Վրաստանի մոդել երկիր լինելն է՛լ ավելի ակնառու կդառնա մոտ ապագայում, երբ նա սկսի օգուտներ քաղել ԵՄ-ի ու նաև Չինաստանի հետ ազատ առևտրից, ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ունենալուց։ Մինչդեռ նավթի գնանկումը, արևմտյան պատժամիջոցների առկայությունն ու հետագա հնարավոր խստացումն ավելի են ծանրացնում ՌԴ-ի տնտեսական վիճակը և որևէ լավ հեռանկար չեն խոստանում դեպի ԵԱՏՄ ՀՀ-ի կատարած ընտրության առումով:

Վրաստանի ժողովուրդը Վախթանգ թագավորի արձանի տարածքից դիտում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ կազմակերպված համերգը, Թբիլիսի, 27 հունիսի, 2014թ. Լուսանկար: Վրաստանի ժողովուրդը Վախթանգ թագավորի արձանի տարածքից դիտում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ կազմակերպված համերգը, Թբիլիսի, 27 հունիսի, 2014թ.

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

⇒ Վրաստանում եվրոպականացման գործընթացի համեմատաբար հաջող ընթացքը կապված է ԱլԳ-ի պաշտոնական ձևավորումից մոտ մեկ տարի առաջ (2008թ. օգոստոսին) տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի հետ։

⇒ 2014թ. հունիսի 2-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի հանդիպման շրջանակներում Վրաստանը (Մոլդովան և Ուկրաինան նույնպես) ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման hամաձայնագիրը (ԱՀ), որը նախաստորագրել էր մոտ մեկ տարի առաջ՝ Վիլնյուսի գագաթաժողովին։

⇒ Ներկայումս Վրաստանն ԱլԳ անդամ երկրների շարքում առաջատար դիրքերում է, ինչի մասին վկայում են ԵՄ-ի հետ ԱՀ-ի ստորագրումը` ներառյալ Խորը և hամապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծումը, ինչպես նաև 2017թ. մարտին ԵՄ-ի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը։

⇒ Վրաստանի արևմտամետ դիրքորոշման ցուցիչ է նաև ՆԱՏՕ-ին անդամակցությանն ուղղված քայլերի շարունակականությունը:

⇒ Հարավային Կովկասի երկրների թվում Վրաստանը դիտարկվում է որպես մոդել երկիր՝ հաշվի առնելով ԵՄ-ի նորմատիվ ուժի հաջող յուրացումն ու ԵՄ-ի սահմանած չափանիշներին համապատասխանելը։

⇒ Սույն հետազոտության մեջ համապատասխան վերլուծություններով Վրաստանի՝ մոդել երկիր լինելու հարցի շուրջ կփորձենք գալ որոշակի եզրահանգումների։

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2008թ. oգոստոսյան պատերազմը զգալիորեն կապված էր Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ձգտումների հետ։ Այդ պատերազմը ՌԴ-ի վճռականության յուրահատուկ ուղերձ էր՝ ուղղված ոչ միայն Վրաստանին ու ԱլԳ մասնակից հետխորհրդային մյուս պետություններին,այլ նաև՝ Արևմուտքին։ ՌԴ-ում համոզված էին, որ եթե որևէ հակաքայլ չձեռնարկեն դեպի արևելք ԵՄ-ի ու հատկապես ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ, ապա այդ տարածաշրջանի երկրները, ըստ ամենայնի, մոտ ապագայում կդառնային ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամներ, և արդյունքում ՆԱՏՕ-ի զորքերը կտեղակայվեին ՌԴ-ի համար մեծ կարևորություն ունեցող սահմանակից տարածաշրջաններում: Դա է հաստատում ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի (2008-2012թթ.)՝ 2011թ. Վլադիկավկազում զինվորականների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությունը, որ «եթե 2008թ. ՌԴ-ը հապաղեր, ապա կստեղծվեր աշխարհաքաղաքական այլ դասավորվածություն, և մի շարք երկրներ, որոնց փորձում են արհեստականորեն ներքաշել ՆԱՏՕ, ըստ ամենայնի, արդեն կլինեին այնտեղ»[1]:

Մեդվեդևի խոսքերով՝ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ հետխորհրդային մյուս երկրները, որոնց ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ է ՌԴ-ը, այդպես էլ չհամալրեցին Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը (2008թ. ապրիլի սկզբին՝ օգոստոսյան պատերազմից ամիսներ առաջ, Բուխարեստում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որոշվել էր, որ Վրաստանը սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ)։

Նկատենք, որ 2008թ. պատերազմից օրեր անց՝ օգոստոսի 26-ին, ՌԴ-ը (հետագայում մի քանի այլ պետություններ ևս) ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ապա բացեց դեսպանատներ, ինչպես նաև այդ հանրապետություններում ամրապնդեց իր ռազմական ներկայությունը։ Ի պատասխան՝ 2008թ. սեպտեմբերի 2-ին Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ վերջինիս մեղադրելով իր տարածքների բռնազավթման համար։

Այս ամենին զուգահեռ Վրաստանում թե՛ հասարակական, թե՛ քաղաքական շրջանակներում հակառուսական տրամադրությունների զգալի ալիք բարձրացավ, ինչն իր հերթին պարարտ հող նախապատրաստեց ԱլԳ-ում Վրաստանիհաջող ընթացքի համար։ Ինչպես ընդգծում է վրացի փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն, ԱլԳ-ը լայնորեն ողջունվեց Վրաստանում հիմնականում այն պատճառով, որ պաշտոնապես մեկնարկեց անմիջապես 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, և, հետևաբար, դիտվում էր որպես ԵՄ-ի կողմից (իրեն բնորոշ ոճով) պատասխան ռուսական ագրեսիային[2]:

2008թ. օգոստոսյան պատերազմի ավարտին Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին հայտարարեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմից երկրի դուրս գալու մտադրության մասին՝ Ռուսաստանին մեղադրելով Վրաստանի հանդեպ ագրեսիայի և նրա տարածքները զավթելու մեջ: Օգոստոսի 14-ին Սաակաշվիլիի այդ որոշմանը սատարեց Վրաստանի խորհրդարանը, իսկ օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ-ն ԱՊՀ կազմից երկրի դուրս գալու որոշման մասին իրազեկեց կազմակերպության գործադիր կոմիտեին: Համաձայն ԱՊՀ կանոնադրության՝ նրա կազմից Վրաստանի դուրս գալը տեղի ունեցավ 12 ամիս անց՝ 2009թ. օգոստոսի 18-ին:

Related image

Այդպիսով, այդ ժամանակ ԱլԳ մասնակից երկրներից հակառուսական ամենամեծ տրամադրվածությունն իշխում էր թերևս հենց Վրաստանում, որն ԱլԳ անդամների թվում եվրոպականացման ամենամեծ ջատագովներից էր։ Սակայն Վրաստանը դեռ պետք է յուրացներ ԵՄ-ի սահմանած նորմերն ու իրականացներ համապատասխան բարեփոխումներ՝ եվրոպականացման գործընթացն առաջ մղելու համար։

 

ԱլԳ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՂԻՆ

Մինչև Վիլնյուս։ ԱլԳ-ի կազմում Վրաստանի հիմնական ձեռքբերումներն ու գրանցած արդյունքներն առնչվում են 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովին հաջորդած տարիներին։ Մինչև Վիլնյուսի գագաթաժողովը հիշատակության է արժանի 2011թ. ԵՄ-ի ու Վրաստանի միջև Վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կնքումը։ Դրան զուգահեռ էական փոփոխություններ կատարվեցին Վրաստանի ներքաղաքական կյանքում, որոնք, ի հեճուկս որոշ կանխատեսումների, Վրաստանին չշեղեցին իր նախընտրած արևմտյան ուղուց։

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարական ընտրություններում Մ. Սաակաշվիլու գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտվեց ընդդիմությանը` ի դեմս Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի։ Հարկ է ընդգծել, որ այս ընտրություններով անկախությունից հետո Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ճանապարհով  առաջին անգամ խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ։ Իսկ ուղիղ մեկ տարի անց՝ 2013թ. հոկտեմբերին, Սաակաշվիլու կուսակցության նախագահի թեկնածուն պարտվեց Վրաստանի նախագահական ընտրություններում. նախագահ ընտրվեց «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին։ Նկատենք, որ այդ մեկ տարին՝ 2012-2013թթ., համագոյակցության դժվարին շրջան էր խորհրդարանում իշխող դաշինքի ու Սաակաշվիլու համար։ Իշխանության եկած «Վրացական երազանքը» հայտարարեց, որ շարունակելու է երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը դեպի Արևմուտք, բայց դրա հետ մեկտեղ ընդգծեց, որ կողմ է ՌԴ-ի հետ ոչ թե կոնֆլիկտային, այլ նորմալ հարաբերություններ ունենալուն։ Մինչդեռ Մ. Սաակաշվիլին աչքի էր ընկնում Ռուսաստանի իշխանությունների հասցեին սուր քննադատություններ հնչեցնելով։

Image result for Saakashvili and Ivanishvili

Վրաստանի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Մ. Սաակաշվիլու ու նրա գլխավորած ուժի պարտությունների հիմքում ընկած էին մի շարք կարևոր գործոններ.

1)  ռուս-վրացական պատերազմը և դրա հետևանքները:

2) 2006թ. մարտի 27-ից ՌԴ-ի կողմից սահմանված բեռնարգելքը վրացական գինիների ու հանքային ջրերի ներկրման վրա։ Պատկերացնելու համար Վրաստանի տնտեսական կորստի չափերն ու դրանից բխող վրաց հասարակության շրջանում առկա դժգոհությունները՝ ընդգծենք, որ 2005թ. Վրաստանից ՌԴ է արտահանվել մոտ 60 միլիոն շիշ գինի՝ վրացական գինու արտահանման 70%-ը:

3) Վրաց հասարակության շրջանում ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունը, տվյալ ոլորտում դրական փոփոխություններ տեսնելու ցանկությունը:

4) ՌԴ-ի հետ դիմակայության մեջ մտնելու պատճառով գազի ներկրման հարցում Ադրբեջանից Վրաստանի գրեթե լիակատար կախվածության մեջ ընկնելը:

5) ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասով Արևմուտքի կողմից գործնական քայլերի բացակայությունը և դրա հետևանքով վրաց հասարակության որոշ մասի հիասթափությունը:

6) 2012թ. փետրվարին Սաակաշվիլու կողմից ՌԴ-ի հետ 2000թ.-ից գործող վիզային ռեժիմի միակողմանի չեղյալ հայտարարումը, որին ՌԴ-ը չպատասխանեց նույն կերպ, ինչը նույնպես խորը հիասթափության պատճառ դարձավ և ընկալվեց որպես Սաակաշվիլու կողմից թուլության նշան։

7) 2012թ. Վրաստանի խորհրդարանական ընտրություններից ավելի քան երկու ամիս առաջ՝ օգոստոսի 22-ին, ՌԴ-ի անդամակցությունն ԱՀԿ-ին։ Հայտնի է, որ մինչ այդ Սաակաշվիլին ամեն կերպ խոչընդոտում էր այդ գործընթացին, և Վրաստանը՝ որպես ԱՀԿ անդամ, վետո էր դնում ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցությանը, սակայն ԱՄՆ-ի ճնշման ներքո ստիպված եղավ զիջել։

8) Սաակաշվիլու կողմից Բիձինա Իվանիշվիլու հանդեպ հալածանքներն այն բանից հետո, ինչ 2011թ. հոկտեմբերի 5-ին Իվանիշվիլին հայտարարեց քաղաքական պայքարի մեջ մտնելու իր պլանների մասին: Դրանից օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, Սաակաշվիլին նրան զրկեց Վրաստանի քաղաքացիությունից։

Image result for Georgian dream came to power

9) Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ` սեպտեմբերի 18-ին, վրացական բանտերում բանտարկյալներին սեռական բռնությունների ու կտտանքների ենթարկելու մասին կադրերի հրապարակումը համացանցում։ Դրանից հետո Վրաստանի մի շարք քաղաքներում (Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի, Ռուսթավի) սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջեցին պաշտպանել մարդու իրավունքները, պատժել մեղավորներին և Պատիժների իրագործման ու իրավական օժանդակության նախարար Խաթունա Կալմախելիձեի հրաժարականը։ Վերջինս հրաժարական տվեց սեպտեմբերի 19-ին, իսկ սեպտեմբերի 20-ին նրա օրինակին հետևեց Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան։ Ըստ որոշ փորձագետների՝ հենց այս կադրերի հրապարակումն է վճռորոշ ազդեցություն ունեցել ընտրությունների արդյունքների վրա՝ հարուցելով հասարակության խորը զայրույթը։  

Ընդգծենք, որ «Վրացական երազանքն» իշխանության գալուց հետո շարունակեց Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման կուրսը, քանի որ քաջ գիտակցում էր, որ վրաց ժողովրդի մեծ մասն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը՝ կողմնորոշվելով առավելապես դեպի Արևմուտք։ Վրաստանում առկա ռուսատյացությունը և ժողովրդի զգալի հատվածի արևմտամետ դիրքորոշումը Վրաստանի հանդեպ ՌԴ-ի գործողությունների հետևանքն էին։ Ստեղծված իրավիճակում «Վրացական երազանքը» քայլեր ձեռնարկեց ՌԴ-ի հետ տնտեսական և մշակութային կապերի վերականգնման ուղղությամբ։ Իսկ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը թողնվեց հետագային՝ ելնելով խնդրի բարդությունից։

Արդեն 2013թ. հունիսի կեսին «Վրացական երազանքը» վերականգնեց վրացական գինու արտահանումը դեպի ՌԴ (2007-2012թթ. վրացական գինին չի արտահանվել ՌԴ), և արդեն նոյեմբերի կեսին (ընդամենը 5 ամիս անց) ՌԴ-ը դարձավ վրացական գինու խոշորագույն  ներկրողը։ Ավելին՝ գնալով աճեցին վրացական գինու արտահանման ծավալները դեպի ՌԴ, որը շարունակեց պահպանել առաջատարի իր դերը։ 2014թ. Վրաստանից ՌԴ արտահանվեց 37.615.100 շիշ գինի, ինչը կազմում էր վրացական գինու ողջ արտահանման 63,7%-ը։ Բացի այդ 2014թ. ՌԴ վրացական գինու արտահանման ծավալը 2013թ. համեմատ աճեց 63,5%-ով։

