Իշխանության մեջ, ակնհայտ է, որ կան առնվազն մրցակցող ազդեցության խմբեր: Իշխանությունն իր համար գործընկեր է ուզում որոշել, որն իր հետ կմրցակցի իր պայմաններով`դրա դիմաց ստանալով ինչ-որ մի բան: Արդյունքում իշխանությունը հաղթող կդառնա:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Իշխանության մեջ, ակնհայտ է, որ կան առնվազն մրցակցող ազդեցության խմբեր: Իշխանությունն իր համար գործընկեր է ուզում որոշել, որն իր հետ կմրցակցի իր պայմաններով`դրա դիմաց ստանալով ինչ-որ մի բան: Արդյունքում, իշխանությունը հաղթող կդառնա»,- այսպես է նկարագրում Հայաստանում ստեղծված ներքաղաքական նախընտրական իրավիճակը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Հայացք» մամուլի ակումբում այսօր ավելի պատկերավոր նկարագրելով իրավիճակը, քաղաքագետն ասաց. «Մոտավորապես այն վիճակն է, թե ինչպես կավարտվի մարտը բռնցքամարտիկի եւ առաստաղից կախված տանձի միջեւ: Իշխանությունը որոշել է` ո՞վ է լինելու տանձ մեկը, տանձ երկուսը»: Այս ամենն, ըստ բանախոսի, նրա համար է, որ երրորդ սուբյեկտները դուրս մնան քաղաքականությունից: Ուստի, գործընթացը, մեծ հաջողությամբ վերածվում է կրկեսի: Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքը քաղաքագետը համարում է իշխանության «ֆիլիալը»:

«Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների» արդյունքները, նրա կարծիքով, կախված կլինեն հանրության շրջանում նրանց տարած աշխատանքից: Նաեւ նրանից, թե որքանո՞վ հասու ու հասկանալի կլինի նրանց ասածը հասարակությանը: ՀԱԿ-ի արդյունքները ժամանակը ցույց կտա, ՀՅԴ-ն յուրահատուկ ընտրազանգված ունի, բացի այդ՝ նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է: Ինքը ընդհանրապես, չի կարծում, թե որոշումները ընտրությունների արդյունքում են կայացվելու:

Մանրամասները քիչ ուշ` տեսանյութում:

Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ հետխորհրդային ժամանակաշրջանը 2017 թվականին ավարտվում է եւ Հայաստանի համար սկսվելու է հետռուսական ժամանակաշրջան, որին դիմագրավելու համար այսօրվանից պետք է մտածենք, մինչդեռ, կրկեսով ենք զբաղված: Այս իրավիճակը նա պայմանավորում է նրանով, որ այդ ընթացքում ռուսական փողը վերջանում է:

Aravot.am-ի հարցին`ի՞նչ ազդեցություն եւ դերակատարում ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական գործընթացների վրա, քաղաքագետը պատասխանեց. «Նա ունեցել է, ունի եւ կունենա ազդեցություն, քանի դեռ ոչինչ չի փոխվել: 2008-ի իշխանությունը չոչնչացրեց նրա քաղաքական ժառանգությունը, որը մինչ օրս հարամում եւ պղծում է Հայաստանում ամեն ինչ: Ռոբերտ Քոչարյանը այս քրեաօլիգարխիկ համակարգի կարեւորագույն քաղաքական բաժնետերերից մեկն է: Այդ իմաստով, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ դեր չունի»:

Այսպիսի ներքին քաղաքականությունից էլ, բանախոսի վստահեցմամբ, բխելու է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այս ֆոնին բնավ էլ պատահական չէ, որ երեկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը նույնիսկ մի պարզ հարց ի զորու չէ լուծելու.«Փոխարեն խոսեն Վիեննայի պայմանավորվածություններից, որոնք Ադրբեջանը չի կատարում, որոշում են, թե ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը: Նման գավառամիտների Հայաստանից դուրս թողնել չի կարելի»:

Այլ մանրամասները քիչ ուշ` տեսանյութում: 

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին`ԱՄՆ նոր նախագահի գոյության համատեքստում, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Թրամփի գործոնը առայժմ ավելի շատ անպատասխան հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս: Նա պատահական չի համարում, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը երեկ ակնարկեց այդ մասին`ասելով, որ դեռ չի կարող հստակ ասել, թե ԱՄՆ նոր վարչակազմը ինչ մոտեցումներ ունի տարատեսակ հարցերի վերաբերյալ: «Թրամփն այսօր հարցական է: Շատ մեծ մկրատ կա կոնգրեսական ՀՀԿ-ականների, Թրամփի եւ նրա շրջապատի միջեւ: Առայժմ մեծ անորոշության հետ գործ ունենք, որը չի կարող սահմանափակվել ներամերիկյան շրջանակով»,- ասաց քաղաքագետը:

Նելլի Գրիգորյան

25.01.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»

Իշխանությունը որոշել է, թե ով է լինելու տանձ Nօ 1-ը. «168 ժամ»

«Ակնհայտ է, որ իշխանության մեջ կան առնվազն մրցակցող ազդեցության խմբեր, երկրորդ՝ ինքը՝ իշխանությունը, իր համար ուզում է այնպիսի մրցակից ընտրել, որն իր պայմաններով կգա ու կմրցակցի իր հետ, դրա դիմաց կստանա ինչ-որ մի բան, բայց, բնականաբար, իշխանությունը բոլոր պարագաներում կմնա հաղթող: Ինչպես մարտը՝ բռնցքամարտիկի և առաստաղից կախված տանձի միջև: Իշխանությունը որոշել է, թե ով է լինելու տանձ Nօ 1-ը, տանձ Nօ 2-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ հենց իշխանությունն ուզում է կանխել երրորդ ուժերի մուտքը, ինչի համար էլ, ըստ փորձագետի՝ ամբողջ պրոցեսը վերածում է կրկեսի.

«Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ քաղաքական գործընթացը՝ նախընտրական պայքարը, զուրկ է քաղաքական բովանդակությունից: Մենք հիմա ականատեսն ենք քաղաքական պրոցեսի ապաքաղաքականացման, և ընտրությունը՝ չընտրության վերածելուն, որի գլխավոր շահառուն իշխանությունն է»:

Ըստ փորձագետի՝ իշխանությունից հեռացած պաշտոնյաները մնում են իշխանական բուրգի մեջ, գործող համակարգում.

«Քանի կարմիր գծերը հատված չեն, կա որոշակի ազատության միջանցք, որի մեջ կգործեն այդ անձինք: Երբ փորձեն հատել կարմիր գծերը, իշխանությունը նրանց գլխին «կբամփի»: Մենք տեսնում ենք, որ նաև ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ բարյացակամությամբ են արտահայտվում այդ մարդկանց նկատմամբ»:

Փորձագետն ընդգծեց՝ իշխանությունը սկսել է բախվել «պրոբլեմ 2018»-ին.

«2018 թվականի ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը. ո՞վ է լինելու իրական իշխանությունը Հայաստանում: Այդ հարցի պատասխանն այսօր չկա, և այդ ապրիլի ընտրություններն էլ չեն տալու, որովհետև ամեն ինչ արվելու է, որ ստացվի ռուսական Գոսդումայի ինչ-որ մի մակետ, լինի չափավոր գժանոց, կրկես: Բայց այս ամենը, անխուսափելիորեն, բախվելու է ֆորս-մաժորի, որովհետև պարզ չի լինելու՝ ով է 2018-ի մայիսին լինելու իրական իշխանությունը Հայաստանում»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Աղբյուրը՝ «168 ժամ»

Փոխանակ ասեն, որ կա Վիեննայի պայմանավորվածություն, որն Ադրբեջանը չի կատարում, որոշում են՝ ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը. «168 ժամ»

«2017 թվականին Ռուսաստանը սնանկանալու է: Ի՞նչ է դրանից հետո անելու Հայաստանի իշխանությունը: Այսօր ոչ ոք չի ուզում իր ուղեղը ծանրաբեռնել՝ այդ հարցն իրեն տալով: Ընդդիմության մեջ էլ մենք չենք տեսնում նման հարցադրում: Հետխորհրդային ժամանակաշրջանն ավարտվում է և սկսվելու է հետռուսական ժամանակաշրջանը: Դրա մասին պետք է մտածել այսօր, իսկ մենք այսօր զբաղված ենք կրկեսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ նման գնահատական տվեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

168.am-հարցին՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակը Ղարաբաղյան հարցի վրա ի՞նչ ազդեցություն կունենա. մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի ակտիվացում, և այս խառնակ իրավիճակում ի՞նչ է կանխատեսում, նա այսպես պատասխանեց.

«Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն ու ածանցյալն է: Այսպիսի ներքին քաղաքականությունից էլ բխելու է այդպիսի արտաքին քաղաքականությունը: Մենք տեսանք, որ երեկ նույնիսկ ԵԽ ԽՎ-ում մի պարզ հարց հայկական դիվանագիտությունն ի զորու չէ լուծել. փոխանակ խոսեն այն մասին, որ կա Վիեննայի պայմանավորվածություն, որն Ադրբեջանը չի կատարում, որոշում են, թե ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը: Նման գավառամիտներին Հայաստանի անունից դուրս ուղարկել չի կարելի: Անհարմար են նման տնայնագործ ելույթները: Քառօրյա պատերազմից որևէ քաղաքական հետևություն չարեցինք, այսինքն՝ այն բոլոր պայմանները, որոնք հանգեցրին քառօրյա պատերազմին, պահպանվել են, ու ցանկացած պահի կարող են օդում պայթել, և մենք բախվենք դրա կրկնությանը՝ գուցե ավելի մեծ մասշտաբներով»:

Շարունակելով մեր հարցի պատասխանը, փորձագետն ասաց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում հայկական կողմը հանդիսանում է ռուսական գրպանում մանրադրամ.

«Ցավոք, մեր իշխանություններին այսօր ձեռնտու է այդպիսի կեցվածքը, որովհետև, եթե այդպես չլիներ, ապա Վիեննայում այդ պայմանավորվածությունները հայկական դիվանագիտությանը նվիրեցին, և որպեսզի դա կյանքի կոչվեր, պետք էին այլ քայլեր, այլ ոչ թե գնային Սանկտ Պետերբուրգ: Գնացին Սանկտ Պետերբուրգ, ամեն ինչ ավարտվեց: Շնորհակալություն մեր ռազմավարական դաշնակցին, որտեղ էլ հիմա գտնվում է Կարեն Կարապետյանը: Ի՞նչ է խոսում նա Մեդվեդևի հետ: Մեդվեդևն առանց Կրեմլի թույլտվության՝ նույնիսկ չի փռշտում: Արդյունքում՝ մենք ունենք այն, որ ռուսները ներքին անձնագրերով գալու են Հայաստան, թե ովքեր են նրանք, ոչինչ պարզ չէ»:

Ռազմիկ Մարտիրոսյան

25.01.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»