Թուրքիան ունի բազում ակնկալիքներ, ընդ որում՝ դրանք կարող են յուրովի արտահայտվել կոնկրետ երկրների պարագայում։ Քանի որ վերջին տարիներին Թուրքիան է՛լ ավելի է ակտիվացել արտաքին քաղաքական դաշտում, նրա պահանջները, հավակնություններն է՛լ ավելի են աճել, ուստիև գնալով աճում են նաև նրա կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալները: 

Լուսանկար:

2017թ. արդյունքներով Թուրքիան ցուցաբերած հումանիտար օգնության ծավալներով զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում։ Այդ մասին նշված է «Աշխարհում հումանիտար օգնության ծավալների մասին» տարեկան զեկույցում, որը հրապարակել է բրիտանական Զարգացման նախաձեռնությունների կազմակերպությունը։ Դրա համաձայն՝ 2017թ. Թուրքիան հումանիտար օգնության մակարդակով գլխավորել է ամենաառատաձեռն երկրների ցուցակը։ Զեկույցի համաձայն՝ նախորդ տարի Թուրքիան ցուցաբերել է 8.07 մլրդ դոլարի հումանիտար օգնություն և տվյալ ցուցանիշով դարձել առաջատար։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը՝ 6.68 մլրդ դոլար, իսկ երրորդ տեղում հանգրվանել է Գերմանիան՝ 2.99 մլրդ դոլար։ Մեծ Բրիտանիայի ցուցանիշը կազմել է 2.52 մլրդ դոլար (չորրորդ տեղ), իսկ ԵՄ-ի կառույցների ցուցանիշը՝ 2.24 մլրդ դոլար։ Նախորդ տարի ցուցաբերված համաշխարհային մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է 27.3 մլրդ դոլար, որի 1/3-ը փաստորեն բաժին է ընկել Թուրքիային։

Ընդ որում՝ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնել նաև իր ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ ցուցաբերած մարդասիրական օգնության ցուցանիշով՝ 0.85%։ Ապա գալիս են Նորվեգիան ու Լյուքսեմբուրգը՝ 0.17% (երկրորդ և երրորդ տեղ)։ ԱՄՆ-ի ցուցանիշը կազմել է 0.04%, որով նա զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։ Զեկույցի համաձայն՝ աշխարհի 134 երկրում մարդասիրական օգնության կարիք ունի 201 մլն մարդ, որոնց մեծ մասն ապրում է Սիրիայում, Եմենում ու Թուրքիայում։ Ողջ մարդասիրական օգնության 60%-ը բաժին է ընկել 10 երկրի։ Առաջին տեղը զբաղեցրել է Սիրիան՝ 14%, իսկ երկրորդ տեղում՝ Եմենը՝ 8%։ Զեկույցի համաձայն՝ Սիրիան վերջին 5 տարում շարունակում է մնալ որպես ամենաշատ մարդասիրական օգնություն ստացող երկիր։

Նշենք, որ սա առաջին հաղորդումը չէ այն մասին, որ Թուրքիան ցուցաբերած մարդասիրական օգնության ծավալներով զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում կամ էլ առաջատարների թվում է։ Մասնավորապես, մեկ տարի առաջ ՄԱԿ-ի՝ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելով հարցերով համակարգող, Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի (NRC) ղեկավար Յան Էգելանը հայտարարեց, որ Թուրքիան փախստականներին ընդունելու և նրանց պաշտպանություն ապահովելու համատեքստում ամենաառատաձեռն երկիրն է աշխարհում։ Նրա խոսքերով՝ Թուրքիան մեծ զրկանքների է ենթարկվել՝ ընդունելով 3 մլն սիրիացի փախստականի և ևս կես միլիոն փախստականի այլ երկրներից։ Մեր նախկին հոդվածներից մեկում արդեն անդրադարձել ենք Թուրքիայի կողմից սիրիացի փախստականներին ընդունելու դրդապատճառներին, որոնց մի մասը շատ ավելի ծանրակշիռ է, քան՝ պարզապես մարդասիրական մղումներով առաջնորդվելը http://aiisa.am/ourexperts/publication/361 Բացի այդ, Գլոբալ մարդասիրական օգնության զեկույցների համաձայն՝ Թուրքիան հատկացրած մարդասիրական օգնության ծավալներով երեք տարի անընդմեջ (2013, 2014, 2015թթ.) զբաղեցրել է առաջին տեղը՝ թվականներին, իսկ վերջին երկու տարիներին Թուրքիան զբաղեցրել է երկրորդ տեղը։