Image result for Georgian wine and Russian market

Ի դեպ, ժամանակին Սաակաշվիլին մի կողմից պնդում էր, որ ռուսական բեռնարգելքն օգնել է բարձրացնել վրացական գինու որակն ու նվաճել նոր շուկաներ, մյուս կողմից էլ նա կանխատեսում էր, որ Վրաստանում այնքան կմեծանա զբոսաշրջիկների թիվը, որ այլևս կարիք չի լինի արտահանել գինին, որը կսպառվի երկրի ներսում։

«Վրացական երազանքին» հաջողվեց վերականգնել ոչ միայն վրացական գինու, այլև հանքային ջրերի ու գյուղմթերքի մատակարարումները ՌԴ, և այս հանգամանքը զգալի դեր խաղաց 2016թ. խորհրդարանական արդյունքների կանխորոշման վրա։ Չի բացառվում, որ մոտ ապագայում ՌԴ-ը կվերացնի նաև Վրաստանի քաղաքացիների համար սահմանած վիզային ռեժիմը։ «Վրացական երազանքը»-ը նաև փորձեր ձեռնարկեց ՌԴ-ին «հանգստացնելու» ԱլԳ-ում Վրաստանի ուղու մասով։ 2013թ. նոյեմբերին նորընտիր նախագահ Գ. Մարգվելաշվիլին հայտարարեց, որ ԱլԳ-ն ուղղված չէ ՌԴ-ի դեմ. «Այն մեծացնում է մեր տնտեսական բարօրությունը, անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ինչը ՌԴ-ի համար ևս օգտակար է»[3]: Եվ վրացական իշխանությունները որդեգրեցին հետևյալ քաղաքականությունը՝ ունենալ բարիդրացիական հարաբերություններ ՌԴ-ի հետ և միաժամանակ իրականացնել ԵՄ-ի կողմից սահմանված բարեփոխումների ծրագիրը։

2013թ. հունվարին Երևան կատարած այցի ընթացքում՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Վրաստանի վարչապետ Բ. Իվանիշվիլին հայտարարեց, որ Հայաստանը լավ օրինակ է ծառայում Վրաստանի համար՝ ունենալով լավ հարաբերություններ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ[4]: Սա իսկապես ուշագրավ հայտարարություն էր Վրաստանի վարչապետի կողմից, քանի որ այսօր ՀՀ-ում ու Արևմուտքում առավել ընդունված է այն մոտեցումը, որ հենց Վրաստանն է Հարավային Կովկասում մոդել երկրի օրինակը։ Մինչդեռ Վիլնյուսի գագաթաժողովից ամիսներ առաջ Հայաստանը Վրաստանի հետ գրեթե համընթաց էր քայլում, ԵՄ-ը գերազանց էր գնահատել Հայաստանի հետ ԱՀ-ի նախաստորագրմանը նախորդած 3,5 տարվա բանակցային գործընթացը, և ՀՀ-ն էլ Վրաստանի հետ նախապատրաստվում էր Վիլնյուսում նախաստորագրել ԱՀ-ը։ Արդյունքում, հայտնի դեպքերի հետևանքով ՀՀ-ը չնախաստորագրեց ԱՀ-ը, իսկ Վրաստանը նախաստորագրեց՝ Հարավային Կովկասում դառնալով առաջատար/մոդել երկիր։

Վիլնյուսից հետո։ 2013թ. նոյեմբերին՝ Վիլնյուսում ԱլԳ գագաթաժողովում, էական արդյունքներ գրանցվեցին։ Ոչ միայն Վրաստանը, այլ նաև Մոլդովան նախաստորագրեցին ԱՀ-ը։ Սա բավական շոշափելի ձեռքբերում էր թե՛ ԵՄ-ի, թե՛ նախաստորագրող երկրների համար, քանի որ ամուր հիմքեր էին ստեղծվում հետագա համագործակցության համար։ Վրաստանի իշխանությունների համար ԱՀ-ի նախաստորագրումը (հետագայում նաև ԱՀ-ի ստորագրումը) կարևորվում էր նաև երկրի տարածքային ամբողջականության խնդիրների լուծման առումով։ Այստեղ տեղին է մեջբերել 2013թ. նոյեմբերին Գ. Մարգվելաշվիլու  այն հայտարարությունը, որ ԱՀ-ը Վրաստանի փոխակերպման գլխավոր պլանն է դեպի ժամանակակից ու եվրոպական պետության. «Ասոցացումն օկուպացված Աբխազիայում ու Ցխինվալի տարածաշրջանում մեր հայրենակիցների հետ հաշտեցման և վերամիավորման բանալի է, որովհետև միայն գրավչությամբ մենք այդ տարածաշրջանները կվերադարձնենք դեպի վրացական պետություն»[5]:

Պետք է նկատել, որ ԱՀ-ի նախաստորագրման համար բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել էին Մ. Սաակաշվիլու վարչակազմի օրոք՝ ներառյալ այն բարեփոխումների իրականացումը, որոնք սահմանել էր ԵՄ-ը։ Վրաստանի նոր իշխանությունները եվրաինտեգրումը կարևոր քայլ են համարում ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, և այս առումով ԱՀ-ի նախաստորագրումը կարևոր ուղենիշ էր Վրաստանի նաև եվրաատլանտյան ձգտումների համար։ ԱՀ-ի նախաստորագրումից մոտ մեկ տարի անց՝ 2014թ. հունիսին, Բրյուսելում Վրաստանը Մոլդովայի ու Ուկրաինայի հետ միասին ստորագրեց ԱՀ-ը։

Image result for georgia signs association agreement

Իր եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանը մշտապես բողոքել է, որ լինելով ԱլԳ առաջատար երկրներից՝ ԵՄ-ի կողմից ոչ համարժեք պատասխան է ստանում՝ ի հեճուկս անդամակցության իր ձգտումների։ Եվ վրացի տարբեր պաշտոնյաներ իրենց ելույթներում մշտապես ընդգծում են այս հանգամանքը։ Այսպես, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (2013-2015թթ.) 2014թ. փետրվարին Ատլանտյան խորհրդում հայտարարեց. «Ուկրաինայում ընթացող դրամատիկ իրադարձությունների խորապատկերին ավելի ակնհայտ է դառնում, որ արտաքին հստակ ճնշումն ապակառուցողական դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև մեր երկրների՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության տեսանկյունից։ Ակնհայտ է, որ քանի դեռ ԵՄ-ն անդամակցության մասով հստակ խոստում չտա ԱլԳ առաջատար երկրներին, ուկրաինականի նման ճգնաժամերը կկրկնվեն»[6]: Եթե Ղարիբաշվիլին այս տեսակետը հայտնել էր դեռևս ԱՀ-ի ստորագրումից առաջ, ապա ԱՀ-ի ստորագրումից հետո էլ իրավիճակը շարունակում էր նույնը մնալ։ Սրա լավագույն վկայությունն է 2015թ. սեպտեմբերին Վրաստանի պաշտպանության նախարար Թ. Խիդաշելու՝ Թբիլիսիում անցկացված «Եվրոպայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ» կոնֆերանսի ժամանակ արած այն հայտարարությունը, որ ռուսական ագրեսիայի հետևանքով Վրաստանի առջև ծառացած են վիթխարի մարտահրավերներ. «Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կպատահի Վրաստանի հետ երկու, հինգ կամ տասը տարի անց։ Եթե ռուսական ագրեսիան շարունակվի, իսկ մենք այդպես էլ չդառնանք ՆԱՏՕ-ի անդամ, ապա տասը տարի անց մենք չենք ունենա ուժ՝ Դաշինքին անդամակցելու ուղղությամբ պայքարելու համար։ Մեր հանդեպ հյուսիսային հարևանի ագրեսիան Վրաստանի կենաց ու մահու հարցն է»[7]:

ԱՀ-ի ստորագրումից հետո ԱլԳ-ում Վրաստանի խոշորագույն ձեռքբերումը 2017թ. մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացումն էր ԵՄ-ի կողմից։ Սա ևս չափազանց մեծ կարևորություն ունի Վրաստանի իշխանությունների համար։ Նրանք հուսով են, որ դրա շնորհիվ կհաջողվի հասնել նրան, որ աբխազներն ու օսերը կձգտեն ձեռք բերել վրացական անձնագրեր, որպեսզի կարողանան ազատորեն մեկնել ԵՄ։

