատական փոփոխությունը, բնականաբար, չի կատարվել a priori. դրա համար կան օբյեկտիվ սոցիալ-քաղաքական և պատմաիրավական որոշակի նախադրյալներ:

Մասնավորապես, հայոց պատմության շարժընթացի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պառլամենտարիզմի որոշակի տարրեր Հայաստանում առկա են եղել դեռևս  4-րդ դարում՝ ի դեմս ազգային-եկեղեցական ժողովների, որոնք հրավիրվում էին եկեղեցու կամ թագավորի կողմից[1]: Ժողովներն ունեցել են համազգային ներկայացուցչականություն. դրանցում ներկայացված են եղել միջնադարյան հայ հասարակության բոլոր հիմնական խավերը, դրանք ունեցել են իրավաստեղծ բնույթ ու համապատասխան լիազորություններ`ընդունելու օրենքի ուժ ունեցող աշխարհիկ և եկեղեցական համապարտադիր կանոններ, ուստի անվանվել են նաև օրենսդիր ժողովներ: Ժողովներում առկա են եղել որոշումների կայացման և դրանց վավերացման միջնադարյան իրականության համեմատությամբ ժողովրդավարական ընթացակարգեր[2]:  

Խորհրդարանական կառավարման համակարգի տեսական հիմնավորումները կազմել են միջնադարյան և նոր շրջանի հայ իրավաքաղաքական մտքի կարևոր դրսևորումներից մեկը:

Ի մասնավորի՝ 18-րդ դարում հնդկահայ անվանի գործիչներ Մովսես Բաղրամյանը և Շահամիր Շահամիրյանը հրապարակել են ապագա անկախ Հայաստանի պետաիշխանական համակարգի տեսլականը, որը զետեղվել է, համապատասխանաբար, Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» և Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատություններում: Հեղինակների պատկերացմամբ՝ անկախ Հայաստանի կառավարման համակարգը պետք է լիներ խորհրդարանական, որն առավել ժողովրդավարական է և զերծ՝ անձնիշխանական կենտրոնացվածությունից[3]:

Պառլամենտարիզմի և խորհրդարանական կառավարման գաղափարն ինստիտուցիոնալ դրսևորում ստացավ արդեն 19-20-րդ դարերում՝ ի դեմս ավանդական հայկական կուսակցությունների քաղաքական-գաղափարախոսական հիմնադրույթների և Հայաստանի առաջին ու երկրորդ Հանրապետությունների խորհրդարանական կառավարման սահմանադրական համակարգերի:

Հատուկ ուշադրության է արժանի 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը, որը, հանդիսանալով սահմանադրական կարևորագույն փաստաթուղթ, միաժամանակ նորագույն պատմաշրջանում հայկական պառլամենտարիզմի և խորհրդարանական կառավարման իրավական և դոկտրինալ ավանդույթների նորմատիվ աղբյուրն է: Հենց Անկախության հռչակագրով են ստեղծվել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորելու սահմանադրաիրավական հիմքերը:

Ի մասնավորի՝ Անկախության հռչակագրի 3-րդ կետից ուղղակիորեն բխում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, հանդես է գալիս որպես ժողովրդի կողմից ընտրված և «ժողովրդի անունից հանդես գալու» բացառիկ իրավունք ունեցող բարձրագույն ներկայացուցչական միակ պետական ինստիտուտը: Հռչակագրի այլ կետերում ամրագրված են խորհրդարանական համակարգին բնորոշ այլ դրույթներ ևս:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ նախագահակենտրոն համակարգը, որը Հայաստանի անկախությունից ի վեր գործում է շուրջ 25 տարի, մեծ հաշվով հայ սահմանադրաիրավական իրականությունում չդրսևորեց իր ժողովրդավարական որակները՝ հանգեցնելով Նախագահի ինստիտուտի փաստացի մենիշխանության և քաղաքական համակարգի անձնավորման, ինչը բացասաբար է անդրադառնում հայաստանյան քաղաքական-իշխանական համակարգի հետագա ժողովրդավարացման, իշխանությունների իրական տարանջատման և որոշակիորեն ապակենտրոնացված կառավարման բնականոն իրականացման վրա: Այս համատեքստում խորհրդարանական կառավարման համակարգն իրապես կարող է համարվել գործող նախագահակենտրոն համակարգի արդյունավետ այլընտրանք:

Թեպետ պատմաիրավական և սահմանադրական առումներով խորհրդարանական կառավարման ձևն առավել արդյունավետ է և ժողովրդավարական (ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ Եվրոպայի պետությունների մեծ մասում գործում է խորհրդարանական կառավարման համակարգ)՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պառլամենտական կառավարման մոդելի բնականոն գործառնումը կախված է նրանից, թե այն ինչպիսի սահմանադրական ամրագրում է ստացել յուրաքանչյուր երկրում, և ինչպիսին է այնտեղի քաղաքական պրակտիկան:

Բնականաբար, տարբեր պետություններում պառլամենտական կառավարումն ունի իր յուրահատկությունները և ինչու ոչ՝ ռիսկագեն կանոնակարգումները: Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանը, որը, չունենալով սահմանադրական պետականության և, առավել ևս, պառլամենտարիզմի բավարար փորձ, կանգնած է արմատական ինստիտուցիոնալ վերափոխման շեմին, որի սահուն ընթացքը պայմանավորված է նրանով, թե կառավարման մոդելի առումով ինչպիսի ռիսկեր կան փոփոխված Սահմանադրությունում: Այդ ռիսկերի բացահայտումը, վերլուծությունն ու լուծման ուղիների առաջադրումն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական նշանակություն և կարող է նպաստել Հայաստանի  նորաստեղծ խորհրդարանական համակարգի կայացմանն ու արդյունավետ գործառնմանը:

Մեր կարծիքով՝ խորհրդարանական կառավարման ձևի բնականոն և արդյունավետ գործառնման համար ամենակարևորն ընտրական համակարգի և խորհրդարանի կողմից գործադիր իշխանության ձևավորման խնդրի այնպիսի սահմանադրաիրավական կանոնակարգումն է, որպեսզի այս ամբողջ գործընթացում ապահովվի ժողովրդի ուղղակի և վճռական մասնակցությունը և բացառվի կուսակցապետության (պարտոկրատիա) ձևավորումը:

Այդ համատեքստում կարելի է առանձնացնել սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամրագրված երկու դրույթ, որոնց ընթացիկ սահմանադրաիրավական կարգավորումը կրում է ռիսկային տարրեր` նոր ձևավորվող խորհրդարանական կառավարման համակարգի ժողովրդավարական բնույթի և կառուցակարգային՝ հավասակշռվածության տեսանկյունից: Այդ դրույթներն են՝  համամասնական ընտրական համակարգի շրջանակներում գործող կայուն խորհրդարանական մեծամասնության ինստիտուտն ու վարչապետի ընտրության կարգը:

 

ԿԱՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Կայուն խորհրդարանական մեծամասնության ինստիտուտի սահմանումը նպատակ ունի՝

1. նպաստել պետական-իշխանական համակարգի կառավարելիության բարձրացմանը, ինչը դասական համամասնական համակարգի պարագայում հաճախ շատ թույլ է լինում խորհրդարանում գործունակ կառավարություն ձևավորելու ունակ մեծամասնության բացակայության պատճառով

2. ձևավորել ժողովրդի ներկայացուցչական մարմին առանց զգալի անհամամասնությունների

3. ապահովել ժողովրդի մասնակցությունը գործադիր իշխանության ձևավորմանը՝ ընտրելով այն քաղաքական ուժին, որը պետք է կազմավորի Կառավարությունը:

Կայուն խորհրդարանական մեծամասնության ինստիտուտն ունակ է հաջողությամբ լուծել խորհրդարանում քաղաքական կայունության և գործունակ կառավարության ձևավորման խնդիրը, երբ կառավարության աշխատանքի և ճակատագրի վրա քաղաքական-կոնյուկտուրային ազդեցություններն էապես թույլ կլինեն:

Սակայն, միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ խորհրդարանը պառլամենտական կառավարման համակարգի պայմաններում առաջնային մանդատ ունեցող միակ մարմինն է, որն ունի բարձրագույն ներկայացուցչականություն, ինչը նշանակում է, որ ցանկացած ընտրական համակարգ պետք է անպայմանորեն հավասարակշռի ժողովրդի իշխանական կամքին համապատասխան՝ քաղաքական ուժերի հարաբերակցության ապահովումն ու կառավարման անհրաժեշտ կայունությունը՝ ճգնաժամային իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար:

