ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը մեկ քայլ առաջ է լինելու Հայաստանի համար՝ ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու պլանում։ Այլ հարց է, թե դրանցից յուրաքանչյուրում ինչպիսին կլինեն ՀՀ-ի համագործակցության սահմանները։ Թեպետ առաջիկա փաստաթղթի բուն մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նոր համաձայնագրում գերակայելու է քաղաքական մասը:

Անի Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Անի Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Tert.am-ը Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք շրջանակային համաձայնագրի մասին եղած սպասումներից և դրանց իրականացման հնարավորություններից խոսել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի վերլուծաբան Անի Եղիազարյանի հետ:

-Հայաստանի և Եվրամիություն միջև կնքվելիք շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն հասել են եզրափակիչ փուլի: Անընդհատ խոսք էր գնում, որ դրանք երկարաձգվում են: Արդյոք այդպե՞ս էր, թե գործընթացը բնականորեն իր հունով գնում էր՝ մերթընդմերթ ինչ-որ խոչընդոտների հանդիպելով:

-Չեմ կարծում, թե բանակցությունները շատ են ձգձգվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև կնքվելիք նոր շրջանակային համաձայնագիրը փոխարինելու է գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին (որը ներկայումս հարաբերությունները կարգավորող և առաջնահերթություններն ընդգծող հիմնական փաստաթուղթն է), ենթադրվում է, որ այն պետք է լինի հանգամանորեն բանակցված՝ ապահովելու նոր ու բազմաբնույթ համագործակցության իրավական հիմքը։ 2015թ. դեկտեմբերից սկսած՝ անցկացվել է բանակցությունների ութ փուլ։ Ընդ որում, բանակցային փուլերում քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև՝ առևտրին և ներդրումներին նվիրված հարցեր։ Նկատենք, որ յուրաքանչյուրի վերաբերյալ դրական ու ոգևորող գնահատականներ են տրվել թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմից։

-Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և արդեն խոսք է գնում, որ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մայիսին: Ի՞նչ սպասել այս հանդիպումներից:

-Այո, հաշվի առնելով, որ փետրվարի 26-28-ին Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել համընկնում է ԵՄ-Հայաստան հարաբերություններում կարևոր մի ժամանակահատվածի հետ, երբ կողմերը պատրաստվում են ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի կնքումը, աներկբա է, որ վերոնշյալը դարձել է այցի ընթացքում քննարկվելիք առանցքային հարցերից մեկը։ Ինչ վերաբերում է համաձայնագրի կնքման կոնկրետ ժամկետին, ապա բազմիցս թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա դիվանագետների ու այլ պաշտոնյաների կողմից հնչեցվել են կարծիքներ, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017թ.-ի գարնանը կամ 2017թ-ի տարեսկզբին։ Սակայն փաստաթղթի կնքման իրական ժամկետի մասին առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է այն իրողությանը, որ Սերժ Սարգսյանի այցն իր հերթին արագություն կհաղորդի գործընթացին, ապա, անշուշտ, նախագահի մակարդակով հարցի քննարկումը Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կարծում եմ, մեկ քայլով ևս առաջ է մղում փաստաթղթի կնքման բուն ընթացքը։

-Հաշվի առնելով 2013 թվականի «դառը փորձը», երբ երկարատև բանակցություններից հետո ԵՄ-ի հետ Հայաստանն այդպես էլ չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ սպասենք ներկա բանակցություններից: Պատրա՞ստ ենք մենք համաձայնագիրը ստորագրելուն:

-Այո, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 3.5 տարի բանակցելուց և գերազանց արդյունքներով այդ բանակցություններն ավարտելուց հետո ՀՀ-ն 2013թ. չնախաստորագրեց ԱՀ-ն Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին։ Սակայն, չնայած ՀՀ-ի իշխանությունների այս որոշմանը, ՀՀ-ն ու ԵՄ-ը շարունակեցին իրենց քաղաքական ու առևտրային երկխոսությունն այն ոլորտներում, որոնք համադրելի են ՄՄ-ում ՀՀ-ի ունեցած նոր պարտավորությունների հետ։ Ավելին, 2015թ. հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Իսկ 2015թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ազդարարեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Սա վկայեց այն մասին, որ ԵՄ-ը պատրաստ չէր վերջնականապես հրաժարվելու և չի հրաժարվել ՀՀ-ից։ Պատճառներից մեկն այն է, որ ԵՄ-ը հասկանում է, որ ՀՀ-ից «հրաժարվելով» և նրան այլընտրանքից զրկելով, ՀՀ-ն ամբողջական կախվածության մեջ կընկնի ՌԴ-ից (օրինակ, եթե Արևմուտքը վարկեր չտրամադրի)։ 

Խոսելով ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության մասին՝ պետք է նկատել, որ իրավիճակը որոշակիորեն նման է Վիլնյուսի գագաթաժողովին նախորդած ժամանակաշրջանին, երբ հասարակական ու պաշտոնական մակարդակներով գրեթե բոլորը վստահ էին, որ ԱՀ-ը կնախաստորագրվի ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև։ Սակայն հիմնական տարբերությունը, որը մեծացնում է նոր շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորությունը, այն փաստն է, որ վերջինիս պարագայում մեծ հատվածը վերապահված է համաձայնագրի քաղաքական մասին, և, համեմատաբար, փոքր ու սահմանափակ հատվածը՝ տնտեսական մասին։ Սա պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելու հանգամանքով և այդ շրջանակում ունեցած միջազգային պարտավորություններով։

-Նախորդ անգամ Եվրամիության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուն խոչընդոտեց Ռուսաստանը: Ձեր կարծիքով՝ հիմա ի՞նչն է խանգարելու Ռուսաստանին, որ դա չանի, և որքանո՞վ է Եվրամիությունը վստահ Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցելու հարցում:

-ԵՄ-ը հասկանում է, որ ՀՀ-ի կողմից ԱՀ-ի նախաստորագրման ձախողման միակ պատճառը ՌԴ-ի միջամտությունն էր։ Եթե այդ միջամտությունը չլիներ, համաձայնագիրը միանշանակ կնախաստորագրվեր, և ՀՀ-ն (նաև ԵՄ-ը) էլ չէր հայտնվի անհարմար իրավիճակում։ Պետք է նկատել՝ ինչ-որ առումով ԵՄ-ը գուցե զգում է պատասխանատվության իր չափը ներկա իրավիճակում, որը վերաբերում է ՌԴ-ի սպառնալիքը նախապես չգնահատելուն և ՀՀ-ին հուսալի այլընտրանք չառաջարկելուն, սակայն, մյուս կողմից, ԵՄ-ը հստակ գիտակցում է յուրաքանչյուր տարածաշրջանի ինտեգրման, հարաբերությունների խորացման չափն ու աստիճանը։ Այսինքն՝ ԵՄ-ը, բնական է, որ չէր անտեսել ռուսական սպառնալիքի գործոնը, այլ հարց է՝ որքանո՞վ էր նպատակահարմար գտնում հարավկովկասյան երկրի համար/պատճառով (այս դեպքում՝ ՀՀ-ի), որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, լուրջ դիմակայության մեջ մտնել ՌԴ-ի հետ։ Ի վերջո, ԱլԳ երկրները տարբերակված են ԵՄ-ի համար ունեցած կարևորությամբ ու լարվածության հավելյալ օջախների ստեղծման տեսակետից։

Այսօր քիչ հավանական է, որ ԵՄ-ի նոր համագործակցությունը ՀՀ-ի հետ կունենա նույն առավելությունները, որոնք սպասվում էին ԱՀ-ի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրի ստորագրման պարագայում (500 միլիոնանոց շուկա, ինչպես նաև եվրոպական ընդարձակ ու նշանակալի ներդրումներ տնտեսական ոլորտում): Նկատենք, որ ԵՄ-ը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, առաջին միջազգային դոնորն ու արտասահմանյան ներդրողը։ Այսօր ՀՀ-ը պատրաստվում է ունենալ ԵՄ-ի հետ փոխզիջումային համաձայնագիր, որը վերաբերելու է համագործակցության սահմանափակ շրջանակի։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից համարժեք հակազդեցության բացակայությանը, ապա ներկայիս իրավիճակը չենք համեմատի Վիլնյուսի գագաթաժողովից առաջ տիրող իրավիճակի հետ, երբ Ռուսաստանը խստապես ուներ Հայաստանին ԵՄ-ի հետ ԱՀ-ը նախաստորագրելուց հետ պահելու միջոցով ԱլԳ անդամ մյուս երկրներին ուղերձ հղելու կարիք, որոնք նույնպես պատրաստվում էին Վիլնյուսում նախաստորագրել կամ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ։ Այժմ Հայաստանն իր ներկայիս «կարգավիճակով» միակն է ԱլԳ անդամ երկրների թվում (որը պատրաստվում էր ԵՄ-ի հետ նախաստորագրել կամ ստորագրել ԱՀ-ը, սակայն ցայժմ չի արել դա և փոխարենն անդամակցել է տնտեսական այլ միության), և «Հայաստանի միջոցով» ԱլԳ անդամ մյուս երկրներին ուղերձ հղելու կարիք չի զգացվում։