Ի դեպ, 2011թ. Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել էր, որ Վրաստանը պետք է առաջին հերթին մտածի ոչ թե Աբխազիան, այլ աբխազներին վերադարձնելու, նրանց Աբխազիայի տարածքում ձուլումից ու անհետացումից փրկելու մասին[8]: Եվ ահա ԵՄ-ի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը կարող է ոգևորություն առաջացնել աբխազների ու օսերի շրջանում՝ նրանց համար գրավիչ դարձնելով Վրաստանի քաղաքացիություն ստանալը։ Վրաստանում քաջ գիտակցում են, որ ՌԴ-ն Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչներին չի կարող առաջարկել նման հնարավորություն։ Դեռևս 2015թ. դեկտեմբերին Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին իր ելույթներից մեկում ասաց. «Ես սերտ կապեր ունեմ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հասարակությունների հետ և գիտեմ, որ մուտքի արտոնագրի ազատականացումը մեծ առավելություններ կբերի։ Ամեն տարի  300-400 մարդ վրացական անձնագիր է ստանում, և նրանց քանակը կավելանա Վրաստանի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման գործընթացի արդյունքում։ Ակնհայտ է, որ Վրաստանի եվրոպական ինտեգրումը դրականորեն կազդի վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հարաբերությունների վրա»[9]:

Image result for EU Visa free regime Georgia Abkhazia and Ossetia

Այսպիսով, ամփոփելով Վիլնյուսի գագաթաժողովին հաջորդած տարիներին Վրաստանի ձեռքբերումները՝ ակնհայտ է դառնում, որ այս երկիրը Հարավային Կովկասում առաջատար է ինչպես ԱՀ-ի ստորագրման, այնպես էլ վիզային ռեժիմի ազատականացման հարցերում։

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1. Վրաստանը նախ տուժեց իր եվրոպական ընտրության համար (2008թ. օգոստոսյան պատերազմ), ապա միայն տարիներ անց որոշակի առաջընթացի հասավ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում. ԱՀ-ի ստորագրում՝ ներառյալ ԽՀԱԱԳ-ը, ազատ վիզային ռեժիմի ստացում, Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծում։

2. Վրաստանը, չնայած այս ձեռքբերումներին, երկու ճակատում էլ (ԵՄ, ՆԱՏՕ) ձգտում է հասնել ավելիին, մասնավորապես՝ այդ կառույցներին անդամակցելուն։

3. Հստակ երևում է, որ ԱլԳ-ի հարցում ԵՄ-ի ու Վրաստանի միջև կա որոշակի թյուրըմբռնում։ Չնայած նրան, որ եվրոպական երկրների առաջնորդները, ԵՄ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԱլԳ-ը չի նախատեսում տվյալ երկրի անդամակցությունը ԵՄ-ին, Վրաստանի իշխանություններն իրենց հերթին բազմիցս ԵՄ-ի առջև դրել և դնում են իրենց երկրի անդամակցության պահանջը։ Ընդ որում՝ թե՛ ԵՄ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը հաջողեցնելու և արագացնելու համար Վրաստանի իշխանությունները շարունակ ահազանգում են ռուսական սպառնալիքի մասին՝ ընդգծելով, որ եթե երկրի անդամակցությունը տեղի չունենա շատ շուտով, ապա Վրաստանը՝ որպես ճակատային երկիր, կարող է անգամ անհետանալ քարտեզի վրայից։

4. Թե՛ ԵՄ-ը, թե՛ ՆԱՏՕ-ն շարունակում են Վրաստանին գովաբանելու, նրա համար նորանոր     հնարավորություններ ստեղծելու ու նրան մանր քայլերով ոգևորելու քաղաքականությունը, սակայն երկու կառույցն էլ ամբողջովին չեն արդարացնում Վրաստանի սպասելիքները։ 2014թ. հունիսին Սաակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանն ավելի շատ է պատրաստ ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, քան՝ Դաշինքի անդամ մի շարք երկրներ։ Մեկնաբանելով այն, որ Վրաստանը սեպտեմբերին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ստանալու է ոչ թե Դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր (MAP), այլ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանին մերձեցնելու միջոցների փաթեթ՝ Սաակաշվիլին դա նմանեցրեց «ճաշի փոխարեն չուպա-չուպս տալուն»[10]: Ակնհայտ է, որ խնդիրը կապված է ՌԴ-ին է՛լ ավելի չզայրացնելու գործոնի հետ, քանի որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չեն հանուն Վրաստանի լուրջ առճակատման մեջ մտնելու նրա հետ։

5. Արդյունքում, թեև Վրաստանն ԱլԳ-ից քաղում է առավելագույնը, սակայն դատելով վրացական կողմի հայտարարություններից՝ տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանը մնացել է կես ճանապարհին։ Առանց ԵՄ-ին անդամակցության Վրաստանը թերի է համարում իր եվրոպականացման գործընթացը։

6. Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որպեսզի պաշտպանված զգա ՌԴ-ից (ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդված)։ Սակայն ՌԴ-ի դիրքորոշումը և Վրաստանի տարածքային խնդիրները մեծ խոչընդոտ են այդ հարցում։

Image result for Georgian territorial conflicts and NATO

Անդրադառնալով աշխատանքի սկզբում մեր արծարծած այն հարցին, թե արդյոք    Վրաստանը կարո՞ղ է մոդել երկիր լինել Հարավային Կովկասի մյուս երկրների համար՝ կապված իր եվրոպական ուղու հաջող ընթացքի հետ՝ նկատենք, որ 

ա) ԵՄ-ի չափանիշներին համապատասխանող բարեփոխումների իրականացման տեսակետից, այո՛, Վրաստանն առաջատար է Հարավային Կովկասում և կարող է օրինակելի երկիր լինել։ Վերջին տարիներին միջազգային տարատեսակ վարկանիշներում Վրաստանն ավելի բարձր տեղեր է զբաղեցնում՝ ի համեմատ ՀՀ-ի ու Ադրբեջանի։ Ավելին՝ 2005թ.-ից սկսած՝ Վրաստանը բարեփոխումների իրագործման տեսանկյունից ցուցադրել է լավագույն արդյունքները համաշխարհային մասշտաբով: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հրապարակած «Doing Business 2014» («Գործարարությամբ զբաղվել») հաշվետվությունում[11],

բ) մյուս կողմից՝ Վրաստանը վերջին տարիներին երկու բևեռների որոշակի  համադրելիության տեսանկյունից ինքն է օրինակ վերցրել ՀՀ-ից (Բ. Իվանիշվիլու հայտարարությունը)։ Խնդիրը պարզապես երկու երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումներն են. եթե ՌԴ-ի ռազմավարական դաշնակից ՀՀ-ը շարունակում է հարաբերությունները զարգացնել նաև Արևմուտքի հետ, ապա Արևմուտքի հետ կապերը խորացնող Վրաստանը փորձում է միաժամանակ նորմալ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ (2014թ. Պ. Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ ՀՀ-ը և Վրաստանը կարող են յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում),

գ) Վրաստանը մոդել երկիր կարող է ծառայել նաև բիզնեսի համար ազատ պայմաններ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու առումով։ Եվրոպական ուղի որդեգրած Վրաստանը բիզնես միջավայրի բարելավման տեմպերով 2005-2006թթ. աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը և «Doing Business»-ի համապատասխան զեկույցում առաջադիմել է միանգամից 37 հորիզոնականով՝ 175-ից բարձրանալով մինչև 112-րդ հորիզոնական։ «Doing Business 2011» զեկույցում Վրաստանն արդեն 12-րդն էր 183 երկրից և այդ ցուցանիշով հետխորհրդային տիրույթի բացարձակ առաջատարն էր (ՀՀ-ը զբաղեցնում էր 48-րդ տեղը)[12]: Այս ամենը չէր կարող դրականորեն չազդել Վրաստանում ներդրումների ներգրավման ոլորտի վրա: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ. օտարերկրյա ուղիղ ներդրումները կազմել են 1 միլիարդ 645 միլիոն դոլար, որն ավելի քան 12 անգամ գերազանցել է Հայաստանի տնտեսությունում արված օտարերկրյա ուղիղ ներդրումները (130.4 միլիոն դոլար)[13]:

դ)  Վրաստանն ուսանելի օրինակ կարող է հանդիսանալ նաև ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման առումով։ Նկատենք, որ եթե ՀՀ-ը նախընտրել է ԵԱՏՄ-ը (170 միլիոնանոց շուկա), ապա Վրաստանը նախընտրել է ԵՄ-ը (500 միլիոնանոց շուկա)։ Ի դեպ, Վրաստանը վերջերս ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել նաև Չինաստանի հետ (ավելի քան 1 միլիարդանոց շուկա), ինչը վկայում է, որ Բրյուսելի համար ընդունելի է Վրաստանի կողմից երկու տարբեր կենտրոնների (ԵՄ, Չինաստան) հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալը (և՛...և՛)։ Մինչդեռ հայտնի է, որ 2013թ. ԵՄ-ը ՀՀ-ի համար մերժեց և՛...և՛-ի տարբերակը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու առումով։ ԵՄ-ը Վրաստանի օրինակով ցույց տվեց, որ և՛...և՛-ի գոյությունն իրականում հնարավոր է, սակայն ոչ ԵԱՏՄ-ի մասով։ ԵՄ երկու մոտեցումների միջև տարբերության պատճառն այն է, որ Վրաստանի դեպքում խոսքը մեկ մաքսային միության և բազմակողմ ազատ առևտրի մասին է, մինդեռ Հայաստանի դեպքում՝ երկու մաքսային միությունների անհամատեղելիության: Արդյունքում Վրաստանը ձեռք բերեց 1,5 միլիարդանոց շուկա, որը գրեթե տասն անգամ գերազանցում է ՀՀ-ի «նախընտրած» 170 միլիոնանոց շուկան։

