Հեղինակ: Ruben Mehrabyan

Մայիսյան թավշյա հեղափոխությամբ ձեւավորված նոր իրողությունը Հայաստանում ոչ միայն ներքին ամրություն է հաղորդում երկու հայկական պետականություններին, այլեւ չափազանց կարեւոր ռեսուրսով օժտում նրանց՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հաջորդ փուլին ընդառաջ։

Լուսանկար:

Մայիսյան թավշյա հեղափոխությամբ ձեւավորված նոր իրողությունը Հայաստանում ոչ միայն ներքին ամրություն է հաղորդում երկու հայկական պետականություններին, այլեւ չափազանց կարեւոր ռեսուրսով օժտում նրանց՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հաջորդ փուլին ընդառաջ։

Դա ժողովրդավարական ռեսուրսն է, այն ռեսուրսը, որին մեծապես պարտական ենք թե՛ ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված քաոսի հաղթահարման, թե՛ Ղարաբաղյան պատերազմի փորձությանը դիմագրավելու համար։

Դա այն ռեսուրսն էր, որը մենք սկսեցինք կորցնել 1995-96 թվականների ընտրություններից հետո, իսկ վերջնականապես կորցրինք 1998-99 թվականներին՝ հեղաշրջմամբ, այնուհետեւ՝ ահաբեկչությամբ Ազգային ժողովում։ Դրանից հետո մենք հայտնվեցինք չեկիստ Ալիեւի եւ նրա զավակի գլխավորած Ադրբեջանի հետ նույն հարթության վրա՝ առանց նավթի եւ հաղորդակցության ուղիների։ Եվ անցած քսանամյակը մի ուղի էր, որը տանում էր դեպի պետականության դանդաղ մահ։

Դրա արդյունքն էր Արցախի դուրսբերումը բանակցային ձեւաչափից, Հայաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտների հանձնումը Ռուսաստանին, ահռելի ռեսուրսների մսխումը, ահռելի արտագաղթը եւ հուսալքությունը։

Մի կողմից՝ անվիճելի է, որ ժողովրդավարության գլխավոր շահառուն Հայաստանի եւ Արցախի քաղաքացին է՝ անկախ նրանից, թե այդ գործոնը որքան հմտորեն կկապիտալիզացվի հայկական դիվանագիտության կողմից տարբեր արտաքին քաղաքական հարթակներում, եւ առաջին հերթին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Մյուս կողմից՝ նույնպես անվիճելի է, որ ժողովրդավարությամբ ամրացած թիկունքն ուղղակի օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր դիվանագիտությանը, որպեսզի հաջողությամբ դուրս բերի բանակցային գործընթացն արատավոր կոնֆիգուրացիայից եւ տրամաբանությունից, որի մեջ այն հայտնվել է։ Այդ գործընթացի կոնֆիգուրացիայի եւ տրամաբանության շահառուներն էին հայ, ադրբեջանցի ու ռուսաստանցի կոռուպցիոներները, ընդ որում՝ ռազմավարական առումով գլխավորը ռուսներն էին, քանզի դա ապահովում էր հուսալի կախվածություն Մոսկվայից եւ արգելափակում կապերի ընդլայնումն Արեւմուտքի հետ։ Իսկ Ադրբեջանի կոռումպացված դիկտատուրան հնարավորություն էր ստանում լուծելու իր ներքին կայունության խնդիրներն Արեւմուտքի համար անընդունելի եղանակներով, ինչը նույնպես լիովին բավարարում էր Մոսկվային։ Իսկ ռազմավարական առումով գործերի նման ընթացքը մեծապես ապահովվում էր հայկական կողմի հաշվին՝ հայ կոռուպցիոներների թողտվությամբ եւ տարբեր աստիճանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական դիրքեր զբաղեցնող «ժուչոկների» հսկողության ներքո։ Այսինքն՝ այս ողջ կոնստրուկցիայի կենսագործունեության «վառելիքը» եւ միաժամանակ «թույլ օղակը» Հայաստանն էր եւ հայկական շահերը։

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցելության նախօրեին ադրբեջանական եւ ռուսական մամուլը սկսեց վերնագրեր տիրաժավորել, թե «Փաշինյանը եւ Ալիեւը մեկնում են Մոսկվա»՝ կարծես «զոնդաժի» տեղ բացելով հնարավոր հանդիպման գաղափարի համար։

