Էրդողանը լրջորեն աշխատում է Սիրիայի հյուսիսային շրջանների (Աֆրին - «Ձիթենու ճյուղ» գոտի, Ազազ-Ջերաբլուս գոտի - «Եփրատի Վահան» գոտի) ուղղությամբ։ Չենք բացառում, որ Էրդողանին արդյունքում կհաջողվի հանրաքվեի արդյունքներով հասնել նրան, որ սիրիական այդ շրջանները նախ կանջատվեն Սիրիայից, ապա կընդգրկվեն Թուրքիայի կազմում (թեպետ դա կարող է հանգեցնել Թուրքիայի հանդեպ արևմտյան համապատասխան պատժամիջոցների սահմանմանը)։ 

Լուսանկար:

2018թ. օգոստոսի 24-ին լրանում է Սիրիայի հյուսիսում սիրիական զինված ընդդիմության հետ համատեղ Թուրքիայի զինված ուժերի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության երկրորդ տարին։ Այն ժամանակ հրապարակած հոդվածում մանրակրկիտ անդրադարձել ենք այդ գործողության մեկնարկի դրդապատճառներին, գործողության անվանման, գործողության ժամկետի ընտրությանը, գործողության հետևանքներին, ուստի և այս անգամ կշրջանցենք դրանք։  Այս հոդվածում կանդրադառնանք այսպես կոչված «Եփրատի վահան» գոտում («Ազազ-Ջերաբլուս» գոտի) վերջին երկու տարում Թուրքիայի իրականացրած մասշտաբային գործունեությանը և դրա հեռահար նպատակներին։
Թուրքական կողմի պնդմամբ՝ վեց ամիս տևած (2016-2017թթ.) «Եփրատի վահան» գործողության արդյունքում «ազատագրված» 2055 կմ2 տարածքը դարձել է ամենաանվտանգ տարածքը Սիրիայում։ Ներկայումս տվյալ տարածաշրջանի անվտանգությունն ապահովում է Թուրքիայում ուսուցում ստացած 5000 ոստիկան։ Թուրքական իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Թուրքիայում հանգրվանած սիրիացի փախստականները շարունակում են վերադառնալ «Եփրատի վահան» գոտի, ուր (թուրքական կողմի պնդմամբ) զարգանում են բոլոր ոլորտները՝ կրթական ոլորտից սկսած մինչև առողջապահական ոլորտ։

Նախևառաջ «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո սիրիացի սակրավորները, որոնք ավելի վաղ համապատասխան ուսուցում էին անցել թուրք զինվորականների մոտ, սկսեցին ականազերծման աշխատանքներ իրականացնել «Եփրատի վահան» գոտում։ Ապա տվյալ շրջաններում վերականգնվեց ենթակառուցվածքը, ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Արդյունքում «Եփրատի վահան» գոտում բնակչության թիվը 2017թ. նոյեմբերի դրությամբ աճեց 4.5 անգամ, իսկ 2018թ. հունվարի դրությամբ՝ 5 անգամ։ Ներկայումս «Եփրատի վահան» գոտում բնակվում է 1.5 մլն մարդ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են։

Ընդգծվում է, որ վերջին 1 տարում Սիրիայի տարբեր շրջաններից էլ տասնյակ հազարավոր սիրիացիներ տեղափոխվել են «Եփրատի վահան» գոտի, և որ այդ ամենի արդյունքում տարածաշրջանում աշխուժացել են առևտուրը, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ տարածաշրջանի դպրոցներին պատճառվել էր մեծ վնաս, ԻՊ-ի ահաբեկիչները դրանցում տեղակայել էին իրենց շտաբները, մինչդեռ ցայժմ Թուրքիայի կրթության նախարարության ու Լուսավորության հիմնադրամի աջակցությամբ տարածաշրջանում վերանորոգվել է մոտ 500 դպրոց։ Ընդ որում՝ Թուրքիան դպրոցների մեծ մասին ապահովել է անհրաժեշտ սարքավորմամբ։ 6000 սիրիացի ուսուցիչներ ավարտել են Թուրքիայում կազմակերպված դասընթացները՝ նախքան իրենց պարտականություններին ձեռնամուխ լինելը։ Ներկա դրությամբ «Եփրատի վահան» գոտում սովորում է մոտ 200.000 երեխա։

