Հակակառավարական ցուցարարները պետական դրոշով՝ Կիևի Անկախության հրապարակում (Մայդան), լուսանկարը՝ Reuters-ի
Հեղինակ: Անի Եղիազարյան

Թեմաներ: Առեւտուր, տնտեսություն և կայուն զարգացում, Էներգետիկա, պաշարներ և տեխնոլոգիաներ, Պետականաշինություն, կառավարում և քաղաքականություններ, Տարածաշրջանային և միջազգային անվտանգություն, Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրինականություն, Միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, Միջազգային տնտեսություն և կառավարում, Զինված հակամարտություններ և միջէթնիկական լարվածություն,
Տարածաշրջաններ: Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա, Ռուսաստան և Եվրասիա,
Programs: Առաջնորդություն, որոշումների ընդունում և անվտանգություն, Արտաքին քաղաքականություն, խաղաղաշինություն և անվտանգություն , Սոցիալական/հումանիտար զարգացումներ և անվտանգություն, Տնտեսական զարգացումներ և անվտանգություն, Ռազմական զարգացումներ և անվտանգություն, Քաղաքական զարգացումներ և կայունություն,
Տեսակներ: ՄԱՀՀԻ հետազոտություն և թեմատիկ զեկույց,

2013թ. Մայդանի իրադարձություններին հաջորդող տարիներին Ուկրաինան ունեցավ թե՛ կորուստներ, թե՛ ձեռքբերումներ։ Սակայն մի բան ակնհայտ է. Ուկրաինան այսօր հաստատուն քայլերով առաջ է ընթանում՝ հասնելով տնտեսական նորանոր ձեռքբերումների և տնտեսությունը դարձնելով բազմավեկտոր ու դիվերսիֆիկացված։

Հակակառավարական ցուցարարները պետական դրոշով՝ Կիևի Անկախության հրապարակում (Մայդան), լուսանկարը՝ Reuters-ի Լուսանկար: Հակակառավարական ցուցարարները պետական դրոշով՝ Կիևի Անկախության հրապարակում (Մայդան), լուսանկարը՝ Reuters-ի

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • 2014թ. ՌԴ-ի ագրեսիայի հետևանքով Ուկրաինան ունեցավ տարածքային կորուստներ՝ զրկվելով տնտեսական հզորության ավելի քան 20%-ից։
  • 2014թ. Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով ավերվեցին բազում ենթակառուցվածքներ՝ զգալի վնաս պատճառելով երկրի տնտեսությանը։
  • 2014թ. Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում ՌԴ-ը դադարեց լինել Ուկրաինայի թիվ մեկ առևտրային գործընկերը՝ իր տեղը զիջելով ԵՄ-ին։
  • Թեև Ռուսաստանի հետ Ուկրաինայի ապրանքաշրջանառության խոշոր անկումը ներկայումս դեռ չի փոխհատուցվում ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառության առկա որոշակի աճով, այնուամենայնիվ, դա միայն ժամանակի հարց է։
  • 2014թ. իշխանափոխությունից հետո Ուկրաինան վերացրել է ռուսական գազից ունեցած մեծ կախվածությունը, ընդ որում՝ սկսել է Եվրոպայից գազ ներկրել շատ ավելի էժան գնով՝ համեմատած 2012-2014թթ. ՌԴ-ից գնած գազի գնի հետ։
  • 2013թ. Մայդանի իրադարձություններին հաջորդող տարիներին Ուկրաինան ունեցավ թե՛ կորուստներ, թե՛ ձեռքբերումներ։ Սակայն մի բան ակնհայտ է. Ուկրաինան այսօր հաստատուն քայլերով առաջ է ընթանում՝ հասնելով տնտեսական նորանոր ձեռքբերումների և տնտեսությունը դարձնելով բազմավեկտոր ու դիվերսիֆիկացված։

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2014թ. մարտի 21-ին Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ  Ուկրաինան ստորագրեց նախ Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) քաղաքական մասը, իսկ հունիսի 2-ին Բրյուսելում ԵԽ հանդիպման շրջանակներում՝ տնտեսական մասը՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (ԽՀԱԱԳ)։ Այդ ամենն իրականացվեց 2014թ. փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Փաստորեն, Ուկրաինայի նոր իշխանություններն անմիջապես ստորագրեցին ԱՀ-ի քաղաքական մասը, որն ավելի քիչ մտահոգություններ էր առաջացնում ՌԴ-ում, որից հետո միայն ստորագրվեց ԱՀ-ի տնտեսական մասը։

ԱՀ-ի տնտեսական մասի կնքումից հետո ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու գործարկումը պետք է տեղի ունենար 2015թ. հունվարի 1-ից, սակայն այդ կապակցությամբ ՌԴ-ի մտահոգությունները ցրելու, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով այն հետաձգվեց 1 տարով՝ մինչև 2016թ. հունվարի 1-ը: Սա կարելի է որակել որպես ռուսական կողմի հաջողություն, սակայն մինչ այդ՝ 2014թ. ապրիլի 23-ին, ԵՄ-ը 6 ամիս ժամկետով առևտրային մի շարք արտոնություններ (ներմուծման մի շարք մաքսատուրքերի չեղարկում) սահմանեց Ուկրաինայի համար, և երբ 2014թ. աշնանը Կիևը, Մոսկվան ու Բրյուսելը պայմանավորվեցին հետաձգել ազատ առևտրի գոտու գործարկումը մինչև 2016թ. հունվարի 1-ը, ԵՄ-ն Ուկրաինային շնորհած միակողմանի առևտրային տվյալ արտոնությունների ժամկետը երկարաձգեց մինչև 2015թ. ավարտը։

Image result for Free trade between Ukraine and EU

2015թ. ՌԴ-ը փորձեց կրկնել իր հաջողությունը և նորից 1 տարով հետաձգել տալ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու գործարկումը, սակայն այս անգամ անհաջողության մատնվեց։ Նման պայմաններում ՌԴ-ն Ուկրաինայի դեմ կիրառեց տնտեսական բեռնարգելք 2016թ. հունվարի 1-ից՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու գործարկման հետ զուգահեռ։

Որպեսզի ԵՄ-ի հետ ստորագրված ԱՀ-ի տնտեսական ու քաղաքական մասերը մտնեին ուժի մեջ, անհրաժեշտ էր, որ այդ փաստաթղթերը վավերացվեին Ուկրաինայի, ԵՄ-ի անդամ բոլոր երկրների, Եվրոպական խորհրդարանի ու ԵՄ-ի Խորհրդի կողմից։

2016թ. կեսի դրությամբ Նիդերլանդները միակ կողմն էր, որը չէր վավերացրել համաձայնագիրը՝ կապված 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200ER  ինքնաթիռի կործանման հետ (զոհվեց 298 մարդ)։

2016թ. ապրիլի 6-ին Նիդերլանդներում անցկացվեց ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված ԱՀ-ի վավերացման մասին հանրաքվե, որի մասնակիցների մեծ մասը (61.5%) դեմ արտահայտվեց դրան։ Դրա համար էլ ԱՀ-ը 2016թ. սեպտեմբերից գործում է մասնակի, «ժամանակավոր ձևով»։ Սակայն 2017թ. մայիսի 30-ին Նիդերլանդների Սենատը (վերին պալատ) վավերացրեց ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված ԱՀ-ը։ Փետրվարի 23-ին էլ այն վավերացրել էր Նիդերլանդների ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը։ Այժմ այն պետք է հաստատի Նիդերլանդների թագավորը, ինչից հետո կուղարկվի Բրյուսել[1]:

2017թ. հունիսի վերջին ԵՄ-ի Խորհուրդը հավանության արժանացրեց Ուկրաինայի համար առևտրային ժամանակավոր արտոնությունների մասին համաձայնագիրը՝ միտված նրա տնտեսության աջակցմանը։ Դրանում ընդգծվում էր, որ այն միջոցները, որոնք կոչված են դյուրացնել ուկրաինացի արտահանողների մուտքը եվրոպական շուկա, ներդրվում են 3 տարի ժամկետով։ Դրանք կլրացնեն 2016թ. գործող առևտրի դրույթները, որոնք ամրագրված են ԵՄ-Ուկրաինա ԱՀ-ի մեջ։ Այդ արտոնություններից են գյուղատնտեսական մի շարք ապրանքների (մեղր, մշակված լոլիկ, խաղողի հյութ, վարսակ, ցորեն, եգիպտացորեն, գարի, մի շարք հացաբույսեր) համար զրոյական մաքսատուրքով ներկրման հավելյալ քվոտաներ սահմանելը։ Բացի այդ մաքսատուրքերն ամբողջովին վերացվում են արդյունաբերական մի շարք արտադրատեսակների հանդեպ՝ պարարտանյութեր, ներկանյութեր, պղինձ, ալյումին, կոշիկ, ինչպես նաև հեռուստատեսային ու ձայնային ձայնագրման սարքավորումներ։

Այս ամենին զուգահեռ համաձայնագիրը նախատեսում է մի շարք պաշտպանական միջոցներ. Ուկրաինան պարտավորվում է հարգել այն նույն սկզբունքները, որոնք ամրագրված են ԱՀ-ում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու ազատություններին, կոռուպցիայի դեմ պայքարին։ Որպեսզի առևտրային արտոնությունները մտնեն ուժի մեջ, անհրաժեշտ է, որ փաստաթուղթը հավանության արժանացնեն Եվրոպական խորհրդարանը և ԵՄ-ի Խորհուրդը։ Ակնկալվում է, որ առևտրային արտոնությունների մասին այս համաձայնագիրը կհրապարակվի և ուժի մեջ կմտնի 2017թ. սեպտեմբերի վերջին։

Նշենք, որ

Մայդանին հաջորդած ժամանակահատվածում ՌԴ-ի հակաքայլերը զգալի վնաս պատճառեցին Ուկրաինայի տնտեսությանը. Ուկրաինան կորցրեց արդյունաբերության զգալի մասը, զրկվեց ռուսական գազի սակագնի զեղչից, ռազմական գործողությունների հետևանքով երկրի արևելքում ավերվեցին ենթակառուցվածքներ։

Այդ մասին իրենց հայտարարություններում քանիցս ահազանգել են Ուկրաինայի իշխանությունները։ 2014թ. դեկտեմբերին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայում հայտարարեց, որ Դոնբասում ՌԴ ագրեսիայի պատճառով Ուկրաինայի տնտեսական կորուստները կազմում են 20%: Նրա խոսքերով՝ Դոնբասում է գտնվում արդյունաբերական ձեռնարկությունների 1/5-ը, որոնց հիմնական ուղղվածությունը եղել է արտահանումը, և որոնք ապահովել են Ուկրաինայի արժութային հասույթի զգալի մասը. «Հիշեցնում եմ, որ Ուկրաինայի տնտեսության 20%-ը կենտրոնացված է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում: Մենք ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով կորցրեցինք հենց այդքան՝ եկամուտների 20%-ը, արժութային հասույթի 20%-ը, պետության տնտեսական պոտենցիալի 20%-ը»[2]:

Related image

2014թ. սեպտեմբերին էլ Յացենյուկը կառավարության նիստում հայտարարեց, որ Ուկրաինայի արևելքի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 8 մլրդ $: Նա ընդգծեց, որ դա վերջնական թիվ չէ, քանի որ շարունակվում է Դոնբասում բոլոր ավերածությունների պատճառած ողջ վնասի հաշվարկը[3]: Եվ, վերջապես, 2015թ. հոկտեմբերին Յացենյուկը Գերագույն ռադայում հայտարարեց, որ Ուկրաինան դատական գործընթացի ժամանակ ՌԴ-ից պահանջելու է 1 տրլն $-ից ոչ պակաս գումար Ղրիմի ու Դոնբասի համար[4]: Ներկայացնենք Ուկրաինայի տնտեսական ոլորտի զարգացումները Մայդանին հաջորդած ժամանակահատվածում՝ ըստ ենթաբաժինների։

 

ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Այս ենթաբաժնում կներկայացնենք Ուկրաինայի ու ՌԴ-ի, Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշներն ընթացիկ տասնամյակում՝ ցույց տալով արտաքին առևտրի շրջանառության փոփոխման ներկայիս միտումները։                                                      

Աղյուսակ 1. Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշներն ընթացիկ տասնամյակում [5]

Թվական

Արտահանում

Ներկրում

Ապրանքաշրջանառություն

2010

13.43 մլրդ $

(+58.1%)

22.20 մլրդ $

(+67.7%)

35.63 մլրդ $

(+63.9%)

2011

19.82 մլրդ $

(+47.6%)

29.13 մլրդ $

(+31.2%)

48.95 մլրդ $

(+37.4%)

2012

17.63 մլրդ $

(-11.0%)

27.42 մլրդ $

(-5.9%)

45.05 մլրդ $

(-7.9%)

2013

15.07 մլրդ $

(-14.6%)

23.23 մլրդ $

(-15.3%)

38.30 մլրդ $

(-14.9%)

2014

9.80 մլրդ $

(-35.0%)

12.68 մլրդ $

(-45.4%)

22.48 մլրդ $

(-41.3%)

2015

5.67 մլրդ $

(-42.2%)

9.29 մլրդ $

 (-26.2%)

14.96 մլրդ $

(-33.1%)

2016

3.95 մլրդ $

(-30.4%)

6.28 մլրդ $

 (-30.4%)

10.23 մլրդ $

(-32.0%)

Աղյուսակ 2. Ուկրաինայի առևտրային շրջանառությունում Ռուսաստանի մասնաբաժինը

Թվական

Արտահանում

Ներկրում

Ապրանքաշրջանառություն

2010

26.12%

36.55%

31.76%

2011

28.8%

35.27%

32.42%

2012

25.62%

32.39%

29.35%

2013

23.8%

30.19%

27.3%

2014

18.18%

23.31%

20.76%

2015

12.67%

19.96%

16.28%

2016

10.7%

15.0%

13.5%

Այս աղյուսակները վկայում են, որ մինչև 2013թ. Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում էր 45-50 մլրդ $, ինչը բավական բարձր ցուցանիշ էր։ Սակայն Մայդանի և դրան հաջորդած իրադարձություններն իրենց բացասական կնիքը թողեցին ՌԴ-ի հետ Ուկրաինայի արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ Ավելին, դրանից հետո այդ ցուցանիշները միայն անկում են ապրել՝ 2016թ. նվազելով մինչև 10.23 մլրդ $-ի։ Փաստորեն, վերջին 5 տարում (2012-2016թթ.) թե՛ ընդհանրապես ապրանքաշրջանառության, թե՛ մասնավորապես արտահանման ու ներկրման ծավալները հավասարաչափ նվազել են 4.5 անգամ (2014թ. անկումը կազմել է ավելի քան 40%, իսկ 2015թ. և 2016թ.՝ ավելի քան 30-ական %)։

Արդյունքում Ուկրաինան ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների թվում 5-րդ հորիզոնականից նահանջեց մինչև 11-րդ հորիզոնական, իսկ 2014թ-ից ԵՄ-ը դարձավ Ուկրաինայի գլխավո առևտրային գործընկերը։

Այս ամենի պատճառներն են՝

  • 2016թ. հունվարից Ուկրաինայի հանդեպ ՌԴ-ի սահմանած բեռնարգելքը
  • Դեպի ԵՄ Ուկրաինայի առևտրային կտրուկ շրջադարձը
  • Ուկրաինայի ներքին իրավիճակը, ռազմական գործողությունները, ենթակառուցվածքների ավերումը
  • Ուկրաինայի տարածքային կորուստները (Ղրիմ, Դոնբասի մի մաս)
  • 2015թ. աշնանը ռուսական գազ գնելուց Ուկրաինայի հրաժարվելը

Աղյուսակ 3. Ուկրաինա-ԵՄ ապրանքաշրջանառության ծավալները [6]

Թվական

Արտահանում

Ներկրում

Ապրանքաշրջանառություն

2010

11,547 մլն €

45.4%

17,413 մլն €

24.5%

28,959մլն €

2011

15,152 մլն €

31.2%

21,283 մլն €

22.2%

36,435 մլն €

2012

14,647 մլն €

-3.3

23,866 մլն €

12.1%

38,513 մլն €

2013

13,882 մլն €

-5.2

23,899 մլն €

0.1%

37,781 մլն €

2014

13,731 մլն €

-1.1%

16,986 մլն €

-28.9%

30,717 մլն €

2015

12,833 մլն €

-6.5%

14,039 մլն €

-17.4%

26,872 մլն €

2016

13,091 մլն €

2.0%

16,501 մլն €

17.5%

29,593 մլն €

Աղյուսակ 3-ը վկայում է, որ 2013թ. ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը 2012թ. համեմատ մնացել է գրեթե նույնը (անկումը կազմել է 1 մլրդ €-ից էլ պակաս, մինչդեռ ՌԴ-ի դեպքում անկումը կազմել էր 7 մլրդ $)։ Արդեն 2014թ. տեսնում ենք ԵՄ-ի հետ Ուկրաինայի ապրանքաշրջանառության ցուցանիշի 7 մլրդ €-ի անկում, որի պատճառն առաջին հերթին Ուկրաինայի ներքաղաքական զարգացումներն էին՝ ռազմական գործողություններ, ենթակառուցվածքների ավերում, Ղրիմի, ինչպես նաև Դոնբասի մի մասի կորուստ։ 2015թ. անկումը մեղմվեց, իսկ ահա 2016թ. նշանավորվեց նրանով, որ վերջին տարիների համար առաջին անգամ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունում արձանագրվեց աճ (մոտ 3 մլրդ €)։ Դա կապված էր ազատ առևտրի ռեժիմի մասնակի գործարկման, ԵՄ-ի սահմանած առևտրային արտոնությունների արդյունքներ տալու, Ուկրաինայում ներքին իրավիճակի որոշակի կայունացման, նոր իրողություններին Ուկրաինայի տնտեսության ադապտացման հետ։ Աղյուսակ 3-ից պարզ է դառնում նաև, որ 2014թ. սկսած Ուկրաինայի գլխավոր առևտրային գործընկերը դարձել է ԵՄ-ը (30,717 մլն € ցուցանիշով՝ ընդդեմ ՌԴ-ի հետ 22.48 մլրդ $-ի)։

Ամփոփելով նշենք, որ Ուկրաինան, փաստորեն, ներկայումս գտնվում է արտաքին առևտրի գլխավոր գործընկերոջ փոփոխման, նոր իրողություններին տնտեսության հարմարվելու փուլում։ Արդեն նշվեց, որ Ուկրաինայի թիվ մեկ առևտրային գործընկերը դարձել է ԵՄ-ը, որի հետ ապրանքաշրջանառությունը հետագայում միայն աճելու է ֆորս-մաժորների բացակայության դեպքում։ Մինչդեռ ներկայումս ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության մեծացման հեռանկարներ չկան։

Չնայած նրան, որ ներկա դրությամբ ՌԴ-ի հետ Ուկրաինայի առևտրային կորուստը չի փոխհատուցվում ԵՄ-ի հետ առևտրի մեծացմամբ, խնդրի լուծումը միայն ժամանակի հարց է։ Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը շեշտակիորեն աճելու է նաև ԵՄ-ի շնորհած առևտրային արտոնությունների, ինչպես նաև 2017թ. սեպտեմբերից գործարկվող ԵՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմի շնորհիվ։ Դրան նպաստելու է նաև ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի վերացումը։

Image result for Free trade between Ukraine and EU

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶ

Վիլնյուսի գագաթաժողովից քիչ անց՝ 2013թ. դեկտեմբերի 17-ին, Մոսկվայում տեղի ունեցավ ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստը, որը նախագահեցին Ուկրաինայի ու ՌԴ նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Վլադիմիր Պուտինը: Նիստի արդյունքներով պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի՝ Ուկրաինան 1000մ3 ռուսական գազի համար վճարելու է ոչ թե ավելի քան 400 $, այլ՝ 268.5 $ (զեղչը կազմեց 34%): Ակնհայտ է, որ սա ոչ թե շուկայական, այլ քաղաքական գին էր, որը ՌԴ-ն Ուկրաինային հատկացրեց որպես փոխհատուցում ԵՄ-ի հետ ԱՀ-ը չստորագրելու համար։ Նշենք նաև, որ սա Ուկրաինայի ու ՌԴ-ի փոխհարաբերություններում գազի քաղաքական գնի սահմանման առաջին դեպքը չէր (խոսքը «խարկովյան զեղչի» մասին է, որի մասին կխոսվի ստորև)։ Հաշվարկված էր, որ եթե Ուկրաինան շարունակի գազ գնել 2013թ. ծավալով (26 մլրդ մ3), ապա «Գազպրոմի» կորուստները կարող են կազմել ավելի քան 3.5 մլրդ $:

Ի դեպ, ՌԴ-ը 2013թ. Ուկրաինային տրամադրվող գազային զեղչը ներկայացնում էր որպես բարեկամական քայլ՝ ուղղված հարևան Ուկրաինայի ժողովրդին, սակայն դրա կեղծ լինելը վերջնականապես երևաց մի քանի ամիս անց՝ 2014թ. փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից քիչ անց։

Արդեն 2014թ. ապրիլին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռուսական գազի գինը տարվա երկրորդ եռամսյակից 1000մ3-ի համար աճելու է 43.6%-ով՝ 268.5 $-ից հասնելով մինչև 385.5 $-ի: Միլերն այդ քայլը պատճառաբանեց Ուկրաինայի կողմից պարտքերը (1.71 մլրդ $) չվճարելու հանգամանքով։ Ուշագրավ է, որ 2013թ. գազային վերոնշյալ խոշոր զեղչի տրամադրման ժամանակ ևս Ուկրաինան գազային պարտք ուներ ՌԴ-ին, ինչն անհեթեթ է դարձնում Միլերի պատճառաբանությունը (2013թ. հունվարին «Գազպրոմն» Ուկրաինայից պահանջում էր 7 մլրդ $՝ take-or-pay («վերցրու կամ վճարիր») սկզբունքով կնքված պայմանագրով սահմանված քանակի գազ չգնելու և համապատասխան վճարումներ չանելու համար[7]):

Միլերի հայտարարությունից որոշ ժամանակ առաջ՝ 2014թ. մարտի վերջին, ՌԴ Պետդուման չեղյալ հայտարարեց Սևաստոպոլում ռուսական Սևծովյան նավատորմի բազավորմանն առնչվող ռուս-ուկրաինական մի շարք համաձայնագրեր, այդ թվում նաև 2010թ. ապրիլին կնքված «խարկովյան համաձայնագիրը», որը ստորագրել են Ուկրաինայի ու ՌԴ նախկին նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Դմիտրի Մեդվեդևը։ Դրանով  երկարաձգվել էր Ղրիմում Սևծովյան նավատորմի մնալու ժամկետը մինչև 2042թ., ինչի դիմաց ռուսական կողմը 100 $-անոց գազային զեղչ (քաղաքական գին) էր արել Ուկրաինային[8]։ ՌԴ Պետդումայի տվյալ որոշումից 10 օր առաջ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Այնպիսի հասկացություն, ինչպիսին է Սևծովյան նավատորմի բազավորման համար Ուկրաինային արած գազային զեղչը, այլևս գոյություն չունի: Այժմ դա չի կարող կիրառվել ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո»[9]:

Счетчик давления газа на украинском подземном хранилище под Киевом

Կարելի է ենթադրել, որ 2014թ. ՌԴ-ը Ղրիմը բռնակցելիս անվտանգային և մի շարք այլ հարցերից բացի հաշվի էր առել նաև Ուկրաինային իր 100 $-անոց գազային զեղչի չեղարկման հնարավորությունը։ Արդյունքում 2014թ. Ուկրաինայի համար 1000 մ3-ի գազի գինը հասավ մինչև 485 $-ի, այսինքն աճեց ևս 100 $-ով, ինչի պատճառն ԱՀ-ը չստորագրելու դիմաց տրված գազային զեղչի չեղարկումն էր ՌԴ-ի կողմից։ ՌԴ-ին խստապես զայրացրեց այն, որ Ուկրաինային հատկացրեց գազային խոշոր զեղչ, ինչպես նաև խոստացած 15 մլրդ $ վարկի առաջին տրանշը՝ 3 մլրդ $, սակայն փոխարենը «ստացավ իշխանափոխություն»։ 2015թ. մայիսին Յացենյուկը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են այդ 3 մլրդ $-ը վերադարձնել՝ ընդգծելով, որ դա եղել է Պուտինի կողմից Յանուկովիչին տված քաղաքական կաշառք՝ ԵՄ-ի հետ ԱՀ-ը չստորագրելու համար[10] (ՌԴ-ն այդ գումարը հետ էր պահանջում երկրում սկսված ֆինանսական ծանր դրությունը մի փոքր մեղմելու, ինչպես նաև Ուկրաինայի ֆինանսական ծանր դրությունն է'լ ավելի բարդացնելու համար): 2014թ. «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ Ուկրաինային այսուհետ գազ կմատակարարի կանխավճարի մեխանիզմով. որքան գումար կփոխանցվի, այդքան էլ գազ կփոխադրվի։ «Գազպրոմ»-ը կանխավճարի այդ որոշումը պատճառաբանեց «Նավթոգազի» կողմից պարտքերի վճարումը շարունակ ձգձգելու հետևանքով։

Ամեն դեպքում ՌԴ-ի «գազային ուրախությունը» երկար չտևեց, քանի որ հիմնականում նաև Ուկրաինայի դեպքերով պայմանավորված՝ ԱՄՆ-ը, շատերի պնդմամբ, Սաուդյան Արաբիայի միջոցով նախաձեռնեց նավթի համաշխարհային խոշոր գնանկում, որը կտրուկ նվազեցրեց ոչ միայն ռուսական նավթի, այլև գազի գները, որոնք փոխկապակցված են միմյանց: 

(2015թ. օգոստոսին Յացենյուկը հայտարարեց, որ նավթի համաշխարհային գնանկումն իրենց թույլ կտա ցածր գնով ձեռք բերել բնական գազ)։ Ավելին՝ Ուկրաինայում հետզհետե նվազեցին ռուսական գազի ներկրման ծավալները, որի պատճառներն են.

  1. Գազամատակարարումների դիվերսիֆիկացման ուղղությամբ Ուկրաինայի ձեռնարկած քայլերը, ՌԴ-ից ունեցած գազային մեծ կախվածությունից ձերբազատվելու Ուկրաինայի մղումը,
  2. Ուկրաինայի տնտեսական լճացումը, արդյունաբերական անկումը և դրանից ելնելով՝ Ուկրաինայում գազի սպառման անկումը,
  3. Ղրիմի տարածքային կորուստը,
  4. Կլիմայական բարենպաստ պայմանները՝ 2014թ. մեղմ ձմեռը:

Այժմ ներկայացնենք վերջին տարիներին Ուկրաինայում գազի ներկրման ցուցանիշները, դրանցում Ռուսաստանի մասնաբաժինը, ինչպես նաև գազի ներկրման վրա Ուկրաինայի գումարային ծախսերը։

Աղյուսակ 4. Ուկրաինա գազի ներկրման ցուցանիշները

 

Ռուսական գազի գինը

Ներկրման ծավալները

Ռուսաստանից

Գումար, $

2010

260.7 $

36.592.956.300 մ3

36.473.000.000 մ3

9.400.000.000

2011

309 $

44.801.404.200 մ3

40.001.747.000 մ3

14.046.028.000

2012

426 $

32.926.965.000 մ3

32.874.262.000 մ3

14.025.134.000

2013

413.5 $

32.939.000.000 մ3

28.100.000.000 մ3

12.012.000.000

2014

485 $

19.600.000.000 մ3

14.449.855.000 մ3

5.694.636.000

2015

252 $

16.400.000.000 մ3

6.100.000.000 մ3

4.500.000.000

2016

--

10.904.577.000 մ3

--

 

