Ինքնիշխանության հետ կապված խնդիրը եթե չի լուծվում, որևէ տնտեսական քաղաքականության, ծրագրերի մասին խոսակցությունները դառնում են դատարկ, ինչքան էլ դրանք փայլուն լինեն: Ովքեր էլ այդ ծրագրի վրա աշխատեն, արդյունք չի տա:

Մինչև Հայաստանը չլուծի ինքնիշխանության հետ կապված հարցը, տնտեսությունում հնարավոր չէ զարգացում ապահովել, և ծրագրերը կմնան գեղեցիկ ցանկություններ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Աշոտ Եղիազարյանը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կուսակցության նախընտրական ծրագրով անվտանգության խնդրից հետո երկրորդ թիրախը տնտեսական զարգացումն է: ՀՀԿ-ն հանրության դատին պետք է ներկայացնի այն ուղիները, որով պետք է առաջընթաց ապահովվի տնտեսության բոլոր ոլորտներում:

Աշոտ Եղիազարյանն ասում է, որ նախքան տնտեսության զարգացման մասին խոսելը, Հայաստանը նախ պետք է իր ինտեգրման ու ինքիշխանության խնդիրը հստակեցնի:

«Ինքնիշխանության հետ կապված խնդիրը եթե չի լուծվում, որևէ տնտեսական քաղաքականության մասին, ծրագրերի մասին խոսակցությունները դառնում են դատարկ խոսակցություններ, ինչքան էլ այդ ծրագիրը փայլուն լինի: Ովքեր էլ այդ ծրագրի վրա աշխատեն, թեկուզ միջազգային տնտեսագետները, դա արդյունք չի տա»,- ասաց Եղիազարյանը:

Ըստ նրա՝ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքի, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, Վրաստանի ու Ուկրաինայի օրինակով ԱՄՆ հետ ռազամավարական գործընկերության խարտիան ստորագրի, ազատ առևտրի համաձայնագիր կնքի Իրանի հետ, դառնա Եվրամիության էներգետիկ համայնքի լիիրավ անդամ, Իրանի հետ էներգետիկ նախագծերն իրագործի, տնտեսական քաղաքականությունն արդյունք կտա:

Ըստ տնտեսագետի՝ զարգացում ապահովելու համար Հայաստանը նաև պետք է հայկական երկաթուղին վերցնի ռուսական կոնցենսիոներից և նոր կոնցենսիոներ ընտրի, որը նաև պարտավորություն կունենա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը մասնակցել: Պետք է նաև, որպեսզի Հայաստանը գազի տարանցման խնդիրներում ինքնուրույն քաղաքականություն վարի Իրանի հետ, նաև գազի ներմուծման նոր պայմանագիր կնքի, որը կկրճատի գազի ներմուծման հարցում Ռուսաստանից մեծ կախվածությունը:

«Եթե այդ շրջանակն ապահովվի, տակը ինչ տնտեսական ծրագիր էլ դնենք, դա, այսպես ասած, ուտվող կլինի: Թեկուզ և նման ծրագիրը կարող է խոցելի կողմեր էլ ունենալ, բայց ընթացքում կարող է ճշգրտվել ու իրականանալ: Բայց եթե մենք այդ շրջանակն սկզբում չենք դնում, տակն ինչպիսի փայլուն ծրագիր էլ դրվի, իրականություն չի կարող դառնալ: Ես հիշեցնեմ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության համար սկզբունքային է ԵՏՄ-ից դուրս գալը և Եվրաինտեգրումը: Դա ներառում է նաև տնտեսական խնդիրների լուծումը», հավելեց տնտեսագետը:

Ռոզա Հովհաննիսյան

24.02.2017

Աղբյուրը՝ «Լրագիր»