Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը հենց Հայաստանից արտագաղթի կասեցումն է, քանի որ այն իրական վտանգ է պարունակում՝ Հայաստանը դարձնելով տնտեսապես անմրցունակ, անհեռանկարային, պաշտպանական պոտենցիալից և զարգացման ծրագրերից զուրկ պետություն: 

Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի մուտքը, Երևան Լուսանկար: Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի մուտքը, Երևան

Արտակ Մարկոսյան, Պ.գ.թ., ժողովրդագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Անկախությունից 26 տարի անց էլ Հայաստանը բախվում է արտագաղթի հիմնախնդրին: Չնայած անցել են դժվար ու ցրտաշունչ 90-ականները, սակայն հենց անկախության սկզբնամասում սկիզբ առած արտագաղթը ոչ միայն կանգ չի առնում, այլև սպառնում է վերածվելու ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգի, որը հարցականի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կենսունակության և կայուն զարգացման ընթացքը:

Այսօր ՀՀ համար առավել վտանգավոր է մշտական միգրացիայի առկայությունը: Ընտանիքներով միգրացիան, ընդ որում՝ մեկնողների մեծամասնությունը վերարտադրողական տարիքի, աշխատող երիտասարդներ են, բարդացնում է առանց այն էլ վատ իրավիճակում հայտնված բնակչության ժողովրդագրական պատկերը: Նվազող ծնելիության և աճող մահացության պայմաններում այն ավելի է արագացնում ՀՀ բնակչության ծերացումը և նպաստում թվաքանակի պակասելուն:  

Մյուս կողմից էլ ժամանակավոր աշխատանքային միգրացիան, թեև տարիների ընթացքում նպաստել է սոցիալական լարվածության մեղմացմանը և այդպես էլ լուծում չստացած բարձր գործազրկության պայմաններում հնարավորություն է ընձեռել դրսից ուղարկվող տրանսֆերտների օգնությամբ լուծելու բնակչության մոտ 20 տոկոսի կենսապահովման խնդիրները, սակայն այն ևս սպառվելու վրա է: Դա է վկայում նաև վերջին տարիներին նվազող դրամական փոխանցումների դինամիկան: Եթե 2013թ. բանկային փոխանցումների միջոցով Հայաստան է ներհոսել 2 մլրդ 302 մլն դոլար, ապա 2016թ. այդ ցուցանիշը նվազել է մինչև 1 մլրդ 650 մլն-ով:

Անցած 25 տարիների ընթացքում լուծում չստացավ կանոնակարգված աշխատանքային միգրացիայի կազմակերպումը: Այդպիսի վառ օրինակ է այսօր զարգացած տնտեսություն դարձած Հարավային Կորեան, որն անցյալ դարի 60-70ական թվականներին բախվում էր մասսայական միգրացիայի հիմնախնդրին: Սակայն պետության կողմից պայմանագրային հիմունքներով աշխատուժի արտահանման շնորհիվ Հարավային Կորեան ոչ միայն չդարձավ միայն աշխատուժ արտահանող երկիր, այլև դրսում աշխատելով, այնուհետև ստացած գիտելիքներն իրենց երկրում կիրառելով՝ դարձավ աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիական երկրներից մեկը: Իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտներն այդպես էլ չդարձան հավելյալ արժեք ստեղծող գործիքներ, այլ միայն նպաստեցին սպառողական հասարակության  և մոնոպոլիստական տնտեսության զարգացմանը:

Պետական մակարդակով միգրացիայի կանխարգելման և կանոնակարգման վերաբերյալ մինչ օրս էլ բացակայում է հստակ քաղաքականությունը: Չնայած ընդունված տարատեսակ ծրագրերին և միջոցառումներին՝ դրանց արդյունքը որևէ էական ազդեցություն չի գործել ՀՀ միգրացիոն գործընթացների վրա, իսկ դա էլ ավելի է խորացնում և դժվարացնում դրանց հետագա լուծման ուղիները:

 

1. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹԹ. - 20-ՐԴ ԴԱՐԻ 80-ԱԿԱՆ ԹԹ.

XVIII և XIX դարերի սահմանագծում արդի Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ, որը բացասաբար անդրադարձավ հայ բնակչության թվի և կազմի շարժընթացի վրա: Մինչև 1828թ. Արևելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը միացվեց Ռուսաստանին, որը դրական ազդեցություն ունեցավ հայ բնակչության համար։ Վերջինս ոչ միայն փրկվեց ֆիզիկական ոչնչացումից, այլև Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայեր ներգաղթեցին Արևելյան Հայաստան և հարակից տարածքներ՝ շոշափելի ազդեցություն թողնելով հայերի թվի ավելացման ու տեսակարար կշռի բարձրացման վրա: XIX դարի վերջերին և XX դարի սկզբին Անդրկովկասի խոշոր քաղաքներում, հատկապես Թիֆլիսում և Բաքվում գործող արդյունաբերական ձեռնարկություններն աշխատուժի մեծ կարիք ունեին: Այս հանգամանքը պայմանավորեց արտագնացության աշխուժացումն ու ծավալումը։ Մասնավորապես Արևելյան Հայաստանի հյուսիսային և հարավարևելյան շրջաններից զգալի արտահոսք սկսվեց դեպի նշված քաղաքները[1]։

Արևելյան Հայաստանի և ընդհանրապես ամբողջ հայության համար առանձնապես աղետաբեր եղավ Առաջին աշխարհամարտը, որը հայ ժողովրդին մեծ տառապանքներ և մարդկային ու նյութական հսկայական մեծ կորուստներ պատճառեց: 1920թ. Հայաստանը թալանված և ավերված երկիր էր, որտեղ մոլեգնում էին սովն ու համաճարակը: Եվ չնայած երկիրը հեղեղված էր Եղեռնից հրաշքով փրկված հարյուր հազարավոր գաղթականներով` 1913թ. Հայաստանի բնակչության թիվը (1 մլն) վերականգնվեց միայն 1930թ.:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը և 70-ամյա դրական ընթացքը հնարավորություն ընձեռեցին աշխարհով մեկ սփռված հայությանը 20-60-ական թվականներին վերադառնալ և բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում։[2] Սփյուռքահայերի հայրենադարձությանը զուգընթաց 60-80-ական թվականներին նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանի և Վրաստանի հայաշատ բնակավայրերից, սկիզբ առավ հայերի հոսքը դեպի Հայաստան, ընդ որում՝ ներգաղթողների մեծ մասը երիտասարդ և աշխատունակ մարդիկ էին:

Աշխարհասփյուռ հայության մի մասի ներգաղթի և բնական աճի բարձր տեմպերը նպաստեցին նրան, որ 1959-1979թթ. Հայաստանի բնակչությունն ավելացել է 1,7 անգամ` 1.763.048-ից հասնելով 3.037.873 մարդու:[3]

Ի տարբերություն զարգացման նախորդ փուլի` ներքին տեղաշարժերը դարձան հիմնական և գերակշռող Խորհրդային Հայաստանում: Քաղաքների աճը և արդյունաբերության բուռն զարգացումն աշխատուժի մեծ կարիք ունեին: Քանի որ արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացված էին հիմնականում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ուստի հանրապետության այլ շրջաններից սկսվեց բնակչության արտահոսք դեպի նշված կենտրոնները: Չնայած հետագայում արդյունաբերության աշխարհագրությունն ընդլայնվեց, և որոշ չափով կրճատվեց արտահոսքը, սակայն բավական մեծ էին գյուղական բնակչության արտահոսքի չափերը, ընդ որում՝ հեռանում էին հիմնականում երիտասարդները, ինչը բացասաբար էր անդրադառնում ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այնպես էլ սահմանափակվում էին գյուղական բնակչության վերարտադրության հնարավորությունները:

1980-ական թվականներին ՀՀ-ում նկատվող սոցիալ-տնտեսական պայմանների դժվարություններին և լճացմանը զուգընթաց՝ ներգաղթը զգալիորեն կրճատվեց, սակայն ավելացավ մեկնողների տեսակարար կշիռը, որի արդյունքում 1980-88թթ. միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմեց 114.800 մարդ։[4] Այդ տեղաշարժերը կրում էին ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ: Տեղաշարժերի ակտիվացման պատճառներից կարելի է համարել նաև այն, որ 1987թ. հանրապետության աշխատունակ բնակչության մոտ 20%-ը զբաղված չէր հանրային արտադրությամբ: Դա բացատրվում էր այն հանգամանքով, որ 1979թ. նկատմամբ 1989թ. 25-39 տարեկան մարդկանց թիվն ավելացել էր 7,5%-ով, որը հավելյալ ծանրաբեռնվածություն էր ստեղծել հանրապետության աշխատաշուկայում, և սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը դրդում էր նրանց աշխատանք փնտրել հանրապետության սահմաններից դուրս:[5]

Տեղաշարժերի վրա բացասական ազդեցություն թողեց այն հանգամանքը, որ 1988թ. դեկտեմբերյան աղետից հետո անօթևան մնացած մոտ 200 հազար մարդ տեղափոխվեց Խորհրդային Միության նախկին հանրապետություններ, մասնավորապես՝ Ռուսաստան։ Ընդ որում՝ մեկնողների 20%-ն այդպես էլ չվերադարձավ Հայաստան։[6]

Չկարողանալով զսպել արցախահայության օրեցօր ծավալվող ազատագրական պայքարը` Ադրբեջանի իշխանությունները որդեգրեցին հայերի ջարդի՝ իրենց ավանդական քաղաքականությունը, որի հետևանքով Ադրբեջանի ամբողջ հայ բնակչությունը` մոտ 350 հազար մարդ,[7] բռնի տեղահանվեց և հիմնականում ապաստանեց Հայաստանում։ Միևնույն ժամանակ Հայաստանից արտագաղթեց 160 հազար ադրբեջանցի: Պետք է նշել, որ ներգաղթի արդյունքում Հայաստանը որոշակի ժամանակահատվածում ունեցավ բնակչության մեխանիկական աճ` միգրացիոն դրական հաշվեկշռի արդյունքում: Նշենք, որ բռնագաղթածների մոտ 50%-ն անաշխատունակ, խնամքի կարիք ունեցող մարդիկ էին։ Առանձնապես մեծ էր կանանց թիվը` շուրջ 56%:

Հատկանշական է, որ եթե Հայաստան ներգաղթած հայերի մոտ 80%-ը քաղաքաբնակ էր, ապա գյուղաբնակ էր հեռացած ադրբեջանցիների 90%-ը: Բնականաբար ներգաղթած հայ բնակչությունը չէր կարող լիարժեք փոխարինել Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին, ինչի հետևանքով հանրապետությունում սրվեցին ու խորացան արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման ու արդյունավետ օգտագործման, բնակչության զբաղվածության բնագավառում գոյություն ունեցող հակասությունները: Չլուծվեցին նաև նրանց բնակարանային խնդիրները:

Ի լրումն Ադրբեջանից հեռացած հայ փախստականների`1991թ. Աբխազիայից 6 հազար հայեր ևս ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստանել Հայաստանում։ Ընդհանուր առմամբ, 1988-1991թթ. Հայաստանն ընդունեց 420 հազար հայ փախստականների:[8]

Խորհրդային համակարգի փլուզման, Արցախի ազատագրական շարժման, Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքով ստեղծված անկայուն քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը խթանեց 1991թ. սկսված ՀՀ մշտական բնակչության արտագաղթի ակտիվացումը, ինչը դեռևս զանգվածային բնույթ չէր կրում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում բարձր որակավորում ունեցող մասնագետները, ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև ապագայի նկատմամբ թերահավատ մարդիկ:

 

2. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 1992-1994ԹԹ. ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՈՒ ԿԱԶՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ

1992-1994թթ. ՀՀ բնակչության տեղաշարժերը, սոցիալ-տնտեսական (տնտեսության վերափոխում, շրջափակում, նախկին ժողովրդատնտեսական համակարգի փլուզում, որպես դրա հետևանք՝ զանգվածային գործազրկություն, էներգետիկ ճգնաժամ, կենսամակարդակի շեշտակի անկում) և քաղաքական (ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում) գործոններով պայմանավորված, ընդունեցին զանգվածային բնույթ:

Այս փուլում մեկնողների և ժամանողների ճշգրիտ թիվը որոշելը բավական դժվար էր, քանի որ մեկնողների մեծ մասը դուրս չէր գրվում հաշվառումից: Զանգվածային արտագաղթի հետևանքով ժամանակավոր կամ մշտական հեռացածների միակ, սակայն ոչ բավարար աղբյուր էին մնում քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալները, ըստ որոնց՝ 1992-1994թթ. հանրապետության միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել էր մոտ 494,5 հազար մարդ։[9] Պետք է նշել, սակայն, որ արտագաղթողների որոշակի մասը մեկնում էր ավտոտրանսպորտով և Երևան-Թբիլիսի գործող երկաթգծով, սակայն նրանց թիվը չէր հաշվարկվում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականները:

Ինչ վերաբերվում է արտագաղթի ուղղություններին, ապա մեկնողների գերակշիռ մասը` 90%-ը, ընտրում էր նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, առանձնապես՝ Ռուսաստանը, իսկ 10%-ը` հիմնականում ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունաստանը և այլն։[10] Հայաստանից մեկնողների մեջ գերակշռում էին միայնակները` 55%, իսկ ընտանիքներով մեկնողների թիվը 45% էր: Միայնակ մեկնողների մեծ մասն արական սեռի վերարտադրողական և աշխատունակ տարիքի նեկայացուցիչներ էին: Ինչպես ցույց տվեց 1993-94թթ. Հայաստանի բնակչության սեռատարիքային կազմի վերլուծությունը, զանգվածային արտագաղթի հետևանքով 25-44 տարեկան կանայք մոտ 11%-ով ավելի էին տղամարդկանցից: Զանգվածային արտագաղթի հետևանքով 1993-1994թթ. հանրապետությունում գրանցվեց ծնունդների աննախադեպ անկում` 28%, բնական աճը նվազեց 41%-ով։[11] Զանգվածային արտագաղթին զուգընթաց` Հայաստանում ակտիվ կերպով ընթանում էին ներհանրապետական տեղաշարժեր, որոնք ունեին իրենց շարժառիթներն ու առանձնահատկությունները:

Ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից ՀՀ մարզերի (Տավուշ, Սյունիք) և Լեռնային Ղարաբաղի բնակիչները` մոտ 117 հազար մարդ, ստիպված էր տեղափոխվել հանրապետության այլ մարզեր, ընդ որում՝ նրանց մի մասը հրադադարից հետո վերադարձավ նախկին բնակավայրերը, իսկ մյուս մասը կամ մնաց նոր բնակության վայրում, կամ արտագաղթեց:

Տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած զանգվածային գործազրկությունը նախկին քաղաքաբնակների որոշ մասին ստիպեց վերադառնալ իրենց հայրենի գյուղերը` զբաղվելու հողագործությամբ կամ անասնապահությամբ: Սակայն քաղաքից գյուղ այս տեղաշարժերը 1995թ. հետո, ըստ էության, դադարեցին: Բնակչության ներհանրապետական տեղաշարժերի մյուս տարատեսակը հանրապետության համեմատաբար նոսր բնակեցված լեռնային և նախալեռնային շրջաններից, ինչպես նաև աղետի գոտու բնակավայրերից տեղի ունեցած արտահոսքն էր, որի արդյունքում 90-100 հազար մարդ տեղափոխվեց առանց այն էլ խիտ բնակեցված մայրաքաղաք ու Արարատյան դաշտի բնակավայրեր։[12]

 

3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1995-2001ԹԹ.

1995թ. զանգվածային արտագաղթը սկսեց նվազել, որը պայմանավորված էր քաղաքական և մասամբ սոցիալ-կենցաղային խնդիրների բարելավմամբ: Որոշակիորեն փոխվեց նաև արտագաղթի բնույթը. այն սկսեց կրել զուտ տնտեսական բնույթ, և մեկնողները հիմնականում գնում էին արտագնա աշխատանքի: 1995թ. տվյալներով Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերից և Երևանից մեկնողների միջին թիվը գրեթե 2 անգամ ավելի էր հանրապետության մյուս մարզերի միջինից: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախկինում այդ մարզերում էր կենտրոնացված հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը։ Նրանց անգործությունը, ինչպես նաև մեծ չափերի հասնող գործազրկությունը ստիպում էր հատկապես քաղաքների` Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Ալավերդու, Աբովյանի բնակիչներին բռնել արտագաղթի ճանապարհը:

1996թ. համեմատ 1997թ. հանրապետության մարզերից մեկնողների թիվը զգալիորեն ավելանում է, ընդ որում՝ ամենամեծ աճը գրանցվել էր Երևանում` 2,4, Արմավիրում՝ 2,1 և Արարատում՝ 2,6 անգամ, որի հետևանքով նախորդ տարվա համեմատ միգրացիայի բացասական հաշվեկշիռը մեծանում է 23%-ով: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ եթե նախկինում արտագաղթի հիմնական նպատակը դրսում աշխատելն էր և Հայաստանում մնացած ընտանիքներին ապահովելը, ապա արտերկրում հիմնական աշխատանք և գոյության այլ միջոցներ գտնելով՝ ընտանիքներին տանում են իրենց մոտ: Ակնհայտ է, որ այս հարցում կարևոր գործոններ էին հանդիսացել սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ոչ բավարար բարձր տեմպերը, հասարակությունում ձևավորված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, իրադրության արագ շտկման հույսի կորուստը և այլ հանգամանքներ:

Հանրապետության մարզերի բնակչության տեղաշարժերի վերլուծությունը նաև ցույց տվեց, որ 1995թ. համեմատ 1997թ. արտագաղթի բնույթում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: Եթե 1992-1994թթ. հանրապետության գյուղական բնակավայրերից արտահոսքն այնքան էլ մեծ չէր, ապա 1997թ. այն զգալիորեն ավելացավ:

1998թ. համեմատ 2001թ. հանրապետության միգրացիայի բացասական հաշվեկշիռն աճում է 1,8 անգամ, որն առավելապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ զգալիորեն նվազել էր Հայաստան վերադարձողների և, ընդհակառակը, աճել մեկնողների թիվը: Ընդհանուր առմամբ, 1995թ. համեմատ 2001թ. Հայաստանի Հանրապետություն վերադարձողների թիվը կրճատվել էր 2 անգամ:

1998-2001թթ. մարզերի բնակչության արտագաղթի վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է մինչև 16 տարեկան մեկնողների թիվը, իսկ դա վկայում է, որ արտաքին միգրացիոն հոսքերը ձևավորող գործոնների շարքում սկսում են գերակայել ընտանիքների վերամիավորման նպատակով կատարվող տեղաշարժերը, ինչի արդյունքում միգրացիոն հոսքերում գերակշռում են ոչ թե ժամանակավոր արտագնա աշխատանքի, այլ մշտական աշխատանքի մեկնողները (ներառյալ` կանայք և անչափահաս երեխաները): Նշենք, որ միայն 2000-2001թթ. Հայաստանից միգրացիայի բացասական ցուցանիշը կազմեց 117 հազար մարդ:[13] 1992-1994թթ. հետո միգրացիայի այդպիսի մեծացումը պայմանավորված էր հատկապես 1998թ. ռուսական ռուբլու արժեզրկմամբ, որի հետևանքով ռուբլին արժեզրկվեց մոտ 5 անգամ: Արդյունքում կտրուկ նվազեցին դեպի Հայաստան եկող տրանսֆերտները, և ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների մեծ մասը Հայաստանից տարավ իրենց ընտանիքներին, ընդ որում՝ անվերադարձ:

Այսպիսով, Հայաստանի անկախության առաջին տասնամյակը կարելի է համարել զանգվածային ներհոսքի և արտահոսքի ժամանակաշրջան: 2001թ. մարդահամարը ցույց տվեց, որ 1989թ. համեմատ ՀՀ մշտական և առկա բնակչությունը պակասել էր համապատասխանաբար՝ 13 և 24 տոկոսով, կամ թվային արտահայտությամբ՝ 586.454 կամ 947.260 մարդով:[14] Զանգվածային արտագաղթի հետևանքով այդ տասնամյա ժամանակաշրջանում մեծ փոփոխությունների ենթարկվեց ՀՀ բնակչության թիվը, սեռատարիքային կազմը, բնակչության բնական վերարտադրությունը, ինչպես նաև ժողովրդագրական այլ չափորոշիչներ:

Մյուս կողմից արտակարգ իրողություններով պայմանավորված այս արտահոսքը հանդիսացավ տվյալ ժամանակահատվածի համար իրավիճակի շտկման կարևոր գործոններից մեկը: Ապահովելով ֆինանսական միջոցների նշանակալի ներհոսք՝ հնարավորություն էր ընձեռել մեղմել առկա սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամային իրավիճակը: Այն նաև կանխել էր լուրջ սոցիալական ցնցումները և թուլացրել սոցիալական լարվածության աստիճանը:

Մյուս կողմից, զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստանից հեռացավ ավելի ակտիվ և գործունյա հատվածը, նրա մեծ մասն օտարվեց Հայաստանի ներքին խնդիրներից, որն էլ պատճառ հանդիսացավ Հայաստանի արդի քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերին բնորոշ բացասական երևույթների արմատավորմանը: Հետագա տասնամյակներում դա ազդեց ինչպես ընտրախախտումների, այնպես էլ կոռուպցիայի և հովանավորչության լայն տարածման, անառողջ տնտեսական մրցակցության և մենաշնորհների առաջացման վրա:

 

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԸ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ (2002-2007ԹԹ.)

Տասնամյա բուռն միգրացիոն շրջանից հետո Հայաստանում որոշ չափով նվազել էր արտագաղթողների ներուժը: Սակայն դրան զուգահեռ Հայաստանում չէին լուծվել սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և բարձր գործազրկության, ցածր աշխատավարձերի պայմաններում բավականին արդիական էր համարվում սեզոնային կամ ժամանակավոր միգրացիայի զարգացումը Հայաստանում: Աշխատանքային միգրացիային հատկապես նպաստում էր երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը, և ամենևին պատահական չէր, որ 2002-2007թթ.  20-րդ դարի 90-ականների համեմատ երիտասարդ մարդիկ ավելի հաճախ էին մեկնում արտերկիր վաստակի: Մեկնողների մեծ մասը որպես պատճառ նշում էր ոչ միայն աշխատանքի բացակայությունը, այլև Հայաստանում վճարվող ցածր աշխատավարձը: Դրա մասին են խոսում նաև այն հետազոտությունները, որոնք փաստում էին, որ 200 հազար դրամ վաստակ ունենալու պարագայում նրանց մեծ մասը կնախընտրեր տվյալ գործն անել Հայաստանում, քան Ռուսաստանում կամ այլ երկրում:[15]

Սեզոնային միգրացիան սկզբնավորվել էր դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, երբ տարեկան 30-40 հազար հայեր մեկնում էին Ռուսաստան կամ խորհրդային միության այլ երկրներ ժամանակավոր աշխատանքի: Սակայն անկախության ժամանակաշրջանում արդեն իսկ ձևավորված այդ ավանդույթները ոչ միայն չնվազեցին, այլև սոցիալ-տնտեսական իրողություններից ելնելով՝ ավելի զարգացան և տարածվեցին: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ 2002-2007թթ. համաշխարհային  տնտեսության վերելքը, միջազգային շուկայում նավթի և գազի գների թանկացումը, նավթադոլարների հսկայական ներհոսքը ՌԴ աշխուժացրեցին այդ երկրի տնտեսությունը, և այնտեղ իրականացվող հսկայածավալ շինարարության, առևտրի զարգացման և արդյունաբերության համար մեծ քանակի աշխատուժ էր անհրաժեշտ: Աշխատանքային միգրանտները, որպես կանոն, արտագնա ժամանակավոր աշխատանքի են մեկնում գարնանը և վերադառնում տարեվերջին, բայց եթե աշխատանքային միգրանտն արտասահմանում մեկ տարուց ավելի է մնում, ապա վերադառնալու հավանականությունը նվազում է, իսկ եթե նա արտասահմանում ավելի քան 4 տարի է անցկացրել, անգամ եթե ընդմիշտ մնալու մտադրություն չունի էլ, այդ հավանականությունն ընդհանրապես նվազագույն է դառնում։