Բացի այդ Ռուսաստանը հասկանում է, որ վերջին շրջանում իր վարած քաղաքականության, գործած քայլերի պատճառով զգալիորեն սասանվել է սեփական հեղինակությունը, վարկը ՀՀ քաղաքացիների շրջանում, ինչն էլ ավելի ակնառու դարձավ Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան թեժացման ժամանակ։ Այսպիսով, Ռուսաստանը կարող է և չցանկանալ դիմել ՀՀ-ում հակառուսական նոր տրամադրությունների ալիք բորբոքելուն։ Մյուս կողմից՝ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը կենսական կարևորության հարց չէ Ռուսաստանի համար։ Մեծ հաշվով, այն չի կարող կասկածի տակ դնել ՀՀ-ում Ռուսաստանի դիրքերը, որոնք բավականին ամուր են։ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանը կշարունակի Հայաստանում պահպանել իր բավականին մեծ ազդեցությունն ու լծակները։ Մեծ հաշվով՝ Ռուսաստանը հասել է իր նպատակին՝ խափանելով ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև ԱՀ-ի նախաստորագրումն ու ստորագրումը։ Հայաստանը ԵԱՏՄ եվրոպական անդամների թվում միակն է, ով ԵՄ-ի հետ պահպանում է բավականին ջերմ հարաբերություններ. Ռուսաստանն ու Բելառուսը գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների ներքո, բացի այդ Բելառուսը ԵԽ անդամ չէ։ Ռուսաստանը կարող է օգտվել Հայաստանի այս «կարգավիճակից», ով նույնպես կարող է ժամանակի ընթացքում որոշ հարցերում կապող օղակ ծառայել ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև։ ԵՄ-ի պատժամիջոցների ներքո գտնվող Ռուսաստանը կարող է օգտագործել ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման հարցը և չգնալով դրա տորպեդահարմանը՝ դրանով իսկ ԵՄ-ին ցույց տալ իր կառուցողականությունը և դրական մթնոլորտ ապահովել ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններում։

-Չնայած որ շրջանակային համաձայնագրի բովանդակությունն առանձնապես հայտնի չէ, սակայն ենթադրություններ կան, որ ամեն ինչ արվել է, որ այն որևէ կերպ չխոչընդոտի Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությանը: Ի վերջո, ի՞նչ պետք է փոխի ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների մերձեցումը խորացնող այս համաձայնագիրը հայաստանյան իրականությունում՝ դա քաղաքական մշակույթը փոխելո՞ւն, տնտեսությանը զարկ տալո՞ւն, թե՞ ԵՄ-ի դերը Հայաստանում բարձրացնելուն ուղղված փաստաթուղթ պետք է լինի:

-Կարծում եմ՝ Ձեր նշած երեք դեպքերում էլ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը մեկ քայլ առաջ է լինելու Հայաստանի համար՝ ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու պլանում։ Այլ հարց է, թե դրանցից յուրաքանչյուրում ինչպիսին կլինեն ՀՀ-ի համագործակցության հնարավորությունները/սահմանները։ Այո, թեպետ առաջիկա փաստաթղթի բուն մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նոր համաձայնագրում գերակայելու է քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը նեղացված է և հարմարեցված ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը և փարատելով նրա մտավախությունները, որոնցում գերակայել և գերակայում է տնտեսական գործոնը։

Հռիփսիմե Հովհաննիսյան

28.02.2017

Աղբյուրը՝ «Թերթ»