Image result for Georgia China

Ընդգծենք, որ վերջին տարիներին Վրաստանն ու Չինաստանն ակտիվ առևտուր են իրականացնում, Չինաստանը դարձել է Վրաստանի 4-րդ խոշոր առևտրային գործընկերը։ Չինաստանը չափազանց կարևոր առևտրային գործընկեր է հատկապես վրացական գինու համար, ավելին՝ Չինաստանում վերջերս բացվել են «Վրացական գինու տներ», և Չինաստանը նախորդ տարի դարձել է վրացական գինու արտահանման երրորդ խոշոր շուկան ՌԴ-ից և Ուկրաինայից հետո։ 2016թ. Վրաստանից Չինաստան գինու արտահանման ծավալը կազմել է 5.3 միլիոն շիշ, ինչը 98%-ով գերազանցում է 2015թ. ցուցանիշը (2016թ. Վրաստանից Ուկրաինա է արտահանվել 5.8 միլիոն շիշ գինի)[14]: Ավելին, 2017թ. առաջին եռամսյակի ցուցանիշներով Չինաստանն (2.39 միլիոն շիշ) արդեն գերազանցել է Ուկրաինային (1.87 միլիոն շիշ) և դուրս եկել երկրորդ տեղ (գրանցելով 383% աճ)[15]:

Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ Վրաստանի մոդել երկիր լինելն է՛լ ավելի ակնառու կդառնա մոտ ապագայում, երբ Վրաստանը սկսի օգուտներ քաղել ԵՄ-ի ու նաև Չինաստանի հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալուց, ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ունենալուց։ Մինչդեռ նավթի գնանկումը, արևմտյան պատժամիջոցների առկայությունն ու հետագա հնարավոր խստացումն ավելի են ծանրացնում ՌԴ-ի տնտեսական վիճակը և որևէ լավ հեռանկար չեն խոստանում դեպի ԵԱՏՄ ՀՀ-ի կատարած ընտրության առումով (ԵՄ-ը ՀՀ-ի թիվ մեկ առևտրային գործընկերն է)։

Եվ, վերջապես, Վրաստան-ՌԴ ներկայիս հարաբերությունները կարող են որոշակիորեն ուղենշային լինել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների համար։ Ինչպես ՀՀ-ն ու Թուրքիան, այնպես էլ Վրաստանն ու ՌԴ-ը չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն այդ հանգամանքը Վրաստանին ու ՌԴ-ին չի խանգարում բաց պահելու սահմանը, հաստատելու և զարգացնելու առևտրատնտեսական հարաբերություններ։ Ի տարբերություն ՀՀ-ի ու Թուրքիայի՝ Վրաստանն ու ՌԴ-ը գիտակցել են, որ եթե որպես առաջին քայլ ընտրեին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը (Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների կարգավորումը), ապա առևտրատնտեսական կապերի հաստատման ու զարգացման հարցերը բավական կձգձգվեին։ Դրան էր ուղղված նաև «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծումը (Զուրաբ Աբաշիձե), և նրա շարունակական հանդիպումները ՌԴ-ի ներկայացուցչի հետ (Գրիգորի Կարասին)։ 2-3 ամիսը մեկ անգամ տեղի ունեցող Աբաշիձե-Կարասին հանդիպումներում քննարկվում են հենց առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։ Ավելին, այդ հանդիպումներն ունեն ընդլայնման միտում, դրանց արդեն սկսել են մասնակցել նաև երկու երկրների Էկոնոմիկայի և տրանսպորտի, ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները։

Related image

Ի դեպ, ՀՀ-ի ու Թուրքիայի համար ուսանելի կարող է լինել նաև այն, որ 2008թ. ՌԴ-ի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից ամիսներ անց՝ 2009թ. մարտին, պաշտոնապես բացվեցին Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործող ՌԴ-ի շահերի և ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործող Վրաստանի շահերի սեկցիաներ։ Սա միտված էր նրան, որ երկու երկրների քաղաքացիներն անպաշտպան չմնան թե՛ Վրաստանում, թե՛ ՌԴ-ում։

Վրաստանն ու ՌԴ-ը փոխադարձ հարաբերությունները կարգավորելու հարցում որդեգրել են փոքր քայլերով առաջ գնալու մարտավարությունը, ինչն իրենց հարաբերությունները կարգավորելիս կարող են կիրառել նաև ՀՀ-ն ու Թուրքիան։

 

ՀՂՈՒՄՆԵՐ


[12] A World Bank Group Flagship Report, DOING BUSINESS 2017,  Equal Opportunity for All, 14th edition, International Bank for Reconstruction and Development / The World Bank, 2017

[15] Экспорт грузинского вина в январе-марте вырос на 85%, Новости-Грузия, 05.04.2017

 

Հետազոտությունը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Հետք», «Առավոտ», «shafaqna.com», «Ա1»«168 ժամ»

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)