Հեղինակ: Ruben Mehrabyan

Նախագահ Բակո Սահակյանի թե՛ խոսքը, թե՛ դերն առաջիկա անցումային ժամանակաշրջանում միանգամայն կարող են լինել ե՛ւ հեղինակավոր, ե՛ւ համոզիչ, երբ կա քաղաքական կամք՝ ապահովագրելու երկիրը ցնցումներից պետության կայացման այս վճռորոշ ժամանակաշրջանում։ Այո, միանգամայն տեղին է Լեւոն Տեր-Պետրոսյանի ահազանգը. չպե՛տք է մենակ թողնել նախագահ Սահակյանին։

Լուսանկար:

Ս.Թ. հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպը վեր հանեց երկրորդ հայկական պետությունում տարիներով կուտակված ներքին հիմնախնդիրները։

Ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել են տեղի ԱԱԾ երկու աշխատակիցներ, փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, հետեւել են ձերբակալություններ։ Մյուս կողմից՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցն անցած օրերին բազմիցս փակվել է բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիների կողմից, որոնք հանդես են գալիս հայաստանյան թավշյա հեղափոխության ժամանակ առաջ քաշած կարգախոսին եւ պահանջներին համահունչ, իսկ որոշ դեպքերում՝ համանման կոչերով։ Բնականաբար, Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանում տեղի ունեցած համակարգային «սթրեսը» եւ ձեւավորված նոր իրողությունները չէին կարող չազդել Արցախի եւ արցախցիների վրա։ Ի վերջո, ազատությունը, արդարությունը, օրինականությունը, դրանից բխող արժեքները եւ իրավունքները սկզբունքորեն անօտարելի են բոլորի, այդ թվում՝ արցախցիների համար։ Սակայն մենք գործ ունենք երկու՝ սկզբունքորեն տարբեր իրողությունների հետ, եւ խնդիրների լուծման մեթոդաբանության մեխանիկական տեղափոխումը մի իրողությունից մյուսը բերելու է ակնհայտ ռիսկերի՝ հաջողության առանց որեւէ երաշխիքի։

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ «լավատեսական ահազանգով»՝ կապված արցախյան վերջին իրադարձությունների հետ, նշելով, որ «այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում»: Անշուշտ, միանգամայն սպասելի էր, որ Անկախ Հայաստանի առանցքային պետական գործիչներից մեկը չի կարող անտարբեր լինել արցախյան իրադարձությունների նկատմամբ եւ խնդրի քաղաքական հանգուցալուծման սեփական դեղատոմսը չառաջարկել։

Ըստ այդմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է. «Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու եւ պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռեւս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը»:

Առաջին նախագահը հիշեցման կարգով նշում է նաեւ, որ «նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ես եւ Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով փութալով Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծեցինք իշխանության ամրապնդման եւ երկրի կայունության ապահովման խնդիրը: Հուսանք, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի: Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը՝ նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:

Այստեղ աներկբա է հետեւյալը. Արցախի ներքաղաքական կայունության վերականգնումը եւ պետական մեքենայի անխափան գործունեության ապահովումը թիվ մեկ առաջնահերթությունն են, եւ սա ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության՝ գոյաբանական մակարդակի հարց է։ Աներկբա է նաեւ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Արցախում։ Սակայն, մյուս կողմից, առաջին նախագահի մտահոգությունները, հանգուցալուծման պատկերացումներն, ըստ ամենայնի, հենվում են այն պարադիգմի վրա, որ Արցախի ներկայիս ղեկավարությունը, պետական ինստիտուտները, հասարակությունը ընդունակ չե՛ն գտնելու լուծումներ, որոնք զերծ կպահեն երկրորդ հայկական պետականությունը ներքին ցնցումներից, եւ այստեղ չափազանց ուշագրավ է հղումը 1993 թվականին, ինչն արժանի է առանձին դիտարկման։

