Ռուս հայտնի բլոգեր Անդրեյ Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը միանգամայն տեղին է, սակայն բավարար չէ: Հայտարարությանը պետք է հետեւեն շատ ավելի հստակ դիվանագիտական քայլեր:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Ռուս հայտնի բլոգեր Անդրեյ Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը միանգամայն տեղին է, սակայն բավարար չէ: Հայտարարությանը պետք է հետեւեն շատ ավելի հստակ դիվանագիտական քայլեր:

Նախեւառաջ, Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է հետ կանչվի եւ աշխատանքից ազատվի՝ ծառայողական անհամապատասխանության հոդվածով: Այնուհետ՝ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը պետք է կանչվի ՀՀ արտգործնախարարություն, նրան պետք է տրվի առավելագույնը 48 ժամ՝ իր եղած‐չեղածը հավաքելու եւ երկրի սահմանները լքելու համար: armtimes.com‐ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այն, ինչ տարիներ առաջ տեղի ունեցավ Հունգարիայում՝ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու դեպքում, կրկնվեց նաեւ Բելառուսում: Այս պարագայում Հայաստանը պետք է խզի Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ ՀՀ քաղաքացիներին կոչ անի այդ երկիր չայցելել: Ավելին՝ Բելառուսի հայ համայնքին կոչ անի լքել այդ բռնապետության տարածքը եւ վերադառնալ հայրենիք: Ի վերջո, Ալեքսանդր Լուկաշենկոյի նման մի բռնապետը, որի ձեռքից շունն անգամ հաց չի վերցնի, Հայաստանի բարեկամության կարիքն ավելի շատ ունի, քան մենք իրենը»,‐ նշեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է էմբարգո սահմանի բելառուսական արտադրության ապրանքների վրա՝ այսպիսով հիմքեր ստեղծելով, որպեսզի այդպիսիք մեր երկրում չվաճառվեն:

«Մենք բելառուսական աղբի կարիքը չունենք: Եւ, ընդհանրապես, Հայաստանը պետք է վերանայի իր դաշնակիցների ցանկը: Դեռ այն ժամանակից, երբ ՄԱԿ‐ ում Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ Հայաստանը՝ Ռուսաստանի գլխավորությամբ հայտնվեց 11 ամենաբռնատիրական ռեժիմների կողքին, մենք մտածելու բան ունենք»,‐ նկատեց փորձագետը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե Մոսկվան դեմ է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելուն, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ այդօրինակ հայտարարություններին չարժե լուրջ վերաբերվել: Ավելին՝ Ռուսաստանը հանցագործ պետություն է, որի հետ եւս Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները: «Մենք կրկեսի վերածելու պետություն չունենք: Այս խոսքերը մեկ այլ առիթով Սերժ Սարգսյանն էր ասել, սակայն դրանք հիմա էլ պետք է կրկնել»,‐ ամփոփեց փորձագետը:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Հիշեցնենք նաեւ, որ Բելառուսի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20‐ին կայացված որոշումը:

08.02.2017

Անի Ղազարյան

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»