Բացի այդ, Թուրքիան Ջերաբլուսի շրջանում կառուցել է պետական հիվանդանոց, որը կարող է բժշկական ծառայություններ մատուցել տարեկան մոտ 400 մարդու։ Էլ Բաբի շրջանում վերանորոգվել է «Հիքմեթ» հիվանդանոցը, իսկ Ազազի շրջանում՝ «Ահլի» հիվանդանոցը, որն ունակ է ամեն օր սպասարկել 500 հիվանդի։ Էլ Բաբում շարունակվում է 200 մահճակալ ունեցող հիվանդանոցի կառուցումը։ Այս ամենին պետք է հավելենք այն, որ Թուրքիայի աջակցությամբ «Եփրատի վահան» գոտում վերանորոգվել է ավելի քան 100 մզկիթ, ևս 160-ի վերանորոգումն ընթացքի մեջ է։

Այսպիսով, «Եփրատի վահան» գոտու բնակչությունը շարունակում է աճել, որի աղբյուրները, ինչպես արդեն նշվեց, երկուսն են. ա) Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների ներհոսք, բ) Սիրիայի այլ շրջաններից բնակչության ներհոսք։ Կարելի է չկասկածել, որ թուրքական կողմը նրանց շրջանում համապատասխան ընտրություն է իրականացնում և «Եփրատի վահան» գոտի մուտք գործել թույլատրում է միայն «վստահելի» (հավաքագրված) մարդկանց, որոնք բարյացակամ պետք է տրամադրված լինեն նրա հանդեպ։ Ի դեպ, սիրիացի փախստականների կողմից Թուրքիայի հանդեպ բարյացակամ տրամադրված լինելու համար առկա է երկու գործոն.

ա) բնական – Սիրիայում պատերազմի արհավիրքներից (ռազմական գործողություններից) փախչող հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են գտել հարևան Թուրքիայում, որը նրանց առջև չի փակել իր դարպասները, ինչն անելանելի դրության մեջ կդներ այդ մարդկանց (Թուրքիայի կողմից սիրիացի փախստականներին ընդունելու դրդապատճառներին անդրադարձել ենք մեր նախկին հոդվածներից մեկում)։ Բացի այդ, Թուրքիան նրանց համար կառուցել է տնակային ու վրանային ճամբարներ և այլն, այսինքն գործնական քայլեր է իրականացրել։
բ) քարոզչական – Թուրքական կողմը լայն քարոզչություն է իրականացնում սիրիացի փախստականների շրջանում, կատարում է «ուղեղների լվացում», շարունակ հայտարարում է, որ միլիարդավոր դոլարներ է ծախսել սիրիացի փախստականների վրա՝ այդպիսով նաև նրանց ակնարկելով, որ պարտական են իրեն և այլն։

Եվ պատահական չէ, որ «Եփրատի վահան» գոտու բնակիչները տարբեր առիթներով շարունակ աջակցություն են հայտնում Թուրքիային։ Նմանատիպ վերջին դեպքը գրանցվեց օրեր առաջ, երբ թուրքական լիրան զգալիորեն արժեզրկվեց։ Այդ ժամանակ «Եփրատի վահան» գոտու բնակիչները Ջերաբլուսում սկսեցին իրենց մոտ եղած արժույթը վերածել թուրքական լիրայի՝ այդ կերպ փորձելով ներդրում ունենալ թուրքական լիրայի արժեքի մեծացման մեջ և իրենց աջակցությունը հայտնելով Թուրքիայի տնտեսությանը։ Նրանք ընդգծում էին, որ Թուրքիան 8 տարի շարունակ ապաստան է տվել իրենց, առողջապահական աջակցություն է ցուցաբերել իրենց և իրենք էլ պետք է իրենց աջակցությունը հայտնեն թուրքական տնտեսությանը։

