Առաքելություն և հավատամք

ՄԱՀՀԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է՝

1) նպաստել Հայաստանի կողմից ողջամիտ ներքին/հանրային և արտաքին քաղաքականությունների որդեգրմանը, որոնք կամրապնդեն Հայաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական-պարենային, տեխնոլոգիական անվտանգությունները, կապահովեն առաջընթաց այդ ոլորտներում, առաջ կմղեն տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը, կաջակցեն քաղաքակիրթ միջազգային հարաբերություններին.

2) լուծումներ առաջարկել Հայաստանի անվտանգության ներքին ու արտաքին քաղաքականություններին, միջազգային հարաբերություններին, կայուն զարգացմանն ու առաջընթացին վերաբերող տարբեր մարտահրավերների կապակցությամբ, կանխատեսել ծագող հիմնախնդիրները, ռիսկերն ու հնարավորությունները, ձևավորել հետաքննության նոր տեսանկյուններ, հարթակ ստեղծել կառավարության, գործարարների և հասարակության կողմից դրանց արձագանքելու համար.

3) ի դեմս երկրի, հասարակության ու քաղաքացու առջև ծառացած բազում մարտահրավերների և խնդիրների լուծման առաջարկների՝ ներդրում կատարել երկրի ժողովրդավարության, անվտանգության ու զարգացման գործում, հետազոտությունների և վերլուծությունների միջոցով բարելավել քաղաքականություններն ու որոշումների ընդունման գործընթացը, առաջարկել հրատապ խնդիրների լուծումների բազմազանություն՝ առավելությունների և թերությունների վերլուծությամբ, ձևակերպել հստակ քաղաքական հանձնարարականներ և աջակցել դրանց կյանքի կոչմանը.

4) մշակել ուժեղ, պրագմատիկ և սկզբունքային ազգային անվտանգության ու պաշտպանության քաղաքականություններ Հիմնադրամի ու նրա հետ գործակցող խորհրդատուների փորձաքննության և փորձառության հիման վրա և քաղաքականություն վարողներին, փորձագետներին ու հանրությանը ներգրավել նորարարական, փաստերի վրա հենվող հետազոտություններում, գաղափարներում և վերլուծություններում.

5) ձևավորել, կատարելագործել և հարստացնել ազգային անվտանգության, ներքին/հանրային քաղաքականությունների ու միջազգային հարցերի շուրջ ռազմավարական քննարկումները Հայաստանի ներսում և նրանից դուրս, Հիմնադրամի հետազոտական օրակարգը մշտապես պահել համալրման մեջ, ժամանակին համահունչ և մեծապես պահանջված, հետազոտություններով ունենալ մեծ ազդեցություն՝ քաղաքականություն իրականացնողներին, խորհրդարանականներին, դիվանագետներին և փորձագետներին տեղեկացնելով ձեռքբերված փոխըմբռնումների և ընտրանքների մասին.   

6) իրազեկել և պատրաստել ազգային անվտանգության, ոլորտային քաղաքականությունների, քաղաքացիական հասարակության այսօրվա և վաղվա առաջնորդներին, նպաստել ուժեղ քաղաքացիական հասարակության կայացմանը, միջազգայինից մինչև ներքին/հանրային ու անվտանգության քաղաքականությունների հարցերի շուրջ որոշումների ընդունմանը նրա մասնակցությանը.

7) կամրջել քաղաքականությունների աշխարհն անկախ վերլուծությունների հետ, շփման եզր ծառայել փորձագետների և որոշում կայացնողների միջև բոլոր մակարդակներում, արդի միջազգային հարաբերությունների և ներքին քաղաքականությունների վերաբերյալ որոշում ընդունողներին, դիվանագետներին, պետական, քաղաքական, տնտեսական գործիչներին ցուցաբերել վերլուծական-խորհրդատվական աջակցություն, նախաձեռնել հանրային քննարկումներ և տարածել փորձագիտական գիտելիքը.

8) խթանել Հայաստանի ինտեգրումը միջազգային ու տարածաշրջանային առաջադեմ կառույցներում և տարածություններում, մասնավորապես՝ եվրոպական քաղաքակրթական ու տնտեսական տարածության մեջ, աջակցել Հայաստանի պետական ու հանրային կյանքի, տնտեսական, սոցիալական և այլ քաղաքականությունների չափանիշները, օրենսդրությունը եվրոպական ուղենիշներին համապատասխանեցնելու և ներդաշնակեցնելու բարեփոխումներին.  