2002-2008թթ. Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց էին տալիս, որ աշխատանքային միգրացիան Հայաստանում գտնվում էր կայուն մակարդակի վրա, և տարեկան մինչև 100 հազար մարդ սեզոնային աշխատանքի էր մեկնում Հայաստանից: Մեկնողների գերակշիռ մասն ակտիվ և վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին, և նրանց 85 տոկոսի միջին տարիքը 21-50 տարեկանն էր:

Սեզոնային աշխատանքների մեկնողների համար հիմնական աշխատանքային երկիր էր հանդիսանում ՌԴ, որտեղ հանգրվանում էր մեկնողների 80 տոկոսը, ԱՊՀ այլ երկրներ էին մեկնում 5, եվրոպական երկրներ՝ 10, իսկ ԱՄՆ՝ 5 տոկոսը: ՌԴ մեկնող հայ աշխատանքային միգրանտների 57 տոկոսը ներգրավված էր շինարարության բնագավառում, 15-ը՝ առևտրում, 10-ը՝ արդյունաբերությունում: Ուսումնասիրությունները ցույց էին տալիս նաև, որ հայ միգրանտների միջին աշխատավարձը կազմում էր ամսական 643 դոլար:[16]

2002-2007թթ. Հայաստանի միգրացիոն առանձնահատկություններից էր նաև այն հանգամանքը, որ տնտեսական բարվոք պայմանների, մեծ չափերի հասնող դրամական տրանսֆերտների խորապատկերին այդ տարիներին արձանագրվում էին միգրացիոն հոսքերի նվազ բացասական ցուցանիշներ, իսկ 2004-2006թթ. արձանագրվեց դրական միգրացիոն սալդո:

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին ուղևորաշրջանառությունը 2002-2008թթ. (հազ. մարդ)[17]

Տարի

Ժամանում

Մեկնում

Միգրացիոն Սալդո

Ընդհանուր

Ուղևորահոսք

Աճ/նվազում

%

2002

590,7

593,4

-2,7

1184,0

110,0

2003

618,3

628,5

-10,2

1246,9

105,3

2004

739,9

737,8

2,1

1477,7

118,5

2005

845,8

833,3

12,5

1679,2

113,6

2006

983,7

962,0

21,8

1945,7

115,9

2007

1293,6

1296,8

-3,2

2590,3

133,1

2008

1397,2

1420,2

-23,1

2817,4

108,8

Ինչպես երևում է աղյուսակից, 2004-2006թթ. Հայաստանն արտաքին ուղևորահոսքերի դրական սալդո է արձանագրել, և դրա բարձրակետը 2006թ. էր: Սակայն, պետք է նշել, որ 2006-2007թթ., նաև 2002թ.-ից սկսած տնտեսական բարձր աճի ավարտն էր, որին հետևեցին 2008թ. խնդրահարույց նախագահական ընտրությունները, այնուհետև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը կտրուկ փոխեց Հայաստանի բնակիչների միգրացիոն վարքագիծը, և էականորեն ավելացավ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական միգրացիան:

2007թ. միգրացիայի բացասական ցուցանիշի առկայությունը կարելի է որակել տնտեսական գործընթացների համատեքստում: 2003-2007թթ.-ից սկսած ամերիկյան դոլարի կտրուկ արժեզրկումը հայկական դրամի նկատմամբ նվազեցնում էր դոլարային փոխանցումների արժեքը, իսկ 80 տոկոսանոց դոլարի արժեզրկումը զգալի էր, և Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների մի մասը սկսեց մշտական հիմունքով տանել իր ընտանիքի անդամներին, և դա 2007թ. տվյալների արտացոլումն է:

2008թ. բնակչության միգրացիոն արտահոսքը կտրուկ ավելացավ և կազմեց -23,1 հազար մարդ: Եվ քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռևս չէր սկսել, միգրացիայի բացասական ցուցանիշի այդպիսի ցատկը կրկին պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները  տնտեսական նպատակահարմարությունից ելնելով տանում էին իրենց ընտանիքներին: Միաժամանակ 2008թ. փետրվարյան նախագահական ընտրություններից հետո կտրուկ ավելացավ Հայաստանից մեկնողների թիվը, և ըստ փորձագիտական տվյալների՝ 2008թ. մարտ-ապրիլ ամիսներին 15 հազար մարդ հենց քաղաքական նկատառումներով հեռացավ Հայաստանից:[18]

Հետաքրքիր է դիտարկել նաև 2004-2008թթ. արտերկրից դրամական փոխանցումների դինամիկան, քանի որ այն ևս արտացոլում է այն պատկերը, որ աշխատանքային միգրացիայի ծավալմանը զուգընթաց աճում էին նաև Հայաստան փոխանցվող գումարները: Սակայն, պետք է նշել, որ այդ գումարների մեծ մասը ծախսվում էր մեծամասամբ սննդամթերքի, հագուստի, կենցաղային և տնային իրերի, անշարժ և շարժական գույքի ձեռքբերման, բնակարանային վերանորոգումների, և ըստ հետազոտությունների՝ միայն փոխանցվող գումարների 1-2 տոկոսն էին դառնում ներդրումային գործիքներ: Դրանք պարզապես սպառողական շուկայի զարգացմանն ուղղված դրամական փոխանցումներ էին և չէին դառնում ներդրումային գործիքներ Հայաստանում հավելյալ արժեք ստեղծելու տեսանկյունից:[19]

Աղյուսակ 2. Դրամական փոխանցումներն արտերկրից Հայաստան 2004-2008թթ. [20]