Ամփոփելով այս ամենը՝ նշենք, որ Թուրքիան փաստացի զբաղված է Սիրիայի հյուսիսային շրջանների ժողովրդագրական պատկերի փոփոխմամբ, դրանցում հուսալի հենարան ձևավորելով։ Այս ամենը նշանակում է, որ եթե թուրք զինվորականները հետագայում անգամ հեռանան տվյալ տարածքներից, ապա Թուրքիան հուսալի հենարան կունենա դրանցում։ Չմոռանանք, որ Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում նաև այսպես կոչված «Ձիթենու ճյուղ» գոտին (Աֆրինի շրջան)։ Ստացվում է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիան օկուպացրել է մոտ 4000 կմ2 տարածք, ընդ որում՝ «Եփրատի վահան» ու «Ձիթենու ճյուղ» գոտիները սահմանակից են միմյանց և հետագայում կարող են կազմել մեկ ամբողջություն։

Դեռևս 2015թ. Թուրքիան Սիրիայի քրդերին մեղադրում էր Սիրիայի հյուսիսային շրջանների ժողովրդագրական պատկերը փոփոխելու համար, սակայն վերջին շրջանում հենց ինքն է սկսել իրականացնել նմանատիպ գործունեություն, ինչը վկայում է նրա հեռահար նպատակների մասին։ Թուրքիան հետագայում կարող է այդ տարածքներում կազմակերպել հանրաքվե, որի մասնակիցները նախևառաջ կարող են որոշում կկայացնել Սիրիայից անջատվելու, ապա նաև Թուրքիային միանալու մասին։ Փաստորեն, Էրդողանը կարող է հանրաքվեի միջոցով բռնակցել Սիրիայի հյուսիսային շրջանները։ Թուրքական իշխանությունները շարունակ շեշտում են, որ «Եփրատի վահան» գոտում հավաքվել են Ասադի զուլումից, բռնություններից փախած անձինք։ Եվ եթե խնդրին նայենք մոտ ապագայի տեսանկյունից, ապա Թուրքիայի իշխանությունների տվյալ դիրքորոշումը վկայում է, որ նրանք հետագայի համար բացառում են, որ այդ անձինք կարող են վերադարձվել Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո։

Մեր կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հեռահար նպատակը երկրի տարածքային ամբողջականության ընդլայնումն է, ինչը նրան խստապես անհրաժեշտ է նաև Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ հեռակա մրցակցության համար։ Էրդողանը ձգտում է իր ձեռքբերումներով հավասարվել և գերազանցել Մ. Ք. Աթաթուրքին, պատմության մեջ թողնել ավելի խորը հետք, ինչի համար էլ վերջին տարիներին նրա մասին խոսելիս հաճախ խուսափել է «Աթաթուրք» (թարգմանաբար՝ թուրքերի հայր) բառն օգտագործելուց և փոխարենն օգտագործել է միայն «Գազի» (հաղթող, վետերան) բառը։

Մեր նախկին հոդվածներից մեկում  նշել ենք, որ Էրդողանը (մեր կարծիքով) ձգտում է Մ. Ք. Աթաթուրքին հասնել և գերազանցել հետևյալ 3 ոլորտում. 1) «ազգային-ազատագրական պայքար» (քեմալական շարժում), 2) նոր պետության հիմնում, 3) պետության տարածքի ընդլայնում։ Հայտնի է, որ Մ․ Ք․ Աթաթուրքը նախևառաջ կարողացավ հաղթել այսպես կոչված (Թուրքիայի տեսանկյունից) «ազգային-ազատագրական պայքարում» (քեմալական շարժում), ապա հռչակեց ԹՀ-ը և հետո էլ լուրջ ջանքեր գործադրեց Ալեքսանդրեթի սանջակը (ներկայիս Հաթայ նահանգ, 5400 կմ2) ԹՀ-ի կազմում ընդգրկելու ուղղությամբ։ Մեր կարծիքով՝ վերջին շրջանում նման եռաքայլ ճանապարհով շարժվում է Էրդողանը.

