Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության յոթերորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որոնք կազմակերպվում են Ինստիտուտի և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) հետ համատեղ ծրագրի շրջանակներում:

ՄԱՀՀԻ ժողովրդավարության յոթերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար Լուսանկար: ՄԱՀՀԻ ժողովրդավարության յոթերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

2016թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության յոթերորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որոնք կազմակերպվում են Ինստիտուտի և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) հետ համատեղ ծրագրի շրջանակներում:

10-օրյա դպրոցին մասնակցեցին Հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և շրջանավարտներ, երիտասարդ գիտնականներ ու հետազոտողներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ:

Օր 1. Սեպտեմբերի 19

Յոթերորդ դպրոցը մեկնարկի օրը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ունկնդիրներին ներկայացրեց դասընթացի ծրագիրը, որը պատրաստվել էր նրանց հայտադիմումներում նշված ակնկալիքների ու կարիքներին համապատասխան:

Այնուհետև ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանն առաջին օրն սկսեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» թեմայով դասախոսությամբ: Նա ունկնդիրների հետ հանգամանորեն քննարկեց ժողովրդավարության հայեցակարգի էվոլյուցիան, ժողովրդավարության և անվտանգության միջև կապին վերաբերող հարցեր:

Քննարկման ժամանակ ժողովրդավարական, ավտորիտար ու տոտալիտար քաղաքական համակարգերի համեմատական վերլուծություն կատարվեց:

Օր 2. Սեպտեմբերի 20

Երկրորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն էր: Նա հանդես եկավ «Ժողովրդա­վարության, ժողովրդավարաց­ման և անվտանգության կապը ներքին ու արտաքին քաղաքականությունների հետ» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով ներքին ու արտաքին քաղաքականությունների անվտանգության ասպեկտը, դրանց կապը մարդու իրավունքների և ազատությունների, երկրի ինքնիշխանության հետ:

Դասախոսության վերջում դպրոցի մասնակիցները ներկայացրեցին ժողովրդա­վարության և անվտանգության կապի մասին սեփական դիտարկումները:

Օր 3. Սեպտեմբերի 22

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էր, ով ունկնդիրներին ներկայացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքական հետևանքները, ինչպես նաև բուռն քննարկում վարեց ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի վարած քաղաքականությունների վերաբերյալ:

Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց ԵՏՄ ստեղծման քաղաքական նպատակները, Հայաստանի անդամակցությանը նախորդած, ուղեկցած ու հաջորդած զարգացումները, անդրադարձավ ներկայումս Հայաստանի ինքնիշխանության համար ի հայտ եկած գլխավոր մարտահրավերներին:

Օր 4. Սեպտեմբերի 23

Չորրորդ օրվա հանդիպումը վարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը` «Արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրներով հանրության իրազեկումը» թեմայով՝ ունկնդիրներին ներկայացնելով հանրության իրազեկման ձևերը և սեփական փորձը:

Ունկնդիրները լսեցին ներքին կամ արտաքին խնդիրներով կազմակերպության կատարած վերլուծությունների մասին, ինչպես նաև՝ դիտեցին դրանց հիման վրա պատրաստված բազմաթիվ անիմացիոն տեսանյութեր:

Օր 5. Սեպտեմբերի 26

Օրվա բանախոսը «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանն էր, ով անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին, Ղարաբաղյան հակամարտությանն ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին:

Ունկնդիրների խնդրանքով բանախոսը նաև քննարկեց ամռանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, դրանց ազդեցությունը արտաքին քաղաքականության ու անվտանգության խնդիրների վրա:

Օր 6. Սեպտեմբերի 27

Հերթական բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանն էր, իսկ թեման` կիրառական հետազոտական մեթոդները հասարակական գիտություններում, որի շրջանակներում ունկնդիրներին ներկայացվեցին մի շարք մեթոդներ` հարցումներից մինչև բովանդակային վերլուծություն, հետազոտության իրականացման ընթացակարգային փուլերը:

Գործնական պարապմունքի շրջանակներում ունկնդիրները երկու խմբով ու իրենց ընտրած խնդրով կազմեցին հետազոտական ծրագրեր ու դրանք դրեցին համընդհանուր քննարկման:  Դասընթացն ավարտվեց բանախոսի կողմից կատարված տարբեր կիրառական հետազոտությունների ուշագրավ արդյունքների քննարկմամբ:

Օր 7. Սեպտեմբերի 28

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը խոսեց ԵՏՄ-ի և ԵՄ-ի դիմակայության, մրցակցության, Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականության ու դրա քաղաքական թիրախների, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հետևանքների, Հայաստան-ԵՄ ընթացող բանակցությունների մասին:

Տնտեսագետը ներկայացրեց նաև համալիր տնտեսական ցուցանիշներ, մասնավորապես՝ ԵՏՄ երկրների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները, արտաքին առևտրի ծավալները և փոխադարձ առևտրի ծավալները 2015 և 2016թթ. համար:

Օր 8. Սեպտեմբերի  29

Ութերորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանն էր, ով նախ ունկնդիրներին ներկայացրեց միջազգային հարաբերությունների հիմնական դպրոցները, այնուհետը խոսեց եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու այլ տարածաշրջանային դերակատարների վարած քաղաքականությունների մասին: Այնուհետև Մելիքյանը հանգամանորեն վերլուծեց Արևմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան դիմակայությունը, մարտահրավերներն ու դիպաշարերը:

Գործնական պարապմունքը նվիրված էր բոլոր դերակատարների շահերի վերլուծությանն ու ընթացող գործնթացների հետ կապված ռիսկերի գնահատմանը, մասնավորապես՝ Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության տեսանյունից:

Օր 9. Սեպտեմբերի 30

Նախավերջին դասախոսության հյուրը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանն էր: Ունկնդիրների հետ նա քննարկեց Իրանի միջուկային համաձայնությունը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ թշնամանքից մինչև գործընկերություն, Իրան-Հայաստան շահային ընդհանրություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:

Բեգիջանյանը անդրադարձավ նաև Իրանի ներքին զարգացումներին՝ մինչև իսլամական հեղափոխությունն ու դրանից հետո, ինչպես նաև այժմ ծավալվող զարգացումները, որոնց ըմբռնումը կարևոր է Հայաստան-Իրան հարաբերությունները կառուցելու տեսանկյունից:

Օր 10. Հոկտեմբերի 4

ՄԱՀՀԻ ժողովրդավարության դպրոցի վերջին՝ տասներորդ օրվա բանախոսը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դեսպան Արա Պապյանն էր՝ «Ժողովրդավարությունը որպես երկրում օրինականության հաստատման միակ ուղի» խորագրով դասախոսությամբ:

Դեսպան Պապյանն իր հերթին անդրադարձավ ժողովրդավարության ու ներքին և արտաքին քաղաքականությունների կապին, վերջին մի քանի տարիներին Հայաստանում ընդունված մի քանի ՝ այդ թվում ԵՏՄ-ին անդամակցելու, որոշումների՝ Հայաստանի վրա ազդուցությանը:

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության յոթերորդ երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը: 

Արարողությանը մասնակցում էին ՄԱՀՀԻ հիմնադիր  Ստյոպա Սաֆարյանը, Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներ, քաղաքական գործիչներ Գագիկ Բաղդասարյանը և Դավիթ Սանասարյանը,  ՄԱՀՀԻ փորձագետներ Գևորգ Մելիքյանը,  Օֆելյա Ամիրխանյանը, Արմեն Վարդանյանը, ինչպես նաև՝ ՄԱՀՀԻ Ժողովրդավարության նախորդ դպրոցների շրջանավարտներ:

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