Ներկայացվող ներդրումների փաթեթում առյուծի բաժինն այն ներդրումներին է վերաբերում, որոնք այսպես թե այնպես ընթացքի մեջ եղած ծրագրեր են կամ արդեն նախկինում պլանավորված են եղել, որ պետք է իրականացվեն: Այստեղ նորություն չկա, և ճիշտ ու ազնիվ չէ դա այսօրվա ներդրումների ներգրավման քաղաքականության հաջողությունների հետ կապելը:

Կառավարության անդամները հայտարարել են Հայաստանի տնտեսությունում սպասվող նոր ներդրումների մասին: Միաժամանակ նրանք մտավախություն ունեն, որ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ ներդրողները կարող են զգուշավորություն ցուցաբերել ու հետաձգել ներդրումների իրականացումը:

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը նոր ներդրումներ ներգրավելու համար նախ և առաջ կարևորում է ներդրումային միջավայրի փոփոխությունը: Lragir.am-ի հետ զրույցում տնտեսագետն անդրադարձավ հարցին, թե կարո՞ղ ենք առաջիկայում ականատես լինել խոշոր ներդրումների:

«Ի՞նչ է փոխվել մեր ներդրումային միջավայրի հետ կապված: Ես նկատի չունեմ ներդրումային միջավայրի ինստիտուցիոնալ փոփոխությունները: Ներդրումային միջավայրի վրա բազմաթիվ այլ գործոններ են ազդում, դրա մասին բազմիցս խոսել ենք, այդ թվում է արտաքին գործոնը: Այս իմաստով ոչինչ Հայաստանում այս պահին փոխված չէ: Եվ իրավիճակի փոփոխության վրա ազդող դրական գործոններ չկան, չեն նշմարվում և չեն էլ կարող լինել այս քաղաքականության պայմաններում», ասում է  Աշոտ Եղիազարյանը:

Նա նկատում է, որ ներկայացվող ներդրումների փաթեթում առյուծի բաժինն այն ներդրումներին է վերաբերում, որոնք այսպես թե այնպես ընթացքի մեջ եղած ծրագրեր են կամ արդեն նախկինում պլանավորված են եղել, որ պետք է իրականացվեն: Այստեղ նորություն չկա, և ճիշտ ու ազնիվ չէ դա այսօրվա ներդրումների ներգրավման քաղաքականության հաջողությունների հետ կապելը:

Միաժամանակ իշխանությունների կողմից խոսվում է ներդրումների ինչ-որ ակնկալիքների, սպասումների, բանակցությունների մասին: Այսինքն՝ դրանք դեռ չեն կարող ռեալ լինել:

«Ինչո՞ւ ծագեց ներդրումների մասին այս խոսակցությունը: Որովհետև ակնհայտ ու հստակ է, որ ներդրումները տարեցտարի, հատկապես վերջին երեք տարիներին, երբ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, սկսեցին նվազել: Ըստ էության, Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումները չնչին մակարդակի վրա են: Եվ քանի որ նաև տնտեսական աճի ցուցանիշն է նվազել, բացասական միտումներ կան նաև այլ ոլորտենրում, փրկօղակը դառնում են ներդրումները: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ներդրումներ չեն լինում Հայաստանում: Եվ կարծես թե որպես այդ հարցի պատասխան, որպես ռեակցիա՝ փորձ է արվում ձևավորել ներդրումների հետ կապված կեղծ սպասումներ: Իբր՝ եթե չասենք սպասվում է ներդրումնային բում, ապա առնվազն զգալի աճ է լինելու: Այլապես ստացվում է, որ իսկապես ամեն ինչ ձախողված է: Կարծում եմ, քանի որ շրջանն էլ նախընտրական է, այդ մոտեցումն ավելի ուռճացվում է», ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարության անդամների այն պնդումներին, թե ընտրական գործընթացները բացասական ազդեցություն են ունենում ներդրումների տեսանկյունից, տնտեսագետը հարցադրում է անում, թե ի՞նչ կապ ունեն ընտրությունները ներդրողների հետ: Ըստ նրա՝ ներդրողները կարճաժամկետ չեն գալիս Հայաստան, ներդրումային ծրագրերը երկարաժամկետ բնույթի են, և այդ իմաստով ընտրությունները որևէ կապ չեն կարող ունենալ:

“Իսկ եթե հակառակ կողմից նայենք իրավիճակին, որ ընտրություններով է պայմանավորվում ներդրումների իրականացումը, դա ավելի վատ է: Դա նշանակում է, որ անառողջ իրավիճակ է ներքաղաքական դաշտում՝  ինչպիսի արդյունք կունենան ընտրությունները, դրան ադեկվատ էլ կարձագանքեն ներդրողները: Սրա մեջ ճշմարտության հատիկ կա: Այսինքն՝ Հայաստանն ի՞նչ կուրս է որդեգրելու: Կան հստակ ուղերձներ ԱՄՆ, Եվրամիության կողմից՝ ընտրությունների հետ կապված, նաև Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի կնքման հետ կապված, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագայում իրավիճակի դրական փոփոխության վրա: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան”, ասաց Աշոտ Եղիազարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

21.02.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»