ա) Էրդողանը 2016թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը (ՌՀՓ) որակեց որպես «2-րդ ազգային-ազատագրական պայքար» և այդպիսով դարձավ «2-րդ ազգային-ազատագրական պայքարի հաղթող»՝ համարելով, որ ՌՀՓ տապալմամբ «երկիրը փրկել է օկուպացումից»․ Թուրքիայում համարում են, որ «մոտ մեկ դար առաջ Աթաթուրքը երկիրը փրկել է օկուպացումից» (Էրդողանն Աթաթուրքի նման երկրի ներսում շարունակ ստեղծում է այնպիսի տպավորություն, որ երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք փորձում են թուլացնել նրան կամ էլ տարածքներ խլել նրանից)։

բ) Աթաթուրքը 1923թ. հռչակեց ԹՀ-ը, այժմ էլ Էրդողանը գտնվում է «Նոր Թուրքիա» հռչակելու շեմին։ Դեռևս 1993թ. Էրդողանը դատապարտել էր քեմալիզմը՝ հայտարարելով, որ «ԹՀ 70-ամյա պատմությունը (1923-1993թթ.) պարզապես զուր տեղը վատնված ժամանակաշրջան է»։ Ուշագրավ է, որ այն ժամանակ Էրդողանը սոսկ Ստամբուլի նահանգում Refah («Բարօրություն») կուսակցության ղեկավարն էր և կուսակցության Կենտրոնական վարչական կոմիտեի (MKYK) անդամ։ Թեև Էրդողանը հետագայում դարձավ Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի վարչապետ ու նախագահ, նրա տվյալ դիրքորոշումը չփոխվեց ցայժմ։ Առաջիկայում Էրդողանի «Նոր Թուրքիան» (որի մայրաքաղաք կարող է դառնալ օսմանյան երբեմնի մայրաքաղաք Բուրսան) պետք է փոխարինի Աթաթուրքի «Հին Թուրքիային»։

գ) Վերջին շրջանում Էրդողանը լրջորեն աշխատում է Թուրքիայի տարածքային ամբողջականության մեծացման ուղղությամբ, ինչի մասին վկայում են նաև 1923թ. Լոզանի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին նրա շարունակական հայտարարությունները։ Այժմ մենք ականատես ենք նրան, որ Էրդողանը լրջորեն աշխատում է Սիրիայի հյուսիսային շրջանների (Աֆրին - «Ձիթենու ճյուղ» գոտի, Ազազ-Ջերաբլուս գոտի - «Եփրատի Վահան» գոտի) ուղղությամբ։ Չենք բացառում, որ Էրդողանին արդյունքում կհաջողվի հանրաքվեի արդյունքներով հասնել նրան, որ սիրիական այդ շրջանները նախ կանջատվեն Սիրիայից, ապա կընդգրկվեն Թուրքիայի կազմում (թեպետ դա կարող է հանգեցնել Թուրքիայի հանդեպ արևմտյան համապատասխան պատժամիջոցների սահմանմանը)։ Ի դեպ, 2018թ. Թուրքիայում իշխող ԱԶԿ-ական պատգամավոր Մեթին Քյուլունքն առաջարկեց Էրդողանին շնորհել «գազի» տիտղոսը՝ ընդգծելով, որ «երկրի նախագահն առաջ է շարժվել մի շարք ճակատներում պատերազմելով»։ Եթե դա էլ տեղի ունենա, ապա Էրդողանը նաև այդ համատեքստում կհավասարվի Մ. Ք. Աթաթուրքին:

24.08.2018

Աղբյուրը՝ «Սքան Նյուզ»