Հայաստան կատարած այցն ավելի ճանաչողական էր, և մենք մի փոքր պետք է սպասենք, որպեսզի տեսնենք գործնական համագործակցություն: Առաջինը` մենք Հայաստանում անելիքներ ունենք. նախ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն է, որով կկարողանանք ի մի բերել հեղափոխության արդյունքները:

Լուսանկար:

Քննարկում. ուղիղ․ Մերկելի տարածաշրջանային այցի հետքերով. ի՞նչ կա օրակարգում․ «1in .am»

27.08.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Լավ ստարտային վիճակում ենք. քաղաքագետները վերլուծում են Մերկելի այցը տարածաշրջան. «ՀԺ»

Հայաստանի պատմության մեջ անկախությունից ի վեր, սա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցն էր Հայաստան: Ու, թեպետ այցը պլանավորած էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, տեղի ունեցավ միանգամայն այլ իշխանությունների պայմաններում: Այս մասին այսօր ասաց Միջազգային եւ անվտագության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցի վերաբերյալ քննարկման ժամանակ:

Քննարկման բանախոսներն էին քաղաքագետներ Ստյոպա Սաֆարյանը, Գեւորգ Մելիքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի վերլուծաբան Անի Եղիազարյանը եւ իրանագետ Արմեն Վարդանյանը:

Վերլուծաբան Արա Պապյանը, խոսելով Գերմանիայի կովկասյան քաղաքականության մասին, նշում է, որ Հայաստանը հիմա այն փուլում է, որ Գերմանիան արեւելաեվրոպական տնտեսական դաշտն արդեն իրացրել ու եկել է մեր տարածաշրջան: Պապյանի խոսքով՝ Մերկելի այցը տարածաշրջան կարեւոր էր, բայց ակնհայտ է, որ յուրաքանչյուր երեք երկրում՝ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում, տարբեր նպատակներ ու խնդիրներ կան.

«Վրաստանը շատ ավելի շուտ էր սկսել իր ինտեգրացիան դեպի եվրոպական կառույցներ: Բացի այդ՝ նաեւ վրաց-գերմանական արմատական հարաբերությունները շատ ավելի խորն են: Վրաստանի պարագան այլ է, այնտեղ արդեն գործնական քայլեր կան: Հայաստան այցն ավելի ճանաչողական էր եւ մենք մի փոքր պետք է սպասենք, որպեսզի տեսնենք գործնական համագործակցություն»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ մենք Հայաստանում ունենք անելիքներ՝ արդար ընտրությունների իրականացում, որով կկարողանանք ամփոփել ու ի մի բերել հեղափոխության արդյունքները, ապա նոր կլինեն գործնական քայլեր:

Անդրադառնալով Մերկելի՝ Ադրբեջան կատարած այցին, Պապյանը նշում է, որ կանցլերն, իհարկե, պիտի այցելեր Բաքու, չէ՞ որ այն եւս տարածաշրջանում էր. «Բայց սա մեծապես կապված էր ադրբեջանական գազը ռուսական գազին այլընտրանք ունենալու հետ: Այստեղ մի փոքր մտահոգություն կա. այդ գազը դառնում է այլընտրանք Գազպրոմի գազին: Չպիտի մոռանալ, որ այդ գազամուղներն ու նավթամուղները ռազմաճակատային գծից քիչ հեռավորության վրա են»,- իր խոսքում ասաց վերլուծաբանը:

Իրանագետ Արմեն Վարդանյանը եւս նշում է, որ սա իսկապես պատմական այց էր. «Գերմանիան ակտիվանում է այս տարածաշրջանում: Վերջին տարիներին նկատելի է դառնում, որ Գերմանիան նաեւ քաղաքական առումով է դառնում Եվրամիության շարժիչ ուժը: Պատահական չէ, որ թվային տեսքով աջակցության մասին միայն Վրաստանում խոսվեց: Իսկ ահա Հայաստանի դեպքում, կարծես թե, նոր ծրագրեր են մշակվել, եւ ինչպես վարչապետ Փաշինյանն ասաց՝ մի շարք հարցերում ընդհանուր մոտեցումներ կան Գերմանիայի հետ, եւ ապագայում ընդհանուր օրակարգով շարժվող հայ-գերմանական հարաբերություններ կունենանք»,- ասաց Արմեն Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական գազին, հակադարձելով Արա Պապյանին՝ Վարդանյանի կարծիքով առաջիկա տարիներին ռուսական գազին Եվրոպայում այլընտրանք չի լինելու. «Եւ սա այն պատճառով, որ հարավային գազային միջանցքը, որով Ադրբեջանը փորձում է գազն արտահանել Եվրոպա, իր տարողունակությամբ այդքան էլ մեծ չէ»,- նշեց իրանագետը: Վերջինիս կարծիքով՝ շատ կարեւոր է, որ Գերմանիան ու Եվրամիությունը Հայաստանին չեն դնում երկընտրանքի առաջ, ինչն էլ մեզ թույլ է տալիս զարգացնել մեր երկրի մակարդակը, քայլ առ քայլ շարժվել դեպի Եվրոպա:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւս կիսում է այն կարծիքը, որ Մերկելի այցը իսկապես աննախադեպ էր: Վերջինս նշում է, որ այս այցը բովանդակային առումով մնաց անավարտ. «Կոնկրետություն կհաղորդվի առաջիկայում, դրա համար էլ վարչապետ Փաշինյանը հրավեր ստացավ այցելել Բեռլին: Հաջողությունները լինելու են միայն լավ թիմային աշխատանքի միջոցով: Խոսքս վերաբերում է եւ՛ փորձագիտական, եւ՛ քաղաքական, եւ՛ բիզնես հանրության աշխատանքին»,- ասաց Մեհրաբյանը:

Անի Եղիազարյանը կարծում է, որ մենք առաջիկայում անպայման կտեսնենք Գերմանիայի դերի բարձրացումը մեր տարածաշրջանում՝ կոնկրետ գործողությունների տեսքով. «Շատ կարեւոր էր, որ անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտությանը եւ ընդգծվեց դրա բացառապես խաղաղ կարգավորումը: Ընդգծվեց նաեւ, որ խթան է տրվելու Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարմանը, եւ այս իմաստով պայմանավորվածությունների ու հայտարարությունների մակարդակով ավելին սպասել պետք չէր, որովհետեւ այցը շատ կարճատեւ էր»,- ասաց Եղիազարյանը:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի խոսքով՝ այս հարաբերությունների մեջ ամենից կարեւորն այն է, թե Հայաստանն ինչ է առաջարկում Գերմանիային. «Գերմանիան պետք է հասկանա, թե ինչ օգուտ ունի Հայաստանից, ինչ կարող է առաջարկել Հայաստանը, ինչպես մենք կարող ենք շահագրգռել Գերմանիային՝ համագործակցել մեզ հետ, ինչ առավելություններ ունի Հայաստանը, որ չունեն Վրաստանն ու Ադրբեջանը: Եթե մենք ունենք ժամանակ, բայց իրականում այդ ժամանակը չունենք, ժամանակն է կոնկրետ առաջարկություններով հանդես գալ եւ գերմանական կողմին տալ ճանապարհային քարտեզ, թե ինչ ենք ակնկալում Գերմանիայից: Թե չէ նման այցերը շատ դրական զգացողություններ կթողնեն, բայց դա կլինի անհրաժեշտ, սակայն ոչ բավարար նախապայման՝ համագործակցությունը խորքային ու արդյունավետ համարելու համար»,- ասաց քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը:

Ռուբեն Մեհրաբյանը խոսեց նաեւ Միացյալ Նահանգներ-Գերմանիա տարաձայնությունների մասին. «Դրանք դաշնակիցների տարաձայնություններ են, որոնք լուծելի են եւ լուծվելու են, ուրիշ տարբերակ չկա, իրավիճակը վերարժեւորվելու է՝ կապված ՆԱՏՕ-ի Եվրոպայի ռազմական անվտանգության, ՆԱՏՕ-ի եվրոպական բաղադրիչի դերի հետ, մարտահրավերների գնահատման ու հաղթահարման ուղղությամբ: Ժամանակ է պետք, եւ ի վերջո Թրամփն էլ հավերժ չէ, այնուամենայնիվ հարաբերությունները չեն փոխվել, ու սա ընդհանրապես համաշխարհային անվտանգության հիմքն է»,- նշում է Մեհրաբյանը:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջանային այցի վերաբերյալ քննարկման ավարտին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ մենք իսկապես ունենք մի իրավիճակ, որը նորություն էր ոչ միայն Մերկելի, այլև մեզ համար. «Մենք ունենք երկկողմ եւ բազմակողմ աշխատանքի մեծ դաշտ: Կանցլերի այցելությանը հաջորդելու է նաեւ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Մենք բացառիկ հնարավորություն ունենք օրինակ դառնալու զարգացման ու առաջընթացի, հարաբերութուններ զարգացնելու համար: Եւ եթե նախկինում տրտնջում էինք ներքին լեգիտիմություն չունենալով՝ հարաբերություններ վարելու համար, հիմա իսկապես լավ ստարտային վիճակում ենք՝ վազքուղի դուրս գալու, երկկողմ տպավորիչ ծրագրեր ունենալու առումով: Այս առումով արժանին պիտի մատուցել բոլոր գործոնները ստեղծած մարդկանց»,- ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցի վերաբերյալ քննարկմանը ներկա էին նաեւ Գերմանիայի, Բուլղարիայի եւ Միացյալ Նահանգների դեսպանատների անդամներ:

28.08.2018

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»

 

Արա Պապյան. Մերկելի Հայաստան այցը ճանաչողական էր․ մենք մի փոքր պետք է սպասենք․ «1in.am»

«Անվիճելի է, որ Գերմանիան Եվրամիության առանցքային երկիրն է և այդ միության հիմնական տնտեսական շարժիչ ուժն է»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցին նվիրված քննարկմանը նշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի քաղաքական ակտիվացումը հետևանքն է նրա տնտեսական հզորության:

Ինչ վերաբերում է Մերկելի տարածաշրջանային այցին, Արա Պապյանը նկատեց, որ Վրաստան կատարած այցը այլ էր՝ ավելի գործնական էր. «Իսկ Հայաստան կատարած այցն ավելի ճանաչողական էր, և մենք մի փոքր պետք է սպասենք, որպեսզի տեսնենք գործնական համագործակցություն: Առաջինը մենք ունենք Հայաստանում անելիքներ. նախ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն է, որով կկարողանանք ի մի բերել հեղափոխության արդյունքները»:

Բանախոսը կարծում է, որ Մերկելի՝ Փաշինյանին ուղղված հրավերը նաև դրա վկայությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

28.08.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Մերկելի տարածաշրջանային այցի հետքերով. «A1+»

Արա Պապյանի խոսքով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Ադրբեջան այցը պայմանավորված էր ադրբեջանական գազը որպես ռուսականին այլընտրանք դիտարկելու շրջանակում։ Արա Պապյանը դրա մեջ լուրջ վտանգ է տեսնում.  ««Գազպրոմը» կանի ամեն ինչ, որ այդ գազը այս տարածաշրջանով չանցնի, ինչպե՞ս՝ տարածաշրջանում իրավիճակը սրելով»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով էլ ռուսական գազին այլընտրանք լինել չի կարող. «Ադրբեջանական գազի ծավալները փոքր են և չեն կարող այլընտրանք հանդիսանալ»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծում է, որ կանցլերի Հայաստան այցը բովանդակային առումով անավարտ է մնացել. «Հենց այդ պատճառով էլ Մերկելը Փաշինյանին հրավիրեց Բեռլին»։

Ըստ քաղաքագետի` տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում. «Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի ազդեցության հետևանքները կանխատեսել հնարավոր չէ, բայց դա մեր վրա էլ կազդի»։ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով Հայաստանը Գերմանիային կարող է առաջարկել իր տերիտորյալ հնարավորությունը. «Հայաստանը Իրանի համար միակ վստահելի դարպասն է և սա հաշվի չառնել չենք կարող»։

Ըստ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի, հիմա գնդակը հայկական դաշտում է. «Հիմա պետք է ճիշտ օրակարգ մշակենք և այդ պայմանական գնդակը ուղարկենք Գերմանիա»։

28.08.2018

Աղբյուրը՝ «A1+»

 

Արմեն Վարդանյան. Մոտ ապագայում Գերմանիան տարածաշրջանում ակտիվանալու է․ «1in.am»​

«Գերմանիան նոր արևելյան քաղաքականություն է կարծես իրականացնում նաև հարավկովկասյան երկրների նկատմամբ: Սա հիրավի պատմական այց էր: Եթե Վրաստանի դեպքում սա երկրորդ այցն էր, ապա Հայաստանի և Ադրբեջանի պարագայում սա ընդհանրապես առաջին այցն էր կանցլերի մակարդակով»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցին նվիրված քննարկմանը նշեց  իրանագետ Արմեն Վարդանյանը:

Նա նկատեց, որ վերջին 1 տարում հարավկովկասյան երկրների հետ Գերմանիայի ապրանքաշրջանառությունը աճել է 66 տոկոսով: «Սա նշանակում է, որ Գերմանիան այս տարածաշրջանում ակտիվանում է»,- նշեց նա և հավելեց, որ վերջին տարիներին Գերմանիան, բացի տնտեսականից, ակտիվանում է նաև քաղաքական առումով և ԵՄ շարժիչ ուժն է դառնում նաև քաղաքական առումով:

Իրանագետը բնական է համարում, որ Գերմանիայի համար առաջնային նշանակություն ունի Վրաստանը, և միայն Վրաստանում խոսվեց նյութական աջակցության (193 մլն եվրո է հատկացվելու) մասին. «Իսկ Հայաստանի դեպքում կարծես թե այստեղ նոր ծրագրեր են մշակվել, և ապագայում մենք կտեսնենք ընդհանուր օրակարգով շարժվող հայ-գերմանական հարաբերություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

28.08.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Մերկելի Հայաստան այցը պատմական էր, բայց բովանդակային առումով՝ անավարտ․ «1in.am»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը տարածաշրջան և մասնավորապես Հայաստան պատմական էր: Մերկելի տարածաշրջանային այցին նվիրված քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Գերմանիայի Դաշնության կանցլերի այցը առաջին անգամ էր պատմության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, սակայն, որ բովանդակային առումով այս այցը մնաց անավարտ:

Նրա խոսքով՝ կոնկրետություն կհաղորդվի առաջիկայում, դրա համար էլ վարչապետ Փաշինյանը հրավեր ստացավ այցելելու Բեռլին. «Հաջողությունները շատ գործոններով կախված են նաև մեզնից: Այդ հաջողությունը կլինի միայն լավ թիմային աշխատանքի արդյունքում»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ կանցլերի այցը նաև ճանաչողական էր, քանի որ տարածաշրջանում տեղի են ունենում տեկտոնիկ փոփոխություններ. «Բացասական տրանսֆորմացիաների են ենթարկվում Թուրքիան, Ռուսաստանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

28.08.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Մերկելը Երևանից հեռացավ մի տպավորությամբ, որ Հայաստանում բարձրագույն արժեքը քաղաքացին է. «1in.am»​

«Մերկելը հավատարիմ է մնում իր այն հայտարարություններին, որ Գերմանիան նպաստելու է արևելյան երկրների հնարավորինս անցնցում եվրոպականացման գործընթացին»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցին նվիրված քննարկմանը նկատեց ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Անի Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան կատարած կանցլերի այցը հասցրեց լինել բավական տպավորիչ, քանի որ անդրադարձ եղավ ԼՂ հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը. «Կարծում եմ՝ այցը լիարժեք էր, ավելին սպասել պետք էլ չէր, որովհետև այն շատ կարճատև էր»:

Անդրադառնալով տարածաշրջանային այցի տարբերություններին՝ Անի Եղիազարյանը նշեց. «Հայաստանի համար նոր իշխանությունների կողմից Անգելա Մերկելին ընդունելն էր շատ հետաքրքիր և կարևոր, որքան էլ պայմանավորվածությունը նախապես էր ձեռք բերվել: Անգելա Մերկելը Հայաստանից հեռացավ մի տպավորությամբ, որ Հայաստանում բարձրագույն արժեքը ՀՀ քաղաքացին է»:

Բանախոսը հիշատակեց Հյուսիսային պողոտայում Մերկելի զբոսանքը՝ վստահություն հայտնելով, որ նրա շփումը քաղաքացիների հետ մեծ ձեռքբերում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

28.08.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

 

Պատմական այցին պետք է հաջորդեն գործնական քայլեր. «Հանրային ռադիո»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր քննարկվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջան այցը:

Քաղաքագետներից ոմանք կարծում են, թե այցի նպատակն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու, ռուսական գազին այլընտրանք ունենալու հարցերով էր պայմանավորված, ոմանք էլ, մեջբերելով կանցերի հայտարարությունները, փարատում են այդ ծրագրի իրագործման հավանականությունը գոնե առաջիկայում:

Մերկելի Հայաստան այցը որակվում է պատմական: Սակայն դրան պետք է հաջորդեն կոնկրետ ծրագրեր:

Մերկելի Հայաստան այցը որակվում է պատմական: Սակայն դրան պետք է հաջորդեն կոնկրետ ծրագրեր:

Պատմական այցին արագ պետք է հաջորդեն գործնական քայլեր. փորձագիտական, քաղաքագիտական շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան որակվում է աննախադեպ, սակայն դրական տպավորություններից ու գեղեցիկ հիշողություններից բացի պետք է նաև հստակ ծրագրեր ներկայացվեն: Այցերը թուղթ ու գրիչով պետք է ամրագրվեն, ոչ միայն տպավորություններով՝ ասում է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը.

«Մտածեք, թե ինչպես պետք է շահագրգռեք: Այցը, հակառակ դեպքում, կլինի անհրաժեշտ, բայց ոչբավարար, համագործակցությունը արդյունավետ համարելու համար»:

Առաջարկին անմիջապես հաջորդեցին հավանական ծրագրերի մասին  մի քանի հուշումներ: Մասնավորապես, քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ մատնացույց անելով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների առկայությունը, խորհուրդ տվեց մտածել գերմանական խոշոր ընկերությունների գործունեությունը այսուհետ Հայաստանում ծավալելու նախաձեռնությունների մասին.

«Սիմենս կոնցեռնը, Դայլերը հայտարարել են, որ դուրս են գալիս իրանական շուկայից, գուցե իրոք փորձենք ձեռնարկություններ ստեղծեն Հայաստանում ու լիզինգով տան Իրանին»:

Մոդուս-Վիվիենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ առաջարկեց, օրինակ, Էրբասների նորոգման աշխատանքերը կազմակերպել Հայաստանում, հաշվի առնելով, որ մեր հարևան երկրում էրբասների թիվը շատ է, իսկ դրանց նորոգմամբ զբաղվում են ֆրանս-գերմանական ընկերություններ: Առավել ևս, որ  Գերմանիան ակնհայտ ակտիվություն է դրսևորում Հարավային Կովկասի նկատմամբ, քաղաքական ակտիվությունն էլ տնտեսական ակտիվության հետևանք է՝ ասաց: Կոնկրետ Հայաստան Մերկելի այցը նա ճանաչողական համարեց, բայց նաև խոսեց ակնկալիքների մասին.

«ՀՀ-ից ակնկալում են տեսնել, թե որքան լավ կանցնեն ընտրությունները ՀՀ-ում, որպեսզի գործնական քայլերի անցնեն: Մերկելի հրավերը ուղղված Փաշինյանին նաև դրա վկայությունն է»:

Մերկելի տարածաշրջանային այցը դիտարկելով`  ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու, ռուսական գազին այլընտրանք ունենալու դիտանկյունից, նա նկատեց, որ դա վատ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ Մոսկվան, մասնավորապես Գազպրոմը,  թույլ չի տա, որ  ռուսական գազին այլընտրանք ունենա Եվրոպան, իսկ ադրբեջանական գազի մուտքը Եվրոպա կասեցնելու ճանապարհը տարածաշրջանի ապակայունացումն է՝ ասաց:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մինչդեռ այս նախաձեռնության իրագործումը քիչ հավանական համարեց այսօր.

«Ռուսաստանի կախվածությունը թուլացնելու համար, կախվածության մեջ մտնել այսօրվա Թուրքիայից չեմ կարծում կերջանկացնի Եվրոպային կամ Գերմանիային»:

Ի լրումն՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մի հիշեցում արեց. «Մերկելն ասաց, որ ռուսականգազն ավելի էժան է և չի կարող այլընտրանք ունենալ»:

Տարածաշրջանային այցով Վրաստան Մերկելի ժամանումն էլ փորձագետներն ավելի շատ դիտարկեցին Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարի համատեքստում:

Ամեն դեպքում՝ Գերմանիան հավատարիմ է մնում արևելյան երկրների  եվրոպականացման  տեսլականին ու հետևողականորեն, բայց նաև շատ հանդարտ, առանց այլ երկրների հետ հարաբերությունները սրելու, գնում է այդ ուղղությամբ՝ կարծում են քաղաքագետները:

28.08.2018

Աղբյուրը՝ «Հանրային ռադիո»