Սույն համատեքստում Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը և, մասնավորապես, առաջիկայում սպասվող Շրջանակային համաձայնագրի կնքումը մեծ կարևորություն ունեն նոր կառավարման ձևի պայմաններում պետական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:

Լուսանկար:

Արտաշես Խալաթյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդավարության VI դպրոցի շրջանավարտ

 

Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգն անցել է զարգացման բավականին հետաքրքիր և դեռ խորն ուսումնասիրման կարիք ունեցող ուղի: Այն, բնականաբար, ազդված է եղել հայ հասարակության իրավագիտակցության և քաղաքական մշակույթի օբյեկտիվ առանձնահատկություններով՝ պայմանավորված ԽՍՀՄ-ի գոյության 70-ամյա ժամանակաընթացքում միակուսակցական, տոտալիտար հասարակական-քաղաքական կարգի առկայությամբ և անկախ ու ժողովրդավարական պետականության  ավանդույթների բացակայությամբ:

Այս ինստիտուցիոնալ թերիներին գումարվեցին կապիտալիստական կացութաձևին անցման և Արցախյան պատերազմով պայմանավորված` տնտեսական  և քաղաքական դժվարությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պատերազմում հաղթած զինվորական վերնախավի քաղաքակական հավակնություններին և որպես հետևանք՝ իշխանական համակարգում ձեռք բերված մեծ ներկայացվածությանն ու օլիգարխիկ համակարգի ձևավորմանը:

Պակաս կարևոր չէ նաև նոր ձևավորվող քաղաքական դասի մոտ Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի բացակությունն ու դրանով պայմանավորված՝ վտանգավոր կիսաքայլերը, որոնք լիբերալ-ժողովրդավարական բարեփոխումները զուգակցեցին խորհրդային արատավոր ժառանգության մնացուկների պահպանման հետ՝ հիմք ստեղծելով մինչ օրս գործող հիբրիդային քաղաքական ռեժիմի ձևավորման համար: Այս բոլորի հանրագումարը հանգեցրեց Հայաստանի ընդհանուր ժողովրդավարացման գործընթացների դանդաղեցման, ինչն անխուսափելիորեն ազդեց քաղաքական համակարգի բնույթի և բովանդակության վրա:

Հայաստանի քաղաքական համակարգի չկայացվածության մասին է խոսում այն հանգամանքը, որ 20 տարվա ընթացքում Հայաստանի պետաիշխանական ինստիտուտները 4 անգամ սահմանադրական մակարդակում լուրջ փոփոխություններ կրեցին՝1991թ., 1995թ. Սահմանադրության ընդունմամբ, 2005 և 2015թթ. Սահմանադրության փոփոխություններով:

Չխորանալով Հայաստանի քաղաքական-պետական համակարգի զարգացման էվոլուցիայի մեջ՝ որը, թերևս, այլ քննարկման թեմա է, կանգ առնենք 2015թ. Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում հաստատվող խորհրդարանական կառավարման ձևի և քաղաքական համակարգի վրա այս հանգամանքի ազդեցության վրա:

Այս համատեքստում առանձնացնենք երկու հարցադրում. 1. արդյո՞ք խորհրդարանական կառավարման ձևը Հայաստանում կարող է կառուցակարգային հիմք հանդիսանալ քաղաքական համակարգի ժողովրդավարացման համար 2. Որո՞նք են այն հիմնական ռիսկերը, որոնք կրում է կառավարման նոր համակարգը:

1. Նախ նշենք, որ a priori պետական կառավարման որևէ ֆորմալ ձև ինքնին չի կարող երաշխավորել ժողովրդավարական հաստատությունների պատշաճ և արդյունավետ գործառնում, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ շուկայական տնտեսություն և առաջադեմ սոցիալական-քաղաքական համակարգերին հատուկ մյուս ինստիտուտների իրական գոյություն: Ցանկացած կառավարման համակարգ, ունենալով ավելի կամ պակաս ուժեղ կողմեր, արդյունավետ կամ ոչ արդյունավետ է դառնում նաև այլ գործոնների հաշվառմամբ: Այդպիսիք են, օրինակ, տվյալ երկրում ժողովրդավարական քաղաքական ավանդույթի առկայությունը, քաղաքական պրակտիկայի համապատասխանությունը Սահմանադրությանը, օրենքի գերակայությունը, հասարակության իրավագիտակցության մակարդակը և այլն: Այս տարրերի համախումբն այլ կերպ կոչվում է քաղաքական կամ սահմանադրական մշակույթ: Վերջինս ունի տարբեր դրսևորումներ՝ հաշվի առնելով ժողովուրդների պատմական զարգացման առանձնահատկությունները, քաղաքական, կրոնական, մշակութային և այլ առանձնահատկությունները:

Ի վերջո, մենք ունենք նախագահական կառավարման ձև ունեցող ԱՄՆ, որը ժողովրդավարության համաշխարհային դրոշակակիրներից է, և Ղազախստան, որտեղ հաստատվել է գերնախագահական ավտորիտար համակարգ: Կամ կիսանախագահական Ֆրանսիայում գործող համակարգն անհամեմատելի է «թղթի վրա» համանման համակարգ ունեցող Ադրբեջանի հետ: Առավել գրոտեսկային է թվում ԽՍՀՄ-ի օրինակը՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր, որը, սակայն, «մաքուր» տոտալիտար պետություն էր: Հետևաբար, միայն քաղաքական պրակտիկան կարող է հավաստել՝ արդյո՞ք տվյալ երկրում կառավարման այս կամ այն համակարգն արդարացնում է իրեն, թե՞ ոչ:

Հայաստանի պարագայում մենք ականատեսն ենք յուրահատուկ մի ֆենոմենի. Անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանում արդեն իսկ «փորձարկվել են» կառավարման բոլոր ձևերը՝ նախագահական, կիսանախագահական, և այժմ էլ գործողության մեջ է դրվում խորհրդարանական համակարգը: Այս տարիների փորձը ցույց է տվել, որ նշված կառավարման ձևերից և ոչ մեկը չհանգեցրեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների լիարժեք կայացման: Գաղափարապես թույլ և անկազմակերպ կուսակցությունները, որոնք չունեն կայուն ընտրազանգված, սաղմնային վիճակում գտնվող քաղաքացիական հասարակությունը, քաղաքական և տնտեսական ռեսուրսների սերտաճումը հասարակության սահմանափակ խավի ձեռքերում էապես թուլացրել են Սահմանադրությամբ ամրագրված ֆորմալ պետաիշխանական ինստիտուտների լեգիտիմությունն ու կենսունակությունը՝ քաղաքական որոշումների ընդունման գործընթացը տեղափոխելով կոլեգիալ և մասնակցային սահմանադրական համակարգից ազդեցության ոչ ֆորմալ ձևաչափեր: Նման պայմաններում բնականորեն ուժեղացել է անձերի դերը քաղաքական որոշումների ընդունման գործընթացում և որպես հետևանք՝ նախագահը, իբրև անձ-ինստիտուտ, ունենալով սահմանադրորեն ամրագրված ընդարձակ լիազորություններ և ոչ ֆորմալ ազդեցության խմբերի աջակցությունը, իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, իսկ քաղաքական համակարգի մյուս ինստիտուտները՝ կուսակցությունները, խորհրդարանը, կառավարությունը, ավելի ու ավելի են օտարվել իրական քաղաքականությունից:

Մյուս կողմից, ընդդիմադիր կոնտրէլիտան, զրկված լինելով պետական քաղաքականության վրա որևէ էական ազդեցություն ունենալու հնարավորությունից, այդ թվում կուսակցությունների և խորհրդարանի կառուցակարգային դիսֆունկցիայի հետևանքով իշխանափոխության միակ իրական ճանապարհը մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունները տեսնում էր նախագահական ընտրություններում իշխանական էլիտայի թեկնածուին հաղթելու մեջ:

Իր հերթին, կապիտալի նախնական կուտակման փուլը բոլորող իշխանական համակարգը, չունենալով քաղաքական և տնտեսական որևէ հուսալի երաշխիք, որ իշխանափոխությունից հետո ինքը կպահպանի կուտակված տնտեսական ռեսուրսները, որևէ կերպ հակված չէր զիջել կառավարման լծակները հակառակորդ քաղաքական խմբերին:

Այսպիսով քաղաքական էլիտաների միջև «խաղի կանոնների» որևէ համաձայնության բացակայությունն այնքան էր բարձրացրել իշխանության գինը, որ նախագահական ընտրությունները վերածվում էին «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ»  սկզբունքով պայքարի՝ պետականության համար ցնցումային հետևանքներով: Նման ռադիկալացած քաղաքական դաշտի պայմաններում իշխանության փոխանցման ներհամակարգային յուրաքանչյուր շրջան լուրջ փորձություն էր դառնում Հայաստանի համար՝ քաղաքական և տնտեսական լրջագույն հետևանքներով:

Մյուս կողմից, իշխող համակարգի ներսում ակնհայտորեն ևս կան ֆրակցիոնիզմի և տարամետ շահերի դրսևորումներ, ինչը դժվարացնում է նաև տարբեր շահառու խմբերի կողմից նախագահի թեկնածուի շուրջ համաձայնության գալու գործընթացը: Տնտեսական ճգնաժամի պայմաններում ռեսուրսների համար սրված պայքարի համատեքստում իշխող դասի հնարավոր պառակտումը կարող էր համակարգի համար ճակատագրական լինել, ինչը ներիշխանական կոնսեսուսի կայացման համար նոր ձևաչափ որոշելու անհրաժեշտություն էր առաջացնում:

Խորհրդարանական կառավարման համակարգի սահմանումը փոփոխված Սահմանադրության մեջ նպատակ ուներ նախևառաջ հաստատել քաղաքական նոր status quo իշխող վերնախավի ներսում և ապամոնտաժելով քաղաքական համակարգի անտագոնիզմը՝ ամրապնդել նաև սեփական վերարտադրության կամ տնտեսական-քաղաքական ռեսուրսների պահպանման երաշխիքները: Համապատասխանաբար, կառուցակարգային այս փոփոխությունը, նախևառաջ, թելադրված է ներհամակարգային փոխհարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտությամբ: Եթե նախկինում իշխանական համակարգի և տնտեսական ռեսուրսների էական սեգմենտներին տիրապետող խմբերը համաձայնության էին գալիս ընդունել մեկ փոխզիջումային թեկնածուի՝ նախագահի իշխանությանը ենթարկվելու շուրջ, ինչը, սակայն, որոշակիորեն ռիսկային էր իրենց համար, քանզի ի վերջո ընտրությունների արդյունքում երկրի թիվ մեկ պաշտոնյան դարձած անձն իր առաջնային մանդատի ուժով որոշակիորեն անկախ էր ռեսուրսատեր օլիգարխներից, ապա այսօր արդեն օլիգարխիկ խմբերը հնարավորություն են ստացել առավել անմիջականորեն ներգրավվել իշխանության ձևավորման գործընթացում, քանզի այսուհետ թե՛ նախագահը և թե՛ վարչապետն ու կառավարությունը ձևավորվելու են խորհրդարանի կողմից, երկու համապետական ընտրություններից մնացել է մեկը՝ խորհրդարանի ընտրությունը, որտեղ համամասնական-ռեյտինգային հմտորեն մշակված ընտրակարգի շնորհիվ Հայաստանի ողջ տարածքը բաժանվել է ազդեցության գոտիների, որոնց տիրապետող անձինք էլ, ընտրվելով պատգամավոր կամ առաջադրելով իրենց ազդեցության ներքո գտնվող թեկնածուների, հետագայում հնարավորություն են ստանալու նշանակել և պաշտոնանկ անել վարչապետին և կառավարությանը՝ այդպիսով քաղաքական համակարգը հարմարեցնելով իրենց շահերին:

Այս փոփոխություններից, սակայն, կարող են օգտվել նաև հասարակությունն ու ընդդիմադիր քաղաքական ուժերը, քանզի առնվազն պաշտոնապես հիմքեր են ստեղծվում առավել բազմազան և ներառական համակարգի ձևավորման համար, որպիսի հնարավորությունից օգտվելն արդեն կախված է հասարակության և ընդդիմադիրների հասունության աստիճանից:

Այսպես՝ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում իշխանության հիմնական կրողները դառնում են կուսակցություններն ու նրանց մասնակցությամբ ձևավորված խորհրդարանը. Նախագահն ունենալու է առավելապես խորհրդանշական լիազորություններ: Դա հնարավորություն է տալիս տարբեր քաղաքական խմբերին պայքարել պետական իշխանության իրականացման մեջ մասնաբաժին ունենալու համար՝ չհավակնելով ամբողջական իշխանության: Ուժերի ցանկացած դասավորություն խորհրդարանում, մեծ հաշվով, կարող է հարաբերական լինել և կախված քաղաքական գործընթացներից՝ կարող է փոխվել: Նույնիսկ միակուսակցական կայուն մեծամասնությունն ընդդիմության համար մինչև հաջորդ ընտրական ցիկլ չի փակում իշխանություն դառնալու հնարավորությունը, քանի որ հատկապես կայուն կուսակցական համակարգի բացակայության պայմաններում իշխող մեծամասնության տրոհումը, և իշխանական որևէ սեգմենտի համագործակցությունը քաղաքական փոքրամասնության հետ այնքան էլ անիրատեսական չէ:

Այս վիճակը մի կողմից անկայունության վտանգ է ստեղծում, սակայն մյուս կողմից կառավարությանն ու իշխող ուժին դարձնում է առավել զգուշավոր և պատասխանատու՝ ականջալուր հասարակության մեջ և քաղաքական համակարգում առկա ու փոփոխվող տրամադրությունների նկատմամբ:

Իր հերթին, ընդդիմությունն էլ դառնում է էական գործոն քաղաքական գործընթացների վրա ազդելու տեսանկյունից: Դրան նպաստում են նաև փոփոխված Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված նոր լիազորությունները՝ քննիչ հանձնաժողովների ստեղծումը, Սահմանադրական դատարան դիմելու առավել լայն լիազորությունը և այլն: Իշխող քաղաքական դասի տեսանկյունից բազմակուսակցական խորհրդարանը կարող է նաև անվտանգության յուրօրինակ երաշխիք լինել, քանի որ պատգամավորական մանդատները բաշխվելու են քաղաքական և տնտեսական բոլոր ազդեցիկ խմբերի միջև, ինչը բացառում է իշխանական ռեսուրսների կենտրոնացումը մեկ անձի կամ խմբի ձեռքում: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն իշխող քաղաքական ուժի, այլև ֆորմալ իմաստով ընդդիմադիր, սակայն իրականում իշխանական դաշտում գործող ուժերին, որոնք նոր համակարգում այս կամ այն չափով դառնում են իրական քաղաքական իշխանության կրողներ: Օրինակ՝ փոփոխված Սահմանադրությամբ բարձրագույն բոլոր պաշտոնների նշանակումը կատարվելու է խորհրդարանի կողմից՝ ձայների 3/5-ով կամ 3/4-ով, ինչը նշանակում է, որ պետական պաշտոնյաները նշանակվելու են երկու կամ ավելի ուժերի փոխհամաձայնության արդյունքում: Նույնը վերաբերում է առանցքային՝ սահմանադրական օրենքների ընդունմանը:

Հարկ է նշել նաև, որ փոփոխված Սահմանադրությամբ մասնակցային ժողովրդավարությունն ամրապնդող գործիքակազմի մեջ ավելացել է նաև քաղաքացիական նախաձեռնության ինստիտուտը, որը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված որոշակի թվովքաղաքացիների նախաձեռնել այս կամ այն օրինագծի քննարկում Ազգային ժողովում կամ հանրային կարևոր հարցերի վերաբերյալ անցկացնել հանրաքվե: Այս դրույթը կարևոր է այնքանով, որ ուժեղացնում է քաղաքացիական վերահսկողությունը խորհրդարանի և պետական մյուս ինստիտուտների նկատմամբ:

2. Խորհրդարանական կառավարման համակարգը, բնականաբար, պարունակում է նաև որոշակի ռիսկեր: Նախ՝ նշենք, որ պառլամենտարիզմը ենթադրում է զարգացած, կայուն, որոշակի գաղափարախոսական հենքով և ընտրազանգվածով կուսակցությունների առկայություն: Ընդ որում, բազմաթիվ կուսակցությունների առկայությունը, առաջին հայացքից թվալով ժողովրդավարության դրսևորում, իրականում խանգարում է իրական խորհրդարանական համակարգի կայացմանը: Կայուն խորհրդարանական համակարգի գոյության համար, որի շրջանակներում կառավարությունը կունենա կենսունակության գոնե նվազագույն երաշխինքեր, հարկավոր է ունենալ ոչ ավելի, քան 3-5 կուսակցություն, ինչը կբացառի պառլամենտական անվերահսկելի ֆրակցիոնիզմը, անկայուն կոալիցիաները և որպես հետևանք՝ կառավարության հաճախակի փոփոխությունները: Հակառակ պարագայում, եթե տեղի չունենա կուսակցությունների խոշորացում և գաղափարական որոշակիացում, ապա խորհրդարանական կառավարումը կարող է քաղաքական համակարգն ընդգրկել ճգնաժամերի տեղապտույտի մեջ, որի արդյունքը կլինի միակուսակցական համակարգի հաստատումը: Հայաստանի պարագայում այս վտանգն իրական է այնքանով, որ իշխող ՀՀԿ-ն տիրապետում է ահռելի քաղաքական և տնտեսական ռեսուրսների, այնինչ, մյուս կուսակցություններն ինստիտուցիոնալ առումով դեռ փնտրտուքների մեջ են, և եթե իրավիճակն այսպես պահպանվի, ապա 2022թ. ՀՀԿ-ն կարող է էլ ավելի ընդլայնել իր ներկայությունը խորհրդարանում:

Մյուս ռիսկային կողմը, որը կարելի է մատնանշել, վարչապետի ընտրության հարցն է: Փոփոխված Սահմանադրությամբ վարչապետը փաստացի հանդիսանում է թիվ մեկ պաշտոնյան և ունի ընդարձակ լիազորություններ: Այս իմաստով խիստ կարևոր է, թե ինչպիսի չափանիշներով է ընտրվելու կառավարության ղեկավարը: Սահմանադրության համաձայն՝ Նախագահի կողմից անհապաղ վարչապետ է նշանակվում խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված ցանկացած թեկնածու՝ անկախ նրա՝ մեծամասնության ընտրական ցուցակը գլխավորելու կամ առնվազն դրանում ընդգրկված լինելու հանգամանքից: Այսինքն վարչապետ կարող է նշանակվել նաև հանրությանն անհայտ կամ հասարակության վստահությունը չվայելող անձ, եթե նրան առաջադրի խորհրդարանական մեծամասնությունը: Դրանով իսկ ժողովրդի ազդեցությունը գործադիր իշխանության ձևավորման վրա սահմանափակվում է միայն որևէ քաղաքական ուժի Կառավարության ձևավորման մանդատ տալով:

Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգերի զգալի մասում վարչապետ է նշանակվում խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարը, կամ առնվազն պահանջվում է, որ վարչապետի թեկնածուն լինի խորհրդարանի անդամ: Հայաստանի նման պետություններում, որտեղ սահմանադրական համակարգը դեռևս կայացման փուլում է, հստակեցված չեն քաղաքական պայքարի ժողովրդավարական կանոնները քաղաքակական համակարգի սուբյեկտների միջև, սահմանադրական մշակույթը բավարար մակարդակի վրա չէ, Սահմանադրությամբ կամ սահմանադրական օրենքով վարչապետի նշանակման հարցում քաղաքական ուժերին և խորհրդարանին ազատ հայեցողության տրամադրումը կարող է հանգեցնել խորհրդարանի, վարչապետի և ամբողջ Կառավարության հանրային հաշվետվողականության նվազմանը, պետական կառավարման հարցում սուբյեկտիվիզմի ու ստվերային կառավարման երևույթների առաջացմանը և արդյունքում պետական քաղաքականության իրականացման հարցում ստեղծել հանրային որոշակի անորոշություն, քանզի ընտրական կորպուսը բավարար տեղեկություն և պատկերացում չի ունենալու՝ ով է գլխավորելու գործադիր իշխանությունը և ինչպիսի քաղաքականություն է վարելու: Եթե վարչապետը չլինի այն կուսակցության ղեկավարը կամ առնվազն անդամը, որի կողմից ինքն առաջադրվում է վարչապետի պաշտոնում, նա չի կրի քաղաքական պատասխանատվություն այդ կուսակցության նախընտրական ծրագրի կատարման համար, որի համար, որ այդ կուսակցությունը ձայն է ստացել ընտրողներից, հետևաբար նա կարող է վարել քաղաքական իմաստով ոչ կանխատեսելի և ամբոխահաճո քաղաքականություն՝ թուլացնելով պետական կառավարման համակարգի հանրային վարկանիշը և ներքին միասնականությունը:

Մյուս էական ռիսկը, որը կարելի է մատնանշել, այն է, որ քաղաքացիական հասարակության ներկայիս մակարդակի և հարաճուն արտագաղթի պայմաններում քաղաքական համակարգը զրկվում է իր ամենակարևոր ռեսուրսից՝ մարդուց, նոր կարող սերնդից, որը թարմ արյուն կներարկի քաղաքական դաշտին՝ նոր անհատների, նոր կուսակցությունների տեսքով, որոնք կարող են մրցակցել իշխող ուժի հետ: Եթե քաղաքական համակարգն էական բարեփոխման չենթարկվի, և չստեղծվեն իրական, գաղափարական կուռ կուսակցություններ, ապա Հայաստանում օբյեկտիվորեն կձևավորվի կուսակցապետություն, քանզի երկրում կվերանա ժողովրդավարության շարժիչ ուժը համարվող հասարակական-քաղաքական այլընտրանքը:

Հայաստանում հաստատվող խորհրդարանական կառավարման համակարգի ևս մեկ ռիսկ կարելի է առանձնացնել պաշտպանության ոլորտի և զինված ուժերի կառավարման աստիճանակարգության նոր մոդելը: Հարկ է նշել, որ զինված ուժերի համակարգի կառուցակարգային փիլիսոփայությունն ուղղակիորեն այդքան էլ չի առնչվում կառավարման համակարգի ընտրության հետ և, որպես կանոն, ունի իր ուրույն տրամաբանությունն ու սկզբունքները՝ այլ պետական ինստիտուտների համամատությամբ առավել բարձր կենտրոնացվածություն, իր գործունեության բնույթով պայմանավորված՝ հրապարակայնության ոչ բարձր աստիճան, ապաքաղաքական կարգավիճակ և այլն:

Հայաստանի պարագայում, սակայն, Սահմանադրական բարեփոխումների առանցքային կետերից մեկը ռազմա-պաշտպանական ոլորտի կառավարման մոդելի արմատական վերանայումն է, որին փորձ է արվել տալ կառավարման խորհրդարանական ձևից բխող կոլեգիալություն: Սակայն զինված ուժերի ղեկավարման կոլեգիալ մոդելի ներդրումը բանակում, ի տարբերություն պետական այլ ինստիտուտների, ոչ միայն չի նպաստում զինված ուժերի մարտունակության ու կարգապահության բարձրացմանը, այլև կարող է վտանգել զինված ուժերի հիմնական սահմանադրական պարտականության՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության ապահովման պատշաճ իրականացումը: Սա, բնականաբար, վտանգավոր է ողջ քաղաքական համակարգի համար, քանի որ վերջինիս բնականոն գործառնման կարևոր երաշխիքներից մեկն ինստիտուցիոնալ և կազմակերպական առումներով թուլանում է:

Այսպես, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվում է զինված ուժերի համակարգի միանգամայն նոր ճարտարապետություն: Այս մոդելի հիմքում, ինչպես նշվեց, պաշտպանության ոլորտի հիմնական լիազորությունների ապակենտրոնացումն է մի քանի իշխանական սուբյեկտների միջև՝ այն նպատակով, որ մեկ անձի կամ ինստիտուտի ձեռքերում չկենտրոնանա ռազմական իշխանության հսկիչ փաթեթը:

Այսպես՝ խաղաղ ժամանակ Հայաստանում չի գործելու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը, որն այսօր Նախագահի իշխանության կարևորագույն ատրիբուտներից է: Փոխարենը զինված ուժերի կառավարման ոլորտում լիազորությունները բաշխվելու են 5 ուժային կենտրոնների միջև՝ վարչապետ, կառավարություն, Անվտանգության խորհուրդ, պաշտպանության նախարար և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման կարգը, լիազորություններն ու գործունեության կարգը նախատեսված են ոչ թե Սահմանադրությամբ, այլ պետք  է սահմանվեն օրենքով, ըստ էության պաշտպանության և անվտանգության ոլորտի քաղաքականության մշակողն է լինելու, այս ոլորտում օպերատիվ քննարկումների հիմնական հարթակը: Ենթադրվում է, որ այն կազմված է լինելու ուժային և քաղաքական հիմնական մարմինների ղեկավարներից: Ուշագրավ է, որ Սահմանադրությունը չի պատասխանում այն հարցին, թե ով է ղեկավարելու այս ընդարձակ լիազորություններով կառույցը: Տրամաբանական կլիներ, որ այն գլխավորեր վարչապետը՝ 2018թ. ապրիլից հետո որպես Հայաստանի փաստացի բարձրագույն պաշտոնատար անձ, սակայն այս հարցը ևս թողնված է ընթացիկ օրենսդրությանը, ինչը, թերևս, անտեղի քաղաքականացնում է այն և հնարավոր ,,անակնկալների,, համար նախադրյալներ ստեղծում:

Անվտանգության խորհրդի կողմից մշակված պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան՝ զինված ուժերի քաղաքական ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ զինվորական օպերատիվ կառավարումը՝ գլխավոր շտաբի պետը: Պատերազմի ժամանակ վարչապետը հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Կառավարությունը լիազորված է որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, իսկ անհետաձգելի իրավիճակներում պաշտպանության նախարարի առաջարկով դա անում է վարչապետը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով կառավարության անդամներին: Ընդ որում, զինված ուժերում աստիճանակարգության և լիազորությունների բաշխման մնացյալ հարցերը Սահմանադրությունը թողնում է օրենսդրի՝ Ազգային ժողովի հայեցողությանը:

Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչպիսի խճճված և իրար հակասող լիազորությունների մի խճանկար է նախատեսված Սահմանադրությամբ՝ զինված ուժերի քաղաքականության մշակման, իրացման և կառավարման հարցերում: Այս թնջուկի հանգուցալուծումը սահմանադրական մակարդակում գրեթե անհնար է, քանի որ հիմնական հարցերի կարգավորումը վերապահված է օրենքին, որն անխուսափելիորեն կրելու է քաղաքական կոնյուկտուրայի և քաղաքական ուժերի փաստացի դասավորվածության ազդեցությունը: Այսինքն ավանդաբար ապաքաղաքական ընկալվող բանակը կարող է դառնալ քաղաքական մրցակցության և ֆրակցիոնիզմի առարկա՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Բացի այդ անգամ այն սահմանափակ տեղեկատվությունը, որը կարող ենք քաղել հիմնական օրենքից, արդեն իսկ առաջացնում է որոշակի հարցեր: Նախ՝ ինչպե՞ս են բաշխվելու լիազորությունները պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջև: Այս երկու սուբյեկտները միմյանցից ամբողջովին անկախ են թե՛ գործառույթների և թե՛ նշանակման առումներով. Պաշտպանության նախարարին նշանակում է վարչապետը, իսկ գլխավոր շտաբի պետին՝ Նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Երկուսն էլ զինված ուժերի կառավարումն իրականացնող բարձրագույն պաշտոնյաներ են: Հայտնի է, որ բանակն ավանդաբար համեմատաբար փակ և խիստ աստիճանակարգության վրա հիմնված կառույց է, որի շնորհիվ ապահովվում է հրամանների ուղղահայաց անշեղ կատարումը, գործում է վերադաս-ստորադաս հարաբերությունների հստակ համակարգ: Սահմանադրությամբ իշխանական ուղղահայացը բանակում փոխարինվում է հորիզոնական  և կոլեգիալության տարրերով կառավարմամբ, որի պայմաններում բանակի ղեկավարմանն առնչվող տարբեր գործառույթներ իրականացնում են գործնականում ինքնուրույն տարբեր ինստիտուտներ: Հասկանալի չէ նաև խաղաղ ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի բացակայությունը: Իսկ ինչպե՞ս վարվել այն հանգամանքի հետ, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պատերազմը պաշտոնապես ավարտված է համարվում հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև նման պայմանագիր կնքված չէ, և ուրեմն իրականում պատերազմական իրավիճակը պահպանվում է, սակայն նվազ ինտենսիվությամբ: Կարո՞ղ ենք այս փաստը համարել հիմք՝ պնդելու համար, որ 2018թ. ապրիլից վարչապետը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես չի ավարտվել պատերազմն Ադրբեջանի հետ: Այս և մի շարք այլ հարցեր տակավին մնում են անպատասխան:

Ուստի բանակաշինության ոլորտում այս բարեփոխումը կանգնած է լուրջ կառուցակարգային և գործնական մարտահրավերների առաջ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել զինված ուժերի և քաղաքական համակարգի կայունության համար:

Այդուհանդերձ, իր բոլոր ռիսկագեն դրսևորումներով հանդերձ՝ կառավարման ներկայիս համակարգը ևս մի հնարավորություն է հայ ժողովրդի համար կատարել քայլ առաջ դեպի լիբերալ ժողովրդավարական համակարգ: Սահմանադրական փոփոխություններն ամեն ինչ չէ, որ որոշում են, սակայն առնվազն ձևավորում են որոշակի ուրվագիծ, թե ինչպես պետք է զարգանա քաղաքական-պետական համակարգը, իսկ սահմանադրական դրույթների գործնական իրացման և ոչ պակաս կարևոր սահմանադիր նշանակություն ունեցող քաղաքական մշակույթի ձևավորման ապահովման պատասխանատվությունը պատկանում է քաղաքական էլիտային և այդ էլիտայի ձևավորմանը մասնակցող ժողովրդին:

Սույն համատեքստում Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը և, մասնավորապես, առաջիկայում սպասվող Շրջանակային համաձայնագրի կնքումը մեծ կարևորություն ունեն նոր կառավարման ձևի պայմաններում պետական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:

Խոշոր հաշվով, Արևմտյան հանրության և Հայաստանի քաղաքական ու մշակութային հետագա կամրջումը կարևոր է Հայաստանի քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության հետագա կայացման ու եվրաինտեգրման համար: Ուստի կառավարման նոր համակարգի կենսունակությունը պայմանավորված է ներքին ջանքերի ու արտաքին աջակցության լիարժեք համադրմամբ:

 

Հոդվածը զեկույցի տեսքով ներկայացվել է 2017թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած «Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» խորագրով ՄԱՀՀԻ I երիտասարդական ֆորումում: 

Հոդվածը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ»«Հետք», «168 ժամ»«newsinfo»«shafaqna.com»

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)