Արդյո՞ք Հայաստանի ներկայիս ընտրական համակարգը՝ կայուն խորհրդարանական մեծամասնության ինստիտուտի օրենսդրական կիրառման գործող տարբերակով, ապահովում է վերոնշյալ գործոնների հավասարակշռությունը: Գտնում ենք, որ ոչ:

Այսպես, փոփոխված Սահմանադրության 89-րդ հոդվածը, ամրագրելով կայուն խորհրդարանական մեծամասնության ինստիտուտը, դրա իրացման կարգի սահմանումը վերապահել է սահմանադրական օրենք համարվող Ընտրական օրենսգրքին, որում տեղ գտած լուծումները, կապված կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգի հետ, առաջացնում են որոշակի մտահոգություններ:

Նախ նշենք, որ Ընտրական օրենսգրքով կայուն խորհրդարանական մեծամասնություն է սահմանվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը[4]: Նշված չափով խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, եթե ընտրողների կողմից միանգամից չի կատարվում, կարող է իրականանալ բոնուսային համակարգի միջոցով, որի համաձայն՝ այն քաղաքական ուժը, որն ընտրողների կողմից տրված քվեների արդյունքում ստանում է մանդատների կեսից ավելին, ձեռք է բերում լրացուցիչ այնքան մանդատ, որպեսզի վերջնարդյունքում ունենա մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը[5]:

Այս կարգավորման պարագայում առաջանում է որոշակի անհամապատասխանություն ընտրական կորպուսի կամ ժողովրդի քաղաքական կամահայտնության և խորհրդարանում ձևավորված քաղաքական ուժերի հարաբերակցության միջև: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ քաղաքական ուժը ձեռք է բերում կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ ի հեճուկս ընտրողների կամքի:

Այս իրավակարգավորումն առերևույթ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժողովրդաիշխանության սկզբունքին և 89-րդ հոդվածի  3-րդ մասին, որոնց համադրված վերլուծությունից բխում է, որ կայուն խորհրդարանական մեծամասնությունը պետք է ձևավորվի ընտրությունների արդյունքում՝ ուղղակիորեն կամ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերի կոալիցիայի միջոցով:

Սա նշանակում է, որ պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի ձևավորումը, նրանում քաղաքական ուժերի հարաբերակցության և, մասնավորապես, կայուն խորհրդարանական մեծամասնության տիրապետող քաղաքական ուժի որոշումն այս կամ այն կերպ պետք է տեղի է ունենա ժողովրդի (ընտրական կորպուսի) քվեով՝ կա՛մ մեկ քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին 54 տոկոս և ավելի մանդատ տալով, կա՛մ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերի դաշինքի, կա՛մ կոալիցիայի միջոցով, որը կտիրապետի խորհրդարանի տեղերի առնվազն 54 տոկոսը:

Մինչդեռ, ընդունված իրավակարգավորումը հանգեցնում է ընտրողների ձայների ոչ արդյունավետ բաշխմանը և կայուն մեծամասնություն ստացած քաղաքական ուժի համեմատությամբ մյուս ուժերին տրված ձայների նկատմամբ անհավասար վերաբերմունքի:

Այսպիսով, Ընտրական օրենսգրքով նախատեսված մոտեցումն առաջացնում է քաղաքական ուժերի հարաբերակցության նկատելի արհեստականություն և դրա հետևանքով՝ Ազգային ժողովի ներկայացուցչականության և լեգիտիմության թուլացման վտանգ, քանի որ կայուն խորհրդարանական մեծամասնությունը կտրվի մի կուսակցության կամ դաշինքի, որին ժողովուրդն այդքան թվով մանդատ չի պատվիրակել: Այս հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև խորհրդարանական մեծամասնության կողմից ձևավորված Կառավարության հանրային վարկանիշի և գործունակության վրա:

Առկա իրավակարգավորման ռիսկերի չեզոքացման համար, մեր կարծիքով, առավել նպատակահարմար է վերացնել խորհրդարանական մեծամասնության ձևավորման բոնուսային տարբերակը: Այդ դեպքում կայուն խորհրդարանական մեծամասնությունը կձևավորվի ժողովրդի կամքին համապատասխան. կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար քաղաքական ուժից կպահանջվի մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը բոլոր դեպքերում ստանալ ուղղակիորեն ընտրությունների արդյունքներով:

Հետևաբար, Ընտրական օրենսգրքով նախատեսված կոալիցիոն բանակցություններ կամ երկրորդ փուլ տեղի կունենա, եթե քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել մանդատների առնվազն 54 տոկոսը: Նման մեխանիզմի պարագայում երկրորդ փուլում հաղթանակած կուսակցությունը, ի լրումն ընտրությունների առաջին փուլում իր ստացած մանդատների, կստանա այնքան մանդատ, որքան նրան անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար:

Այդպիսով, կուսակցություններին մանդատներով օժտելու և Կառավարության ձևավորման լիազորման գործընթացը հիմնված կլինի ժողովրդի ուղիղ կամահայտնության վրա, ինչը կապահովի Ազգային ժողովի ձևավորման կարգի և, մասնավորապես, կայուն խորհրդարանական մեծամասնության կազմավորման համապատասխանությունը բարեփոխված Սահմանադրությանը, և, հետևաբար, կնպաստի նաև ընտրական ինստիտուտի ու քաղաքական համակարգի լեգիտիմության բարձրացմանը:

  

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգի կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն Ազգային ժողովի, այլև Կառավարության ձևավորման ժողովրդավարական բնույթով: Այս խնդրի լուծման համար հարկավոր է սահմանել սահմանադրական և օրենսդրական երաշխիքներ, որոնք ապահովում են ժողովրդի մասնակցությունն ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ձևավորմանը:

Ուժեղ վարչապետով խորհրդարանական համակարգում, ինչպիսին նախատեսված է Հայաստանի Սահմանադրությամբ, բնականաբար, առաջնային նշանակություն է ստանում վարչապետի ընտրության և նշանակման կարգը: Հատկապես կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքի ամրագրման պարագայում, երբ ժողովուրդն է ընտրում այն քաղաքական ուժին, որը պետք է ձևավորի Կառավարություն:

Վարչապետի ընտրության և նշանակման գործում խիստ կարևորվում է ժողովրդի դերակատարման հարցը: Այս հարցին անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, որը խորհրդարանական ընտրությունների կարևորագույն նպատակներ է համարում ժողովրդի կողմից իր ներկայացուցիչների հնարավորինս համամասնորեն ընտրությունն ու վարչապետի նշանակումը՝ իր քաղաքական մեծամասնությամբ, ինչին, թեկուզև անուղղակիորեն, պետք է մասնակցի ժողովուրդը[6]:

Ավելին, խորհրդարանական կառավարման ձև ունեցող Իսրայելում 1996-2001թթ. վարչապետն անմիջականորեն ընտրվում էր ժողովրդի կողմից[7]: Այդպես վերջինս ուղղակիորեն մասնակցում էր ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ձևավորմանը:

Երբ այս համապատկերում դիտարկում ենք փոփոխված Սահմանադրությամբ Հայաստանի վարչապետի ընտրության ու նշանակման կարգը, առերեսվում ենք որոշ խնդրականների:

Նախ, Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ Նախագահի կողմից անհապաղ վարչապետ է նշանակվում խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված ցանկացած թեկնածու՝ անկախ նրա՝ մեծամասնության ընտրական ցուցակը գլխավորելու կամ առնվազն դրանում ընդգրկված լինելու հանգամանքից:

Այսինքն, վարչապետ կարող է նշանակվել նաև հանրությանն անհայտ կամ հասարակության վստահությունը չվայելող անձ, եթե նրան առաջադրի խորհրդարանական մեծամասնությունը: Դրանով իսկ ժողովրդի ազդեցությունը գործադիր իշխանության ձևավորման վրա սահմանափակվում է միայն որևէ քաղաքական ուժի՝ Կառավարության ձևավորման մանդատ տալով:

Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգերի զգալի մասում վարչապետ է նշանակվում խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարը, կամ առնվազն պահանջվում է, որ վարչապետի թեկնածուն լինի խորհրդարանի անդամ: Օրինակ, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում պետության գլխի՝ համապատասխանաբար նախագահի կամ միապետի կողմից վարչապետ է նշանակվում խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժի ղեկավարը:

Իտալիայում 2016թ. նախատեսված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որոնցով սպասվում է գործադիր իշխանության ձևավորման հարցում ժողովրդի դերի արմատական վերանայում՝ վարչապետի ուղղակի ընտրություն ժողովրդի կողմից, ինչպես նախկինում Իսրայելում էր[8]: Իսրայելում, Մալթայում, Թուրքիայում և որոշ այլ երկրներում միայն սահմանված է, որ վարչապետ պետք է նշանակվի խորհրդարանի անդամներից մեկը[9]:

Ավելորդ չէ փաստել նաև, որ խորհրդարանական այն համակարգերի մեծամասնությունում, որտեղ ձևական ամրագրման եղանակով բացակայում է պահանջն առ այն, որ վարչապետ պետք է նշանակվի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած կուսակցության ղեկավարը, ապա դա ձևավորված քաղաքական պրակտիկայի ուժով դարձել է սահմանադրական սովորույթ: Խոսքը վերաբերում է այնպիսի երկրների, ինչպիսիք են, օրինակ, Գերմանիան, Իսպանիան, Շվեդիան:

Հայաստանի նման պետություններում, որտեղ սահմանադրական համակարգը դեռևս կայացման փուլում է, հստակեցված չեն քաղաքական պայքարի ժողովրդավարական կանոնները քաղաքական համակարգի սուբյեկտների միջև, սահմանադրական մշակույթը բավարար մակարդակի վրա չէ: Սահմանադրությամբ կամ սահմանադրական օրենքով վարչապետի նշանակման հարցում քաղաքական ուժերին և խորհրդարանին ազատ հայեցողության տրամադրումը կարող է հանգեցնել խորհրդարանի, վարչապետի և ամբողջ Կառավարության հանրային հաշվետվողականության նվազմանը, պետական կառավարման հարցերում սուբյեկտիվիզմի ու ստվերային կառավարման երևույթների առաջացմանը, և արդյունքում պետական քաղաքականության իրականացման հարցում կարող է ստեղծել  հանրային որոշակի անորոշություն, քանզի ժողովուրդը, ընտրական կորպուսը բավարար տեղեկություն և պատկերացում չեն ունենալու՝ ով է գլխավորելու գործադիր իշխանությունը և ինչպիսի քաղաքականություն է վարելու:

Եթե վարչապետը չլինի այն կուսակցության ղեկավարը կամ առնվազն անդամը, ում կողմից ինքն առաջադրվում է վարչապետի պաշտոնին, նա չի կրի քաղաքական պատասխանատվություն այդ կուսակցության նախընտրական ծրագրի կատարման համար, որի օգտին այդ կուսակցությունը ձայն է ստացել ընտրողներից, հետևաբար նա կարող է վարել քաղաքական իմաստով ոչ կանխատեսելի և ամբոխահաճո քաղաքականություն՝ թուլացնելով պետական կառավարման համակարգի հանրային վարկանիշը և ներքին միասնականությունը:

Հատկանշական է, որ նոր Ընտրական օրենսգիրքը հետընտրական (ընտրությունների առաջին փուլից հետո) դաշինքների ձևավորման համար քաղաքական ուժերից պահանջում է համաձայնության գալ (ներկայացնել) վարչապետի թեկնածուի շուրջ, այլապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցի համապատասխան դաշինքը[10]:

Փաստորեն ստացվում է, որ խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլից առաջ ձևավորվող դաշինքի պարագայում օրենսդիրը մեծացրել է ժողովրդի ազդեցությունը գործադիր իշխանության ձևավորման գործընթացում, իսկ նախընտրական դաշինքներից և ընտրություններից առաջ առանձին կուսակցությունների դեպքում վարչապետի թեկնածուի հրապարակման որևէ պահանջ չի ներկայացրել:

Գործող իրավակարգավորման պայմաններում հաշվի առնելով վարչապետի անձի հետ կապված նշյալ ռիսկերը՝ նպատակահարմար կլինի փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և ամրագրել կուսակցությունների ու դաշինքների պարտականությունն Ազգային ժողովի ընտրություններին գրանցման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի շարքում՝ ներկայացնելով նաև հայտարարություն կամ տեղեկանք, նշելով վարչապետի իրենց թեկնածուին կամ Ընտրական օրենսգրքով սահմանել, որ կուսակցության կամ դաշինքի համապետական ցուցակի 1-ին համարով նշված անձը հանդիսանում է այդ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն:

Նման իրավակարգավորման պարագայում ընտրողները հստակ կիմանան, որ քվեարկելով այս կամ այն կուսակցության կամ դաշինքի օգտին՝ վարչապետ են ընտրում համապատասխան անձին: Այդպիսով մեծանում է ինչպես ժողովրդի մասնակցությունը գործադիր իշխանության ձևավորման գործընթացին, այնպես էլ քաղաքական ուժերի և ապագա վարչապետի քաղաքական պատասխանատվությունը: Վերջինս, փաստորեն, խորհրդարանի հետ մեկտեղ ժողովրդից ստանում է ուղղակի լեգիտիմություն:

Բացի այդ նման իրավակարգավորման պարագայում առավել հիմնավոր կլինի փոփոխված Սահմանադրությամբ Նախագահի՝ ամբողջովին խորհրդանշական դերակատարումն Ազգային ժողովի ընտրություններից հետո վարչապետի նշանակման հարցում, քանզի ժողովրդի կողմից հավանության արժանացած վարչապետի թեկնածուի նշանակման դեմ առարկելու իրավունք Նախագահն ունենալ չի կարող:

Այսպիսով, վերը քննարկված ինստիտուցիոնալ ռիսկերը Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգի հիմնական վտանգներն են, քանզի ուղղակիորեն առնչվում են խորհրդարանի ձևավորմանն ու վերջինիս կողմից վարչապետի ընտրությանը:

Այդ երկու գործընթացները կազմում են խորհրդարանական համակարգի գործառնման սահմանադրականությունն ու ժողովրդավարական բովանդակությունը պայմանավորող հիմնական գործոնները, քանի որ դրանց միջոցով է ձևավորվում օրենսդիր իշխանությունը, և սկիզբ է դրվում գործադիր իշխանության կազմավորման գործընթացին: Այս իմաստով հոդվածում քննարկված լուծումներն իրապես կարող են փոխել խորհրդարանի ձևավորման կարգն ու տրամաբանությունը՝ դրանք համապատասխանեցնելով ներկայացուցչական ժողովրդավարության միջազգային լավագույն փորձին:

 

ՀՂՈւՄՆԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ


[1] Օրինակ, 356թ. Աշտիշատի ժողովը, որը հրավիրվել էր եկեղեցու նախաձեռնությամբ, և որտեղ նախագահել էր Ներսես կաթողիկոսը, կամ, օրինակ, Աղվենի ժողովը, որը 5-րդ դարում հրավիրել էր Վաչագան թագավորը:

[2] Հարությունյան Գ.Գ., Սահմանադրական մշակույթ, պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները, Երևան, 2016թ., էջ 74-89

[3] Հայոց պատմություն, խմբ. Սիմոնյան Հ. Ռ., Երևան, 2012թ., էջ 274, Այվազյան Ն. Ա. Այվազյան Ա.Ն., Սահմանադրության էությունը և բովանդակությունը (համեմատական սահմանադրական վերլուծություն), Երևան, 2005թ., էջ 55-57

[4] Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին, հոդված 96, մաս 1

[5] Նույն տեղում:

[6] Report on Thresholds and other features of electoral systems which bar parties from access to Parliament (II) adopted by the Council for Democratic Elections at its 32nd meeting (Venice, 11 March 2010) and by the Venice Commission at its 82nd plenary session (Venice, 12-13 March 2010)

[7] Stoll H., Taking Regime Type Seriously: Theories of Party Systems Revisited, Stanford University, Fall Quarter, 2001-2 Academic Year

[8] Հունաստանի Սահմանադրություն, հոդված 37, մաս 2: Մեծ Բրիտանիայի չգրված Սահմանադրության պայմաններում գործող սահմանադրական սովորույթի համաձայն՝ միապետը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ղեկավարին (Տե՛ս Страшун Б.А, Конституционное право зарубежных стран, Том 3, Особенная часть, Mосква, 2000., էջ 226), Իտալիայի Սահմանադրության փոփոխությունների մասին ավելի մանրամասն՝ Constitutionnet

[9] Իսրայելի «Կառավարության մասին» հիմնական օրենքի 5-րդ հոդված, «ա» կետ, Մալթայի Սահմանադրության 80-րդ հոդված, Թուրքիայի Սահմանադրության 109-րդ հոդված, մաս 2

[10] ՀՀ Ընտրական օրենսգիրք, 98-րդ հոդված, մաս 2

 

Հետազոտությունը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ», «168 ժամ», «Shafaqna.com»

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)