Ադրբեջանի կողմից տոտալ հարձակման ենթարկված Արցախում 1993-ին ձեւավորվել էր պատային իրավիճակ, երբ ընտրված օրենսդիր մարմինը, որտեղ մեծամասնությունը ՀՅԴ-ինն էր, ընդդիմանում էր Երեւանի կողմից հովանավորվող թեկնածուին՝ Ռոբերտ Քոչարյանին։ Արցախում Երեւանի ուղղակի միջամտությամբ ձեւավորվեց նոր մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե, որին եւ հանձնվեց Երեւանի հետ հարաբերությունների ողջ մենաշնորհը՝ լուսանցքում թողնելով Արցախի թե՛ խորհրդարանին, թե՛ կառավարությանը։ Այդ ճգնաժամին տրվեց մի հանգուցալուծում, որը հետագայում կանխորոշեց հետագա դեպքերը Երեւանում հինգ-վեց տարի անց։ Անշուշտ, դժվար է ասել, թե ինչ կլիներ որեւէ այլ որոշման պարագայում, դա արդեն պատմություն է, որը «եթե»-ներ չի ճանաչում, սակայն փաստն այն է, որ այդ որոշմամբ հիմք դրվեց այն «ինկուբատորի», որում բուծվեց ոչ լեգիտիմության վիրուսը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1991 ընտրություններին ստացած անվերապահ մանդատը թույլ տվեց վերահսկելի շրջանակում պահել թե՛ իրավիճակը՝ ապահովելով ռազմական հաջողություններ եւ զինադադարի մասին համաձայնագիր, թե՛ այդ «ինկուբատորը»՝ մինչեւ առաջին խնդրահարույց ընտրությունները՝ 1995թ՝ ՀՀ ԱԺ, այնուհետեւ նախագահական՝ 1996 թվականին։ Եվ երբ այդ մանդատն այլեւս, մեղմ ասած, անվերապահ չէր, այդ «ինկուբատորից» գլուխ բարձրացրին Տեր-Պետրոսյանի ասած «հայտնի ուժերը»։ Այո՛, դրանք ոչ թե երկնքից էին իջել հայ ժողովրդի գլխին, այլ սերում էին 1993-ի այդ հանգուցալուծումից, որը վկայակոչում է առաջին նախագահը հիշեցման կարգով։

Հիշեցման կարգով նշենք նաեւ, որ հենց այդ «հայտնի ուժերն» էին, որ հեղաշրջում իրականացրին Երեւանում՝ այդ ոչ լեգիտիմության վիրուսը ներմուծելով Հայաստան, իսկ հետո Արցախը դուրս թողեցին բանակցային ձեւաչափից՝ իշխանության դիմաց, գույքը հանձնեցին ռուսներին՝ «պարտքի» դիմաց, իսկ հետո Հայաստանի ինքնիշխանությունը՝ իրենց իշխանությունը պահպանելու դիմաց, եւ պետությունը վերածեցին Ռուսաստանի նեոկայսերական խաղերի մանրադրամի։

Այժմ առաջին նախագահը կոչ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվորեն միջամտել գործընթացին, եւ դժվար է ասել, թե նա ինչ կարգի եւ բնույթի միջամտություն նկատի ունի։ Նաեւ դժվար է պատկերացնել, թե ինչ օգուտ կարող է լինել Սերժ Սարգսյանի միջամտությունից կամ «ազդեցության օգտագործումից», կամ մանավանդ՝ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության մասին իր «ճամպրուկային» պատկերացումներով։ Հազիվ թե այլ վերաբերմունքի արժանանա նման որակի «ազդեցությունը»՝ բացի երիտասարդ ցուցարարների արձակած նեխած լոլիկներից եւ հավկիթներից։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, մեկնեց Ստեփանակերտ եւ ամենաջերմ ընդունելությանն արժանացավ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի ղեկավարության եւ ժողովրդի կողմից։ Նշենք նաեւ, որ դրան նախորդած թավշյա հեղափոխության նույնիսկ ամենաթեժ օրերին նախագահ Բակո Սահակյանն առանձնացավ արժանապատիվ կեցվածքով եւ ակտիվ հանդիպումներով Հայաստանի առանցքային գործիչների հետ՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, որոնք միտված էին բռնության բացառմանը եւ իրավաքաղաքական հանգուցալուծմանը։ Եվ Շուշիի ազատագրման օրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանն անվերապահորեն սատարում է Արցախի Հանրապետությանը եւ Արցախի իշխանություններին։

