The New York Times-ի
Հեղինակ: Ruben Mehrabyan

Կարեւոր է ոչ միայն, թե ովքեր կընտրվեն, այլեւ այն, թե ինչպե՛ս կընտրվեն։ Սեպտեմբերի 23-ի ընտրություններն այդ իմաստով լուրջ քննություն են ոչ միայն իշխանության, այլեւ պետության վարկի եւ հեղինակության տեսակետից։ Ուղղակի անպատկերացնելի է, թե ինչ ավերածություններ կգործեն մարդկանց հոգիներում եւս մեկ «ավանդական» ընտրությունները, նաեւ անհավանական, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս վստահ է իր ուժերին եւ պարզապես դա չի հանդուրժի, որ իրենից գողանան իր բազմամյա պայքարի նվաճումը։

The New York Times-ի Լուսանկար: The New York Times-ի

Առաջիկա կիրակի օրը Հայաստանի մայրաքաղաքում կկայանան առաջին ընտրությունները թավշյա հեղափոխությունից հետո։ Սա կլինի նաեւ հեղափոխության առաջին քաղաքական փորձությունը, առաջին քննությունը՝ թե՛ հանրության, թե՛ իշխանության, թե՛ քաղաքական ուժերի համար, մի յուրովի ստուգատես առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Նախորդ իշխանության գործունեության արդյունքներից մեկն էլ այն էր, որ սոցիոլոգիան առայժմ մնում է «հնագույն մասնագիտության» կարգավիճակում, եւ ռեաբիլիտացիայի գործընթացին սպասող, ուստի կանխատեսումները, ցավոք, մնալու են անձնական դիտարկումների մակարդակում։ Բոլոր դեպքերում կասկած չկա, որ ավագանիների խորհուրդը կհամալրեն երիտասարդները՝ սովետով չփչացած, պոստսովետը մերժած եւ դրա դեմ ընդվզած, ապագային միտված, հավակնոտ եւ ինքնավստահ։

Այլեւս անցյալ է դառնում քսանամյա այն իրողությունը, երբ Երեւանով զբաղվում էին մարդիկ, ում համար օրենք էր անձանց մի նեղ շրջանակի խոսքը, անձանց, ում էթիկական եւ էսթետիկական «առաստաղը» Աղդամն էր եւ Եվլախը՝ իրենց բազարներով, լավագույն դեպքում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակը, այն էլ՝ նկարներով։

Նոր Երեւանը ձեւավորելու են այլեւս երիտասարդները, որոնք հասցրել են ժամանակակից կրթություն ստանալ, ճանապարհորդել առաջատար քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքներում, ունակ են առայժմ չիմացածը սովորելու եւ, համաձայն խոստմանը՝ բոլոր կարեւոր հարցերով որոշումներն ընդունել տեղական հանրաքվեների միջոցով։

Մեր մայրաքաղաքը, որպես օրգանիզմ, այսօր հիվանդ է, եւ «բուժումը» երկարատեւ է լինելու։ Անկախ նրանից, որ մայրաքաղաքի կառավարման քաղաքական խնդիրների վերաբերյալ բանավեճում քաղաքական ուժերի միջեւ այնուամենայնիվ տեղ գտավ նաեւ համապետական համատեքստը, կարեւոր է, որպեսզի բուն մայրաքաղաքի խնդիրը չմնա չընկալված, չձեւակերպված եւ արդյունքում՝ անտեր, ինչպես դա եղել է գրեթե ողջ հետխորհրդային ժամանակաշրջանում։

Կարծես թե առաջին անգամ ստացվեց խուսափել այն դեմագոգիկ թեզից, որ «պետք չէ քաղաքականացնել քաղաքային ընտրությունները», քանզի կյանքը ցույց տվեց, որ առանց պատշաճ, թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության հնարավոր չէ, որ աղբը լինի հավաքված եւ վերամշակված, ավտոբուսները եւ տրոլեյբուսները ժամանեն եւ տեղ հասնեն ժամանակին, կանաչապատումն էլ լինի ոչ թե թղթի վրա, այլ իրականում։

Երեւանի քաղաքային տնտեսության մեջ բազմաթիվ են «մութ անկյունները», որտեղ պարզապես վատնվում եւ կորչում էին հարկատուների փողերը, եւ հարցնողներ էլ չկային, իսկ կրիմինալն ուղղակի «փայ էր մտել» մայրաքաղաքի կառավարման համակարգին՝ համատիրություններում, թաղապետարաններում, նույնիսկ քաղաքապետարանում, «փայ», որն «ազնվորեն» վաստակել էր ընտրությունից ընտրություն իշխանության վերարտադրության գործում իր վճռորոշ դերի դիմաց։