Աղյուսակ 4-ը վկայում է, որ 2012թ.-ից հետո Ուկրաինան նվազեցրել է գազի ներկրման ծավալը, ընդ որում՝ ՌԴ-ի դեպքում դրա տեմպերը եղել են ավելի մեծ, քան գազի ընդհանուր ներկրման դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան աստիճանաբար նվազեցրեց ռուսական գազի գնումը և դրան զուգահեռ մեծացրեց ԵՄ-ից գազի ներկրումը։ Մասնավորապես, 2014թ. Ուկրաինան 2013թ. համեմատ 2.4 անգամ (2.9 մլրդ մ3-ով) մեծացրեց ԵՄ-ից գազի ներկրումը և 43.8%-ով (11.3 մլրդ մ3-ով) կրճատեց ՌԴ-ից գազի ներկրումը։ 2014թ. Ուկրաինայի գազային հաշվեկշռում ռուսական գազի մասնաբաժինը նվազեց մինչև 36.2%-ի, մինչդեռ 2013թ. այդ ցուցանիշը կազմում էր ավելի քան 52.3%։ 2015թ. Ուկրաինան 2014թ. հետ համեմատ ԵՄ-ից գազի ներկրումը մեծացրեց 2.1 անգամ՝ մինչև 10.3 մլրդ մ3-ի։ Ընդ որում՝ գազի այդ խմբաքանակից 9.7 մլրդ մ3-ը ներկրվել է Սլովակիայից, 0.5 մլրդ մ3-ը՝ Լեհաստանից, 0.1 մլրդ մ3-ը՝ Հունգարիայից։ Նույն՝ 2015թ. Ուկրաինան ՌԴ-ից գնեց 6 մլրդ մ3-ից քիչ ավելի գազ, ինչը ՌԴ-ից՝ Ուկրաինայի երբևէ գնած գազի ամենափոքր խմբաքանակն էր տարեկան կտրվածքով։

Ընդհանրապես 2015թ. աշնանից Ուկրաինայի գազապաստարաններում պահվում է բացառապես ԵՄ-ից ներկրված գազ. ՌԴ-ից գազի գնումներ չեն իրականացվել։ 2015թ. նոյեմբերի վերջին Ուկրաինայի կառավարությունը «Նավթոգազին» արգելեց գազ ներկրել ՌԴ-ից։

Դրա հետ կապված՝ Յացենյուկը հայտարարեց, որ իրականում իրենք են հրաժարվել ռուսական գազ գնելուց, և որ ՌԴ-ը կեղծում է՝ պնդելով, թե ինքն է դադարեցրել գազի մատակարարումը[11]: 2015թ. դեկտեմբերին էլ Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինայում գազի օրական սպառումը կրճատվել է 25%-ով, ինչը հնարավորություն է տալիս օրական տնտեսել 11 մլն $. «Այդպիսով Ուկրաինան ջեռուցման սեզոնին կտնտեսի 2 մլրդ $, որն ավելի վաղ մենք վճարում էինք ռուսական «Գազպրոմին», որով ՌԴ-ը գնում էր տանկեր և մատակարարում էր զենք ու զինյալներ՝ Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի համար»[12]։

Այդ ժամանակ Ուկրաինան հրաժարվեց ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի առաջարկից՝ 2016թ. հունվարի 1-ից 1000 մ3 ռուսական գազը գնել 212 $-ով։ Դրա հետ կապված՝ Յացենյուկը հայտարարեց, որ իրենք գազ չեն գնի ՌԴ-ից, որովհետև Եվրոպայից կարող են գազ գնել ավելի էժան գնով՝ 200$-ով։ Յացենյուկը հավելեց, որ իրենք հրաժարվել են ռուսական առաջարկից, որն իրականում ծուղակ է, և իրենք քաջատեղյակ են ռուսական այդ ծուղակներին, որ զեղչը հաստատվում ու վերացվում է ՌԴ կառավարության որոշմամբ (քմահաճույքով)[13]:

Փաստորեն Ուկրաինան ներկայումս ռուսական գազ չի գնում նաև սկզբունքորեն։ Ինչպես ժամանակին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ուկրաինան պատրաստ է անգամ մի փոքր ավելի գնով գազ գնել Եվրոպայից, բայց ոչ՝ ՌԴ-ից։ Յացենյուկն էլ կառավարության նիստում հայտարարել է, որ առճակատման հիմքում ոչ թե ռուսական գազի գինն է, այլ Ուկրաինան որպես պետություն ոչնչացնելու ՌԴ-ի մտադրությունը. «Սա Ուկրաինայի անկախության դեմ ռուսական ագրեսիայի հերթական քայլն է, մենք մտադիր չենք սուբսիդավորել «Գազպրոմ»-ը, ուկրաինացիները չեն ցանկանում իրենց գրպաններից ամեն տարի 5 մլրդ $ վճարել ՌԴ-ին, որն այդ փողով գնելու է զենք, հրասայլեր, օդանավեր և ռմբահարելու է Ուկրաինայի տարածքը»[14]։

Սա որոշակիորեն կարող է ուսանելի լինել նաև Հայաստանի համար, որի «ռազմավարական դաշնակից» ՌԴ-ը շարունակում է զինել Ադրբեջանին՝ դա որակելով «մաքուր բիզնես»։

Վերոնշյալը ցույց է տալիս, թե իրականում ինչպես է փոխվել իրավիճակը ռուս-ուկրաինական գազային հակամարտությունում, որ դրանում ստեղծվել է նոր իրավիճակ, երբ ՌԴ-ն ինքն է Ուկրաինային առաջարկում զեղչեր, սակայն այդ զեղչը չի հետաքրքրում Ուկրաինային։ 2016թ. վերջինս ողջ գազը գնել է Եվրոպայից՝ Շվեյցարիայից (3.2 մլրդ մ3), Գերմանիայից (2.5 մլրդ մ3), Ֆրանսիայից (2 մլրդ մ3), Մեծ Բրիտանիայից (792 մլն մ3), Լեհաստանից (751 մլն մ3), Իտալիայից (580 մլն մ3), Ավստրիայից (480 մլն մ3)։  Ընդհանրապես, 2016թ. Ուկրաինան 2015թ. հետ համեմատ գազի ներկրումը նվազեցրել է 33.7%-ով։

Image result for Ukraine EU Russia

Մինչդեռ ոչ վաղ անցյալում ՌԴ-ը կարողանում էր Ուկրաինային ենթարկեցնել իրեն՝ սպառնալով դադարեցնել գազի մատակարարումները (դեռևս 2011թ. Ուկրաինան ռուսական գազի խոշորագույն գնորդն էր՝ 40 մլրդ մ3 ցուցանիշով)։

Իրավիճակի այս կտրուկ փոփոխումը հնարավոր եղավ ԵՄ-ից Ուկրաինա ռուսական գազի ռևերսային մատակարարումների շնորհիվ։ «Գազպրոմը» փորձեց արգելել իր գազի վերավաճառքը, սակայն 2015թ. ապրիլին Եվրոպական հանձնաժողովը նրա այդ պայմանները որակեց որպես Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի գազային շուկաներում սեփական գերակա դիրքերի չարաշահման օրինակ։

Բացի այդ 2014թ. աշնանը «Գազպրոմը» փորձեց կրճատել Եվրոպային գազի մատակարարումները, որպեսզի կանխի Ուկրաինային ռևերսային մատակարարումները, սակայն ուկրաինացի մասնագետների գնահատմամբ՝ դա հանգեցրեց նրան, որ «Գազպրոմը» զրկվեց 5.5 մլրդ $ եկամտից, ինչպես նաև ստիպված եղավ զեղչի տեսքով ևս 400 մլն $ փոխհատուցում վճարել իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։ Արդյունքում 2015թ. մարտին «Գազպրոմը» հարկադրված եղավ ամբողջովին վերականգնել գազի մատակարարման ծավալը։

Ի դեպ, Եվրոպան Ուկրաինայի նման նույնպես ջանքեր գործադրեց ՌԴ-ին էներգետիկ զենքից զրկելու և գների բարձրացում թույլ չտալու ուղղությամբ. 2015թ. երրորդ եռամսյակին գազային շուկայի վիճակի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նշված էր, որ ԵՄ-ի երկրներում ռուսական գազի ներկրումը կրճատվել է 18%-ով, մինչդեռ Նորվեգիայից և Ալժիրից գազի մատակարարումներն աճել են համապատասխանաբար 26%-ով և 35%-ով։ Ընդհանրապես Արևելյան Եվրոպայում ՌԴ-ն աստիճանաբար զրկվում է մոնոպոլիստի կարգավիճակից, քանի որ նախկինում այլընտրանք չունեցող նրա սպառողներն արդեն կառուցում են հեղուկացված գազի տերմինալներ, օրինակ՝ Լիտվան կառուցել է նման տերմինալ և գազի գնման պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, ուր գազի գները մոտ երկու անգամ ավելի ցածր են, քան Եվրոպայում։

Փաստորեն, հեղուկացված գազի մատակարարումները, Նորվեգիայից ու Հյուսիսային Աֆրիկայից գազի մակատարարումների աճը, ինչպես նաև «Գազպրոմի» կողմից ԵՄ-ի հակամոնոպոլ օրենսդրության խախտման գործերի դիտարկումը ներկայիս Եվրոպային ավելի լավ են պաշտպանում ՌԴ-ի կողմից գազի գների մանիպուլյացիայից։

«Գազպրոմն» այժմ փորձում է կառուցել «Հյուսիսային հոսք 2» գազատարը դեպի Գերմանիա, որը պետք է շրջանցի Ուկրաինան՝ նրան զրկելով ռուսական գազի տարանցման կարգավիճակից (դրան է միտված նաև «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը)։ Սակայն «Հյուսիսային հոսք 2»-ի նախագիծը ԵՄ-ում հանդիպել է քաղաքական դիմադրության։ Բացի այդ նախագծի արժեքը կազմում է 9.9 մլրդ €, ինչը ներկայումս կարող է համարվել ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով գազի ներկայիս ցածր գները[15]:

Нитки газопровода на территории введенной в строй после реконструкции газораспределительной станции ОАО "Газпром"

Ամփոփելով ընդգծենք, որ

գազի ներկրման առումով Ուկրաինան ներկայումս գտնվում է շատ ավելի շահեկան դիրքերում, քան 2013-2014թթ. հայտնի դեպքերից առաջ էր. նա դադարել է գազ գնել ՌԴ-ից՝ վերջակետ դնելով նրանից ունեցած գազային կախվածությանը։

Ուկրաինան այժմ էլ մտադիր է 2022թ.-ից սկսած գազ ներկրել Նորվեգիայից և սպասում է «Դանիա-Լեհաստան» գազամուղի կառուցմանը[16]։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Ուկրաինայի կողմից ռուսական գազ գնելուց հրաժարվելուց տուժել է «Գազպրոմը»՝ կորցնելով իր հիմնական սպառողներից մեկին և կրելով միլիարդավոր $-ների վնաս։ Ինչպես ժամանակին արտահայտվել է Վլադիմիր Պուտինը, թեև եվրոպական երկրները գազի ներկրման հարցում կախված են իրենցից, սակայն իրենք էլ իրենց հերթին գազի սպառման հարցում են կախված նրանցից։ Այնպես որ այս հարցում կողմերը գտնվում են փոխադարձ և ոչ թե միակողմանի կախվածության մեջ։ «Գազպրոմը» նաև մեծապես վնասվել է նավթի համաշխարհային գնանկումից, որի պատճառների թվում, ինչպես արդեն նշվեց, քիչ դեր չի խաղացել ներուկրաինական զարգացումների հանդեպ և, ընդհանրապես, ՌԴ-ի ագրեսիվ դիրքորոշումը։ Ի դեպ, 2014թ. ներուկրաինական զարգացումներն ու արևմտյան պատժամիջոցները ՌԴ-ին հարկադրեցին սեփական դեմքը փրկելու համար հայացքը հառել արևելքին՝ Չինաստանին, գազի գնի հարցում զիջումներ անելու միջոցով, հասնել նրա հետ գազային նոր պայմանագրի կնքմանը։ Չինաստանին արևելյան երթուղով 30 տարի ժամկետով տարեկան 38 մլրդ մ3 ռուսական գազ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը «Գազպրոմի» և չինական CNPC ընկերության միջև ստորագրվեց 2014թ. մայիսին և գնահատվեց 400 մլրդ $։ Փորձագետներն այդ պայմանագիրը որակեցին որպես PR ակցիա՝ ուշադրություն դարձնելով նրան, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հրաժարվեց նշել, թե որքան է կազմելու ռուսական գազի գինը Չինաստանի համար՝ դա որակելով որպես «կոմերցիոն գաղտնիք», իսկ Պուտինը հայտարարեց, որ Չինաստանի համար ռուսական գազի գինը կապված է լինելու նավթի ու նավթամթերքի գների հետ[17]։ Փորձագետների զարմանքը հարուցեց, որ Պուտինը նման հայտարարություն է անում, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսին է լինելու նավթի գինը վաղը՝ էլ չխոսած 30 տարի անց։ Եվ, ընդհանրապես, փորձագետների մի մասը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ՌԴ-Արևմուտք դիմակայությունից (ՌԴ-ի մեկուսացումից) ավելի շատ շահեց հենց Չինաստանը[18]։

Այժմ ներկայացնենք Ուկրաինայի իշխանությունների 3 հայտարարություն, որոնք հստակ ցույց են տալիս գազի ոլորտում Ուկրաինայի համար իրավիճակի դրական զարգացումը։ 2014թ. մարտին Յացենյուկը հայտարարեց. «Եթե ՌԴ-ն Ուկրաինայի համար սահմանի 1000 մ3 գազի համար 500 $ գին, ապա մենք ստիպված կլինենք վճարել նման գին։ Այժմ ինչ գին էլ սահմանի ՌԴ-ը, մենք չենք կարող հրաժարվել, քանի որ երկիրը գտնվում է ՌԴ-ից էներգետիկ կախվածության մեջ, և հիմա պետք չէ հրաժարվել ռուսական գազից: Սակայն մենք տանում ենք աշխատանքներ, որպեսզի հնարավորինս նվազի այդ կախվածությունը։ Մենք շարունակում ենք հոգալ այն մասին, որ ստանանք գազ ԵՄ-ից, որի գինը կլինի ավելի էժան»։ 2016թ. հունիսին էլ Պ. Պորոշենկոն հայտարարեց, որ 2013թ. Ուկրաինան գազի 92%-ը ներկրում էր ՌԴ-ից, 2014թ. այդ ցուցանիշը նվազեց մինչև 74%-ի, իսկ 2015թ.՝ 37%-ի. «Այսօր ոչ թե մենք ենք ձեռքներս պարզած գնում և ագրեսոր երկրից խնդրում մի քիչ գազ, ինչպես որ եղել է Ուկրաինայի պատմության ողջ 22 տարիների ընթացքում, այլ մեր դուռն են թակում և առաջարկում մի քիչ ռուսական գազ գնել մրցունակ գնով»[19]: Եվ, վերջապես, 2017թ. հունիսի սկզբին Պորոշենկոն, ողջունելով «Նավթոգազի» և «Գազպրոմի» միջև վեճի վերաբերյալ Ստոկհոլմի միջնորդ դատարանի որոշումը, որը նախատեսում է take-or-pay սկզբունքի վերացում, հայտարարեց. «Դա կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության ճանապարհին։ Մոսկվան առաջին անգամ կորցնում է քաղաքական շանտաժի համար գազը որպես զենք օգտագործելու հնարավորությունը։ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է, որ առաջին անգամ «Նավթոգազի» և «Գազպրոմի» միջև վեճը կարգավորվում է իրավական, քաղաքակիրթ ճանապարհով»[20]։

Սա ինքնին խոսուն փաստ է, և փայլուն արտացոլում է ռուս-ուկրաինական գազային հակամարտությունում նոր իրողությունների ի հայտ գալը և որոշ առումով նաև այդ հակամարտության վախճանը։

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ներկայացնենք ընթացիկ տասնամյակում օտարերկրյա ուղիղ ներդրումներն Ուկրաինայում[21]:

Աղյուսակ 5. Оտարերկրյա ուղիղ ներդրումներն Ուկրաինայում

Թվական

Ներդրումներ

մլն $

Աճը նախորդ տարվա համեմատ

2010

6495

+1679

2011

7207

+712

2012

8401

+1194

2013

4499

-3902

2014

410

-4089

2015

2961

+2551

2016

3176

+215

Աղյուսակ 5-ը վկայում է, որ մինչև 2013թ.՝ ուկրաինական ճգնաժամի մեկնարկը, Ուկրաինայում շարունակում էին աճել օտարերկրյա ուղիղ ներդրումները (ՕՈՒՆ)՝ 2012թ. հասնելով մոտ 8.5 մլրդ $-ի։ Սակայն 2013թ. սկսվում է անկումը, որը, ի դեպ, հասնում է 46.4%-ի (2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ Ուկրաինայում ՕՈՒՆ նվազել են 56%-ով)։ Այն հասկանալի պատճառներով է՛լ ավելի մեծ ընթացք է ստանում 2014թ.։ Մեկ տարում դրանք նվազում են ավելի քան 10 անգամ՝ 2013թ. 4.5 մլրդ $-ի փոխարեն 2014թ. 410 մլն $։ 2015թ. իրավիճակը կայունանում է, և Ուկրաինայում սկսում են աճել ՕՈՒՆ, թեև դրանք հեռու են 2013թ. ցուցանիշին հասնելուց՝ էլ չխոսած 2012թ. ցուցանիշի մասին։

Դրան նպաստում են Ուկրաինայում ինչպես ներքին իրավիճակի կայունացումը (զինված հակամարտությունն անորոշություն էր առաջացնում ներդրումների հարցում), այնպես էլ Ուկրաինայի իշխանությունների իրականացրած բարեփոխումները և որպես դրա արդյունք՝ կոռուպցիայի դեմ պայքարի ու գործարարությամբ զբաղվելու վերաբերյալ միջազգային զեկույցներում Ուկրաինայի ցուցանիշների (բիզնես միջավայրի) բարելավումը։

ՕՈՒՆ ներգրավումների համար Ուկրաինայից պահանջվում է վերացնել դրանց ճանապարհին ընկած խոչընդոտները, որոնք գոյություն ունեին ուկրաինական ճգնաժամից շատ առաջ։ Ընդ որում՝ փորձագետներն ուկրաինական ճգնաժամից առաջ եղած ՕՈՒՆ մի մասը համարում են ուկրաինական կամ ռուսական ծագում ունեցող՝ ընդգծելով, որ դրանք Ուկրաինայում արվել են օֆշորային ընկերությունների միջոցով։ Մասնավորապես, 2012թ. Կիպրոսին ու բրիտանական Վիրջինյան կղզիներին է բաժին ընկել Ուկրաինայում արված ՕՈՒՆ 71.4%-ը (2013թ. նրանց մասնաբաժինը նվազեց մինչև 52.9%-ի)։ Փոխարենը ՕՈՒՆ սկսում են աճել Նիդերլանդներից ու Շվեյցարիայից, որոնք ունեն գերազանցապես ուկրաինական ու ռուսական կապիտալ։ Թեև զինված հակամարտությունը տեղայնացվել է Ուկրաինայի ոչ մեծ հատվածում, դրա ինտենսիվությունը նվազել է 2014-2015թթ. համեմատ: Ամեն դեպքում Ուկրաինայում ՕՈՒՆ անելու քաղաքական ռիսկը դեռ մնում է բարձր՝ հաշվի առնելով, որ բախումները չեն դադարում[22]։ Ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ ներդրումային կլիմայի մասին զեկույցում, հակամարտությունը լայնորեն լուսաբանվել է միջազգային ԶԼՄ-ներում, ինչի հետևանքով ողջ Ուկրաինան և ոչ թե միայն նրա արևելքն է ասոցացվում զինված հակամարտության հետ, այդ համատեքստում չի իրականացվել Ուկրաինայի շրջանների միջև բաժանարար հստակ գծերի անցկացում[23]:

Խնդրահարույց է մնում նաև այն, թե արդյոք Ուկրաինան նման իրավիճակում կկարողանա օտար ներդրողներին առաջարկել եկամտաբեր նախագծեր՝ այդ ռիսկը ծածկելու համար։ Ներդրողներն իրականում ուշադրություն են հատկացնում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի ոչ քիչ գործոնների։ Փաստորեն, մինչ ուկրաինական ճգնաժամն ՕՈՒՆ զգալի մասը եղել են ուկրաինական կապիտալով վերաներդրումներ։ Այսինքն իրական ՕՈՒՆ ներգրավելու խոչընդոտները գոյություն են ունեցել ճգնաժամից առաջ։ Խոսքը ոչ բարվոք բիզնես միջավայրի, թույլ ինստիտուտների ու համատարած կոռուպցիայի մասին է։ Ուկրաինայի իշխանություններից պահանջվում է առաջին հերթին զբաղվել տվյալ խնդիրների լուծմամբ։ Այդպիսով, Ուկրաինայում ՕՈՒՆ հոսքի ապահովումը հիմնականում կախված է երկու գործոնից՝ արտաքին և ներքին։ Եվ, եթե Ուկրաինայի իշխանությունները չեն կարող ամբողջովին վերահսկել արտաքին գործոնը (ռազմական գործողությունների վերսկսման, երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի հնարավորությունը), ապա հակառակ իրավիճակն է տիրում ներքին գործոնի պարագայում։

Համապատասխան կամք ցուցաբերելու դեպքում Ուկրաինայի իշխանությունները կկարողանան զգալի առաջընթաց ապահովել ՕՈՒՆ ճանապարհին ընկած ներքին խոչընդոտները վերացնելու հարցում, ինչն էլ կապահովի այդ ներդրումների աճն Ուկրաինայում։

Միջազգային տարբեր զեկույցները, որոնք ներկայացվում են ստորև, վկայում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Մասնավորապես, դրական տեղաշարժ է նկատվում «Doing Business»-ի հրապարակած («Գործարարությամբ  զբաղվել») տարեկան հաշվետվություններից. եթե 2012թ. Ուկրաինան 152-րդ հորիզոնականում էր, ապա տարեցտարի այդ թիվը սկսեց առաջադիմել՝ 2017թ. զբաղեցնելով 80-րդ հորիզոնականը։ Բացի այդ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» տարեկան զեկույցներից (Աղյուսակ 6) պարզ է դառնում, որ, 2015թ. սկսած կոռուպցիայի մակարդակն Ուկրաինայում սկսել է նվազել, և երկիրը նախորդ երեք տարիների համեմատ բարելավել է դիրքերը 14 հորիզոնականով։

Անշուշտ, սա դեռ բավարար ցուցանիշ չէ, սակայն խոստումնալից սկիզբ է, որը կարող է իր դրական ազդեցությունը թողնել երկրում ներդրումների ծավալների աճի վրա։

Աղյուսակ 6. Ուկրաինայի վարկանիշն ըստ «Doing Business»-ի 2012-2016թթ.

Տարի

Հորիզոնական

Միավոր

2012

144

26

2013

  144

25

2014

142

26

2015

130

27

2016

131

29

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Այս ենթաբաժնում կներկայացնենք ուկրաինական ճգնաժամից առաջ և հետո Ուկրաինայի զբոսաշրջային ոլորտի զարգացումները։ Բացի այդ առանձին կանդրադառնանք զբոսաշրջային տեսանկյունից Ղրիմի խնդրին։ Այսպես, Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2013թ. Ուկրաինա այցելել են ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ 24.7 մլն մարդ, ինչը 7.4%-ով գերազանցեց 2012թ. ցուցանիշը։ Ընդ որում՝ Ուկրաինա ժամանած զբոսաշրջիկների 63.6%-ը բաժին է ընկել հարևան երկրներ ՌԴ-ին (10.28 մլն) և Մոլդովային (5.42 մլն)։ Եվ, ընդհանրապես, առաջատար յոթնյակում գտնվել են Ուկրաինայի բացառապես հարևան երկրները (Ուկրաինայի հարևաններն են նաև Բելառուսը, Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան)։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Գերմանիան (0.25 մլն), Ուզբեկստանը (0.24 մլն) և Թուրքիան (0.15 մլն)։ 2013թ. Ուկրաինա ժամանած ամեն 10 զբոսաշրջիկներից 9-ը բաժին են ընկել հենց այս 10 երկրներին[24]:

Փաստորեն, թեև 2013թ. Ուկրաինա այցելել է մոտ 25 մլն զբոսաշրջիկ, ինչը պատկառելի թիվ է, ամեն դեպքում, վերոնշյալ տվյալները վկայում են, որ իրականում Ուկրաինան լուրջ անելիքներ ուներ զբոսաշրջության ոլորտում՝ հաշվի առնելով, որ Ուկրաինա հիմնականում այցելել են միայն հարևան երկրներից։ Ստացվում է, որ Ուկրաինան ոչ տարածաշրջանային երկրների համար զբոսաշրջային պլանում եղել է կա՛մ անհայտ, կա՛մ ոչ գրավիչ երկիր։

2014թ. հայտնի դեպքերի պատճառով Ուկրաինա ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվեց կրկնակի՝ մինչև 12.7 մլն մարդու (անգամ ճգնաժամային 2009թ. Ուկրաինա այցելել է մոտ 21 մլն զբոսաշրջիկ)։ 2015թ. ցուցանիշը մնաց գրեթե նույնը՝ 12.428.000 զբոսաշրջիկ։ 2016թ. իրավիճակը փոխվեց դեպի լավը. Ուկրաինա զբոսաշրջային հոսքը 2015թ. համեմատ աճեց 5.6%-ով՝ 13.6 մլն մարդ։ Նրանց թվում գերակայել են Մոլդովայի քաղաքացիները՝ 32.9% (4.474.000 մարդ), երկրորդ տեղում Բելառուսն է՝ 13.4% (1.828.000 մարդ), երրորդ տեղում՝ ՌԴ-ը՝ 11.3% (1.543.000 մարդ)։ Ուշագրավ է, որ ՌԴ-ից ժամանածների թիվն աճել է 16.8%-ով կամ 221.643 մարդով։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Հունգարիան՝ 9.3% (1.271.000 մարդ) և Լեհաստանը՝ 8.8% (1.195.000 մարդ)[25]:

95,3% туристов, посетивших Украину в 2016 году, мотивацией поездки указали "личные цели". Фото: travellist.com.ua

Այդպիսով, մինչև 2014թ. զինված հակամարտությունն Ուկրաինա կանոնավորապես այցելում էր ավելի քան 20 մլն զբոսաշրջիկ (2008թ.՝ 25.4 մլն մարդ), սակայն Ղրիմի ու Դոնբասի դեպքերն իրենց բացասական կնիքը թողեցին տվյալ ցուցանիշների վրա։

Ամեն դեպքում 2016թ. ցուցանիշը հուսադրող է Ուկրաինայի համար, և կարելի է ենթադրել, որ 2017թ. ցուցանիշը կլինի է՛լ ավելի մեծ։ ԵՄ-ի հետ գործող վիզային ռեժիմի վերացումը կմեծացնի Ուկրաինայի քաղաքացիների շփումները եվրոպացիների հետ, որոնց շրջանում, ըստ ամենայնի, կմեծանա զբոսաշրջային տեսանկյունից Ուկրաինայի հանդեպ հետաքրքրությունը։

Այժմ անդրադառնանք Ղրիմի զբոսաշրջային ոլորտի ցուցանիշներին և Ուկրաինայի զբոսաշրջային ոլորտի վրա դրանց ազդեցությանը։ Ղրիմն Ուկրաինայի զբոսաշրջային ոլորտի համար ներկայացնում էր որոշակի կարևորություն։ 2012թ. Ղրիմ այցելել են ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ 6.134.000 մարդ (8.1%-ի աճ՝ 2011թ. համեմատ)։ Ընդ որում՝ 6%-ով աճել էր իրենց ամանորյա հանգիստը Ղրիմում անցկացնել նախընտրողների թիվը. 2012թ. այդ ցուցանիշը կազմել է 27.500 մարդ (2011թ.՝ 25.900 մարդ)[26]:

Արդեն 2013թ. Ղրիմում գրանցվեց զբոսաշրջային այցերի 4%-ի անկում՝ 5.890.000 մարդ՝ համեմատած ռեկորդային 2012թ. հետ։ Սակայն 2013թ. ցուցանիշը 3.7%-ով գերազանցեց 2011թ. ցուցանիշը՝ 5.676.000 մարդ, և այդպիսով 2013թ. Ղրիմի համար դարձավ զբոսաշրջային պլանում լավագույն տարիներից մեկը [27]:

Ամեն դեպքում պետք չէ չափազանցնել Ղրիմի դերն Ուկրաինային զբոսաշրջային եկամուտներ բերելու տեսանկյունից։ Մասնավորապես, արդեն նշվեց, որ 2013թ. Ղրիմ է այցելել մոտ 5.9 մլն զբոսաշրջիկ, սակայն ընդգծենք, որ նրանց թվում գերակայել են Ուկրաինայի այլ շրջաններից Ղրիմ ժամանած զբոսաշրջիկները՝ 65.6% (3.86 մլն)։  Զբոսաշրջային ողջ հոսքի 26.1%-ը (1.53 մլն) բաժին է ընկել ՌԴ-ին, 4%-ը՝ Բելառուսին, 4.3%-ը՝ այլ երկրներին[28]։ Ստացվում է, որ Ղրիմ հիմնականում այցելել են Ուկրաինայի այլ շրջաններից, և այդ պլանում Ուկրաինայի քաղաքացիները վերջին տարիներին որոշակիորեն զրկվեցին Ղրիմում հանգստանալու հնարավորությունից։

Դա նաև նշանակում է, որ Ղրիմն այդքան էլ եկամտային ու արտարժութային (դոլարային) մեծ հոսքեր չի ապահովել Ուկրաինային։ Համադրելով այս ամենը՝ ստացվում է, որ զբոսաշրջային տեսանկյունից Ղրիմի կորուստը շատ ավելի զգալի էր Ուկրաինայի քաղաքացիների, քան զուտ Ուկրաինա պետության համար։

2014թ. հայտնի դեպքերի պատճառով Ղրիմում զբոսաշրջային անկումն անխուսափելի էր. Ղրիմ այցելեց 3.8 մլն մարդ, անկումը կազմեց 34%[29]: 2015թ., երբ Ղրիմն արդեն ՌԴ-ի կազմում էր, զբոսաշրջային հոսքն աճեց 21%-ով՝ կազմելով 4.598.000 մարդ[30]: Սա, ըստ ամենայնի, կապված է եղել ՌԴ քաղաքացիների այցերով։

Հիշատակության արժանի է նաև այն, թե ինչպես են զբոսաշրջիկները հասնում Ղրիմ։ 2013թ. զբոսաշրջիկների 66%-ը Ղրիմ ժամանել է երկաթուղային ճանապարհով, 24%-ը՝ ավտոտրանսպորտով (Կերչի լաստանավային հաղորդակցություն), 10%-ը՝ ավիատրանսպորտով։ Այս պատկերը, սակայն, փոխվում է հետագա տարիներին. 2014թ. զբոսաշրջիկների միայն 40%-ն է Ղրիմ ժամանել երկաթուղային ճանապարհով, 31%-ը՝ ավտոտրանսպորտով, 29%-ը՝ ավիատրանսպորտով։ Իսկ 2015թ. զբոսաշրջիկների 44%-ը Ղրիմ ժամանել է արդեն ավիատրանսպորտով, 39%-ը՝ ավտոտրանսպորտով, 10%-ը՝ տրանսպորտային այլ տեսակներով։ Այս ամենը նշանակում է, որ երկաթուղային հաղորդակցությունը բավական մեծ դեր է խաղացել դեպի Ղրիմ զբոսաշրջային հոսքի համար։ Սակայն 2014թ. հայտնի դեպքերի պատճառով դրա դերը սկսեց նվազել, և մի շարք փորձագետներ չեն բացառում, որ ներկայումս Ուկրաինան կարող է ընդհանրապես կասեցնել Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը (Ղրիմի հայտնի դեպքերից հետո Ուկրաինան անմիջապես կասեցրեց թերակղզու հետ ուղիղ ավիահաղորդակցությունը, սահմանափակումներ կիրառեց բեռների տարանցման դեմ, պատժամիջոցներ կիրառեց ռուսական ընկերությունների հանդեպ)։

Նկատենք, որ

դեռ պատրաստ չէ նաև Կերչի նեղուցի վրայի կամուրջը (ավտոմոբիլային ու երկաթուղային), և երկաթուղային հաղորդակցության դերի նվազման կամ դրա ընդհանրապես կասեցման դեպքում հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկների համար բավական կթանկանա Ղրիմ հասնելը, ինչը նրանց կստիպի սեփական հայացքը հառել այլ ուղղությունների վրա։ Այդ պլանում կտրականապես առանձնանում է Թուրքիան, որը սկսել է Ղրիմից խլել ռուսաստանցի զբոսաշրջիկներին։

<p>В Крыму отдохнули 5 млн 890 тыс. человек. Фото: krim.biz.ua</p>

2017թ. հունիսի վերջին Ղրիմի զբոսաշրջության նախարար Սերգեյ Ստրելբիցկին հայտարարեց. «Ղրիմի իշխանությունները հուսով են, որ 2017թ. թերակղզի կայցելի ավելի քան 5.5 մլն զբոսաշրջիկ։ Սակայն Թուրքիայում զբոսաշրջային սեզոնի բացման խորապատկերին հունիսի 23-ի դրությամբ Ղրիմ այցելել է ընդամենը 1.335.500 մարդ։ Իրենց դերն ունեն նաև այս տարի Ղրիմի անբարենպաստ կլիմայական պայմանները։ Տուրօպերատորները կանխատեսում են 30%-ի անկում և հայտնում են 2016թ. հաջողությունը կրկնելու անհնարինության մասին, երբ Ղրիմ այցելեց 5.573.500 զբոսաշրջիկ։ Գործող հյուրանոցների ու առողջարանների ներկայիս ծանրաբեռնվածությունը կազմում է 52%։ Զբոսաշրջային հոսքի հիմնական մասը կազմում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնց մասնաբաժինը կազմում է 83.5%։ Մնացյալն օտարազգիներ են՝ հիմնականում հարևան երկրներից։ 2016թ. Ղրիմ այցելած 16.5% օտարազգի զբոսաշրջիկների մեծ մասն ուկրաինացիներ են»։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ 2016թ. Թուրքիա է այցելել մոտ 800.000 ռուսաստանցի, իսկ 2017թ. համար կանխատեսվում է, որ նրանց թիվը կհասնի 2014թ. մակարդակին՝ 4.5 մլն զբոսաշրջիկ։ Փորձագետ Իլյա Ումանսկին իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան ստվերում է Ղրիմի նախորդ տարվա ձեռքբերումները. «2016թ. ռուսաստանցի զբոսաշրջիկները թուրքական ուղղության փակվելուց հետո նախընտրեցին երկրի առավել հայտնի հանգստավայրերը՝ Ղրիմ ու Սոչի։ Սակայն հենց բացեցին այդ ուղղությունը, նրանք վերադարձան Թուրքիա։ Երկրորդ գործոնը, որը խաթարեց ռուսաստանցիների հետաքրքրությունը Ղրիմի հանդեպ, անբավարար սպասարկումն է։ Շատ զբոսաշրջիկներ, որոնք նախորդ տարի այցելել են Ղրիմ, հիասթափվել են։ Հանգստավայրերը պատրաստ չեն եղել ընդունելու մարդկանց։ Եվ, վերջապես, երրորդ գործոնը գինն է։ ՌԴ կազմում ընդգրկվելուց հետո Ղրիմում գներն այնտեղ աճել են 20-30%-ով։ Մինչդեռ թուրքերը գները նվազեցրել են մինչև նվազագույնի՝ շնորհիվ պետական դոտացիաների։ Մենք վերլուծել ենք թուրքական ու Ղրիմի հանգստավայրերի գները հուլիս-օգոստոսին (զբոսաշրջային պիկ սեզոնին)։ Պարզվել է, որ մենք այսօր մրցունակ չենք»:

Ստրելբիցկին Ղրիմում զբոսաշրջության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը համարում է ավիատոմսերի գինը. «Երբ մարդը դեպի Անթալիա թռչում է մոտ 3.5 ժամ և վճարում է 13.000 ռուբլի, իսկ Ղրիմ թռչում է միայն 2 ժամ և 20 րոպե ու վճարում է 15.000 ռուբլի, բնականաբար, նրա մոտ հարց է առաջանում, թե ինչու է այդպես։ Օրինակ, Նյու Յորքից Մայամի թռիչքն արժե 80 $։ Եթե մենք ցանկանում ենք զարգացնել ներգնա տուրիզմը, ապա պետք է մշակենք ներքին թռիչքների մեր մոդելը»[31]:

Ընդգծենք, որ Ղրիմի բռնակցումից հետո խնդիրների բախվեցին նաև տեղի գինեգործական ձեռնարկությունները։ Ընդ որում՝ խոսքը միայն արևմտյան պատժամիջոցների սահմանման և որպես հետևանք՝ Ղրիմի գինեգործական ընկերությունների կողմից արևմտյան շուկաները կորցնելու մասին չէ։

Խնդիրներ ծագեցին մասնավորապես ՌԴ-ում գինիների տեխնոլոգիական արտադրության տարբերությունների և բարձր լիցենզիայի հարցում[32]Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն ընդհանրապես մեծ վնաս պատճառեցին Ղրիմի արտաքին առևտրի ոլորտին։ Ղրիմի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ. Ղրիմի ներկրումը 2015թ. համեմատ նվազեց 43.5%-ով՝ մինչև 66.5 մլն $, իսկ արտահանումը՝ 40%-ով՝ մինչև 47.7 մլն $։ Այդպիսով, 2016թ. թերակղզու արտաքին առևտրային շրջանառությունը կազմել է 153.5 մլն $, ինչը 92.1%-ով զիջում է 2013թ. ցուցանիշը, երբ թերակղզին վերահսկվում էր Կիևի կողմից (այն ժամանակ Ղրիմի ներկրումը կազմել է 1 մլրդ $, իսկ արտահանումը՝ 905 մլն $)։ Քանի որ Ղրիմ չեն մտնում օտար նավերը, իսկ ինքնաթիռները թերակղզուց չեն թռչում արտասահման, նրա ողջ ներկրումն ու արտահանումն իրականացվում է պատժամիջոցների շրջանցմամբ՝ ՌԴ Նովոռոսիյսկ նավահանգստի միջոցով[33]։