Բացի դրանից, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացնելու է միայն ինքն իրեն, իսկ Արցախի հետ՝ խնդրե՛մ, խոսեք նրա իշխանությունների հետ։ Ի վերջո, խոսք է գնում Արցախի ճակատագրի մասին, կոնֆլիկտն էլ կոչվում է «Ղարաբաղյան»։ Նիկոլ Փաշինյանը թաղեց այն արատավոր սխեման, որը քսան տարի փաթաթվել է Հայաստանի եւ Արցախի պարանոցներին 1998-ի հեղաշրջմամբ, ցույց տալով, որ Հայաստանի եւ Արցախի ելքը Արցախի՝ իրական պետություն դառնալն է։

Իսկ սա վերջին իրադարձությունների համատեքստում այլեւս նշանակում է, որ Արցախին լուրջ քննություն է սպասվում՝ պետականության քննություն. թե՛ իշխանությանը եւ պետական ինստիտուտներին, թե՛ հասարակությանը եւ քաղաքական ուժերին։ Անշուշտ, վարչապետ Փաշինյանը չի՛ կարող ակտիվ դիրքորոշում չունենալ այս հարցում, սակայն պարզ է, որ ուղղակի հղումը 1993-ի իրադարձություններին ոչ միայն կոռեկտ չէ, այլեւ քաղաքականապես վտանգավոր։ Վստահաբար, Արցախը պատվով եւ ուժեղացած դուրս կգա այս քննությունից՝ եւս մեկ անգամ ի ցույց դնելով այն իրողությունը, որ Արցախն Ադրբեջան չէ, այն քաղաքակրթական անդունդը, որը կա Արցախի եւ Ադրբեջանի միջեւ։ Առաջիկայում անհրաժեշտ են լուրջ ջանքեր եւ որոշ իմաստով ոչ ստանդարտ քայլեր։ Ցանկացած միջամտություն Հայաստանից կարող է ընդունելի եւ հասկանալի լինել մի դեպքում, երբ կա հստակ ընկալում. Արցախի ինքնիշխանությունն անձեռնմխելի է։ Մի կողմից՝ Երեւանը պետք է վերահաստատի, որ շարունակում է անվերապահորեն սատարել Արցախի իշխանություններին եւ պատրաստ է աջակցել ծավալված քաղաքական երկխոսությանն Արցախում, եթե դրա կարիքը լինի։

Արցախի իշխանությունները, իրենց հերթին, առաջիկայում պետք է հանդես գան երկրում մինչեւ 2020 թվականը խորը բարեփոխումների ծրագրով, որի նախաձեռնումը եւ իրականացումը պետք է վերցնեն իրենց վրա։ Արցախցուն պետք է պարզ լինի՝ ինչ է երկրում փոխվելու առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում քաղաքական, տնտեսական համակարգերում, իշխանություն-քաղաքացի, պետություն-հասարակություն հարաբերություններում, երբ երկրում տեղի ունենան համապետական ընտրություններ։ Ընդ որում, սա լուրջ աշխատանք է, որը պետք է զերծ պահել ամբոխավարությունից, հակաքաղաքագիտական եւ կեղծ-հայրենասիրական հռետորաբանությունից։ Նախագահ Բակո Սահակյանի թե՛ խոսքը, թե՛ դերը առաջիկա անցումային ժամանակաշրջանում միանգամայն կարող են լինել ե՛ւ հեղինակավոր, ե՛ւ համոզիչ, երբ կա քաղաքական կամք՝ ապահովագրելու երկիրը ցնցումներից պետության կայացման այս վճռորոշ ժամանակաշրջանում։ Այո, միանգամայն տեղին է Լեւոն Տեր-Պետրոսյանի ահազանգը. չպե՛տք է մենակ թողնել նախագահ Սահակյանին։ Ի վերջո, ազատություններ, հավասար հնարավորություններ, օրենքի գերակայություն, հաշվետու իշխանություն. մեծ հաշվով, հենց հանուն սրա սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումն 88-ին, եւ 21-րդ դարում այս սկզբունքներն այլեւս բանավեճից դուրս են եւ ուղղակի պետք է դառնան իրականություն։ 

05.06.2018 

Աղբյուրը՝ «Առավոտ»