Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) համատեղ ծրագրի շրջանակներում 2017թ. ապրիլի 18-ից մայիսի 5-ն Ինստիտուտում տեղի ունեցան ժողովրդավարության իններորդ երեկոյան դպրոցի դասընթացները:

 ՄԱՀՀԻ ժողովրդավարության իններորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար Լուսանկար: ՄԱՀՀԻ ժողովրդավարության իններորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) համատեղ ծրագրի շրջանակներում 2017թ. ապրիլի 18-ից մայիսի 5-ն Ինստիտուտում տեղի ունեցան ժողովրդավարության իններորդ երեկոյան դպրոցի դասընթացները:

11-օրյա դպրոցին մասնակցեցին Հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ:

 

Օր 1. Ապրիլի 18

Ապրիլի 18-ին՝ 9-րդ երեկոյան դպրոցի մեկնարկի օրը, ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ունկնդիրներին ներկայացրեց Ինստիտուտի պատմությունը և առաքելությունը, հետազոտական գործունեությունը, կազմը, ինչպես նաև Ժողովրդավարության դպրոցի ծրագիրն ու բանախոսներին:

Հաստատված ծրագրի համաձայն՝ բանախոսն առաջին ներկայացումը նվիրեց անվտանգության, ժողովրդավարության, ներքին ու արտաքին քաղաքականությունների փոխառնչություններին և փոխազդեցություններին: Անվտանգության դաշտի սոցիոլոգիայի համատեքստում ներկայացվեցին անվտանգության արժեքային ու նորմատիվ ասպեկտները, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործառույթները, որոնք տարբեր ենթահամակարգերում դերակատարների կողմից իրականացվում են արտաքին ու ներքին քաղաքականությունների շրջանակներում: Սաֆարյանը հընթացս ներկայացրեց այդ ամենի էվոլյուցիան ու անվտանգության հայեցակարգի ընդլայնումը 20-րդ դարի ընթացքում:

Գործնական պարապմունքը, որի նպատակն էր ամրապնդել ունկնդիրների ձեռքբերած գիտելիքները, ենթադրում էր ընտրված քաղաքական տեքստի հիման վրա անվտանգության գործառույթների, արժեքների և այլ բաղադրիչների քննություն համակարգային վերլուծության դիրքերից:

 

Օր 2. Ապրիլի 19

Ժողովրդավարության երկրորդ օրվա բանախոսն էր ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը, ով հանդես եկավ «Ժողովրդավարություն և անվտանգություն» թեմայով դասախոսությամբ: Նա բազմաթիվ օրինակներով ունկնդիրներին ցույց տվեց, որ ժողովրդավարությունը, որպես կառավարման ձև, Հայաստանի համար այլընտրանք չունի, և որ ուժեղ ու մրցունակ պետություն ունենալու միակ ճանապարհը ժողովրդավարության հաստատումն է:

Բանախոսը հանգամանորեն անդրադարձավ ժողովրդավարության զարգացման, առաջընթացի ու բարեկեցության սերտ կապին՝ տարբեր աղյուսակների և գրաֆիկների միջոցով ունկնդիրներին ծանոթացնելով աշխարհի տնտեսապես ամենազարգացած, ոչ կոռումպացված երկրների ցանկին, որտեղ ժողովրդավարական երկրների տեսակարար կշիռն ակնհայտորեն գերազանցում է ոչ ժողովրդավարական երկրներին:

Քննարկումների արդյունքում մասնակիցները նույնպես հանգեցին այն համոզմանը, որ սակավ բնական պաշարներ ունեցող Հայաստանը բացառապես ժողովրդավարական կառավարման միջոցով կարող է դառնալ զարգացած պետություն ու ապահովել լիակատար անվտանգություն:

 

Օր 3. Ապրիլի 20

Երրորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանն էր: Մինչ միջազգային հարաբերությունների համակարգի, Հայաստանի ու Կովկասի վրա դրանց ազդեցության շուրջ գործնական զրույցը, նա նախ ունկնդիրներին ներկայացրեց միջազգային հարաբերությունների հիմնական դպրոցները:  

Այնուհետև Մելիքյանը խոսեց Եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու այլ տարածաշրջանային դերակատարների վարած քաղաքականությունների մասին՝ նյութը մատուցելով տեսական բացատրական մոդելների շրջանակում:

Մելիքյանը հանգամանորեն վերլուծեց նաև Արևմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան դիմակայությունն ու Հարավային Կովկասում նրանց վարած քաղաքականությունը, Հայաստանի համար դրանց ստեղծած հնարավորություններն ու ռիսկերը:

 

Օր 4. Ապրիլի 21

Օրվա զեկուցաբերը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանն էր: Նա ունկնդիրներին ներկայացրեց Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների տնտեսական դիտանկյունը:

Դոկտոր Եղիազարյանը խոսեց նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության դիմակայության, մրցակցության, Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականության ու դրանց աշխարհաքաղաքական թիրախների, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հետևանքների մասին:

Տնտեսագետը նաև գրաֆիկների միջոցով ցույց տվեց ԵՏՄ անդամ երկրների ապրանքաշրջանառության ծավալները, ԵՏՄ մտնելու տնտեսական աղետալի հետևանքները Հայաստանի համար՝ վերջինիս ինքնիշխանության նվազեցման և աշխարհից մեկուսանալու, ԵՄ-ի հետ տնտեսական ու քաղաքական մերձեցման և ինտեգրման թուլացման մասին:


Օր 5. Ապրիլի 25

5-րդ օրը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ունկնդիրների առջև խոսեց ԵՏՄ-ի ստեղծման աշխարհաքաղաքական նպատակների ու քաղաքական հենքերի մասին:

Այդ կտրվածքով նա ներկայացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքական հետևանքները, ինչպես նաև բուռն քննարկում վարեց ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի վարած քաղաքականությունների վերաբերյալ:

Մեհրաբյանը համեմատական վերլուծության ենթարկեց ԵՏՄ անդամ երկրների քաղաքական համակարգերը, որտեղ գերիշխում են անձի ու նրա պաշտամունքի վրա հիմնված քաղաքական համակարգերը, դրանց կոռումպացվածության աստիճանը, մարդու իրավունքների վիճակը և ժողովրդավարական գործընթացները խեղդելու ու վերահսկելի պահելու միտումները, ինչպես նաև կոռուպցիան որպես կառավարման ձև:

Գործնական պարապմունքը կոչված էր դերային խաղի միջոցով Հայաստանի համար քաղաքական հանձնարարականներ պատրաստելուն, որն ունկնդիրներն իրականացրեցին երեք խմբերով կառավարություններ կազմելու ու ընտրված ոլորտներում առաջնահերթություններ ներկայացնելու եղանակով:

 

Օր 6. Ապրիլի 26

Օրվա բանախոսը «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանն էր:

Հերթական բանախոսն իր հերթին անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային առանցքային զարգացումներին, Ղարաբաղյան հակամարտությանն ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին՝ դրանք մատուցելով անձնական դիվանագիտական փորձառությունից բխող մասնագիտական ուշագրավ դիտարկումներով ու պատումներով:   

Այնուհետև հարց ու պատասխանի ձևաչափով տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում, որի ընթացքում Շահնազարյանը հանգամանալից պատմեց ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, հակամարտության փոխակերպման, Կովկասում ու Արցախում տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետությունների վարած քաղաքականության մասին և այլն:

 

Օր 7. Ապրիլի 27

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Յենայի համալսարանի ասպիրանտ, եվրոպագետ Անի Եղիազարյանի ներկայացումը նվիրված էր Եվրոպական միությանն ու մասնավորապես նրա արևելյան քաղաքականությանը` Եվրոպական հարևանության քաղաքականությունից մինչև Արևելյան գործընկերության քաղաքականություն:

Զեկուցաբերը ծանոթացրեց ԱլԳ գագաթաժողովների ժամանակ ընդունված առանցքային որոշումներին, ինչպես նաև անդամակցող երկրների համար այդ ծրագրերի ընձեռած հնարավորություններին ու հեռանկարներին:

Դասախոսության վերջում Եղիազարյանն անդրադարձավ նաև Արևելյան գործընկերության համատեքստում Ռուսաստան-ԵՄ դիմակայությանը, մանրամասն ներկայացրեց Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի ու Հայաստանի օրինակները:

 

Օր 8. Ապրիլի 28

Օրվա դասախոսությունը նվիրված էր Իրանին, Մերձավոր Արևելքում ու Կովկասում նրա հետապնդած շահերին և քաղաքականությանը, աշխարհի ուժային կենտրոնների, մասնավորապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ այդ երկրի հարաբերությունների էվոլյուցիային և առանձնահատկություններին:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանն ունկնդիրների հետ քննարկեց ԱՄՆ-Իրան հարաբերությունները մինչհեղափոխական և հետհեղափոխական ժամանակաշրջաններում՝ առանձնահատուկ կանգ առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնության ու դրա ընթացքի վրա:

Բանախոսը վերլուծեց նաև Իրան-Հայաստան ընդհանուր շահերն ու համագործակցության խորացման հեռանկարները, Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, Իրանի հարաբերություններն Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների հետ և դրանցում առկա խորքային խութերն ու տարաձայնությունները:

 

Օր 9. Մայիսի 2

Օրվա բանախոսն էր ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: Քննարկման թեման կրկին Մերձավոր Արևելքի զարգացումներն էին, սակայն այդ և հարակից տարածաշրջաններում մեկ այլ երկրի՝ Թուրքիայի հետապնդած քաղաքականության դիտանկյունից:

Բանախոսը ներկայացրեց հարևան երկրների հետ Թուրքիայի ունեցած հակասություններն ու ընդհանրությունները, այնտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը, սպասվող սահմանադրական փոփոխություններն ու դրանց հետևանքները ներքին ու արտաքին քաղաքականության տեսանկյունից:

Գաբրիելյանն ունկնդիրների հետ միասին նաև գնահատեց Թուրքիայի վարած քաղաքականության ազդեցությունը Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականությունների վրա:

 

Օր 10. Մայիսի 3

Նախավերջին օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտ Սյուզաննա Բարսեղյանն էր:

Բարսեղյանը նախ հանգամանորեն ներկայացրեց հասարակագիտության բնագավառում հետազոտության մեջ օգտագործվող մեթոդների ողջ զինանոցը՝ հարցումներ, հարցազրույցներ, բովանդակային վերլուծություն (կոնտենտ անալիզ) և այլն:

Այնուհետև գործնական պարապմունքի շրջանակներում ունկնդիրները խմբերով և նախընտրած թեմաներով կազմեցին հետազոտական ծրագրեր՝ սահմանելով հետազոտական հիմնահարցը, առաջ քաշելով հիպոթեզն ու ընտրելով հետազոտության կոնկրետ գործիքը:

Բանախոսը հանրամատչելի եղանակով ունկնդիրներին սովորեցրեց գիտականորեն մոտենալ երբեմնի հրամցվող հետազոտությունների արդյունքներին, կարողանալ տարբերակել գիտականորեն հիմնավորված հետազոտությունները քարոզչական նպատակներ հետապնդողներից:

Դասախոսության ավարտին Բարսեղյանն ունկնդիրներին ներկայացրեց սեփական հետազոտություններից մի շարք արդյունքներ, որոնք ստացվել էին կոնտենտ, դիսկուրսային և այլ տեսակի վերլուծությունների միջոցով՝ ըստ այդմ սովորեցնելով արժանահավատ ու փաստարկված վերլուծություն կատարելիս տեղեկատվություն քաղել ու մշակել դրա ամենատարբեր կրիչներից:   

 

Օր 11. Մայիսի 5

Դասընթացի մասնակիցների խնդրանքով մայիսի 5-ին ՄԱՀՀԻ-ում կազմակերպվեց ամփոփիչ գործնական պարապմունք-խաղ, որը վարում էր Ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:  

Գործնական պարապմունքը կոչված էր ունկնդիրներին ձեռք բերել մի շարք հմտություններ, որոնք կապված էին ընդարձակ տարածաշրջանում երկրների շահերի վերլուծության, տարածաշրջանի դինամիկայի վրա ազդող առանցքային զարգացումների ու դրանց հետ կապված ռիսկերի գնահատման հետ:  

Ունկնդիրները դերային խաղի շրջանակում սեփական գնահատականներով ներկայացրեցին գերտերությունների, տարածաշրջանային տերությունների, արևելաեվրոպական և հարավկովկասյան երկրների շահերն ու դիրքորոշումները՝ գործնական դաշտում իրացնելով շահային ընդհանրությունների հիման վրա դաշինքային ու գործընկերային հարաբերությունները:

 

Վկայականների հանձնում

Նույն օրը տեղի ունեցավ Ժողովրդավարության 9-րդ երեկոյան դպրոցի վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու ու շրջանավարտների հետ շփվելու էին եկել նաև քաղաքական գործիչներ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Բախշյանը և խորհրդի անդամ Գագիկ Բաղդասարյանը:

Արարողությանը ներկա էին նաև ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, Ինստիտուտի փորձագետներ՝ Ռուբեն Մեհրաբյանը և Օֆելյա Ամիրխանյանը, ինչպես նաև՝ ՄԱՀՀԻ Ժողովրդավարության նախորդ դպրոցների շրջանավարտներ, որոնք տեղում ինքնաբուխ երաժշտական կատարումներ ունեցան ներկաների համար:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