вина Массандра

Ամփոփելով նշենք, որ Ուկրաինան զբոսաշրջային ոլորտում մեծ անելիքներ ունի զբոսաշրջիկների համար որպես գրավիչ երկիր ներկայանալու համար։ Դա հատկապես վերաբերում է ոչ հարևան երկրներից Ուկրաինա զբոսարջիկներ ներգրավել կարողանալուն։ Զբոսաշրջային հոսքի մեծացման ամենալուրջ գրավականներից մեկն Ուկրաինայում ներքին կայունության պահպանումն է։ Արդեն նշվեց, որ զբոսաշրջային ոլորտում տարեկան աճի տեմպերը վերսկսվել են, որոնք, ըստ ամենայնի, կպահպանվեն նաև 2017թ.։ Նշվեց նաև, որ Ուկրաինա զբոսաշրջային հոսքի մեծացմանը կարող է նպաստել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացումը։ Ինչ վերաբերում է զբոսաշրջային տեսանկյունից Ղրիմի կորստին, ապա այն այնքան էլ մեծ չէ Ուկրաինա պետության համար՝ հաշվի առնելով, որ նախկինում այնտեղ տարեկան այցելում էր մոտ 2 մլն օտարազգի զբոսաշրջիկ (Ուկրաինա տարեկան այցելում էր ավելի քան 20 մլն օտարազգի զբոսաշրջիկ)։

Ինչ վերաբերում է Ղրիմի բնակիչներին, ապա զբոսաշրջային տեսանկյունից նրանց համար սկսվում են բարդ ժամանակներ։ Արևմուտքի պատժամիջոցներն առնչվում են նաև դեպի Ղրիմ զբոսաշրջային այցերն արգելելուն։

Բացի այդ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Թուրքիայի վերաբացումն ուժգին հարված է Ղրիմի համար, որը միայն սաստկանալու է՝ հաշվի առնելով Թուրքիայում հանգստանալու ավելի էժան լինելը, սպասարկման ավելի բարձր մակարդակը, կլիմայական ավելի լավ պայմանները՝ զբոսաշրջային սեզոնի ավելի երկարատև լինելը (Ղրիմում զբոսաշրջային սեզոնը կազմում է 5 ամիս՝ մայիսից սեպտեմբեր)։ Ավելին՝ Ղրիմի զբոսաշրջության համար նոր ուժգին հարված կդառնա ռուսաստանցիների համար Եգիպտոսի ուղղության վերաբացումը։

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով նշենք, որ թեև Ուկրաինայի տնտեսությունը 2013-2014թթ. ստացավ ուժգին հարվածներ, սակայն տեսանելի է, որ այն հաղթահարում է նոր իրողություններին հարմարվելու փուլը, տնտեսական հարաբերությունների նոր էջ է բացում ԵՄ-ի հետ։ Սա բավական հեռանկարային է լինելու Ուկրաինայի համար, դրականորեն է ազդելու երկրի տնտեսական վիճակի, քաղաքացիների կենսամակարդակի վրա։

Ուկրաինան՝ պետությունն ու քաղաքացիները, շատ բան ունեն ապացուցելու ոչ միայն ՌԴ-ին ու Արևմուտքին, այլ նաև ԱլԳ անդամ երկրներին ու, ինչու ոչ, իրենք իրենց։ Դա անելու դեպքում Ուկրաինան կվերածվի Եվրոպայում խոշորագույն տնտեսություն ունեցող երկրներից մեկի՝ հաշվի առնելով նաև երկրում բնական հարուստ պաշարների առկայությունը։

Image result for Free trade between Ukraine and EU

Ներկա փուլում Ուկրաինայի իշխանությունները հիմնականում պետք է փորձեն հասնել ճգնաժամից առաջ ունեցած տնտեսական ցուցանիշներին, օրինակ՝ եթե 2013թ. Ուկրաինայի ՀՆԱ-ն կազմում էր 183.3 մլրդ $, ապա 2016թ. այդ ցուցանիշը նվազել էր մինչև 93.3 մլրդ  $-ի։ Ամեն դեպքում, 2016թ. Ուկրաինայի ՀՆԱ-ն սկսել է աճել 2.9%-ով (2.6 մլրդ $)։ Մինչդեռ 2014թ. ՀՆԱ-ն նվազել է 51.1 մլրդ $-ով (28.1%), իսկ 2015թ.՝ 41.2 մլրդ $-ով (31.3%)[34]: Իհարկե դրա համար պետք են տարիներ, և Ուկրաինայի իշխանություններից պահանջվում է արագորեն ձեռնարկել արդյունավետ միջոցներ։

Ուկրաինայի կարևոր ձեռքբերումներից դարձավ ՌԴ-ից ունեցած բազմամյա գազային կախվածությունից ազատվելը (թեև գործում են ռուսական գազի ռևերսային մատակարարումներ, սակայն նորվեգական գազի ներկրումները հնարավորություն կտան ժամանակի ընթացքում դադարեցնել նաև ռուսական գազի այդ մատակարարումները)։ Ուկրաինան տեսականորեն կարող է ստանալ նաև ադրբեջանական գազ, որը TANAP գազատարով հասցվելու է Թուրքիայի հետ ԵՄ-ի սահման։

Ուկրաինայի տնտեսության կարևոր մարտահրավերները երկուսն են՝ արտաքին և ներքին։ Արտաքինը ՌԴ-ն է, որի թողտվության պայմաններում Ուկրաինայի արևելքում կարող են վերսկսվել ռազմական թեժ բախումները, իսկ ներքին մարտահրավերներն են կոռուպցիան, ստվերային տնտեսության բարձր մակարդակը և այլն։ Այս համատեքստում էապես կարևորվում է Ուկրաինայի իշխանությունների դերը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ին, որը Ուկրաինայի հետ միաժամանակ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ դարձավ ՌԴ-ի զոհը (ԱՀ-ը ստորագրելու ու նախաստորագրելու տարբերությամբ), ապա ՀՀ-ի համար ուսանելի կարող է լինել ռուս-ուկրաինական գազային դիմակայության արդյունքները։ ՀՀ-ը նույնպես կարող էր ձերբազատվել ռուսական գազից ունեցած մեծ կախվածությունից (իհարկե դիվերսիֆիկացման պլանում անհրաժեշտ չէ ամբողջովին հրաժարվել ռուսական գազ ներկրելուց)։

Ավելին, ՀՀ-ն այդ հարցում գտնվում է առավել շահեկան վիճակում, քան ՌԴ-ից ամբողջովին գազ գնելուց հրաժարված Ուկրաինան, քանի որ վերջինիս մյուս հարևանները (ՌԴ-ից բացի) չունեն գազային (մեծ) պաշարներ, մինչդեռ ՀՀ-ի հարևան Իրանն ունի աշխարհում ամենամեծ գազային պաշարները։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունների կողմից համապատասխան կամք ցուցաբերելու գործընթացում Իրանին ներգրավելու, Արևմուտքի աջակցությունը ստանալու շնորհիվ հնարավոր է հասնել առավել մեծ արդյունքների, քան հասել է Ուկրաինան։

Եվ, եթե Ուկրաինան կանգնած է ռուսական գազի տարանցման կարգավիճակից զրկվելու շեմին, ապա ՀՀ-ն, ընդհակառակը, կարող է դառնալ իրանական գազը դեպի Սև ծով՝ դեպի Եվրոպա (նաև Ուկրաինա) արտահանելու գործում տարանցիկ երկիր։

ՀՀ-ի համար ուսանելի կարող է լինել նաև Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև ԱՀ-ի կնքումը (ԽՀԱԱԳ), որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին։ Ուկրաինան նախընտրեց 500 միլիոնանոց Եվրոպական շուկան, ոչ թե ԵԱՏՄ-ը (170 միլիոն), մինչդեռ ՀՀ-ն արեց հակառակը՝ ցամաքային սահման չունենալով երկուսի հետ էլ՝ չնայած ԵՄ-ը ՀՀ-ի թիվ մեկ առևտրային գործընկերն է (ԵՄ-ին Վրաստանի կամ Թուրքիայի անդամակցութան դեպքում ՀՀ-ը կսահմանակցի ԵՄ-ի հետ)։

ԵՄ-ի հետ ԱՀ-ի կնքումը Ուկրաինային հնարավորություն կտա ոչ միայն մուտք գործել նման մեծ շուկա, այլև բարձրացնել ապրանքների որակը, արտադրման տեխնոլոգիաները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ԵՄ-ից ներգրավել նորանոր ներդրումներ (ԵՄ-ը ՀՀ-ի ամենամեծ ներդրողն է՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ-ի խոշորագույն դոնորը)։

ՀՀ-ի համար քաղաքական հանձնարարական կարող է դառնալ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի ազատականացումը, որը կարող է դրականորեն ազդել նաև զբոսաշրջային ոլորտի վրա։

Related image

 

ՀՂՈՒՄՆԵՐ


[5] Торгово-экономическое сотрудничество между Украиной и Россией, Посольство Украины в Российской Федерации

[6] Trade with Ukraine, European Union, p.3, 03.05.2017

[21] Прямые иностранные инвестиции в Украине с 2002 по 2016 годы, Прямые иностранные инвестиции (Украина)

[34] Валовой внутренний продукт Украины, Минфин, 26.07.2017

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)