Հասարակությունը պետք է առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերի համապատասխան կառույցներում` դերակատարում ստանձնելով քաղաքական կամքի ձևավորման գործում՝ միաժամանակ իշխանություններին պարտադրելով ստանձնել արդյունավետ գործողությունների կատարման պատասխանատվությունը:

Լուսանկար:

Անի Հովհաննիսյան, Պատմաբան, ՄԱՀՀԻ Ժողովրդավարության 7-րդ դպրոցի շրջանավարտ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կառավարման համակարգի անարդյունավետությունը և կոռուպցիայի բարձր մակարդակը ներքին քաղաքական լուրջ մարտահրավերներ են ստեղծել: Երկրում սոցիալ-տնտեսական ծանր իրադրության մեղմացումը և քաղաքական համակարգի առողջացումն անհետաձգելի հրամայական են դարձրել խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը:

Թեև վերջին տարիներին կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ կատարվում են որոշակի քայլեր, մասնավորապես՝ ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, ստեղծվել է  Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, սակայն փաստել, որ կոռուպցիայի մակարդակի[1]  նվազեցման ուղղությամբ գրանցվել են շոշափելի արդյունքներ, տեղին չէ:

Հայաստանում կոռուպցիայի առումով խոցելի է կառավարման ողջ համակարգը, այդ թվում՝ դատական, ոստիկանական, կրթական համակարգերը և տնտեսությունը: Այս իրավիճակում շատ կարևոր է իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտությունը, ինչի ոչ պատշաճ գիտակցումը կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել նաև ազգային անվտանգության տեսանկյունից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Հայաստանի կառավարման համակարգին բնորոշ են քաղաքական և բիզնես էլիտաների սերտաճումը և կառավարման ճյուղերի միջև հակակշիռների ու զսպումների մեխանիզմների բացակայությունը: Քաղաքական դաշտում վերջին ատյանի որոշումների ընդունման ամբողջական լիազորությամբ օժտված է նախագահը, իսկ իշխող «Հանրապետական» կուսակցությունը (այսուհետ` ՀՀԿ), ըստ էության, ունի քաղաքական մենաշնորհ: Հատկանշական է, որ իշխող էլիտայի մի շարք անդամներ ամուր կապված են մասնավոր հատվածի հետ՝ հանդիսանալով երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչներ: Նախագահը, ներկա վարչապետը և նախկին երեք վարչապետերը, ինչպես նաև խորհրդարանի մեծամասնությունը նույն կուսակցությունից են: Այդպիսով Հանրապետականը, նախագահն ու գործադիրը, ըստ էության, նույնացվում են, որը երկրի նախագահին հնարավորություն է տալիս միահեծան որոշումներ կայացնել և վերջնական խոսքի իրավունք ունենալ պետական գրեթե բոլոր կարևոր հարցերում[2]:

Համաձայն 2015թ. դեկտեմբերի 6-ի նոր Սահմանադրությամբ սահմանված անցումային դրույթների` մինչև 2018թ. նախագահական ընտրությունները Հանրապետության նախագահն ունի այն լիազորությունները, որոնք նրան վերապահված են  2005թ. նոյեմբերի 27-ի Սահմանադրությամբ, ըստ որի՝ նախագահը համարվում է պետության գլուխը, ով ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Սակայն նախագահին տրված են մի շարք լիազորություններ, ինչը գործադիր իշխանությունը կախվածության մեջ է դնում նրանից: Նախագահը նշանակում է վարչապետին, վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է նախարարներին: ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի պետերը և նրանց տեղակալները նույնպես նշանակվում և ազատվում են նախագահի կողմից:

Գլխավոր դատախազը, կենտրոնական բանկի նախագահը և վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովին են ներկայացվում նախագահի առաջարկով: Նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Ուժային կառույցները` ոստիկանությունը և ԱԱԾ-ը, նախագահի անմիջական ենթակայության տակ են, և նրանց պետերին ու տեղակալներին նշանակելու և ազատելու լիազորությունը ևս իրականացնում է  նախագահը:

Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, որոնց արդարադատության խորհրդի (այսուհետ`ԱԽ) առաջարկությամբ նշանակում և ազատում է նախագահը: 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը փաստում է, որ նախագահը, ունենալով հանդերձ ԱԽ-ի ցանկացած առաջարկը մերժելու իրավունքը, միաժամանակ օրենքի ուժով պարտավոր չէ բացատրել իր որոշման պատճառները, և գոյություն չունի նախագահի որոշումները վիճարկելու ընթացակարգ: Եվրոպայի խորհրդի փորձագետները, ովքեր վերլուծել են այս համակարգը, եզրակացրել են, որ դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացում նախագահի վճռորոշ դերը համահունչ չէ եվրոպական ստանդարտներին: Փորձագետները համարում են, որ այդ ընթացակարգում նախագահի դերը պետք է սահմանափակել ֆորմալ դերակատարմամբ, իսկ որոշումների կայացման բուն իրավասությունը պետք է պատկանի դատական համակարգի ինքնակառավարման մարմիններին[3]:

Այսպիսով, ամբողջացնելով նախագահի դերակատարությունը՝ պետք է փաստել, որ երկրում քաղաքական համակարգը, ըստ էության, կենտրոնացված է մեկ մարդու ձեռքում:

ԱԺ-ը դարձել է գործադիր իշխանության որոշումներն օրենսդրորեն ամրագրելու գործիք: Հայաստանում քաղաքացիներն ունեն քաղաքական կուսակցություններ ձևավորելու իրավունք, սակայն իշխող կուսակցությունը գերակայություն և վերահսկողություն է պահպանում վարչական ռեսուրսների վրա` խոչընդոտելով հավասար պայմանների ապահովումը: 

ԱԺ-ում ՀՀԿ-ը կազմում է բացարձակ մեծամասնություն, որը նրան հնարավորություն է տալիս ընդունել ցանկացած որոշում` անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունեն մյուս խմբակցությունները: Արդյունքում, գոյություն ունի Ազգային ժողով, որը ծառայում է գործադիրին:

Այսպիսով, ԱԺ-ի`որպես օրենսդիր մարմնի գործունեությունը խաթարվում է, ինչն ավելի ցայտուն է դարձնում իշխանության ճյուղերի միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմների բացակայությունը:

Քաղաքական համակարգի լրջագույն մարտահրավեր են կեղծված ընտրությունները: 1995թ.-ից ի վեր Հայաստանում կեղծվել են գրեթե բոլոր ընտրությունները: Ընդ որում, դրանք ուղեկցվել են ընտրակաշառք բաժանելով, կրկնակի քվեարկություններով, այլ անձանց կողմից քվեարկելով, լցոնումներով:

Image result for armenian constitution

Հայաստանում վերջին համապետական ընտրությունները` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, կրկին անցան կոպիտ ընտրախախտումներով:

Տարիներ շարունակ տեղի ունեցող ընտրակեղծիքների նկատմամբ համապատասխան մարմինների ոչ պատշաճ արձագանքը խոսում է արատավոր երևույթի նկատմամբ իշխանությունների թողտվության, անգործության և ինչու չէ նաև հովանավորման մասին: Կեղծված ընտրությունները խորացնում են հասարակության և իշխանության միջև առկա անջրպետը՝ մյուս կողմից մեծացնելով արտաքին աշխարհի անվստահությունը երկրում ընտրական գործընթացների նկատմամբ: Այսպիսով, կարելի է փաստել, որ հասարակությունը զրկված է իշխանությունը փոխելու իր իրավունքից:

Իշխանությունները փորձում են ամեն պատեհ և անպատեհ առիթներն օգտագործել իրենց քաղաքական հենարանն ընդլայնելու և օրենքն իրենց շահերին ծառայեցնելու նպատակով: Օրենքի գերակայության խախտումն իշխող էլիտային հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործում գերիշխող դիրք ունենալ: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ըստ էության, դրա վկայությունն է: Անդրադառնալով ընտրություններին` շատ քննադատներ փաստում էին, որ դրա նպատակը ՀՀԿ-ի համար իշխանությունը պահպանելու հնարավորություն ստեղծելն էր:

Նոր Սահմանադրությամբ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Նախագահի ինստիտուտը, որպես առաջնային մանդատով օժտված մարմին, դադարում է գոյություն ունենալ:

Եթե նախկին Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը, օժտված լինելով առաջնային մանդատով և ունենալով լայն լիազորություններ, որոնք շատ դեպքերում նրան հնարավորություն են տալիս միանձնյա որոշումներ կայացնել, ապա նոր Սահմանադրությամբ իրավիճակը բոլորովին այլ է: Ընդ որում, նախագահը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից և իր պաշտոնավարման ընթացքում չի կարող պատկանել որևէ կուսակցության:

Համաձայն նախկին Սահմանադրության անցումային դրույթների՝ Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է վարչապետին: Սակայն նոր Սահմանադրությամբ սահմանափակվել է նրա կարևոր լիազորությունը: Նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Ընդ որում, նախագահի լիազորությունների զգալի մասը փոխանցվում է ԱԺ-ին ու Կառավարությանը: ԱԺ-ը, ստանալով լայն լիազորություններ, դառնում է իշխանության ձևավորման կենտրոնը: Իր հերթին, Կառավարությունը ձեռք է բերում ինքնուրույն կարգավիճակ:

Սակայն նոր Սահմանադրությամբ շարունակում են խնդրահարույց մնալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ իշխանության ճյուղերի միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմի բացակայությունը: Թեև իշխանությունները պնդում են, որ դատավորների համար անկաշկանդ գործելու երաշխիքներ են ստեղծվում` նրանց դարձնելով ավելի անկախ, սակայն սպասել լուրջ փոփոխությունների, ըստ էության, իրատեսական չէ: Միաժամանակ, ընդդիմության որոշ ներկայացուցիչների համոզմամբ` հակակշիռները վերացվում են հօգուտ ԱԺ-ի, ըստ էության, ի շահ իշխող կուսակցության:

Փորձելով երկրորդել կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգերի կարևորությունը Հայաստանում՝ հարկ է նշել, որ կառավարման համակարգի արդյունավետության համար առավել կարևոր նախապայմաններն են.

  • Իշխող էլիտայի՝ արդյունավետ բարեփոխումների գնալու անհրաժեշտության գիտակցումը, որը հնարավոր է ժողովրդավարական, թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգ ձևավորելու դեպքում: Այդ համակարգի գործառնության պայմաններում հնարավոր կլինի համարժեք դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին,
  • հասարակության քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը: Հասարակությունը պետք է կարողանա վերահսկել պետական կառավարման գործընթացը և  ապահովել բարեփոխումների իրականացման թափանցիկությունը:

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Դատարանները լիարժեք անկախ չեն Հայաստանում: Ընդ որում, դատարաններն անկախ չեն ոչ ներքին, ոչ արտաքին դերակատարներից: Առաջին դեպքում հատկանշական է բարձր ատյանի դատարանների միջամտությունը ստորին ատյանների աշխատանքին, երկրորդ դեպքում որպես դերակատար հանդես է գալիս գործադիր իշխանությունը: Դատարանները կախված են գործադիրից և ենթակա՝ կամայական միջամտության ու ճնշումների:

Այսպիսով, գործադիր իշխանությունից անկախ գործելու դատական համակարգի կարողությունը սահմանափակ է:

Դատական համակարգի վրա գործադիրի վերահսկողությունն ընդլայնելու կարևոր հանգամանք է նաև համակարգում առկա արմատացած մտածողությունը, որը հոգեբանորեն կախվածության մեջ է դնում գործադիրից:

Ակնհայտ է, որ դատական համակարգում անկախության պակասն առաջին հերթին կախված է համակարգից և շատ քիչ բան` դատավորներից, սակայն պետք է մեկ կարևոր հանգամանք հաշվի առնել, դատավորները հնարավորություն կունենան որոշակի ներքին անկախություն ունենալու` իրենց` արտաքին և ներքին դերակատարների համար խոցելիությունը բացառելու պայմաններում: Հայտնի է, որ Հայաստանում պետական պաշտոնյաները զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, բիզնեսով: Այս հանգամանքը նրանց դարձնում է խոցելի, թույլ և վերահսկելի, ինչի արդյունքում նրանց դերը որոշումների կայացման գործընթացում զգալիորեն նվազում է: 

Դատական համակարգում առկա կոռուպցիան խորացնում է կամայական որոշումների ընդունումը, օրենքի չարաշահումները` ավելի ցցուն դարձնելով ժողովրդի անվստահությունը համակարգի նկատմամբ:

Հայաստանում  քաղաքացիների 70 տոկոսը համարում է, որ դատական համակարգն անկախ չէ իշխանական ազդեցությունից[4]: Որպես այդ ամենի արդյունք՝ դատական համակարգը չի կարողանում համարժեք քրեական հետապնդում իրականացնել իրավախախտումների դեպքում:

Image result for Կոռուպցիան դատական համակարգում

Հայաստանի վերաբերյալ Գլոբալ ինթեգրիթիի գնահատման աղյուսակը ցույց է տալիս, որ դատավորներ նշանակելու ընթացակարգը բավականաչափ թափանցիկ չէ, և դատավորների նշանակումն ու առաջխաղացումը շատ դեպքերում հիմնված են հովանավորչության, ազգակցության և անձնական հարաբերությունների վրա: Քաղաքական կամ ազգակցական պատկանելության, կոռուպցիայի, այլ ոչ էթիկական միջոցների դիմելը դատավորի պաշտոն ձեռք բերելու համար սովորական պրակտիկա է[5]:

Այսպիսով, ընդհանրացնելով, պետք է նշել, որ դատարաններն անտեսում են քաղաքացիների իրավունքները երաշխավորելու իրենց պարտավորությունը՝ փոխարենը դառնալով գործադիր իշխանության շահերը սպասարկող մամիններ:

Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ներառի հետևյալ առաջնահերթ քայլերը.

  • ներառել մեխանիզմներ, որոնք բացառում են գործադիր իշխանության միջամտությունը դատական համակարգում` ներդնելով վերահսկողության և թափանցիկության համապատասխան մեխանիզմներ,
  • բարձրացնել դատական համակարգի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը: Երաշխավորել դատավորների անկախությունը, անձեռնմխելիությունը, անփոփոխելիությունը և դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը: Դատավորները պետք է լինեն պաշտպանված` օրենքի շրջանակներում, ազատ` որոշումներ կայացնելու հարցում, զերծ որևէ այլ պարտավորություններից, որոնք դուրս են նրանց անմիջական պարտավորություններից: 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀՀ ոստիկանությանը տրված են հասարակության և պետության շահերի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխարգելման և մի շարք այլ գործառույթներ: Սակայն հասարակության շրջանում ոստիկանությունն ընկալվել և ընկալվում է որպես իշխանություններին ծառայող, քաղաքացիական հասարակության ակտիվությունը ճնշելուն ուղղված համակարգ: Հարկ է նշել, որ հայ փորձագիտական լայն շրջանակներն ոստիկանությունը դիտարկում են որպես իշխանության հենարան:

Իշխանությունների համար ոստիկանության դերն առավել նկատելի է դառնում ընտրությունների, քաղաքական ակտիվության և սրվածության ժամանակ: Հայաստանում սովորական երևույթ են ցույցերի, հավաքների, երթերի ժամանակ խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնության, ուժի կիրառումը, և, ըստ էության, սա է համակարգի նկատմամբ հասարակության խորը դժգոհության և անվստահության պատճառը:

2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ոստիկանությունը սեփական ժողովրդի նկատմամբ բռնություններով և պատժիչ գործողություններով «աչքի ընկավ» հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում և Խորենացի փողոցում: Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ և բռնություն: Բռնությունները հատկապես սուր ընթացք ստացան Սարի թաղում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ բռնության ենթարկվեցին ոստիկանության և նրա ակնհայտ աջակցությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ` առանց համապատասխան իրավական հիմքի և ժամերով պահվելով անազատության մեջ: Տասնյակ մարդիկ՝ թե' քաղաքացիներ և թե' ոստիկաններ, ստացան մարմնական վնասվածքներ ու տեղափոխվեցին հիվանդանոց:

Image result for Police riot in Armenia

Սարի թաղի դեպքերն ունեցան մեկ այլ ընդգծված դրսևորում` լրագրողների նկատմամբ առանձնահատուկ բռնի գործողությունների առումով: Մեկ այլ բնորոշ կողմ էր Սարի թաղում քաղաքացիների, բնակիչների բռնությունների ենթարկվելը, որոնք որևէ կերպ չէին մասնակցում բողոքի ցույցին:

Սարի թաղի դեպքերը ևս մեկ անգամ ցայտունորեն ընդգծեցին Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտման դրսևորումները և ոստիկանության միջոցով սեփական ժողովրդին վախեցնելու իշխող էլիտայի թյուր մտայնությունը:

Հայաստանում ոստիկան-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների խախտումներն առավել խոցելի են ձերբակալության ընթացակարգերի կատարման և կալանքի ընթացքում արժանացած վերաբերմունքի առումով:

Իրավասու մարմինները շարունակել են քրեական հանցանքների մեջ կասկածվողներին ձերբակալել առանց կարգադրագրի և ողջամիտ կասկածի: Օրենքի համաձայն քննություն իրականացնող մարմինն անձին բերման ենթարկելուց հետո երեք ժամվա ընթացքում պարտավոր է կամ պաշտոնապես ձերբակալել այդ անձին կամ ազատ արձակել: Անձին արգելանքի վերցնելուց հետո 72 ժամվա ընթացքում քննություն իրականացնող մարմինը պարտավոր է կամ ազատել ձերբակալված անձին, կամ մեղադրանք առաջադրել և կալանքի տակ պահելու կարգադրագիր ստանալ դատավորից: Ոստիկանությունը հաճախակի պարբերականությամբ անձանց կանչել և պահել է երեք ժամից ավելի՝ առանց նրանց պաշտոնապես ձերբակալելու՝ այն պատրվակով, որ գործով անցնող վկաներ են և ոչ՝ կասկածյալներ:

Օրենքը ոստիկանությունից պահանջում է տեղեկացնել արգելանքի վերցված անձանց լռություն պահպանելու, հեռախոսազանգ կատարելու և ձերբակալության պահից սկսած փաստաբանի կողմից ներկայացված լինելու իրավունքների մասին։ Գործնականում ոստիկանությունը հաճախ հարցաքննել ու ճնշում է գործադրել արգելանքի վերցված անձանց վրա՝ հանցանքներ խոստովանելու նպատակով` մինչև մեղադրանք առաջադրելն ու առանց փաստաբանի ներկայության:

Ըստ հաղորդումների` ոստիկանությունից մեկուսարաններ տեղափոխված բազմաթիվ անձինք հայտնել են, որ ոստիկանության հսկողության տակ գտնվելու ժամանակ ենթարկվել են խոշտանգումների, բռնությունների կամ ահաբեկման` հիմնականում խոստովանություն կորզելու նպատակով[6]:

Համաձայն հաղորդումների՝ ոստիկանության բաժիններում աշխատակիցները սպառնալիքների ու հոգեբանական ճնշման ազդեցության ներքո քաղաքացիներին ստիպել  են  տալ իրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական ցուցմունքներ: 

Հայաստանում ոստիկանական համակարգը կարիք ունի լուրջ բարեփոխման.

  • Շատ կարևոր է ոստիկանի կողմից սեփական ժողովրդին ծառայելու գիտակցության ամրապնդումը, որը նրան հեռու կպահի իշխանությունների անօրինական հրահանգները կատարելուց: Ոստիկանական համակարգում միայն արմատական փոփոխությունները կարող են հասարակության մոտ հավատ ու վստահություն ապահովել այդ համակարգի նկատմամբ,
  • անհրաժեշտ է ներդնել վերահսկողական այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն  ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվող խոշտանգումները և դաժան վերաբերմունքը,
  • վերացնել ոստիկանության բաժիններում հարկադրաբար ինքնախոստովանական ցուցմունք կորզելու երևույթը:

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Կոռուպցիան տարածված է կրթական համակարգի բոլոր մակարդակներում, հատկապես՝ միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտներում: Այնուամենայնիվ, համաձայն «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գնահատականների՝ Հայաստանում կրթական համակարգում կոռուպցիան նվազել է, և ոլորտն այլևս «ամենակոռումպացված եռյակում» չէ:

Այս ոլորտում աշխատանքի ընդունման համար չկան բավականաչափ բաց ընթացակարգեր: Ընդհակառակը, դպրոցների տնօրեններին կաշառք տալը և աշխատանքի ընդունվելը տարածված երևույթ է: Նման հանգամանքներում աշխատակազմի որակը հաճախ մղվում է երկրորդ պլան: Ըստ բազմաթիվ գնահատականների` կաշառք տալը տարածված է նաև բարձրագույն կրթության համակարգում, որտեղ կաշառք են տալիս համալսարան ընդունվելու և քննությունների ընթացքում գնահատական ստանալու համար: Ի լրումն այս ամենի՝ ակադեմիական խարդախությունը, հովանավորչությունը և կուսակցական պատկանելության վրա հիմնված առաջխաղացումը համալսարանների կոռումպացված վարքագծի ամենատարածված դրսևորումներից են[7]:

Ոլորտը գտնվում է բարձր քաղաքականացվածության մակարդակում: Համաձայն 2012թ. անցկացված ուսումնասիրության՝ Հայաստանի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում, տնօրենների ճնշող մեծամասնությունն իշխող կուսակցության անդամներ են: Տնօրեններից շատերը ներգրավվում են նաև ընտրական գործընթացներում` որպես ընտրական հանձնաժողովների անդամներ ու նախագահներ: 

Ոլորտի ֆինանսավորումը հեռու է պատշաճ լինելուց: Ուսուցիչների և դասախոսների ցածր աշխատավարձը  պարարտ հող է ստեղծում կաշառք վերցնելու համար: 2012թ. Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն` Հայաստանի պրոֆեսորներն ամենաքիչ վարձատրվողներից են համաշխարհային մասշտաբով:

Image result for cost of education

Բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` ԲՈՒՀ) խնդրահարույց է ուսանողական խորհուրդների (այսուհետ` ՈւԽ) դերը, շատ դեպքերում ուսանողների կողմից դրանք չեն ընկալվում որպես ինքնավար և ուսանողների շահերն առաջնորդող մարմիններ: ՈւԽ-ները կուսակցականացված են. հաճախ դրանց կազմում հիմնականում իշխող կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն են: Ուսանողների շահերով զբաղվելու փոխարեն նրանց մեծ մասը բացարձակ ոչ նպատակային գործունեություն է ծավալում, և շատ դեպքերում անդամությունն ՈւԽ-ներին ծառայեցվում է ի շահ իրենց` մի մասը բարձր գնահատական ստանալու, ուսման վարձը զեղչելու, որոշներն էլ փորձում են կուսակցական կարիերայի առաջին քայլերն անել:

Բուհերի կառավարման բարձրագույն մարմիններում՝ Հոգաբարձուների խորհուրդներում, շատ հաճախ որպես նախագահ ընտրվում են հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները:

Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ արդյունավետ պայքար իրականացնելու ուղղությամբ անհրաժեշտ են հստակ միջոցառումներ, որոնք ներառում են.

  • դպրոցներում և բուհերում կոռուպցիոն երևույթների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորում: Դպրոցներում, այնուհետև համալսարաններում, կրթվում և դաստիարակվում է ապագա սերունդը, ով պետք է դառնա կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը: Համապատասխան պայմանների ստեղծումը` առողջ և հասուն հասարակություն կերտելու համար, ով գիտակցում է  իր իրավունքները և կոռուպցիայի վտանգները,
  • կրթական համակարգի, մասնավորապես՝ բուհերի ապաքաղաքականացում, որը կբարձրացնի դրանց ինքնուրույնությունը,
  • կրթական համակարգում աշխատանքի ընդունման գործընթացի թափանցիկության ապահովումը, որը հնարավորություն կստեղծի որակյալ մասնագետների ընդունման համար:

 

ԲԻԶՆԵՍ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ՍԵՐՏԱՃՈՒՄԸ    

Հայաստանի տնտեսությունը մեծապես տուժում է քաղաքական էլիտայի և խոշոր բիզնեսի սերտաճման պատճառով: Թեև Սահմանադրությամբ ամրագրված՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել, սակայն գործարարները շարունակում են տեղեր զբաղեցնել ԱԺ-ում, իսկ պետական տարբեր պաշտոնյաներ շարունակում են օգտագործել իրենց պաշտոնները` ի նպաստ սեփական գործարար շահերի: Շատ փորձագետների գնահատմամբ` Կառավարության հետ կապված կամ պետական պաշտոններ զբաղեցնող օլիգարխները տնտեսությունը մենաշնորհային են դարձրել[8]: Սակայն ԱԺ էթիկայի հանձնաժողովը մինչ օրս որևէ պատգամավորի համար չի արձանագրել, որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ[9]: Մյուս կողմից, քաղաքականության և բիզնեսի սերտաճումն ազդում է քաղաքականության վրա` նպաստելով օրենքների ընտրողաբար կիրառմանը: Իշխանությունների կողմից այս կամ այն օրենքի ընդունումը որոշ դեպքերում տեղայնացվում է, որն ունենում է կարճաժամկետ բնույթ և արվում է իրենց քաղաքական նկրտումներից ու շահերից ելնելով:

Կառավարման վատ համակարգը, օրենքի գերակայության տիրույթում առկա խնդիրները, համակարգային կոռուպցիան նպաստում են նաև ստվերային տնտեսության զարգացմանը: Համաձայն միջազգային տարբեր զեկույցների` Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է համախառն ներքին արդյունքի (այսուհետ` ՀՆԱ) 30-50 տոկոսը: Այս հատվածը թաքցնում է հարկերի իրական ծավալը: Հարկերի միջոցով լրացվում է պետական բյուջեն, որն էլ օգտագործվում է պետության գործառույթների իրականացման համար: Սակայն տնտեսության մեջ ձևավորվող հարկերի հավաքման ցուցանիշը ցածր է, որն էլ իր հերթին առաջացնում է հարկային ոլորտի խնդիրներից մեկը` հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցածր ցուցանիշը:

Թեև վերջերս ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը պետք է սահմանափակի ստվերային տնտեսությունը, հարկերից խուսափողներին բերի հարկային դաշտ, սակայն լուրջ արդյունքներ սպասելն այս դեպքում բավականաչափ իրատեսական չի թվում:

ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորները, դեմ արտահայտվելով նախագծին, որոշ շեշտադրումներ արեցին` փաստելով, որ դրանով ավելանալու է հարկային բեռը, նահանջ է փոքր և միջին բիզնեսի համար, չեն սահմանվելու խաղի հավասար կանոններ և գործարարների համար կայունություն չի ապահովվում, չկա ընդգծում, որ փոփոխությունները նախատեսված են հստակ ժամանակահատվածի համար:

Image result for Օլիգարխիա

Տնտեսական աճը խոչընդոտող մյուս լրջագույն հանգամանքը մենաշնորհների առկայությունն է: Հայաստանի տնտեսությունում մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում: Շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է, և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս: Շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի[10]:

Իշխանական ռեսուրսներ կենտրոնացրած առանձին ընկերություններ, որոնք ունեն մենաշնորհային դիրք այս կամ այն ապրանքատեսակի ներկրման և վաճառքի գործում, թելադրում են խաղի կանոններ` կամայականորեն որոշելով ապրանքատեսակի, շատ հաճախ՝ լայն սպառման ապրանքների գները, ինչը հանգեցնում է արհեստական գնաճի:

Միաժամանակ մենաշնորհների գոյությունը բացառում է ազատ ու մրցակցային շուկայի հնարավորությունը՝ այդպիսով շուկայից դուրս մղելով փոքր ու միջին ձեռնարկատիրությունը:

Թեև Հայաստանի իշխանությունները հայտարարում են ստվերային տնտեսության և մենաշնորհների դեմ պայքարի մասին, սակայն ասել, թե նկատելի են էական փոփոխություններ, տեղին չէ: Այնուամենայնիվ, Հայաստանում սեպտեմբերի 8-ին Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը և Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարության ձևավորումը որոշակի լավատեսություն է ստեղծել հանրության զգալի հատվածի շրջանում, սակայն նոր կառավարությունը կունենա բավարար քաղաքական կամք ու կդիմի լուրջ բարեփոխումների, թե դրանք հերթական անգամ կկրեն իմիտացիոն բնույթ, ցույց կտա ժամանակը:

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները տնտեսությունն առողջացնելու կարևոր առաջնահերթությունների առջև են կանգնած.

  • Շատ կարևոր է ստվերային տնտեսության և մենաշնորհների դեմ արդյունավետ ու հետևողական պայքարը, որը ենթադրում է և' օրենսդրական փոփոխություններ, և' հստակ մեխանիզմների սահմանում, որոնք թույլ կտան տեսանելի արդյունքներ ապահովել,
  • անհրաժեշտ է համապատասխան կառույցներին լիազորություններ վերապահելը` ստվերը և մենաշնորհները հայտնաբերելու և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար,
  • ստեղծել անկախ գործելու իրավասությամբ և վերահսկողական որոշակի գործառույթներով օժտված հանձնաժողով, որը հետևողական աշխատանքներ կիրականացնի՝ բացահայտելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրողությունը, ինչպես նաև օժտված կլինի նման պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավասությամբ:

 

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Հայաստանում համակարգային կոռուպցիան խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, նպաստում է բնակչության արտահոսքին, ինչպես նաև խոչընդոտում է երկրի` արտաքին աշխարհի հետ հարաբերվելուն, ինչը նորանոր վտանգներ է ստեղծում ազգային անվտանգության տեսանկյունից:

Միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալները տարեցտարի աճում են, սակայն դրանք հիմնականում նպատակային չեն օգտագործվում: Եթե, որպես կանոն, վարկը տրամադրվում է, որպեսզի մտնի իրական տնտեսության հատված, դրվի շրջանառության մեջ և նպաստի տնտեսական աճին, ապա այս տեսանկյունից պատկերը Հայաստանում մի փոքր այլ է: Միջազգային վարկերին զուգընթաց աճում է պետական պարտքը, որն արդեն հասել է վտանգավոր շեմի[11]: Հայաստանի պետական պարտքը արդեն հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ինչն արդեն իսկ լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության համար: Վարկերը չեն ներդրվում այն խնդիրների լուծման համար, որոնք մատնանշվում են, դրանք կլինեն աշխատատեղերի ստեղծում, արդյունաբերության զարգացում, որն իր հերթին կհանգեցնի արտահանման ծավալի ավելացմանը, տնտեսության առողջացմանն ու  հարկային եկամուտների աճին:

  • Կոռուպցիան մեծապես նպաստում է նաև բնակչության արտահոսքին: Մարդիկ արտագաղթում են աշխատանքի բացակայության, ցածր աշխատավարձերի, արդարադատության նկատմամբ հավատի բացակայության, ապագայի նկատմամբ անվստահության, սոցիալական անապահովության պատճառով: Ընդ որում, արտագաղթում է բնակչության առավել աշխատունակ մասը՝ գլխավորապես երիտասարդությունը: Այսպիսով,  երկիրը կորցնում է իր մարդկային կապիտալը, ով պետք է ներգրավվի քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթական ոլորտներում և իր ներդրումն ունենա այդ ոլորտների զարգացման գործում,
  • կոռուպցիան խոչընդոտում է արտաքին աշխարհի հետ Հայաստանի բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը: Այս առումով առավել խոցելի է տնտեսության բնագավառը: Ակնհայտ  է, որ օտարերկրյա ներդրողների համար կարող է գրավիչ լինել այն երկրների շուկան, որում կապահովվեն նպաստավոր պայմաններ, խաղի հավասար կանոններ, թափանցիկության, կանխատեսելիության բարձր մակարդակ,
  • ի վերջո, Հայաստանում վատ կառավարման և կոռուպցիայի բարձր մակարդակը վտանգավոր է, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել երկրի զարգացումը` այն դարձնելով խոցելի և փխրուն: Ըստ էության, ապրիլյան պատերազմի վերլուծությունն ապացուցեց այդ ամենի ծանր հետևանքները, թե որքան խոցելի կարող են դարձնել երկիրն արտաքին աշխարհի համար:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կառավարման վատ համակարգի և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն իշխանությունների համար դարձել է հրամայական, որը ենթադրում է.

  • Ընթացակարգերի մշակում, որոնք էապես կնպաստեն կոռուպցիայի կանխարգելմանը: Իշխանությունները, ի վերջո, պետք է գիտակցեն, որ միայն օրենքներ ընդունելը բավարար չէ: Շատ կարևոր է իշխող վերնախավի կողմից քաղաքական կամքի դրսևորումը: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայից: Հակակոռուպցիոն գործունեությունը պետք է լինի թիրախավորված, առարկայական, տեսանելի և չափելի,
  • թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ձևավորումը: Պետք է խուսափել հասարակությանն առնչվող պետական կարևորագույն հարցերում ժողովրդի կարծիքն անտեսելու գործելակերպից և փորձել լցնել իշխանություն-հասարակություն անջրպետը,
  • քաղաքացիական հասարակության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Առանց հասարակության մասնակցության արդյունավետ չէ կոռուպցիայի դեմ պայքարը: Հասարակությունը պետք է առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերի համապատասխան կառույցներում` դերակատարում ստանձնելով քաղաքական կամքի ձևավորման գործում՝ միաժամանակ իշխանություններին պարտադրելով ստանձնել արդյունավետ գործողությունների կատարման պատասխանատվությունը:

Image result for կոռուպցիա հանրակրթություն

 

ԾԱՆՈԹԱԳՐՈւԹՅՈՒՆ ԵՎ ՀՂՈւՄՆԵՐ 


[1] «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» միջազգային հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության  2016թ. հունվարին հրապարակած զեկույցի գնահատականներով` Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում էր 95-րդ հորիզոնականը:

[11] ՀՀ պետական պարտքը 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 603.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 484.86 մլն դոլար

 

Հոդվածը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Լրագիր»«Հետք», «Ա1»«Լրահոս»«Shafaqna»

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)