Նշենք, որ Թուրքիան հումանիտար օգնություն ցուցաբերում է այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են Համագործակցության ու կոորդինացման թուրքական գործակալությունը (TIKA), Թուրքական կարմիր մահիկը, Արտերկրում ազգակցական թյուրքական ժողովուրդների գործերով դեպարտամենտը, Արտակարգ իրավիճակների ու բնական աղետների վարչությունը (AFAD)։ Նշենք, որ TIKA-ն Թուրքիայի «փափուկ ուժի» 3 հիմնական բաղադրիչներից մեկն է՝ TRT հեռուստաալիքի ու THY («Թուրքական ավիաուղիներ») ընկերության հետ: Երեքն էլ կոչված են աջակցել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:

Իսկ ինչո՞ւ է Թուրքիան վերջին տարիներին դարձել այդքան առատաձեռն, ինչո՞ւ է իր ուշադրության կենտրոնում պահում կարիքավոր երկրներին՝ նրանց բնակչությանը։ Պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան ունի բազում ակնկալիքներ, ընդ որում՝ դրանք կարող են յուրովի արտահայտվել կոնկրետ երկրների պարագայում։ Քանի որ վերջին տարիներին Թուրքիան է՛լ ավելի է ակտիվացել արտաքին քաղաքական դաշտում, նրա պահանջները, հավակնություններն է՛լ ավելի են աճել, ուստիև գնալով աճում են նաև նրա կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալները: Օրինակ, 2002թ. (Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով) Թուրքիայի ցուցաբերած մարդասիրական օգնության ծավալը կազմել է ընդամենը 85 մլն դոլար, մինչդեռ 2013թ. ցուցանիշը կազմել է 3 մլրդ 913 մլն դոլար: Այստեղ պետք է նկատենք, որ վերջին տարիներին տարբեր գործոններով (կոնֆլիկտներ, պատերազմներ, բնական աղետներ և այլն) պայմանավորված՝ աշխարհում ավելացել է կարիքավորների թիվը, ինչը Թուրքիան դիտարկում է որպես իր համար հնարավորություն: Այս ամենին զուգահեռ աճել է TIKA-ի, THY-ի, TRT-ի ակտիվությունն արտերկրում:

Այս երեքից պետք է առանձնացնենք TIKA-ն, քանի որ այն ավելի շատ է առնչվում հոդվածի թեմային: 1992թ. ստեղծված TIKA-ն այսօր լայն գործունեություն է 5 բնակելի մայրցամաքների 170 երկրում, մինչդեռ 2002թ. նա գործում էր միայն 15 երկրում: 2007թ. TIKA-ն գործում էր արդեն 86, իսկ 2009թ.՝ 111 երկրում: Ներկայումս TIKA-ն լայն գործունեություն է ծավալում Աֆրիկայի ավելի քան 40 երկրում: Ի դեպ, TIKA–ն մեծ ուշադրություն է հատկացնում ջրի խնդրի լուծմանը: Դա, մասնավորապես, վերաբերում է աֆրիկյան այն երկրներին, որոնցում այդ հարցն առավել սուր է դրված. TIKA–ն այդ երկրներում բացել է հարյուրավոր ջրհորներ: Բացի այդ, TIKA–ն Աֆրիկայում մասնակցել է ծառատունկերի` դրանով իսկ ներգրավվելով աֆրիկյան երկրների համար առանցքային խնդիրներից մեկի լուծման մեջ (անապատացման դեմ պայքար): 2012 թ. օգոստոսին Նիգերում ստեղծվեց «Նիգեր–Թուրքիա բարեկամության անտառ» (2018թ. օգոստոսին էլ Թուրքիան «Զոհաբերության տոնի» կապակցությամբ միս է բաժանել Նիգերում (և ոչ միայն) 7000 կարիքավոր ընտանիքների):

Ամփոփելով վերոնշյալը՝ նշենք, որ Թուրքիան մի կողմից դարձել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու ցուցանիշներով առաջատար երկիր, սակայն մյուս կողմից էլ դրան զուգահեռ շարունակ տրտնջում էր, թե սիրիացի փախստականներին իր մոտ պահելու համար ֆինանսական աջակցության կարիք ունի ԵՄ-ից (Էրդողանը շարունակ խստապես քննադատում էր ԵՄ-ին՝ խոստացած ֆինանսական աջակցությունը ձգձգելու համար): Բացի այդ, բուն Թուրքիայում և հատկապես նրա՝ սոցիալ-տնտեսական զարգացվածությամբ ամենահետամնացը համարվող արևելյան ու հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում կան մեծ թվով կարիքավորներ, որոնց չէր խանգարի նման մասշտաբի օգնության ստացումը: 
Մեր կարծիքով՝ Թուրքիայի կողմից ամեն տարի մարդասիրական նմանատիպ մեծամասշտաբ օգնություն ցուցաբերելու հիմքում ընկած է 3 հիմնական գործոն.

Քաղաքական/Թուրքիայի հեղինակության մեծացում – Բնականաբար, մարդասիրական մասշտաբային օգնության ցուցաբերումը մեծացնում է Թուրքիայի վարկն աշխարհում և հատկապես այն երկրներում, որոնց բաժին է ընկնում այդ օգնությունը: Ընդ որում՝ Թուրքիայի հեղինակությունը մեծանում է ոչ միայն կարիքավոր այդ երկրների շարքային բնակիչների, այլև՝ ղեկավարության շրջանում, որը թուրքական օգնության շնորհիվ մի շարք հարցեր է լուծում երկրի ներսում: Թուրքիան քաջ գիտակցում է, որ միջազգային կառույցներում անցկացվող քվեարկության ժամանակ ամեն մի երկիր ունի իր քվեն, ինչը կարող է մեծապես պետք գալ իրեն: Օրինակ, Թուրքիան ժամանակ առ ժամանակ դառնում է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, ինչը զգալի չափով հնարավոր է դառնում այն երկրների քվեների հաշվին, ում Թուրքիան ցուցաբերում է մարդասիրական օգնություն, պահում է իր ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, աֆրիկյան երկրների դերը շատ մեծ է Թուրքիայի` 2009–2010թթ. ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու հարցում: 2008թ. աշնանը տեղի ունեցած քվեարկության ժամանակ աֆրիկյան 53 երկրներից 52–ն իրենց քվեն տվել են Թուրքիայի օգտին: Դրանով իսկ Թուրքիան վերջին 47 տարում առաջին անգամ դարձավ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ՝ ընդհանուր առմամբ ստանալով 151 ձայն: Ի դեպ, դա ՄԱԿ շրջանակներում Թուրքիայի ստացած ամենամեծ աջակցությունն էր: Բացի այդ, Թուրքիայում հաշվի են նստում այն կանխատեսումների հետ, որ Աֆրիկան 21–րդ դարի երկրորդ կեսից գլոբալ առումով խաղալու է շատ ավելի մեծ դեր, քան ներկայումս է:

Տնտեսական/Թուրքիայի տնտեսական ազդեցության մեծացում – Մարդասիրական մեծ օգնություն ցուցաբերելու շնորհիվ Թուրքիան շահում է տվյալ երկրների համակրանքը, ինչը պարարտ հող է ստեղծում տնտեսական համագործակցության համար: Ընդ որում՝ աղքատ այդ երկրներում Թուրքիայի ուշադրության կենտրոնում գտնվում է երկու հիմնական գործոն. ա) օգտակար հանածոների զգալի առկայություն, բ) էժան աշխատուժի առկայություն: Թուրքիային բնականաբար հետաքրքրում են, ասենք, աֆրիկյան երկրների բնական հարստությունները, իսկ թուրքական ընկերություններն աֆրիկյան երկրներում լայնորեն օգտագործում են տեղի աշխատուժը: Հաշվի առնելով, որ աֆրիկյան երկրների մեծ մասում աշխատավարձի մակարդակը բարձր չէ՝ դա տվյալ երկրները դարձնում է առավել գրավիչ՝ այնտեղ տեղափոխելու համար մի շարք արտադրական հզորություններ, որոնք չեն պահանջում որակյալ աշխատանք: Մարդասիրական մեծ օգնություն ցուցաբերելը պարարտ հող է ստեղծում օգտակար հանածոներով հարուստ, սակայն աղքատ պայմաններում ապրող երկրներում Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի համար:

Ռազմական/Արտերկրում Թուրքիայի ռազմակայանների տեղակայում – Մարդասիրական մեծ օգնությամբ աղքատ երկրների համակրանքը շահելը Թուրքիային պետք է գալիս նաև ռազմական պլանում: Դրա ամենավառ օրինակը ռազմավարական կարևոր դիրք ունեցող Սոմալին է, ուր 2016թ. աշնանը ստեղծվեց արտերկրում Թուրքիայի առաջին ռազմակայանը: Սոմալիում թուրքական ռազմակայան հիմնելուն նպաստել է այն, որ Թուրքիան մեծ օգնություն է ցուցաբերել այդ երկրին, նրան պահել է իր ուշադրության կենտրոնում: Օրինակ, Թուրքիան աֆրիկյան այդ երկրին հատկացրել է ավելի քան $400 մլն՝ սովի դեմ պայքարի համար։ 2011-2015թթ. Թուրքիայից Սոմալի 19 ինքնաթիռով և 10 նավով հասցվել են հազարավոր տոննա սննդամթերք, հացի գործարաններ, սառցախցիկներ, վրաններ, 300 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ և այլն: Սոմալի են ուղարկվել 90 բժիշկ, մոտ 300 հոգանոց բժշկական անձնակազմ, այնտեղ հիմնվել է 4 դաշտային հիվանդանոց, տրվել է 5 շտապօգնության մեքենա: 2015թ. հունվարի 25-ին իր երկրորդ այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մասնակցեց Թուրք-սոմալիական ուսումնական և հետազոտական հիվանդանոցի բացմանը` բաղկացած 200 մահճակալից: Ի դեպ, (Թուրքիայի վարչապետ) Էրդողանի առաջին այցը Սոմալի տեղի էր ունեցել 2011թ., որով և նա դարձել էր վերջին 20 տարում այդ երկիր այցելած օտար պետության առաջին ղեկավարը: Եվ պատահական չէր, որ 2013թ. ամռանը Ստամբուլի «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների ժամանակ Մոգադիշոյում կազմակերպվել էր Էրդողանին աջակցելու ակցիա, իսկ Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդն 2012թ. սեպտեմբերին այդ պաշտոնը զբաղեցնելուց երեք ամիս անց` 2012թ. դեկտեմբերի սկզբին, իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Թուրքիա, ցուցաբերած օգնության համար շնորհակալություն հայտնեց վերջինիս ղեկավարությանը և հայտարարեց, որ «քանի դեռ կա Թուրքիան, Սոմալին չի մոռացվի»:

Այս համատեքստում երկրորդ կարևոր երկիրը Սուդանն է, ուր կա խմելու ջրի խնդիր, և TIKA-ն զբաղված է դրա լուծմամբ՝ փորելով նորանոր ջրհորներ, AFAD-ն էլ շարունակ մատակարարում է տասնյակ հազարավոր տոննա հացահատիկ: Այս ամենին գումարենք այն, որ Թուրքիան Դարֆուրի դեպքերը չի ճանաչել «ցեղասպանություն», Էրդողանն անգամ հայտարարել էր, թե «մուսուլմանն ի վիճակի չէ ցեղասպանություն գործել»՝ փորձելով դրանով ապահովագրել նաև Թուրքիային՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Եվ պատահական չէր, որ վերջերս Թուրքիան Սուդանից 99 տարի ժամկետով վարձակալեց Կարմիր ծովում գտնվող Սուակին կղզին, ուր ենթադրաբար ստեղծվելու է արտերկրում Թուրքիայի ռազմածովային ուժերի առաջին ռազմակայանը:

Եվ վերջապես, չպետք է մոռանալ, որ Սիրիական հակամարտության մեկնարկից ամիսներ անց Թուրքիան ծրագրել էր սիրիացի փախստականներին ընդունելու շնորհիվ պարարտ հող ստեղծել այդ երկրի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու համար, ինչն այլ կերպ ասած՝ պետք է նշանակեր հարևան Սիրիայի տարածքում թուրքական ռազմական ներկայության հաստատում (իրականում թուրքական «անվտանգության գոտին» պետք է սեպի դեր խաղար Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի քրդերի միջև, ինչի համար էլ տվյալ գոտու ստեղծման վայր ընտրվել էր Քամըշլըի շրջանը): Սկզբում հայտարարվում էր, որ եթե Թուրքիայում սիրիացի փախստականների թվաքանակը գերազանցի 10.000-ը (հետո արդեն 50.000-ը), ապա Թուրքիան «միայնակ չի կարողանա կրել այդ ծանր բեռը» և ստիպված կլինի դիմել միջազգային կառույցների օգնությանը։ 2012թ. օգոստոսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն որպես «կարմիր գիծ» սահմանեց 100.000 փախստականի առկայությունը, սակայն հոկտեմբերին Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասավ 100.363-ի՝ հատելով հոգեբանական այդ շեմը։ Այդ ժամանակ Թուրքիայում դեռ չգիտեին, որ երկրում սիրիացի (և ոչ միայն) փախստականների թիվը հասնելու է ավելի քան 3.5 միլիոնի, ինչն ապացուցում է «ծանր այդ բեռը (100.000 փախստական) միայնակ կրել չկարողանալու» Թուրքիայի դիրքորոշման սնանկությունը։ 

23.08.2018

Աղբյուրը՝ «Սքան Նյուզ»