Լիցենզիաների, թույլտվությունների, արգելքների անհասկանալի չափանիշներ եւ մեխանիզմներ, երկու հոդաբաշխ բառ իրար կապելու տոտալ անընդունակություն եւ ցածր ինտելեկտ, աչքածակություն, պնդաճակատություն, թայֆաբազություն եւ աբսուրդ. ահա սա էր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կառավարման հավաքական դեմքը։

Այդ դեմքը ձեւավորում են այսօրվա քաղաքային տրանսպորտի բարբարոս համակարգը, առայժմ դատարկ մնացող նախկին Ցումի եւ «Հայրենիք» ունիվերմագի շենքերը, կիսատ մնացած Կասկադը, «Չարբախ» մետրոյի կայարանի շրջակայքի հակասանիտարական վիճակը, տարին երեք անգամ անիմաստ ասֆալտվող կենտրոնական փողոցները եւ տարիներով չասֆալտվող փողոցները կենտրոնից դուրս, գծանշման գրեթե բացակայությունը, եւ այս ամենին գումարվեց նաեւ այլեւս անտանելի աղբահանության խնդիրը եւ շենքերի լիֆտերի անընդունելի, անտեր վիճակը՝ անիմաստ, «ռազմահայրենասիրական», «մշակութախեղդ» միջոցառումների տարափի ֆոնին, երբ բոլորի աչքի առաջ ուղղակի փողեր էին մսխում եւ քամուն տալիս ամենաանխիղճ կերպով՝ նաեւ չմոռանալով «յուրայինների» գրպանները «սրբազան»։

Բոլոր 12 քաղաքական ուժերը, մեծ եւ փոքր, որոնք մասնակցում են ընտրություններին, խոստանում են գրեթե նույն բանը. մատնանշում նույն հիմնախնդիրները, առաջարկում գրեթե նույնանման լուծումներ՝ գումարելով սեփական առանձին ստեղծագործական մոտեցումները, օրինակ՝ ճոպանուղու գաղափարը Աբովյան պուրակից դեպի Նոր Նորքի զանգվածներ։

Ձեւավորված մթնոլորտը միանգամայն բխում է քաղաքացու՝ երեւանցու շահերից, ի վերջո, նա՛ է ձայն տալու այս կամ այն ուժին՝ ըստ իր նախասիրության եւ ճաշակի։ Իսկ քաղաքական ուժերն էլ ունեն բոլոր հնարավորությունները ըստ իրենց կարողության եւ տաղանդի օգտակար եւ աջակից լինելու քաղաքացուն՝ վարձատրվելով նրանից գանձված հարկերից, եւ հաշվետու լինելու պարբերաբար, թե ինչն է արվել, ինչը՝ ոչ։

Խիստ կարեւոր է, որ այս ընկալումը կարելի է այլեւս արմատավորված համարել, իսկ մարդկանց հիշողությունն այնքան էլ կարճ չէ, որքան կցանկանային որոշ քաղաքական շրջանակներ։ Եվ միանգամայն բնական է, որ մարդիկ չեն վստահի այն քաղաքական ուժերին, որոնք մինչ այս լծված են եղել քաղաքացիական գիտակցությունը սպանելու, հասարակությանը լյումպենացնելու, իրական քաղաքական օրակարգը «բարեգործական» դեմագոգիայի մեջ խեղդելու գործին։

Կարեւոր է ոչ միայն, թե ովքեր կընտրվեն, այլեւ այն, թե ինչպե՛ս կընտրվեն։ Սեպտեմբերի 23-ի ընտրություններն այդ իմաստով լուրջ քննություն են ոչ միայն իշխանության, այլեւ պետության վարկի եւ հեղինակության տեսակետից։ Ուղղակի անպատկերացնելի է, թե ինչ ավերածություններ կգործեն մարդկանց հոգիներում եւս մեկ «ավանդական» ընտրությունները, նաեւ անհավանական, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս վստահ է իր ուժերին եւ պարզապես դա չի հանդուրժի, որ իրենից գողանան իր բազմամյա պայքարի նվաճումը։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի պետական իշխանության ինստիտուտները եւ իրավապահ մարմինները մնան իրենց բարձրության վրա, գոնե այն չափով, որ չափով որ հայտարարված է ի լուր բոլորի։

Բարի ե՛րթ, Երեւան։

18.09.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»