Մենք քննարկում ենք տնտեսական հարցեր, որոնց և՛ լուծումը, և՛ առաջընթացը, և՛ այդ հարցերի սահմանափակումները, ի վերջո, հանգում են երկրի ինքինշխանության մակարդակին: Եթե երկիրը ինքնիշխանություն չունի, քննարկել հարցեր, որոնք ինքնիշխան պետությանն են յուրահատուկ, ընդամենը դառնում է մի քննարկում, որը լուծում չի կարող ունենալ: 

«Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է 15 առաջնահերթ քայլերը, որոնք մեծամասամբ վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը:

Դաշինքի կետերից մեկն է առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից: Նախատեսում են նաև առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:

Տարբեր դաշինքների տնտեսագետ անդամները տարբեր մոտեցումներ ունեն այս հարցում: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ, տնտեսագետ Զոյա Թաթևոսյանի կարծիքով՝ ՓՄՁ-ներին հարկերից ազատելու գաղափարն արդեն գործողների վրա տարածելը ճիշտ չի լինի:

«Պետությունը և պետական բյուջեն բավականին լուրջ վնասներ կարող են կրել առանց այն էլ այս ծանր պայմաններում, երբ բազմաթիվ ՓՄՁ-ներ փակվել են: Պետական բյուջեն արդեն բավականին լուրջ խնդիրներ ունի եկամուտների հավաքագրման համար: Հարկային արտոնություն կարելի է տալ այն բիզնեսին, որը նոր է հիմնվել և որին պետք է շահագրգռել: Եթե նրանց դեպքում լինի այդ խթանը, ներդրումները ևս կավելանան: Բայց տարածել ամբողջ գործող բիզնեսի վրա, դա պետական բյուջեն եկամուտներով համալրելու լուրջ վտանգ կստեղծի»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ բոլորին հարկային արձակուրդ տալը պետության համար ծանր հարկային բեռ կլինի: «Բոլորին հարկերից ազատելը սխալ կլինի: Կարելի է պարզեցնել, նվազեցնել հարկերի մակարդակը, դարձնել ավելի վերահսկելի: Ինչպես նաև այդ ամբողջ գործընթացը կարելի է ավելի դյուրին ու հասկանալի դարձնել մարդկանց, որ բիզնեսն ավելորդ դժվարություններ չունենա»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե այս առաջարկը կարելի՞ է ուղղակի պոպուլիզմ անվանել, Զոյա Թադևոսյանը նշեց. «Ես չէի ասի նման բան, որովհետև այդ ծրագրերը ներկայացնողներն իմ գործընկերներն են: Իրենք միգուցե ունեն իրենց հաշվարկը»: ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը, խոսելով իրենց առաջարկի իրատեսականության մասին, նշեց. «Նաև մենք նշել ենք, որ այդ կետերի իրականացումը հնարավոր է, եթե մենք կազմենք կառավարություն: Այսինքն, եթե «Ծառուկյան» դաշինքն այնպիսի ձայներ ստանա, որոնք որ բացարձակ առումով թույլ կտան կառավարություն կազմել: Իհարկե, նաև կոալիցիոն, բայց որ ինքը լինի դոմինանտը: Մենք նշել ենք, որ ՓՄՁ-ների տեսակարար կշիռը հարկերի մեջ կազմում է ընդամենը 1,2-ից 1,3 տոկոս: Այսինքն՝ դա մոտ 18 միլիարդ դրամ է ընդհանուր բյուջետային մուտքերի մեջ և կարելի է հրաժարվել դրանից: Դա մեծ գումար չէ, բայց դա կտա շատ ուժեղ էֆեկտ, որովհետև հարցը միայն հարկ մուծելը չէ: Հարցը նաև ՓՄՁ-ներին հանգիստ թողնելու մեջ է: Նրանք առաջիկա երեք տարիների ընթացքում շատ հանգիստ կարող են աշխատել, ոչ մի քաշքշուկ չի լինելու և որևէ առումով պետությանը հաշվետու չեն լինի: Հարկայինի քաշքշոցը, քերելը, շփումները շատ կոնկրետ վերանում են՝ դա ազատություն է տալիս»:

Հարցին` ընդհանուր քանի՞ ՓՄՁ-ի և ԱՁ-ի է վերաբերվում այդ կետը, և նրանք միասին  որքան հարկ են մուծում պետությանը, Միքայել Մելքումյանը մանրամասնեց. «Շրջանառության հարկն ու արտոնագրային վճարը միասին ՓՄՁ-ները մուծում են մոտավորապես 18 կամ 18,5 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է թվաքանակին, մենք մի հետաքրքիր կետ էլ ենք գրել դրանից հետո: Մինչև 30 միլիոն տարեկան շրջանառություն ունեցողների համար՝ այսինքն դա մոտ մի 25 հազար սուբյեկտ է, մենք ասում ենք, որ ընդհանրապես 5 տարի ենք ազատում: Գումարած դրան նրանք պարտավորված չեն լինի գնալ և որպես ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցվել»:

Միքայել Մելքումյանի խոսքով, ընդհանուր առմամբ, 75-85 հազար փոքր ու միջին սուբյեկտ կա Հայաստանում: «Նրանց մեծ մասին դա կվերաբերվի»,- շեշտեց նա: Դիտարկմանը, թե իր գործընկերներ տնտեսագետները նշում են, որ այստեղ լուրջ վտանգ կարող է լինել հարկային մուտքերի տեսանկյունից և հարցին` արդյո՞ք մտահոգություն չունի  նաև այն հարցում, թե կետը պոպուլիզմ չի համարվի, Միքայել Մելքումյանը նշեց. «Ոչ, ի՞նչ վտանգ: Ասացի՝ 1,2 -ից 1,3 տոկոս: Դրա վտանգը ո՞րն է: 2-3 տարվա ընթացքում մոտ 15 հազար ՓՄՁ փակվել են: Իսկ եթե մենք հնարավորություն ենք տալիս, որ նրանք ազատ աշխատեն, ապա դա լրացուցիչ ներդրումներ և աշխատատեղերի հնարավորություն է ապահովում: Դրանից բխող գումարային էֆեկտն ավելի մեծ է: Պարզ է՝  մենք կողմ չենք, որ ընդհանրապես միշտ ազատված լինեն, բայց քանի որ հիմա ոչ ստանդարտ վիճակ է, բերեք հանգիստ թողենք, որ մարդիկ կարողանան աշխատել: Դրանից հետո, երբ արդեն կունենանք ավելի բարվոք վիճակ, կգանք նորից ստանդարտ վիճակի: Իսկ այս փուլում նրանց պետք է հանգիստ թողնել: Մենք ոչ միայն մտահոգություն չունենք, այլ գիտականորեն հիմնավորված է, որ ճիշտը դա է: Դրանք անընդհատ փակվում են, գրավի ու վարկերի տակ են, ի՞նչ անենք, լուծում է չէ՞ պետք»:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Աշոտ Եղիազարյանը կիսում է Զոյա Թադևոսյանի այն կարծիքը, որ նման հարկային արտոնություն պետք է ստանա միայն նոր ստեղծվող բիզնեսը: «Բոլոր ՓՄՁ-ների վրա տարածելը դա ճիշտ չէ, սկզբունքորեն սխալ մոտեցում է: Միանշանակ դա պոպուլիզմ է: Ի՞նչ է նշանակում հարկերից ազատել ամբողջությամբ: Հասկանալի է, որ  որոշ ՓՄՁ-ների կարելի է հարկերից ազատել: Օրինակ` նոր գործունեություն սկսող ՓՄՁ-ների նման արտոնություն տալն ընդունված պրակտիկա է: Եթե խոսքը վերաբերում է բոլոր ՓՄՁ-ներին հարկերից ազատելուն, ապա չեմ կարծում, որ հաշվարկված ու հիմնավորված է: Միշտ էլ շատ լավ է բիզնեսին ազատել հարկերից և արտոնություններ տալ, բայց իրական կյանքում այդպես չի լինում: Իրական կյանքում բիզնեսը նաև պատասխանատու է, պետք է վճարումներ կատարի բյուջե, որովհետև պետությունն էլ իր պարտականություններն ունի: Այդպիսի առաջարկություններ անելը, եթե դրանք հայեցակարգային չեն ու չեն հարաբերվում այս հետևանքների, այլ գործոնների հետ, մասնավորապես նաև թե որն է դրա հիմնական նպատակը, իհարկե, մնում են որպես պոպուլիստական հայտարարություններ»:

Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքը տնտեսական ծրագրերի մասին է խոսել, որտեղ ԵՏՄ-ի մասին մի խոսք անգամ չկա, և հարցին` կարելի՞ է արդյոք տնտեսական ծրագիր ներկայացնել` առանց հաշվի առնելու ԵԱՏՄ-ի գործոնը, Աշոտ Եղիազարյանը պատասխանեց. «Բացառվում է: Հենց այստեղ է ամեն ինչի մեխը: Մենք քննարկում ենք տնտեսական հարցեր, որոնց և՛ լուծումը, և՛ առաջընթացը, և՛ այդ հարցերի սահմանափակումներն, ի վերջո, հանգում են երկրի ինքինշխանության մակարդակին: Եթե երկիրը ինքնիշխանություն չունի, քննարկել հարցեր, որոնք ինքնիշխան պետությանն են յուրահատուկ, ընդամենը դառնում է մի քննարկում, որը լուծում չի կարող ունենալ: Երկրի ինքնիշխանությունը սահմանափակվել է ԵՏՄ շրջանակում: Դա նշանակում է, որ մենք հնարավորություններ չունենք զարգացնելու մեր հարաբերությունները հենց այն երկրների հետ, որոնց հետ մենք կարող էինք մտնել  տնտեսական համագործակության այնպիսի ոլորտներ, որոնք կարող էին Հայաստանի համար ստեղծել աշխատատեղեր, ընդլայնել մեր տնտեսության հիմքը:

Նման երկրների հետ համագործակցությունն իր հերթին կհանգեցնի նրան, որ կստեղծվեն ՓՄՁ-ներ, խոշոր արտադրություններ, կավելանան հարկային մուտքերը՝ տնեսական աճ ու զարգացում կունենանք: Իսկ մենք հիմա սահմանափակել ենք բոլոր այդ հնարավորությունները՝ մտնելով պարտավորությունների տակ: Լծվել ենք այնպիսի մի երկրի տնտեսական տարածքի, որի տնտեսության կառուցվածքը թույլ չի տալիս մեզ նրանց հետ լայն համագործակցություն ունենալ: Մենք մեզ դրել ենք անելանելի վիճակում: Իսկ այսպիսի պայմաններում խոսել տնտեսական զարգացման, աճի և թեկուզ ամբողջ բիզնեսին հարկերից ազատելու մասին, ճիշտ չէ: Դրանով բիզնես չի առաջանա, բիզնեսին զարգանալու համար հիմքեր են պետք: Չխոսելով կարևորի՝  ԵՏՄ-ի, երկրի ինքնիշխանության մասին, մնացած ամեն ինչը դառնում պոպուլիզմ է և ավելորդ խոսակցություն»: 

18.02.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»