9) հետազոտական, գիտակրթական, տեղեկատվական, հրատարակչական և այլ գործունեությունների միջոցով ներդրում կատարել մարդկային զարգացման մեջ, ընդլայնել միջազգային ու ազգային հարցերում մարդկանց իմացության սահմանները և նպաստել իրազեկ, տեղեկացված հասարակության  ձևավորմանը, որը գործուն մասնակցություն կունենա պետական-հանրային կառավարմանն ու օրակարգերի ձևավորմանը.

10) առաջ քաշել անկախ, նորարարական և միջազգային գաղափարներ ու հեռանկարներ՝ 21-րդ դարի անվտանգության (ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական, տեղեկատվական, տեխնոլոգիական և այլն) և հակամարտությունների մարտահրավերներին կարճաժամկետից մինչև երկարաժամկետ կտրվածքով դիմակայելու համար:

ՄԱՀՀԻ ՀԱՎԱՏԱՄՔՆ Է՝

1) անվտանգությունը պետության (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, կենտրոնական կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների), հասարակության, նրանց հանրակարգերի ու համակարգերի (պաշտպանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլն), ինչպես նաև քաղաքացու համար ներքին ու արտաքին միջավայրերի՝ որևէ սպառնալիքից ազատության վիճակն է.

2) երկրի ինքնիշխանությունը, ինքնիշխան քաղաքականություններ վարելու ազատությունը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ողջամիտ ու մարդակենտրոն հանրային քաղաքականություններ կյանքի կոչելու կարողությունը, գիտակից, ինքնորոշված, իրավատեր և ռիսկերից ապահովագրված քաղաքացին ու հասարակությունն ազգային անվտանգության թե՛ առարկա, թե՛ ցուցիչ, թե՛ անկյունաքարեր են.

3) երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունները, պետության, հասարակության և քաղաքացու, ինչպես նաև՝ հասարակական համակարգերի անվտանգությունները սերտորեն փոխկապակցված ու փոխլրացնում են միմյանց.

4) գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ազդում են երկրի ներքին կայունության ու ազգային անվտանգության վրա և հակառակը.

5) անվտանգության քաղաքականությունը ոչ միայն նշված օբյեկտների համար առկա և հնարավոր սպառնալիքների ու վտանգների կառավարումն է՝ դրանք կանխատեսելու,  մեղմելու կամ չեզոքացնելու գործառույթների միջոցով, այլև ազգային զարգացման ու առաջընթացի (քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական, մշակութային, մարդկային և այլ) ապահովումն է.

6) հասարակությունն ու անհատը ոչ միայն անվտանգության սպառող են, այլև կարող են հանդես գալ որպես դրա ապահովող, երբ գիտակցում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը, գիտելիքը և իրավունքը՝ նպաստելով կայուն զարգացող, ժողովրդավարական Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ու առաջընթացին և կայուն տարածաշրջանի հեռանկարի իրագործմանը.

7) հանրության և քաղաքացիների առավելագույն տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ազդող ներքին ու արտաքին զարգացումներից, նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական օրակարգի ձևավորմանն ու որոշումների կայացմանը անվտանգության ապահովման և ժողովրդավարական կառավարման կարևոր տարր է.

8) պետության, հասարակության, նրանց համակարգերի ու հանրակարգերի, ինչպես նաև քաղաքացու անվտանգության վրա ազդող գործընթացների վրա  պետք է ներազդել այնտեղ և երբ պետք է, այն մարդկանցով և հանրակարգերով, որոնք կարող են, այն ձևով ու մեթոդներով, որոնք համաչափ են օբյեկտի և իրավիճակի զգայունություններին.

9) միջազգային ու ազգային հարցերում որոշումների ընդունումը պետք է հենվի վստահելի, հիմնավոր և ծանրակշիռ հետազոտությունից բխող իմացության և գիտելիք վրա.

10) իշխանության մասին մարդկանց իմացության սահմանների ընդլայնումը նրանց օժտում է գիտելիքի իշխանությամբ և գործընթացների վրա ազդելու կարողությամբ: