Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ, որովհետև այն, ինչի մեջ հիմա գտնվում ենք, Հայաստան պետության ինքնիշխանության խնդիրն է. Հայաստանը զգալիորեն զիջել է իր ինքնիշխանությունը, և փաստաթղթի ստորագրումը զգալիորեն հնարավորություն կտա Հայաստանին ամրապնդել իր ինքնիշխանությունը  և անվտանգությունը: 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ շրջանակային համաձայնագիրը համապարփակ, ամբողջական փաստաթուղթ է: Այսօր կազմակերպված «Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով քննարկման ընթացքում նա ասաց, որ, թեև փաստաթղթի ամբողջական տարբերակը դեռևս հասանելի չէ, բայց փաստաթղթի 4 հիմնական գլուխն արդեն հայտնի է. «Առաջին՝ քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, երկրորդ՝ ներքին և արդարադատության հարցեր, երրորդ՝ առևտուր և ներդրումներ, չորրորդ՝ ոլորտային համագործակցություն»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Բրյուսելում գտնվող Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ ավարտվել են: Նախագահը նաև նշել էր, որ նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Տնտեսագետի խոսքով՝ փաստաթուղթն ավելի առաջ է, քան մինչև այսօր գործող իրավական շրջանակը. «Կարծում եմ՝ փաստաթուղթը շատ մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը: Եթե խոսքը վերաբերում է ԵՏՄ սահմանափակումներին՝ մաքսատուրքերի առումով, ապա ներդրումների և առևտրի մասին գլուխը վկայում է այն մասին, որ հետագայում այն կհամապատասխանեցվի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի սկզբունքներին, որովհետև այսօր ունենք մի իրավիճակ, երբ ամռանը նախատեսվում է ԵՏՄ շրջանակներում Մաքսային օրենսգրքի ընդունում, որն իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Դրա ստորագրումը պարզապես ինքնասպանության ստորագրում կլինի: Դա նաև ենթադրում է՝ Հայաստանի հակասություններ, խնդիրներ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ:  Եվ կարծում եմ, որ դա չաշխատող, կյանքի չկոչվող փաստաթուղթ է»:

Նրա ընդգծմամբ՝ փաստ է այն, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից, ինչը, ըստ տնտեսագետի՝ ամենագլխավորն ու ամենակարևորն է: Այսինքն՝ մենք ԵՄ-ի համար համարվում ենք ընդհանուր տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական տարածքի մաս: Այս իմաստով՝ Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ, որովհետև այն, ինչի մեջ հիմա գտնվում ենք, Հայաստան պետության ինքնիշխանության խնդիրն է. Հայաստանը զգալիորեն զիջել է իր ինքնիշխանությունը, և փաստաթղթի ստորագրումը զգալիորեն հնարավորություն կտա Հայաստանին՝ ամրապնդել իր ինքնիշխանությունը, միաժամանակ՝ ամրապնդել նաև անվտանգությունը: Այսինքն՝ փաստաթուղթն ինքնին անուղղակի երաշխիքներ է տալիս՝ ՀՀ անվտանգության առումով, որովհետև նոր դաշնակիցներ է ստանում, որոնք ուզում են Հայաստանին տեսնել իրենց դաշնակից և իրենց կողքին»:

Տնտեսագետը նկատեց՝ ամենակարևորը ոլորտային համագործակցությունն է, որը, նրա խոսքով՝ ներառում է բոլոր ուղղությունները, որոնցով Հայաստանը կարող է լիարժեքորեն համագործակցել ԵՄ-ի հետ. «Մեզ հատկապես հետաքրքրում է էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, ավիացիան. ենթադրվում է, որ մենք պետք է ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի մաս դառնանք: Այս ոլորտներում ԵՄ շարունակական օգնությունը կարող է ստանալ նոր ծավալներ, նոր թափ, բայց այստեղ կա մի խնդիր. կստորագրվի՞ արդյոք այն: Որովհետև նույն ռիսկերը կան նաև այսօր»:

Ռազմիկ Մարտիրոսյան

02.03.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»