Տարի

Հազ.դոլար

2004

760,700

2005

965,287

2006

1,237,597

2007

1,742,205

2008

2,270,615

Ինչպես երևում է աղյուսակից, 2004-2008թթ. դրամական փոխանցումներն աճել էին 3 անգամ:  Սակայն այդ ժամանակահատվածում դրամը Հայաստանում դոլարի նկատմամբ արժևորվել էր 80 տոկոսով, և աճը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ մեր աշխատանքային միգրանտները ստիպված ավելի շատ գումարներ էին փոխանցում Հայաստան իրենց ընտանիքների կենսամակարդակը նորմալ վիճակում պահելու համար: Սակայն պետք է նշել, որ բանկերի միջոցով ստացվող դրամական փոխանցումները չէին արտացոլում Հայաստան ներհոսող դոլարների իրական ծավալը, քանի որ աշխատանքային միգրանտները վերադառնալիս հիմնական գումարները բերում էին կանխիկ տեսքով, և դա էականորեն մեծացնում էր դրամական զանգվածի ներհոսքը հանրապետություն:

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ ՀՀ-ՈՒՄ 2009-2012ԹԹ.

2009թ.-ից սկսած Հայաստանից միգրացիոն հոսքերի վրա էական ազդեցություն սկսեց թողնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Արդեն իսկ 2009թ. տարեսկզբին Հայաստանից կտրուկ նվազեց աշխատանքային միգրացիայի ծավալը, քանի որ ճգնաժամային սուր փուլում էր գտնվում նաև հայ միգրանտների հիմնական աշխատավայր Ռուսաստանը: Սակայն հետագայում համաշխարհային տնտեսությունում, ինչպես նաև ՌԴ-ում նկատվող տնտեսական կայունացմանը զուգընթաց Հայաստանից կրկին ակտիվացան միգրացիոն գործընթացները, քանի որ ի տարբերություն այլ երկրների՝ տնտեսական ճգնաժամն իր սուր փուլով Հայաստանում դրսևորվեց հենց 2009թ. կեսերին: Հայաստանում մեծացավ գործազրկության ցուցանիշը, և դա առավել ցայտուն էր 20-30 տարեկան երիտասարդների շրջանում: Միայն 2009թ. առաջին կիսամյակում Հայաստանում աշխատանքից զրկվեց այդ տարիքի մոտ 30 հազար մարդ, և դա ևս խթան հանդիսացավ դեպի դուրս միտված միգրացիայի ծավալմանը:[21] Իր դերն ունեցավ նաև այն սպասումների սպառումը, որը տեղի էր ունենում մինչև 2008թ.: 2009թ. Հայաստանում գրանցված 14,1 տոկոս տնտեսական անկումը ցույց տվեց, որ այդ սպասումները զուր էին, իսկ կյանքի որակի հետագա բարելավումը դժվարանալու է: Արդյունքում Հայաստանի ուղևորաշրջանառության բացասական սալդոն 2009թ. կազմեց -25 հազար մարդ:

Աղյուսակ 3. Հայաստանի Հանրապետության արտաքին ուղևորաշրջանառությունը 2009-2012 թթ. (հազ. մարդ) [22]

Տարի

Ժամանում

Մեկնում

Միգրացիոն Սալդո

Ընդհանուր

Ուղևորահոսք

ԱՃ\Նվազում

%

2009

1432,0

1457,0

-25,0

2889,0

102,5

2010

1754,2

1802,9

-46,7

3555,1

123,1

2011

1945,1

1988,9

-43,8

3934,1

110,7

2012

2191,8

2234,6

-42,8

4426,4

112,5

Ինչպես երևում է աղյուսակից, 2010թ. միգրացիայի բացասական սալդոն, ի տարբերություն 2009թ., աճել էր 1,8 անգամ: Դա առաջին հերթին պայմանավորված էր նաև այն իրողությամբ, որ Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման և ռուսական տնտեսության այն ճյուղերի աշխուժացմանը զուգահեռ, որտեղ հիմնականում ներգրավված էին Հայաստանի աշխատանքային միգրանտները, արտագաղթը կրկին ավելանում է: 2011 և 2012թթ. թեև Հայաստանից հեռացածների և ժամանածների բացասական սալդոն 2010թ. նկատմամբ համապատասխանաբար նվազել էր 6,3 և 8,4 տոկոսով, սակայն դրան առաջին հերթին նպաստել էր այն հանգամանքը, որ Սիրիական ճգնաժամի սրացման պատճառով մեր սիրահայ հայրենակիցներից մոտ 10 հազար մարդ լքել էր Սիրիան և հաստատվել Հայաստանում: Իսկ դա խոսում էր այն մասին, որ Հայաստանում արձանագրված 2011թ. ՀՆԱ-ի 4,7 տոկոս և 2012թ. արձանագված 7,2 տոկոս[23] տնտեսական աճերը բավարար չէին տնտեսությունում մեծաքանակ աշխատատեղերի ստեղծման և աշխատաշուկայի լարվածության մեղմացման տեսանկյունից:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 2013-2016ԹԹ.

Չնայած 2013թ. ՀՀ տնտեսական իրավիճակի որոշակի կայունացմանը՝ արտագաղթը Հայաստանից ոչ միայն չնվազեց, այլև ի հայտ եկան դրա մշտականի վերածվելու բավականին ցայտուն դրսևորումներ: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2013-2016թթ. ամբողջ ընթացքում ՀՀ արտաքին միգրացիոն շրջանառության բացասական մնացորդի գումարային մեծությունը կազմել է մոտ 150 հազար մարդ: Ընդ որում, այդ ցուցանիշի 53 տոկոսը կազմել են անվերադարձ մեկնած մեր հայրենակիցները կամ 150 հազարի մոտ 80 հազարը: Ընդ որում, իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ 2016թ., ի տարբերություն 2015թ., մշտական միգրացիայի ցուցանիշն աճել է 3 տոկոսով: Աշխատանքային միգրացիայի մնացորդը 2013-2016թթ. կազմել է -60 հազար մարդ կամ ընդհանուրի 40,4 տոկոսը: Նրանք այն աշխատանքային միգրանտներն են, որոնք ելակետային երկրում մնացել են 1 տարուց ավելի, իսկ այլ միգրացիոն հոսքերը կազմել են -10 հազար մարդ կամ ընդհանուր բացասական ցուցանիշի 7 տոկոսը:[24]

