Հեղինակ: Ruben Mehrabyan

Նոր կառավարության նոր քաղաքական կուրսը ենթադրում է հարաբերությունների զարգացում եւ խորացում բոլոր ուղղություններով, բայց ո՛չ ի հաշիվ մեկը մյուսի՝ հենց այն է, ինչը կոչվում է դիվերսիֆիկացիա, որքան էլ  այդ եզրույթը չի արտաբերվում։ 

Լուսանկար:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Երեւանի կողմից ընդունված որոշումն[1]՝ անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, հրաժարվելով Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից պայմանավորված էր գլխավորապես Մոսկվայի՝ վերջնագրային բնույթի պարտադրանքով, ինչը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընկալման մեջ խորը հետք թողեց եւ ձեւավորեց համեմատաբար  նոր կարծրատիպ։ Ըստ այդմ, Մոսկվան եղել եւ մնում է որոշիչ եւ անհաղթահարելի գործոն Հայաստանի եւ արտաքին աշխարհի միջեւ հարաբերությունների հաստատման ձեւաչափերում։

Ի վերջո, հինգ տարի առաջ Մոսկվան գործի դրեց ունեցած բոլոր լծակները եւ հասավ նրան, որ գրեթե չորս տարի շարունակ տեւած եւ հաջողությամբ պսակաված՝ ԵՄ հետ բանակցային գործընթացից Հայաստանը հրաժարվի մեկ գիշերվա մեջ, հայտարարի իր «ցանկության» մասին մտնելու մի միություն, որը մինչ օրս պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում, բացի Մոսկվայի նեոկայսերական քմահաճույքները բավարարելուց։

Որո՞նք էին այդ լծակները։ Անշուշտ, գլխավորներից մեկը՝ զինամատակարարումներն[2] էին, որոնք աննախադեպ չափերով 2010 թվականից ուղղվեցին դեպի Ադրբեջան, խախտելով տարիներով ձեւավորված համեմատական հավասարակշռությունը, մինչդեռ դեպի Հայաստան դրանք կարող էին ուղղակի դադարեցվել, ինչի մասին ուղիղ տեքստով սկսեցին խոսել ռուս «փորձագետները»[3], սպառնալով Երեւանին, որ հետայսու Հայաստանը կարող է գործ ունենալ Մոսկվա-Բաքու ռազմական դաշինքի հետ՝ իր բոլոր հետեւանքներով։

Անցած քսան տարվա ընթացքում տարվող քաղաքականության արդյունքում կենսական կարեւորության ճյուղերը հայտնվեցին ռուսական կորպորացիաների սեփականության կարգավիճակում եւ դարձան մենաշնորհներ, ինչը թույլ տվեց Ռուսաստանին էներգակիրների գին թելադրել, պարտքեր գոյացնելով եւ պարտքի դիմաց է՛լ ավելի ընդլայնելով իրենց սեփականությունը եւ հնարավորությունները Հայաստանում։ Եվ ցանկացած՝ Ռուսաստանի համար ոչ շահավետ զարգացումների պարագայում Հայաստանը կարող էր ուղղակի կաթվածահար լինել։

Եվս մեկ կարեւոր լծակ էր բազմահազարանոց աշխատանքային արտագաղթը Հայաստանից Ռուսաստան, եւ հաշվի առնելով օտարատյացության հողի վրա բռնությունների աճը երկրի խոշոր քաղաքներում, հայերը կարող էին վերածվել հարձակման թիրախների, երբ պետական պրոպագանդան նրանք սկսեր որակել որպես «Ռուսաստանի դավաճանների»։

Հայաստանի իշխանությունները չունեին ամրության պաշար, որպեսզի կարողանային դիմագրավել նման մարտահրավերին ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանի ներսում։ Ռուսաստանի ներկայացուցիչները բաց տեքստով ուղղակի սպառնում էին, որ Հայաստանում 2013-ի աշնանը կարող է սկսվել սոցիալական ընդվզում՝ իշխանության «սխալ քաղաքականության պատճառով»։

2010-11 թվականներին ՀՀ իշխանությունը փորձում էր որոշակիորեն հեռացնել օլիգարխիան պետական որոշումների ընդունման գործընթացից, ինչը նկատելի էր նաեւ հասարակական եւ փորձագիտական[4] շրջանակների համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարում էր[5], որ գործարարությունը պետք է տարանջատվի քաղաքական գործունեությունից, 2012-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական առաջատար մամուլում հանդես էր գալիս «Հայաստանը նայում է Եվրոպային»[6] վերնագրով հոդվածով եւ հիմնավորում, թե ինչու պետք է Հայաստանը ստորագրի ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը եւ ձեռնպահ մնա Ռուսաստանի եւ նրա արբանյակների հետ մաքսային կամ եվրասիական միություններին անդամակցելուց: Դրան զուգահեռ, գործը հայտարարություններից այն կողմ չէր անցնում, ավելին, տեղի էր ունենում ընդդիմադիր դաշտի «գրավումը» օլիգարխիայի[7] կողմից, եւ, օրինակ, Հայաստանի սուպերօլիգարխ Գագիկ Ծառուկյանը ռուսական պաշտոնական մամուլին հայտարարում էր[8]Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերին իր հավատարմության մասին, իսկ իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց։ Եվ համակարգային կոռուպցիան, օլիգարխիան, խոշոր բիզնեսի եւ քաղաքականության գերսերտաճումն այդպես էլ մնացին ոչ միայն չհաղթահարված, այլեւ խորացան, լինելով Ռուսաստանի ազդեցության կարեւորագույն լծակներից։

Այս եւ մի շարք այլ գործոնների ճնշման ներքո Հայաստանը ոչ միայն մի կողմ դրեց արդեն իսկ բանակցված եւ նախաստորագրմանը սպասող ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը եւ հայտարարեց Մոսկվայի կողմից նախաձեռնած՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրության մասին, այլեւ Ռուսաստանի հետ նոր պայմանագրերով կամ հների նորացմամբ ստանձնեց նոր, միակողմանի պարտավորություններ, որոնք Մոսկվայի համար լայն հնարավորություններ բացեցին, որպեսզի առկա իրավիճակը հռչակել որպես «անխուսափելի իրողություն», որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։

2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը եւ եւ նոր կառավարություն ձեւավորելու հնարավորությունը Երեւանի առաջ բացեցին նոր հնարավորություններ՝ փոխելու հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը։

Նոր իշխանությունը հայտարարեց, որ «աշխարհաքաղաքական ռեւերսներ չեն լինելու», Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում։ Սակայն, հայտարարվեց նաեւ, որ չափազանց կարեւոր են մեր հարաբերություններն անմիջական հարեւանների հետ՝ Վրաստանի եւ Իրանի, որ Հայաստանը զարգացնելու է հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ այլոց հետ, եւ ամենակարեւորը՝ դա չի՛ լինելու ի հաշիվ մեկը մյուսի։

Նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները ուրվագծվում են նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերի աշխարհագրությամբ։

Ընտրության հենց հաջորդ օրը, մայիսի 9-ին՝ նա այցելեց Արցախ։ Այնուհետեւ՝ երկօրյա պաշտոնական այց Վրաստան, որը մինչ հոդվածի պատրաստման պահը մնում է միակ պաշտոնական այցը։ Նաեւ, երկու աշխատանքային այցեր Ռուսաստան՝ Սոչի եւ Մոսկվա, որոնց ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ ՌԴ նախագահ Վ․Պուտինի հետ, տեղի ունեցան բանակցություններ, ծավալվել է ակտիվ երկխոսություն գրեթե բոլոր ցավոտ հարցերի շուրջ։ Բացի դրանից, առաջիկայում նախատեսվում է պաշտոնական այց Բրյուսել, եւ այս ամենը՝ դեռ երկու ամիսը չբոլորած։

Ակնհայտ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրը կարիք ունի վերանայման` որակական եւ տրամաբանության առումով, այն կարիք ունի լրջագույն գույքագրման, որի արդյունքում այդ համալիրից պետք հնարավորինս դուրս բերվի այն ամենը, ինչը խաթարում է Հայաստանի ինքնիշխանությունը։

Կարեւոր է նշել, որ այդ գույքագրման անհրաժեշտությունը հրատապ է, քանզի նոր կառավարության ներքաղաքական քայլերն ու փոփոխությունները, ուղղված նույնիսկ երկրում պետության գոյության իմաստի նենգափոխման վերացմանը եւ առայժմ գոյություն ունեցող իրողությունների վերափոխմանը՝ շոշափում են այս կամ այն չափով Ռուսաստանի թե՛ շահերը, թե՛ այդ շահերը սպասարկելու լծակները։ Որքան էլ որ հայտարարվի աշխարհաքաղաքական ռեւերսների բացառման մասին, պետք է հասկանալ, որ կոռուպցիան, կրիմինալը, մենաշնորհները, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը՝ դրանք հայ-ռուսական հարաբերությունների որակի, իմաստի եւ էության կարեւորագույն չափորոշիչներն են մնում։ Սա հայկական երկու պետականությունների անվտանգության՝ կենսական, գոյաբանական մակարդակի խնդիր է։

Այս ամենի դեմ պայքարի կարգախոսներով եւ թեկուզեւ թավշյա եւ ոչ բռնի, բայց եւ այնպես՝ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած երիտասարդ վերնախավը չի՛ կարող չբախվել մոտ ապագայում այդպիսի գույքագրման, այդ գույքագրումից բխող՝ հրատապ գործնական հետեւությունների անհրաժեշտության հետ։

Ռուսաստանում ոչ միայն գրեթե ոչինչ չի փոխվել, կապված իր հարեւանների ընկալումների հետ, այլեւ վերջին տարիներին ընդունել է առավել ծայրահեղ եւ կարծրացած բնույթ։ Այն, որ Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ բանակը եւ նավատորմը, եւ Ջորջ Քեննանի բնորոշումը, որ Ռուսաստանի հարեւանները կարող են լինել կամ նրա վասալները, կամ թշնամիները՝ չի փոխվել, ավելին, 2008-ին՝ Վրաստանում, իսկ 2013-14թթ Ուկրաինայում ստացան իրենց գործնական դրսեւորումները։ Հայաստանը չի կարող սա հաշվի չառնել եւ իր հետեւությունները չկառուցել այս իրողության վրա։

ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած Ռուսաստանը շարունակում է իրեն պատկերացնել որպես եւ կայսրություն, եւ գերտերություն, որը կարող է մարտահրավեր նետել 1945-ից եւ 1991-ից հետո ձեւավորված աշխարհակարգին։ «Յալթա-2»-ի անհրաժեշտության մասին բաց տեքստով խոսում են Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետները, ի մի շարք փորձագետներ պնդում են, որ Մոսկվան սանձազերծել է Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը, որն ընթանում է ներկայումս։

Այս իմաստով, մեր տարածաշրջանի իրողությունները հաշվի առնելով, Հայաստանի, հայկական երկու պետականությունների աշխարհաքաղաքական ռիսկերը չափազանց բարձր են նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին թեժ կետերում հարաբերական անդորր է տիրում, բայց փաստ չէ, թե այն կշարունակվի եզրափակիչ խաղից հետո։

Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին Արցախի ՊՆ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ մի-քանի անգամ արված հայտարարությունները վկայում են պաշտոնական Բաքվի մտադրությունների մասին՝ խնդիրն այնուամենայնիվ լուծել ռազմական ճանապարհով։ Վստահաբար, Մոսկվայի կոշտ դիրքորոշման պարագայում Բաքուն չի կարող հաշվի չառնել այն անընդունելի ռիսկերը, որոնց ներքո նա կհայտնվի, եթե նոր պատերազմ սանձազերծի ընդդեմ Արցախի եւ Հայաստանի, հատկապես՝ Նախիջեւանյան ուղղությունից։

Նոր կառավարության նոր քաղաքական կուրսը, որն, ինչպես վերեւում նշվեց, ենթադրում է հարաբերությունների զարգացում եւ խորացում բոլոր ուղղություններով, բայց ո՛չ ի հաշիվ մեկը մյուսի՝ հենց այն է, ինչը կոչվում է դիվերսիֆիկացիա, որքան էլ  այդ եզրույթը չի արտաբերվում։ Եվ ակնհայտ է, որ այդ նոր քաղաքականության գլխավոր եւ հրատապ նպատակներից մեկը պետք է լինի այն, որ Ադրբեջանի համար քաղաքական գինը, որը նա պետք է վճարի նոր պատերազմի սանձազերծման դեպքում՝ լինի անընդունելի եւ հետ պահի Բաքվին նման մտադրություններից։

Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերությունների գույքագրումը, «կարմիր գծերի» նոր «երկրաչափության» հստակեցումը չափազանց կարեւոր է պատերազմի կանխման տեսակետից։

Մյուս կողմը, որը ոչ պակաս կարեւոր է Հայաստանի զարգացման հնարավորությունների վերականգնման տեսանկյունից, վերաբերվում է այն սահմանափակումներին, որոնք բխում են տնտեսական ոլորտի վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրերից, հատկապես՝ էներգետիկայի, որն առանձին քննարկման եւ վերանայման առարկա է։

Ակնհայտ է, որ այս գործընթացում Հայաստանը չունի որեւէ կորստի ռեսուրս, բայց ունի հակառակը՝ որոշակի եւ շատ կարեւոր ձեռքբերումների նախադրյալներ, որոնք գործնական օգուտների վերածելու համար անհրաժեշտ է այդ ռեսուրսը մոբիլիզացնել եւ հմտորեն համակարգել։

Կարեւոր է գիտակցել, որ ժամանակը սահմանափակ է եւ աշխատում է ի վնաս մեզ։

 

[1] Речь Президента РА Сержа Саргсяна во время пресс-конференции по итогам переговоров с Президентом РФ Владимиром Путиным․ Официальный сайт Президента Армении. 03.09.2013

[2] Азербайджан занимает второе место по импорту вооружения в Европе․ Радио Азатутюн. 16.03.2015г

[3] Если Ереван подпишет Соглашение об Ассоциации с ЕС, то Баку станет главным партнером Москвы: Власов. Первый Информационный. 1in.am. 18.08.2013г

[4] В Армении происходит смена политической элиты и «выдворение» олигархов – А. Искандарян․ Panorama.am. 14.11.2011г

[5] Серж Саргсян принял участие в съезде Союза промышленников и предпринимателей (работодателей) Армении. Официальный сайт Президента Армении. 09.11.2011г.

[6] Тигран Саркисян: Армения смотрит на Европу․ «Ведомости». 16.05.2012г.

[7] Олигархия захватила оппозиционное поле: Давид Шахназарян․ 1in.am. 20.04.2013г

[8] Весна надежд․ Интервью Гагика Царукяна «Российской газете». 26.04.2012г

26.06.2018

Աղբյուրը՝ «Independent»