Սակայն երկուշաբթի օրը ՀՀ վարչապետի մամլո խոսնակը հայտարարեց, որ որեւէ հանդիպում Ալիեւի հետ Մոսկվայում Փաշինյանը չի նախատեսել։ Փաստորեն հայկական կողմն առաջինն ասաց «ոչ» այդ «փայլուն գաղափարին»։ Նախկին իշխանության պարագայում դժվար չէր պատկերացնել, թե ինչ «լեզվի ակրոբատիկայի» պետք է դիմեր պաշտոնական Երեւանն իր համար խիստ անցանկալի հեռանկար խոստացող Մոսկվայի անպարկեշտ առաջարկը մերժելու համար, եւ դժվար է ասել, թե Մոսկվան դրա դիմաց ինչ կպոկեր Երեւանից։ Մինչդեռ ներկայումս ամեն ինչ ասվում է ուղիղ տեքստով՝ «ոչ», իսկ ՀՀ արտգործնախարարը ՀԱՊԿ կոչված թյուրիմացության շրջանակներում հավաքվածներին ուղղակի տեղեկացրեց, որ Ադրբեջանի գործողությունները շփման գծի վրա ուղղակի անընդունելի են։

Հարցն այն չէ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարները «դուխով» են, իսկ նախորդները՝ «առանց դուխի», այլ այն, որ նախկինները չունեին եւ չէին էլ կարող ունենալ այն ռեսուրսը, որն ունեն ներկայիս ղեկավարները՝ ժողովրդավարությունը եւ լեգիտիմությունը։ Դրա հետ մեկտեղ, «օդում կախված խոսակցություն» չկա ներկայիս որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ, որ նրանք, ասենք, մարդ են սպանել, փող եւ ունեցվածք են գրպանել, թմրամոլ են, խաղամոլ են կամ էլ տառապում են հասարակության կողմից մերժելի այլ «վնասակար սովորություններով», ինչի մասին հասարակությունը չգիտի, բայց Մոսկվան գիտի եւ կարող է շահագործել նրանց այդ խոցելիությունը։

Այո, ժողովրդավարական ռեսուրսը կարող է դուրս բերել Հայաստանը աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակից, որում նա հայտնվել է այս քսանամյա «կառավարման» արդյունքում՝ ի շահ Բաքվի եւ Մոսկվայի։ Ես դիվանագիտական պաշտոն չեմ զբաղեցնում եւ պարտավորություն չունեմ ռուսների առաջ բարձրաձայնելու իմ «ցանկությունը» նրանց կրիմինալ դիկտատուրայի հետ հարաբերություններ «խորացնելու եւ ընդլայնելու» կամ նրանց կրիմինալ բարքերը «սիրելու» մասին, բայցեւ պարտավորված եմ զգում իրերը կոչել իրենց անուններով։ Այո, նոր կառավարության գործունեության մեջ բազմաթիվ են թերությունները եւ «մանկական հիվանդությունները»՝ կապված հետհեղափոխական իրավիճակի եւ տրամադրությունների հետ, բայց սա մե՛ր կառավարությունն է, որը ոչ թե «սպասարկում է» ինքն իրեն, այն էլ շատ դեպքերում մեր ապագայի հաշվին, այլ մոտիվացված է սպասարկելու Պետության եւ Քաղաքացու շահը։ Մնացածը կուղղեն հետադարձ կապը հանրության հետ եւ ժամանակը։

Եվ այդ գործում ժողովրդավարական ռեսուրսն ազդում է ուժերի հաշվեկշռի վրա, ռեսուրս, որը Մոսկվան եւ Բաքուն ոչ միայն չունեն, այլեւ նրանց դա հակացուցված է, քանզի Ադրբեջանում գերիշխող խորը թրայբալիզմը (տոհմացեղական մտածողությունը) կարող է ճնշած պահել միայն դաժան բռնապետությունը, նույնը՝ Սովետի անդամահատված մնացուկ կայսրությունը՝ իր ճորտատիրական «ավանդական արժեքներով» եւ քարանձավային «մոնղոլ-հորդայական» (ըստ Յուրի Աֆանասեւի) աշխարհայացքով, որի մասին Պետդումայի նախագահ Վոլոդինն ասում էր. «Չկա՛ Պուտին՝ չկա՛ Ռուսաստան»։ Շատ ճի՛շտ էր ասում։ Եվ վերջապես, ժողովրդավարական ռեսուրսն անընդունելի է դարձնում այն քաղաքական գինը, որը ստիպված կլինի վճարել Բաքուն, եթե նրան ռուսները մեկ անգամ ե՛ւս դրդեն եւ ժամանակ տան պատերազմ սանձազերծել ընդդեմ Արցախի եւ Հայաստանի։

Նկարը՝ Deutsche Welle-ի, հեղինակ՝ Սերգեյ Յոլկին

Հ.Գ. 115 տարի առաջ այս օրը՝ 1903 թվականի հունիսի 12-ին, Ռուսաստանի ցար Նիկոլայ Երկրորդի հրամանով Հայ առաքելական եկեղեցին զրկվեց ունեցվածքից, եւ փակվեցին հայկական դպրոցները։ Նման բան իրենց թույլ չեն տվել նույնիսկ օսմանյան սուլթանները։ Մենք այդ «ռուսսկի միռ» ներդնելու փորձը չենք մոռացել։ Մենք ոչինչ չենք մոռացել։

12.06.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»