2014թ. Հայաստանի միգրացիոն գործընթացների վրա էական ազդեցություն գործեցին ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի միացման հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված  տնտեսական պատժամիջոցները, ինչպես նաև  համաշխարհային շուկաներում նավթի և գազի գների կտրուկ գնանկումը: 2015թ. ՀՀ հիմնական միգրացիոն գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական իրավիճակի վատթարացումը, աշխատատեղերի կրճատումը, ռուբլու մոտ 2-անգամյա արժեզրկումը, ինչպես նաև ՌԴ-ում խստացված միգրացիոն օրենսդրությունը ՀՀ աշխատանքային միգրանտների որոշ մասին ստիպեցին վերադառնալ Հայաստան, ինչպես նաև զգալի թվով պոտենցիալ միգրանտների ձեռնպահ պահեցին այնտեղ մեկնելուց: Սրա արդյունքում նաև 2016թ., ի տարբերություն 2015թ., միգրացիոն գործընթացներում ՀՀ տնային տնտեսությունների ներառվածությունը նվազել է՝ 33,8 տոկոսից հասնելով մինչև 31,6 տոկոսի:

Թեև 2013թ. միգրացիոն բացասական սալդոն, ի տարբերություն 2012թ., նվազեց 30 տոկոսով և կազմեց -31,2 մարդ, սակայն 2014թ.՝ -41,7 հազար, 2015թ.՝ -43,4 հազար և 2016թ. գրանցված -48,2 հազար միգրացիայի բացասական սալդոն հուշում է, որ միգրացիոն գործընթացները Հայաստանում էլ ավելի սուր բնույթ են ընդունում:[25] Կրկին առաջնային են դառնում աշխատանքային-տնտեսական շարժառիթներով ծրագրավորված մեկնումները, և ավելորդ չէ նշել, որ 2015թ. համեմատ 2016թ. Հայաստանից աշխատանքի նպատակով մեկնողների մասնաբաժինը 49,9 տոկոսից դարձել է 59,4 տոկոս: Առավել բարձր արտագաղթի ներուժ է ՀՀ քաղաքացի հանդիսացող 25-54 տարեկանների խումբը: Իսկ սա խոսում է այն մասին, որ 2009թ. տնտեսական ճգնաժամից 8 տարի անց էլ Հայաստանում չեն ստեղծվել տնտեսական աճի ապահովման կայուն նախադրյալներ և առավել շատ մարդիկ են Հայաստանից ներգրավվում միգրացիոն գործընթացներում:

Անցկացված հետազոտությունները նաև փաստում են, որ պոտենցիալ միգրանտներին Հայաստանից չմեկնելու համար բավարար կլիներ ամսական մոտ 300 հազար մաքուր եկամուտը, ինչը Հայաստանի անվանական 189 հազար դրամ և իրական 130 հազար դրամ աշխատավարձերին գերազանցում է համապատասխանաբար 1,6 և 2,4 անգամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում աշխատանքի առկայությունը դեռևս բավարար պայման չէ, որպեսզի մարդը չմտածի արտագաղթի մասին: Հայաստանի աշխատաշուկայի կարևոր ուղեցույց  է նաև այն հանգամանքը, որ աշխատունակ տարիքում գտնվող տասն անձից մեկի համար Հայաստանը չի հանդիսանում մշտական աշխատավայր:[26]

Մյուս կողմից խնդրահարույց է մնում այն փաստը, որ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները չկարողացան կանոնակարգել աշխատանքային միգրացիան: Քանի որ հայ միգրանտների աշխատանքային հիմնական երկիր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, չեն կնքվել և կանոնակարգվել այնպիսի պայմանագրեր, որի արդյունքում հնարավոր կլիներ կազմակերպել օրինական աշխատանքային միգրացիա: Դա կլուծեր ինչպես հայ միգրանտների աշխատանքային պաշտպանության հարցը, այնպես էլ հնարավորություն կընձեռեր այդ մարդկանց լուծելու իրենց աշխատանքային տարիների և կենսաթոշակային խնդիրները և կարևոր գործոն կհանդիսանար նրանց Հայաստանում պահելու համար:

Մտահոգիչ է այն փաստը, որ միգրացիոն տրամադրություններում ի հայտ են գալիս նոր երևույթներ: Այսպես, բարձրագույն կրթություն և միջին ու միջինից բարձր կենսամակարդակ ունեցող ունեցող ՀՀ քաղաքացիների մոտ մեծացել է արտագաղթելու հավանականությունը, որը կարող է սկիզբ հանդիսանալ նոր ուղեղների արտահոսքի համար, ինչպես տեղի ունեցավ 20-րդ դարի 90-ական թվականներին:

Բարելավման նշաններ ցույց չի տալիս նաև Հայաստանի բիզնես միջավայրը: Եվ եթե Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող գործարարները դեռևս շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանում, ապա ոչ թե բիզնեսի վարման պայմաններն են լավացել, այլ գործարարների մեծ մասին արտագաղթելու մտադրությունից հեռու է պահում հիմնականում ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալելու համար անբարենպաստ տնտեսական իրավիճակը:

Դանդաղ, սակայն հաստատուն կերպով շարունակվում է միգրացիոն արտահոսքի ծավալների աճը, որը 2015-2016թթ. կազմել է միջինում 37,5 մարդ 2012-2014թթ. 35 հազարի դիմաց: Եվ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ 2016թ. տվյալներով մոտ 24 հազար ՀՀ քաղաքացի դուրս է եկել ՀՀ բնակչության պետական ռեգիստրից  և մեկնել արտերկիր մշտական բնակության:[27] Միայն 2015թ. Հայաստանից 2500 ՀՀ քաղաքացի շահել է ամերիկյան “Գրին քարտ” և մեկնել Հայաստանից: Արևելյան Եվրոպայի երկրների ցանկում Հայաստանը 4-րդ տեղում է ամերիկյան “Գրին քարտ” խաղարկության մասնակիցների թվաքանակով (տարեկան մոտ 60 հազար մարդ):

Ի լրումն վերոնշյալի՝ ի հայտ են եկել արտագաղթի նոր տարատեսակներ: 22-30 տարեկան բազմաթիվ հայ երիտասարդներ հարսնացուներ են որոնում ՌԴ-ում և այլ երկրներում ամուսնանալու ու մշտական բնակության մեկնելու համար: Միգրացիայի մի տեսակ էլ կարող է այն դառնալ, որ վերջին 17 տարվա կտրվածքով սեռով պայմանավորված աբորտների հետևանքով ՀՀ-ում ապագայում ունենալու ենք տղաների ավելցուկ ՝ 45.000 տղա։[28] Եվ սա արտագաղթի մեծ ալիք է լինելու, քանի որ եթե տղաներն այստեղ չկարողանան ամուսնանալ, ապա, բնականաբար, հայացք պետք է ոււղղեն այլ երկրներ։ Եթե միգրացիայի  այլ դրդապատճառներ էլ չլինեն, սա միգրացիայի ամենավառ օրինակներից մեկն է լինելու։

Սակայն 2014թ.-ից հետո մշտական մեկնողների թվաքանակի վրա ամենամեծ ազդեցությունը թողեց նավթի գների անկմամբ և պատժամիջոցներով պայմանավորված ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը: ՌԴ-ում բիզնես և այլ աշխատանքային գործունեություն ծավալող հայ միգրանտները 2015թ.-ից սկսած մշտական բնակության են տանում իրենց ընտանիքներին, քանի որ դա տնտեսապես ավելի շահավետ է, և երկրորդ՝ մարդկանց մոտ մարել են Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավման հույսերը:

Եվ այս ամենին զուգահեռ անիրական և ժամանակավրեպ են այն ծրագրերը, որոնցով նախատեսվում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ներգաղթ կազմակերպել և դրանով 2040թ. Հայաստանում բնակչության թիվը դարձնել 4 մլն:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը հենց Հայաստանից արտագաղթի կասեցումն է, քանի որ այն իրական վտանգ է պարունակում Հայաստանը դարձնել տնտեսապես անմրցունակ, անհեռանկարային, պաշտպանական պոտենցիալից և զարգացման ծրագրերից զուրկ պետություն: Բոլոր դեպքերում արտագաղթն անվերջ չի կարող շարունակվել, բայց որքան շուտ կանգ առնի, այնքան ավելի լավ: Սակայն դրա համար անհրաժեշտ է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը, բարեփոխել դատական և արդարադատության համակարգերը, հաստատել օրենքի գերակայություն, վերացնել մոնոպոլիաները և ազատականացնել բիզնես միջավայրը:


 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ


[1] Սարգսյան Հ., Երևանի նահանգի բնակչությունը 50 տարում (1850-1900) , Բանբեր Երևանի Համալսարանի, թիվ 1, էջ 114:

[2] Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1987թ., էջ 190:

[3] Итоги всесоюзной переписи населения 1959г., Армянская ССР, ЦСУ, М., 1963, стр. 5

[4] Армения в цифрах в 1988 году, Госкомстат Арм. ССР, Ер., 1989, стр. 22

[5] Социальное развитие и уровень жизни населения Арм. ССР, Статистический сборник, том 1., Ер.,1989, стр. 20

[6] Ազիզբեկյան Ռ., Գեղամյան Գ., Հայաստանը 1960-80-ական թթ., Երևան, 1993թ., էջ 60:

[7] Ադրբեջանից ժամանած փախստականների թվաքանակը 1988-1999թթ., Երևան, 2000թ., էջ 8:

[8] Բնակչության միգրացիայի կարգավորման պետական հայեցակարգը ՀՀ-ում, ՀՀ միգրացիայի և փախստականների վարչություն, Երևան, 2000թ., էջ 5:

[9] Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ուղևորների հաշվառման տվյալների

[10] Անձնագրերի և վիզաների վարչության տվյալներ այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հեռավոր արտասահման մեկնելու թույլտվություն են ստացել և ովքեր հեռավոր արտասահմանից Հայաստան են ժամանել:

[11] Статистический ежегодник Армении 1993-1994г., Ер., 1995, стр. 16

[12] Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը ՀՀ-ում, Երևան, 2000թ., էջ 8:

[13] Ըստ Միգրացիայի և փախստականների վարչության տվյալների

[14] Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքները (ՀՀ ցուցանիշներ), Մաս 1, Երևան, 2003, էջ 213:

[15] Միգրացիա և զարգացում, Հայաստանում առկա իրավիճակի ուսումնասիրություն, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, 2009թ., էջ 40-41:

[16] ՀՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտություն, UNFPA, Երևան, 2007թ., էջ 11:

[17] ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Միգրացիոն պետական ծառայություն

[18] Միգրացիա և մարդկային զարգացում, հնարավորություններ և մարտահրավերներ, Հայաստան, Երևան, 2009թ.:

[19] Մարդկային զարգացման ազգային զեկույց 2009, UNDP, Երևան, 2010թ., էջ 32:

[20] Համաշխարհային բանկ, Միգրացիան և դրամական փոխանցումները, ՄԱԶԾ, Երևան, էջ 47-48:

[22] ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Միգրացիոն պետական ծառայություն

[23] ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ամփոփ զեկույց, Երևան, 2013թ.:

[24] ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա (2015-2017թթ.) մշտադիտարկում, Երևան 2016թ. Էջ 7:

[25] ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Միգրացիոն պետական ծառայություն 

[26] ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա՝ 2015-2017թթ. մշտադիտարկում, Երևան, 2016թ., էջ 10:

[27] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը 2016թ. հունվար-դեկտեմբերին, ԱՎԾ, 2017թ., էջ 5:

[28] Ըստ ՄԱԿ-ի Հայաստանի բնակչության հիմնադրամի տվյալների

 

Հետազոտությունը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Լրագիր»,  «Առավոտ»,  «A1.AM», «A1plus», «Հետք», «168.am»

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)